Կրթությունը` սովորողի ինքնադրսևորում

Մեզանում ուսուցման գործուն ու այժմեական մեթոդների շարունակական կիրառումը, անշուշտ, ընդարձակում է ուսուցիչ-սովորող փոխհարաբերությունների շրջանակները: Դրանք ոչ միայն նպաստում են ուսումնական գործընթացի հետաքրքիր կազմակերպմանն ու լրացուցիչ կրթության խթանմանը, այլև միաժամանակ լուծում են անձնային ու միջանձնային մի շարք խնդիրներ: Որ 16-17 տարեկան այսօրվա մեր պատանուն կամ օրիորդին այնքան էլ հեշտ չէ մղել որոշակի գործունեության, բոլորս գիտենք: Կրթահամալիրի դասավանդողի համար այլևս ակնհայտ է, որ ուսուցման ավանդական մեթոդները սպառել են իրենց, դասի հարցումը, դրան հետևող պատասխանը կամ պարտադրանքի ինստիտուտը չեն գործում: Դասային գործընթացը խափանվում է՝ հաճախ ցավալիորեն տեղը զիջելով ծուլությանն ու անտարբեությանը: Այստեղ է, որ մեզ օգնության են գալիս կրթության այն ձևերը, որոնք իրականացվում են կյանքի անսպասելի իրադրություններում, երբ անհրաժեշտ է տեղում առաջացած խնդիրներ լուծել: Սովորողն ազատ է իր գործունեության մեջ և այն պարտադրված չէ անգամ դասասենյակային ներկայությամբ: Կա աշխատանքը կատարելու էլեկտրոնային տարբերակը, սովորողի ձեռքին է իր բազմաֆունկցիոնալ հեռախոսը կամ համակարգիչը, և դասավանդողից է կախված, թե այդ գործիքներն ուսումնական նպատակներին ինչպես կարելի է ծառայեցնել:

Անցած կիսամյակում իմ իրականացրած նախագծերից երկուսի մասին եմ ուզում խոսել, որոնք ինձ համար էլ հետաքրքիր բացահայտումների առիթ դարձան: Խոսքս Սեբաստացու օրերին «Ամենասեբաստացիները» և «Ամանորյա հարցազրույցներ» շարքերի մասին է, որ հնարավոր եղավ իրականացնել Ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների ու քոլեջի մեր սովորողների համատեղ ուժերով:

«Ամենասեբաստացիները» նախագծի կազմակերպման առաջին իսկ քայլերից ակնհայտ էր, որ Սեբաստացու օրերին մեր՝ առանց այն էլ բազմազբաղ ուսուցիչներն ու տնօրենները ժամանակի մեջ տեղավորվելու խնդիր ունեն, ու եթե քոլեջի ուսանողներ Գոհար Գաբրիելյանին, Անուշիկ Աղաջանյանին հաջողվեց նախապես պատրաստած հարցերով միանգամից դիմել Սյուզան Մարգարյանին ու Անահիտ Մելքոնյանին և վարպետ արագությամբ մուտքագրել նրանց պատասխանները, ապա մեր բազմազբաղ տնօրենների՝ Մարթա Ասատրյանի, Նվարդ Սարգսյանի հետ հարցազնույցները նույն արագությամբ իրականացնել հնարավոր չեղավ: Ավելին՝ Մարիետ Սիմոնյանի, իսկ հետո նաև ամանորյա հարցազրույցների մասնակից Հռիփսիմե Առաքելյանի  դեպքում Ավագ դպրոցի սովորողները զրույցներն ստիպված եղան անցկացնել մի դեպքում Մեդիակենտրոնում, մյուս դեպքում՝ Նոր դպրոցում: Այստեղ է, որ գործին օգնության են հասել մեր սովորողների բազմաֆունկցիոնալ հեռախոսները, ասել է թե՝ կարճ՝ 10-15 րոպեի ընթացքում, հարցերն ուղղել հարցազրույցի մասնակիցներին ու ձայնագրել պատասխանները:

Իհարկե, ձայնագրությունը կազմակերպելն էլ իր խնդիրներն է առաջ քաշում: Այստեղ էլ առաջին պլան են մղվում մեր սովորողների մեջ արմատացած բարդույթները, որոնք այնքան դիպուկ նկատել է իմ գործընկեր Հասմիկ Ղազարյանն իր վերջին հոդվածում. «Մարդը, տարբեր պատճառներով, ժամանակի ընթացքում տարբեր բարդույթներ է ձեռք բեռում: Դրանք աստիճանաբար դառնում են բնավորության գիծ, դառնում են վարքագծի հիմք, բացասաբար են ազդում կյանքում մարդու ինքնաիրացման վրա: Դեռահասության տարիքը ամենախոցելին է բարդույթների առաջ: Երբեմն անհնարին է հասնել նրան, որ 15-16 տարեկան պատանին հրապարակային մի բան ասի՝ կարծիք հայտնի, որևէ հարցով դիմի ինչ-որ մեկին, շփվի առանց անխուսափելի անհրաժեշտության»:

Համոզելու, ինքնավստահ ու ակտիվ լինելու ներածական խոսքի կարիք միշտ կա, որով իր սովորողին պիտի խրախուսի ուսուցիչը: Հարցազրույցը՝ հարցազրույց, լրագրողական հմտություններին քայլ առ քայլ տիրապետելը մի բան է, բայց որ նմանատիպ աշխատանքների պարբերականության արդյունքում սովորողը հաղթահարում է իր բարդույթները, հենց սա է կարևորը: Այո, մեր առաջին նպատակը այսօրվա դեռահասին այդ բարդույթներից ազատգրելն է:

Աշխատանքի հաջորդ փուլը ձայնագրությունները գրավոր խոսքի վերածելն է ու համակագիչ անցկացնելը: Սովորողի համար շատ ցանկալի է, որ թե՛ այս և թե՛ նախորդ աշխատանքը նա ընկերովի իրականացնի: Կարծում եմ կարելի է նրան հասկանալ, սովորողն ընկերոջ ներկայությունից իրեն ավելի վստահ է զգում, փոխադարձաբար համարձակություն են ներշնչում, և ակնհայտ է, որ խմբային աշխատանքի նման կազմակերպումից է նախագիծը շահում:

Ձայնագրությունը գրավոր խոսքի վերածելը սովորողի համար բարդ «խմբագրական» աշխատանք է: Բանավոր խոսքն իր օրինաչափություններն ունի, հարցազրույցի մասնակիցները խոսում են արագ, ազատ, անկաշկանդ, միտքը թռչում է, ձեակերպումները՝ հաճախ կրկնվում են, խախտվում է նախադասության շարադասությունը: Սովորողից շատ բան է կախված. նա պիտի գրագետ գրավոր խոսքի փոխադրի լսածը, պահպանի հարցազրույցի մասնակցի խոսքի ոճը՝ միաժամանակ հետևելով տեքստի ուղղագրությանն ու կետադրությանը: Միայն այս ծավալի աշխատանք անելուց հետո է սովորողը պատրաստի հարցազրույցն ուղարկում իմ հասցեին, և վերջնականապես խմբագրվելուց հետո է այն տեղադրվում կրթահամալիրի կայքէջերում: Հավատացնում եմ, որ հարցազրույցների այս երկու շարքերն էլ՝ նման ծավալով («Ամենասեբաստացիները» 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 «Ամանորյա հարցազրույցներ»-ը 1, 2, 3, 4,  5, 6), անհնար կլիներ իրականացնել ու ժամանակին թողարկել, եթե չլինեին փոխադարձ վստահությունն ու իրար հետ համագործակցելու բարձր պատասխանատվությունը, որ ձևավորվեցին իմ ու սովորողներիս միջև: Ավելին՝ հիմա արդեն կարող եմ խոստովանել, որ ամանորյա հարցազրույցների գաղափարը Դավիթ Մուրադյանինն էր, ով, անշուշտ, իր գործուն մասնակցությամբ ու ոգևորությամբ իրականացրեց «Ամենասեբաստացիները» և ինձ հուշեց երկրորդ նախագիծը: Այս աշխատանքների ընթացքում բացահայտեցի Ժենյա Դավթյանին, Ստելլա Բարեղամյանին, Գոհար Գաբրիելյանին, ում մի երկու ամիս էր, ինչ դասավանդում էի:

Ուսուցչի համար իսկական ուրախություն է փոխադարձ վստահության ու հոգատարության մթնոլորտում պատասխանատու սովորողին գտնելը, նրա՝ օրավուր փոփոխվող ու զարգացող մտածողության առաջընթացը, նախաձեռնելու պատրաստակամությունն արձանագրելը և ի վերջո նրա կրթական բոլոր կարիքները հոգալը:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский