Ուսումնական ռադիոն և դրա հավելյալ արդյունքները

«Կրթությունը կայնքի նախապատրաստում չէ,
կրթությունը հենց կյանքն է»
: Ջոն Դյուի

Սովորեցնելու բազմաթիվ գործուն մեթոդներ են մշակվել ամբողջ աշխարհում, որոնք հնարավոր են դարձնում սովորողի ուշադրությունը բևեռել ցանկալի նյութի վրա, հակել հետազոտելու նյութը, դիտարկելու տարբեր կողմերից, դրա մասին դատողություն անելու, գնահատելու, կարճ ասած՝ յուրացնելու նյութը: Սակայն անգամ լավագույնս յուրացրած ինչ-որ բան անիմաստ է, եթե կիրառություն չի գտնում մարդու առօրյայում:

Դրա համար, բազմաթիվ մեթոդների, ամենահետաքրքիր ու բովանդակալից ծրագրերի կողքին արդյունավետ ուսուցում է իրականացվում ինֆորմալ կրթությամբ՝ կյանքի անսպասելի իրադրություններում սովորելիս, երբ հարկավոր է լինում տեղում առաջացած խնդիրը լուծել: Միշտ չէ, որ հաջողվում է հետևել սովորողի՝ ոչ դասասենյակային կրթությանը, բայց այդպիսի հնարավորություն տալիս են բաց նախագծերը, որոնց սովորողները կարող են մասնակցել առանց պարտադրանքի, չսահմանափակված ինչպես տարածությամբ, այնպես էլ ժամանակով: Շատ հաջող է կրթության այս ձևը կիրառվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում էլեկտրոնային հրապարակումների միջոցով, որոնց մասն է կազմում նաև առցանց ռադիոն:

Մի կողմ թողնենք, թե որքանով է մեր արածը ռադիո կամ որքանով է առցանց: Փորձենք դիտարկել այն խնդիրները, որոնք նախ ի հայտ են գալիս, ապա լուծվում են հենց հրապարակման համար աուդիոնյութ պատրաստելիս:

Մարդը, տարբեր պատճառներով, ժամանակի ընթացքում տարբեր բարդույթներ է ձեռք բեռում: Դրանք աստիճանաբար դառնում են բնավորության գիծ, դառնում են վարքագծի հիմք, բացասաբար են ազդում կյանքում մարդու ինքնաիրացման վրա: Դեռահասության տարիքը ամենախոցելին է բարդույթների առաջ: Երբեմն անհնարին է հասնել նրան, որ 15-16 տարեկան պատանին հրապարակային մի բան ասի՝ կարծիք հայտնի, որևէ հարցով դիմի ինչ-որ մեկին, շփվի առանց անխուսափելի անհրաժեշտության:

Երբ սպասվող կամ արդեն կատարված իրադարձության մասին տեղեկություն հավաքելու համար սովորողը հանձնարարություն է ստանում դիմելու այս կամ այն անձին, նա համարում է, որ ինքը քիչ է խոսելու. 1-2 հարց է տալու և ձայնագրելու է պատասխանը: Նա մտքում ձևակերպում է հարցը, ընտրում, փորձում է դրա՝ իր կարծիքով հարմար հնչերանգը: Սովորողը երբեմն ենթադրում է նաև խոսակցի պատասխանը, բայց երբ չի ստանում իր սպասածը, հանպատրաստից հարց է տալիս, որ նախ՝ ավելի բնական է հնչում, երկրորդ՝ ակամա կոտրում է պատանու մեջ արմատներ գցող բարդույթը: Առաջին նպատակը հենց բարդույթներից ազատվելն է:

Մեր օրերում դժվար է սովորող դեռահասներից պահանջել այս կամ այն ստեղծագործությունն  անգիր անել: Թվում է՝ սովորողն ընդհանրապես չափածո ստեղծագործությունների նկատմամբ անտարբեր է դարձել: Եթե անգամ սովորում է ինչ-որ բան, հարցնելու դեպքում անզգացմունք բառերի կույտ է արտասանում: «Դաս պատասխանելու» գործընթացն ամենևին տրամադրող չէ սեփական զգացմունքներն անգամ ամենագեղեցիկ ու հուզիչ բանաստեղծությամբ արտահայտելու համար: Բեմից արտասանելը ենթադրում է երկար նախապատրաստում, բեմադրում ու ծրագրված փորձեր, որոնք նույնպես մանր ու մեծ խոչընդոներ են հրապարակային խոսքի ճանապարհին:

Խնդրի լավագույն լուծումը աուդիոընթերցումն է: Սովորողը տանը կամ որևէ տեղ՝ մեկուսի, իր ընտրած բանաստեղծությունը ձայնագրում է, լսում, գնահատում, եթե չի հավանում, նորից է ձայնագրում: Ինքն իր հետ է, բայց ակնհայտ է անթերի ներկայանալու ցանկությունը: Օտար աչքից ու կողմնակի մարդու ներկայությունից ազատ՝ գեղարվեստական ստեղծագործություն ընթերցողը արտահայտում է նաև սեփական զգացմունքայնությունը՝ առանց դրա վրա կենտրոնանալու, հետևաբար՝ առանց կեղծելու: Այդպես՝ տարբեր սովորողների  ձայնագրությունները մեկ ժողովածուում հավաքելով, ձևավորելով ու ներկայացնելով՝ միանգամից երեք խնդիր ես լուծում. նախ՝ ներկայացնում ես ընթերցող դեռահասին՝ իր զգացմունքային ներկապնակով, երկրորդ՝ քաջալերում ես՝ նման աշխատանքը դարձնելով բոլոր ցանկացողների ինքնաարտահայտման միջոցը, երրորդ՝ մղում ես սովորողներին միմյանց և տարբեր ուսուցիչների հետ համագործակցության (երաժշտական ձևավորման համար, օրինակ, դիմում են երաժշտության ուսուցչին): Այս ժողովածուն ներկայացող խմբի հետ առաջին փորձն է:

Դրանից ոգևորված՝ սովորողներն արել են նաև անհատական փորձեր (Մարիամ Գևորգյան, Էրիկ Ոսկանյան, Սոնա Սահակյան, Մայա Սիմոնյան): Սովորողների կատարած ընտրությունը, արտահայտվելու երանգը, ներկայանալու ձևը վկայում են ոչ միայն նրանց՝ ինքնաարտահայտման, այլև հնարավորինս ինքնուրույն լինելու, ավելի տարածուն ներկայանալու ցանկության մասին (էականը, ճիշտ է, ձայնագրված բանաստեղծությունն է, բայց ոմանք օգտագործել են youtube-ը, ոչ թե souncloud-ը, որ նկարներ էլ տեղադրեն. հաջող, թե անհաջող՝ այլ խնդիր է): Իսկ մեզ մնում է արձանագրել սովորողի կարողությունները, գնահատել նրանց աճը ինչպես տեղեկացվածության, այնպես էլ տեխնիկան ու համապատասխան ծրագրերն օգտագործելու ասպարեզում:

Գրականության դասերն արդյունավետ են, եթե ընթերցած նյութը դրվում է քննարկման: Ամեն քննարկում թույլ է տալիս անհատին երևույթին նայելու նաև ուրիշի տեսանկյունից, իսկ դա արդեն ընդլայնում է մարդու մտահորիզոնը: Բայց երբեմն քննարկված նյութը մնում է քննարկման սեղանի շուրջը, ու մասնակիցներն անգամ մոռանում են դրա մասին, հենց ավարտում են: Մեր «ռադիոլրագրողները» (ըստ էության՝ բոլոր սովորողները) գիտեն, որ քննարկումը լավ է ձայնագրել, հետո հետաքրքիր հատվածները մշակել-մոնտաժել, պատմել քննարկման մասին և ուղղակի մեջբերել հատվածներ՝ հաստատելու համար մեր պատմածը: Բոլորը գիտեն, որ ձայնագրվում են, և սովորում են ենթադրյալ ունկնդրի ներկայությանը: Նաև հասկանում են, որ իրենց ասածի համար պատասխանատու են, դրա համար հիմնավորում են իրենց ասածը: Նման աշխատանքը ոչ միայն հրապարակայնացնում է սովորողների ինքնաբուխ խոսքը, այլև հենց քննարկմանը անդրադառնալու հնարավորություն է տալիս: Իսկ ռադիոյի թողարկում պատրաստողը նաև ընտրում է հատվածները, պատասխանատվություն է վերցնում հանրությանը ներկայացնելու իր և ընկերների քննարկումը: Լսեք, օրինակ, Աննա Մխիթարյանի այս նյութը, կամ Անի Ավետիսյանի:

Մեկ որ խոսեցինք պատասխանատվության մասին, ասենք, որ դպրոցական ռադիոն, իհարկե, մարդու մեջ մշակում է այդ հատկանիշը, մանավանդ, եթե նա երկարաժամկետ նախագծի պարտավորություն է վերցնում: Այդպիսին է Մարիամ Գևորգյանի «Հայաստանի թանգարաններով» նախագիծը: Այստեղ չխոսենք Հայաստանի տարբեր ծայրերի թանգարաններն ուսումնասիրելու առիթով ճամփորդելու հաճելի անհրաժեշտության մասին: Հիշենք, որ նախագծի հեղինակը տեղեկություն է հավաքում տարածքի թանգարանների մասին, այցելության ժամանակ ինքն ավելի ուշադիր է լինում՝ մանրամասնելու համար իր պատումը, հարցազրույց է վարում թանգարանի աշխատակցի հետ՝ հընթացս ձեռք բերելով նաև շփման մշակույթ: Նախնական ուսումնասիրությունը, ուշադրության սևեռումը, շփման մշակույթը խնդիրներ են, որ ձեռք են բերվում կյանքի իրադրություններում և մշտապես կիրառելի են: Ահա և ուսումնական ռադիոյով լուծվող կրթական խնդիրների ևս մի փունջ:

Դպրոցական ուսումնական ռադիոն թերևս թերի լիներ, եթե միայն դպրոցական իրադրություններում դպրոցական հարաբերություններից խոսեր: Արտագնա ռեպորտաժներն, անկասկած, սովորողին նոր զգացողություններ են տալիս ու տարաբնույթ հմտություններ մշակում: Դպրոցից դուրս, առանց դասընկերների և ուսուցչի, սովորողը պիտի որ առանձնահատուկ վերաբերմունք ունենա, որ հիշի ռեպորտաժ անելու մասին: Օրինակ՝ թատերական փառատոնի հանդիսատես  դպրոցականը մեկնաբանելու համար համարձակվում է մոտենալ անծանոթ մարդկանց, ծանոթանալ, նրանց հարց տալ, լսել, ձայնագրել պատասխանը: Արտագնա ռեպորտաժը կարող է մի հավաքում լինել, ուր «անծանոթը» պաշտոնական անձ է կամ հյուր արտասահմանից: Մեր լրագրողը հաղթահարում է տարբեր կարգավիճակներից և իրավիճակներից բխող անհարմարությունը, գտնում է դիմելու ձև, առաջարկում է դիմացինին զրուցել և դեռ ձայնագրում է, մոնտաժում է, կցում է իր նախաբանը… Սովորողն ակնհայտորեն ավելի աչքաբաց է դառնում: Որքան շատ բան է տեսնում մարդն իր ամենաընկալունակ տարիքում, այնքան ավելի հաջողակ է նա իր հետագա կյանքում, որովհետև ավելի զարգացած է նրա կռահումը, մի հմտություն, որի մշակման-զարգացման մասին մինչ այս որևէ ծրագրով երբևէ հոգ չի տարվել: Որպես օրինակներ ստորև լսեք «Էթիկետ» ռադիոյի հարցազրույցները «Սուրբ ծննդյան նախաշեմին», Նռան հատիկ փառատոնի մասին, Գետաշենի վերանորոգված դպրոցի մասին: Թե էլ ինչ են տեսնում, լսում ու սովորում ռադիոնյութ պատրաստող սովորողները, թող իրենք՝ սովորողներն ասեն:

Իսկ ես չեմ կարող չանդրադառնալ նաև կազմակերպչական մի ակնհայտ խնդրի: Երբ ձայնագրություններն սկսեցինք օգտագործել որպես ուսումնական նյութ պատրաստելու միջոց, ձայնագրման մասնագետ մեր գործընկերները գործիքի հետ վարվելիս, ձայնագրության համար պայմաններ ապահովելիս մեր թերություններն արձանագրեցին, իսկ Կարեն Խաչատրյանը նույնիսկ գործնական առաջարկներով հանդես եկավ «Դպիրում»: Հոդվածում մասնավորապես առաջարկվում է. «…աշխատանքային հանդիպումներ կազմակերպել ռադիոների պատասխանատուների հետ, որոնց ընթացքում նրանք կսովորեն ձայնի հետ ճիշտ աշխատելու հմտությունները»:

Կարեն Խաչատրյանի առաջարկները գործուն ու անհրաժեշտ են: Դրանք մասնագիտական այն օգնությունը կլինեին, որ կապահովեին նաև աշխատանքի որակը ավելի քիչ ջանքի դեպքում ու ավելի քիչ ժամանակի ընթացքում: Ուզում եմ հավատալ, որ այդ առաջարկները քննարկվում են և ընթացք են ստանալու:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский