Ֆինլանդիայում կրթական նոր հեղափոխություն է նախապատրաստվում
Primary tabs
Անգլիական «The Independent» և ավստրալիական The Conversation էլեկտրոնային լրատվականներում հրապարակված Ռիչարդ Գարների և Փասի Սահլբերգի հոդվածների վերլուծական փոխադրություն:
Ֆինլանդիայի կրթական համակարգին մի անգամ արդեն անդրադարձել էի իմ «Անընդհատ սերտել ու անընդհատ քննությո՞ւն տալ» հոդվածում: Ունենալով այդպիսի առաջավոր կրթական համակարգ` ֆինները կանգ չեն առնում և որոշել են մի իսկական կրթական հեղափոխություն իրականացնել հանրակրթությունում՝ հրաժարվելով առարկայական ուսուցումից՝ հօգուտ թեմատիկ ուսուցման: Այս հեղափոխությունը նրանք ծրագրում են ավարտել մինչև 2020 թվականը: Տարբեր երկրների քաղաքագետներ ու մանկավարժության կազմակերպիչներ ուխտագնացության նման սկսել են այցելել Ֆինլանդիա, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանան այս երկրում նախապատրաստվող կրթական համակարգի նոր ու բովանդակային փոփոխություններին: Նրանց թվում էր նաև անգլիական «The Independent» լրագրի մանկավարժության ուղղվածության թղթակից Ռիչարդ Գարները, որի Հելսինկի ուղևորվելու հիմնական նպատակն էր պարզել, թե ի՞նչ կարծիք ունեն ֆինն մանկավարժական ոլորտի կազմակերպիչները կրթական նոր ու մեծ փոփոխությունների մասին, ի՞նչ են մտածում իրենց ամբողջ կյանքը որևէ առարկայի դասավանդմանը նվիրած ուսուցիչները:
Ռիչարդ Գարները զրուցել է Հելսինկիում երիտասարդների և մեծահասակների կրթության պատասխանատու Լիիզա Պոհյոլայնենի և քաղաքի զարգացման հարցերով կառավարիչ Փասի Սիլանդերի հետ: Թղթակիցը պարզել է, որ Ֆինլանդիայում հիմա կարիք ունեն այնպիսի կրթության, որը մարդկանց կնախապատրաստի աշխատանքային կյանքին: Փասի Սիլանդերն ասել է. «Երիտասարդները հիմա բավականին հզոր համակարգիչներ են օգտագործում: Անցյալում բանկը թվերի հետ աշխատող շատ աշխատակիցների կարիք ուներ, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Այդ պատճառով էլ մենք ստիպված ենք փոփոխություններ անել կրթության մեջ, որպեսզի այն համապատասխանի արդյունաբերությանը և ժամանակակից հասարակության պահանջներին»: Նրանք կարծում են, որ հատուկ առարկայական դասերը՝ մի ժամ պատմություն, մի ժամ աշխարհագրություն, արդեն պիտի դուրս մղվեն ավագ դպրոցների 16-ամյա սովորողների ուսումնական պլաններից: Դրանք փոխարինվում են, ինչպես ֆիններն են ասում, «երևույթի» կամ թեմայի ուսուցմամբ: Օրինակ, «սրճարանային սպասարկում» մասնագիտության դասընթացը յուրացնել ցանկացող պատանին պետք է սովորի մաթեմատիկայի որոշ տարրեր, լեզուներ՝ օտարերկրյա հաճախորդներին սպասարկելու համար, գրելու և հաղորդակցական կարողություններ: Ավելի ակադեմիական հակումներով սովորողներին առաջարկվում են թեմաներ, որոնք առնչվում են տարբեր ուսումնական առարկաների հետ: Օրինակ, «Եվրոմիություն» թեման ներառում է տնտեսագիտությունը, պատմությունը, լեզուները և աշխարհագրությունը:
Այդուհանդերձ, այս հարցի մասին ավելի լավ պատկերացում ունենալու համար պետք է նշեմ կրթության փորձագետ, Հարվարդի համալսարանի դասախոս, մանկավարժ-գիտնական Փասի Սահլբերգի հոդվածում արծարծված միտքը. «Ֆինլանդիայի կրթական բարեփոխումները ամբողջովին չեն վերացնելու ուսումնական առարկաները. հանգստացե´ք, չնայած առաջիկա բարեփոխումներին, ֆիննական դպրոցներում շարունակվելու են դասավանդվել մաթեմատիկա, պատմություն, արվեստ, երաժշտություն և այլ առարկաներ: Հիմնական դպրոցի նոր բարեփոխումներով բոլոր երեխաների համար ուսումնական տարվա ինչ-որ ժամանակահատվածներում ուսուցումը կտարվի ավելի ընդգրկուն թեմաներով, ինչպիսիք են՝ Եվրամիությունը, հանրությունը և կլիմայական փոփոխությունները, Ֆինլանդիայի 100-ամյա անկախությունը, որոնք կներմուծեն լեզուների, աշխարհագրության, բնագիտության և տնտեսագիտության ինտեգրված գիտելիքներով մոդուլներ»:
Շարունակելով իր հոդվածը` Ռիչարդ Գարները գրում է, որ այլ կարգի փոփոխություններ էլ կան. չի լինելու դաս-դասարանի ավանդական ձևաչափը, երբ աշակերտները շարքով լուռ նստած են և ուշադիր նայում ու լսում են իրենց ուսուցչին, կամ սպասում են, թե երբ ուսուցիչը հարց կտա: Դասերն ավելի համագործակցային բնույթ են ունենալու, երբ սովորողներն աշխատելու են փոքր խմբերով, խնդիրներ լուծելով ու զարգացնելով իրենց հաղորդակցական կարողությունները: Այստեղ պետք է նշեմ, որ մեր կրթահամալիրում արդեն մի քանի տարի է, ինչ խրախուսվում է ոչ ավանդական դաս-դասարանային ձևը, որը հիմա պարապմունք ենք անվանում, և որն ավելի լայն տարածում գտավ ամբողջ կրթահամալիրում, երբ սկսեցինք նախագծային ուսուցում կազմակերպել:
Հելսինկիի քաղաքապետարանի կրթության բաժնի վարիչ Մարյո Կուլոնենը պատրաստվում է կրթության զարգացման իր ծրագիրը ներկայացնել քաղաքապետարանի խորհրդին: Ռիչարդ Գարներն իր հոդվածում մեջբերում է անում Մարյո Կուլոնենի մտքերից. «Մենք իսկապես կարիք ունենք վերաիմաստավորելու և վերաձևելու մեր կրթական համակարգը, և որպեսզի այն նախապատրաստի մեր երեխաներին ապագայի համար, սովորեցնում ենք մեր երեխաներին այն հմտությունները, որ անհրաժեշտ են այսօր և վաղը: Կան դպրոցներ, որոնք սովորեցնում են հնաոճ ձևերով, որոնք օգտակար էին 1900-ականների սկզբներին, բայց պահանջները հիմա այլ են, մեզ 21-րդ դարին համապատասխան կրթություն է պետք»:
Այս բարեփոխումներն աճող արձագանքներ են ունենում նաև Միացյալ Թագավորությունում. ահա, մասնավորապես Բրիտանական արդյունաբերողների միության և Պառլամենտի անդամ, լեյբորիստական կուսակցության կրթության գծով քարտուղար Տրիստամ Հանթի անդրադարձը. «Մենք այնպիսի կրթության կողմից ենք, որը ձևավորում է բնավորություն, հոգու տոկունություն և հաղորդակցական հմտություններ, այլ ոչ թե երեխաներին անընդհատ «քննական մսաղացներով» անցկացնելու:
Բայցևայնպես, Ռիչարդ Գարների կարծիքով քիչ հավանական է, որ Միացյալ Թագավորությունում երես թեքեն ավանդական ուսումնական առարկաներից:
Նույնիսկ Ֆինլանդիայում այդ բարեփոխումներին դեմ են շատ ուսուցիչներ և տնօրեններ, որ իրենց ամբողջ կյանքում կենտրոնացած են եղել մի առարկայի դասավանդման վրա և չեն կարողանում փոխել իրենց մոտեցումները: Տիկին Կուլոնենը պաշտպանում է այն տեսակետը, որ դասը պետք է պլանավորվի և անցկացվի առնվազն երկու տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների համագործակցությամբ, և այն դասավանդողները, որ կընդունեն սա ու կաշխատեն այս համակարգով, հավելյալ վարձատրություն կստանան:
Ըստ պարոն Սիլանդերի քաղաքի ավագ դպրոցներում դասավանդողների 70%-ը նոր մոտեցման ծրագրով վերապատրաստումներ է անցել: Շատ դժվար է համոզել դասավանդողներին անել առաջին քայլերը, բայց ով սկսում է նոր մոտեցմամբ աշխատել, այլևս չի նահանջում:
Հոդվածի այս մասում առաջարկվում է լրացուցիչ կարդալ Ռոյզին Օ՛Քոնորի «Ֆինլանդիան ուսումնական պլանից հանում է ձեռագիր գրել կարողանալու պահանջը» հոդվածը, որը հրապարակվել է «The Independent»-ում 2015-ի փետրվարի 4-ին: Պետք է նշեմ, որ ես այդ հոդվածը կարդացել եմ Facebook-ում մարտի 24-ին և հենց այդ ժամանակ Facebook-ում թողեցի իմ այս կարծիքը. «Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մենք արդեն մի քանի տարի է, ինչ գործնականում կիրառում ենք համակարգչային մուտքագրումը ձեռքրով գրելու փոխարեն: Մեր կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները դպրոց են գալիս իրենց անձնական նեթբուքերով: Բացի սովորական տեքստերից նրանք նույնիսկ մաթեմատիկական վարժություններ և խնդիրներ են լուծում մուտքագրելով: Կրտսեր դպրոցի դասավանդողները տնային առաջադրանքները ուղարկում են իրենց սովորողների էլեկտրոնային հասցեներին, իսկ սովորողներն էլ հետ են ուղարկում արդեն կատարած առաջադրանքները: Միջին և ավագ դպրոցների սովորողները անում են իրենց առաջադրանքները և ուսումնական նախագծերը իրենց բլոգներում, իսկ դասավանդողներն էլ՝ այցելելով այդ բլոգները ցուցումներ և խորհուրդներ են տալիս սովորողներին: Հայաստանը փոքր և հնադարյան երկիր է: Եկեք Հայաստան, այցելեք Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը և կտեսնեք կրթական հեղափոխական գաղափարները գործողության, ընթացքի մեջ: www.mskh.am-ը մեր կրթահամալիրի դպրոցական բազմալեզու կայքն է: Այս մասին մի հոդված հրապարակեցի mskh.am-ում 2015-ի մարտի 24-ին: Այս կարծիքը, իհարկե համապատասխան գրանցումից հետո, մուտք արեցի նաև Independent-ի «Comments» բաժնում: Facebook-ում, իհարկե, իմ կարծիքը հրապարակվեց ու որոշ ժամանակ հասանելի եղավ հանրությանը, իսկ անգլիական պարբերականում այն անհետ կորավ, բայց կարծում եմ, որ պետք չէ նահանջել: Պետք է շարունակել տարածել մեր հեղինակային մանկավարժական փորձը օտար լեզուներով:
Հիմա նորից դառնանք Ռիչարդ Գարների հոդվածի վերլուծությանը: Նա գրում է, որ ֆիննական դպրոցներն այժմ տարին մեկ անգամ պարտավոր են մի քանի շաբաթ տևողությամբ կրթությունը կազմակերպել թեմատիկ-նախագծային ձևով: Հելսինկիում տարին երկու անգամ են նախագծային ուսուցում կազմակերպում, որպեսզի ավելի շուտ ընդունվի նոր մոտեցումը: Ըստ տիկին Կուլոնենի կազմած կրթության զարգացման ծրագրի՝ մինչև 2020 թվականը բոլոր ֆիննական դպրոցները անցած կլինեն կրթական նոր համակարգին: Վերջին մտքի կապակցությությամբ հարկ է, որ նորից անդրադառնանք Փասի Սահլբերգի հոդվածին: Նա գրում է. «Ֆինլանդիայի կրթական համակարգի վերաբերյալ կարևոր է ընդգծել երկու հիմնարար առանձնահատկություն, որպեսզի ունենանք ճշմարիտ պատկերը: Առաջին, կրթության կառավարումը մեծապես ապակենտրոնացված է, որը 320 համայնքային կառավարման մարմիններին նշանակալից ազատություն է տալիս, որպեսզի նրանք կրթությունը կազմակերպեն հաշվի առնելով տեղական պայմանները: … Երկրորդ, Ֆինլանդիայի ազգային տիպական ուսումնական պլանն ընդհանրություններ ունի բոլոր տեղական համայնքների կառավարման մարմիններում, բայց այն նշանակալից չափի ազատություն է տալիս մանկավարժներին՝ գտնելու ուսուցման և ուսման լավագույն ձևերը` տեղական պահանջներին համապատասխան»:
Այնուհետև Ռիչարդ Գարներն իր հոդվածում անդրադառնում է նախադպրոցական կրթական բարեփոխումներին: Նա գրում է, որ կրթական նախադպրոցական աստիճանում նույնպես գրկաբաց են ընդունում այս բարեփոխումը մի նորարարական նախագծով, որը կոչվում է «Խաղային ուսումնական կենտրոն», որը հիմա քննարկման փուլում է: Քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարելի է համակարգչային ուսումնական խաղերով նոր «խաղային» մոտեցում ներդնել փոքրիկների ուսման գործընթացում: «Խաղային ուսումնական կենտրոն» նախագծի տնօրեն Օլավի Մենթանենի նպատակը սա է. «Մենք ուզում ենք, որ Ֆինլանդիան նախադպրոցական տարիքի երեխաների խաղային ուսուցման առաջատար երկիր դառնա»: Եթե միայն իմ ձայնը լսելի լիներ, կառաջարկեի Օլավի Մենթանենին գալ մեր կրթահամալիր և ուսումնասիրել նախադպրոցականների խաղային ուսուցման մեր առաջավոր փորձը, կամ էլ գոնե ընթերցել Տաթև Մելքոնյանի, Աիդա Պետրոսյանի, Մարինե Մարտիրոսյանի, Մանուշակ Աբրահամյանի, հոդվածները:
Ռիչարդ Գարները շարունակում է Օլավի Մենթանենի միտքը գրելով, որ կրթական աշխարհի հայացքը կուղղվի Ֆինլանդիայի վրա, երբ այն ընտրի փոփոխությունների ճանապարհը. արդյո՞ք նա կկարողանա պահպանել կամ բարելավել իր կրթական մակարդակը PISA-ի ցուցանիշներով: Եթե այդպես լինի, ինչպես կարձագանքի դրան կրթական աշխարհը: Դրան հակառակ էլ՝ Փասի Սահլբերգը իր հոդվածում նշում է, որ Ֆինլանդիան հիմա իր կրթական բարեփոխումներով ավելի շատ մտահոգված է երեխաներին իրական կյանքին, քան քննություններին նախապատրաստելոով:
Կրթության իրականացման ֆիննական մոտեցման օրինակներ
Անգլերենի դաս է, բայց գրատախտակի վրա Եվրոպայի քարտեզն է: Երեխաները պետք է խոսեն եվրոպական տարբեր երկրների եղանակային պայմանների մասին: Օրինակ, այսօր արևոտ է Ֆինլանդիայում, իսկ Դանիայում՝ մառախլապատ: Սա նշանակում է, որ սովորողները ինտեգրում են անգլերենի և աշխարհագրության ուսանելը:
Մեկ այլ օրինակ. Հելսինկիի Սիլտամակի կրտսեր դպրոցում, որտեղ 7-12 տարեկան 240 երեխա է սովորում, և որը գրկաբաց է ընդունել Ֆինլանդիայում իրականացվող ուսուցման նոր ձևը: Դպրոցի տնօրեն Աննե-Մարի Յաատինեն բացատրում է դպրոցի փիլիսոփայությունը. «Մենք ուզում ենք, որ աշակերտները սովորեն ապահով, ուրախ, հանգիստ և ոգևորող միջավայրում»: Մենք հանդիպում ենք մի միջանցքում շախմատ խաղացող երեխաների, իսկ այլ միջանցքներում որոշ երեխաներ խաղում են կամ էլ վազվզելով տեղեկատվություն են հավաքում Աֆրիկայի տարբեր մասերի մասին: Տիկին Յաատինեն բացատրում է, որ այն ինչը կատարվում է հիմա, «Ուրախ ուսում» է կոչվում: Նա ուզում է, որ աշակերտների միջև ավելի շատ համագործակցություն և հաղորդակցություն լինի: Սա էլ մեր «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ֆիննական տարբերակն է:
Աղբյուրը՝
- Finland schools: Subjects scrapped and replaced with ‘topics’ as country reforms its education system, Richard Garner, The Independent, March 20, 2015
- Finland’s school reforms won’t scrap subjects altogether Pasi Sahlberg, The Conversation, March 25, 2015
Լուսանկարը` mskh.am-ից
- Բացվել է 3195 անգամ