Խոշորացույց 2
Primary tabs
Կոբա (Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին կամ Սոսո Ջուղաշվիլի)
Անունների բազմազանությունն անգամ հուշում է, որ Ստալինն ունեցել է բովանդակ կյանք: Այդ բովանդակ կյանքի արտացոլումը երևացել է ոչ միայն Ստալինի անձնականի, այլ նաև շատ ժողովուրդների, այդ թվում՝ հայերիս ճակատագրերի վրա:
Սույն հոդվածում չենք անդրադառնա Ստալինի կյանքին կամ գործունեության չլուսաբանված կողմերին: Այլ կփորձենք ներկայացնել ստալին կամ ստալինիզմ երևույթն ամբողջատիրության (տոտալիտարիզմի) լույսի ներքո: Թեմայի ընտրությունը պատահական չէ, քանզի վերջին շրջանում կտրուկ փոխվել է վերաբերմունքն այս երևույթի և ընդհանրապես պատմության այդ փուլի նկատմամբ: Սա էլ իր հերթին պատահական չէ, քանզի նույն միտումն է ռազմավարական դաշնակից Ռուսաստանում: Ավելին, երբ Ռուսաստանում կազմակերպվեց այսպես ասած «ամենառուս» նախագիծը, ըստ որոշ տվյալների քվեարկողների մեծամասնությունը նախապատվությունը տվել էին հենց Ստալինին, միայն վերջում, կազմակերպիչների ջանքերով, առաջին հորիզոնականում հայտնվեց Ալեքսանդր Նևսկին:
Եթե իննսունականների դասագրքերը, որոշ դեպքերում՝ անգամ ծայրահեղ գնահատականներով, այնուամենայնիվ փորձում էին գնահատական տալ երևույթին և անհատին, ապա հայաստանյան այսօրվա դասագրքերում միայն չոր ու թեթև փաստեր են, երբեմն նույնիսկ իրողությունների պարզագույն շրջանցում: Բայց չէ՞ որ սովորողներինց յուրաքանչյուր երրորդի կամ երկրորդի նախնին այդ փուլի տուժածն է:
Այսպես, փորձենք անդրադառնալ, թե ինչպես պետք է մատուցել այդ թեման կամ ի՞նչ պետք սովորի սովորողն այդ թեմայից: Հատկապես կարևոր է այն շեշտադրումը թեմայի մեջ, թե ի՞նչ է ասել ամբողջատիրություն.
Ա. Իշխանության համակարգի լիարժեք յուրացում այս կամ այն կազմակերպության՝ տվյալ դեպքում կուսակցության կողմից
Բ. Քաղաքական այլ ուժերի մեկուսացում
Գ. Լայն հասարակական-քաղաքական շարժումների ստեղծում (իշխանության կողմից կառավարվող)
Դ. Պետականորեն ուղղորդված տեռոր
Ե. Տնտեսական փակ համակարգ
Զ. Հոգևոր-մշակութային ոլորտում միահեծանության առկայություն
Սրանք այն հիմնական բնորոշիչներն են, որոնք առկա են ամբողջատիրական համակարգերում: Տեքստը չծանրաբեռնելու համար դրանց չենք անդրադառնա առանձին-առանձին, քանզի նախորդ հոդվածներից մեկում ամբողջական անդրադարձ արդեն կատարել ենք: Խնդիրն այստեղ ավելի շատ մատուցման ասպեկտի մեջ է: Իհարկե, ընդդիմախոսները կարող են պնդել, թե արդյո՞ք սովորողը կարող է հասկանալ և ընկալել այն եզրաբանությունը, որը վերը նշեցինք: Միանշանակ պնդում` այո: Ասվածի վառ ապացույցն է Աշոտ Տիգրանյանի ղեկավարությամբ իրականացվող «Բռնադատվածներ» նախագիծը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերոնշյալ նյութն ավելի ամբողջական ուսումնասիրության է արժանանում 12-րդ դասարանում, իսկ այդ դասարանում սովորողների սոցիալական և կրթական տարիքը տալիս են դրա հնարավորությունը:
Ամբողջատիրությանը բնորոշ որոշ բաղադրիչների մասին խոսելը ներառելով թեմայի մեջ` դասագրքի հեղինակները մոռանում են խոսել հետևանքների կամ այն կանխարգելելու միջոցների մասին: Դասագրքում առկա են մեկ-երկու քաղաքական սպանությունների նկարագրություններ, բայց չգիտես ինչու, թողնելով հայկական իրականությունն ու խնդիրները` Հայոց պատմության դասագրքի մեջ անընդհատ շեղում է գնում դեպի ռուսական միջավայր` Կիրովի սպանություն, Տրոցկու մեկուսացում, այնուհետ սպանություն, Զինովևի և Կամենևի նկատմամբ դատավարություններ և այլն: Դրա փոխարեն, օրինակ, կարելի էր բերել փաստական տվյալներ, թե քանի հայ է եղել այսպես կոչված «Գուլագներում» 1939-1952թթ. (1929-1937թթ տվյալներն անընդհատ խուսափում են հրապարակելուց, այստեղ ակնհայտ է միտումը): Նշված ժամանակահատվածում, այդ տիպի աշխատանքային գաղութներում կամ ճամբարներում եղել է 26764 հայ, ըստ ռուսական աղբյուրների: Հիշեցնենք, որ սրանք ամբողջական տվյալներ չեն, քանի որ արխիվների մի զգալի մասը բացված չեն. հայտնի է, որ արխիվների բացումը շատ բան փոխում է պատմության ներկայացման և գնահատման մեջ: Ասածը հիմնավորելու համար բերենք հետևյալ փաստարկը, եթե խորհրդային փուլում դպրոցներում սովորեցնում էին, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԽՍՀՄ-ը տվել է 20 միլիոն զոհ, ապա արխիվային որոշ նյութերի հասանելի դառնալուց հետո այդ թիվը նախ հասավ 28 միլիոնի, ապա 40-ի: Տպավորի՞չ է: Համոզված ենք, որ նույնը կլինի նաև ձերբակալված-աքսորված հայերի պարագայում, որոնց գրեթե կեսը, ի դեպ, ձերբակալվել էր հակահեղափոխականի մեղադրանքով: Ընդ որում, թեման հայկական միջավայրի օրինակով քննարկումը հարավորություն է տալիս վեր հանել ընտանեկան-ազգային օրինակներ: Մի դրվագ պատմեմ ստալինյան աբսուրդից, թե ինչպես են ձերբակալել տատիս հորը`Թադոսին: Կոլեկտիվացման ամենաթեժ փուլում, Թադոսն իր գյուղում, իր ամենամտերիմ հարևանի հետ քննարկում էր կոլեկտիվացման հետևանքները և գյուղացիական միամտությամբ բարձրաձայնում, որ մասնավորի դեպքում ավելի լավ է, երբ մարդն ունի իր սեփական արտն ու անասունը: Սա բավական եղավ, որպեսզի նրան մեղադրեն հակահեղափոխական լինելու մեջ, աքսորեն Սիբիր, որտեղից նա այլևս չվերադարձավ: Իսկ այս ամենի համար հիմք եղավ նրա հարևանի բանավոր ցուցմունքը (հարևանը տառաճանաչ չէր): Այս վերապրումները մենք կարծես այսօր էլ ունենք: Այս մեկ, փոքրիկ դրվագում, երևում է այն ամբողջ արժեհամակարգային խեղվածությունը, որն առկա էր այդ փուլում, և որը սպառնում է վերածնվել այսօր:
Ինչո՞ւ է անհրաժեշտ այս լույսի ներքո անդրադառնալ թեմային: Վերոնշյալ բոլոր բաղադրիչները ստեղծվեցին ԽՍՀՄ-ում Լենինի, ապա Ստալինի իշխանության տարիներին: Եթե անգամ Լենինը չհասցրեց, ապա Ստալինը եկավ բացը լրացնելու և ամբողջացնելու: Գերմանացին ի վիճակի է ուղիղ նայելու իր պատմությանը և հիտլերյան փուլը ներկայացնում է այն լույսի տակ, որ հասարակության անդամները հնարավոր ամեն ինչ անեն նման իրականությունից խուսափելու համար: Սակայն մեզանում տիրում է բացարձակ հակառակ միտում: Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, պատմությունը լավագույն գործիք է իշխողների ձեռքին: Օգտագործելով այն՝ ազդում ենք հասարակության մի զգալի մասի գիտակցության վրա, համոզելով, որ ի սկզբանե ամեն ինչ կանխորոշված է: Սակայն մեր դեպքում, այն առավել քան վտանգավոր է, զի լինելով խորհրդային հիշողության կրող, չձերբազատվելով դրանից և մեխանիկորեն այն փոխանցելով՝ վերականգնում ենք այն բացասական իրականությունը, որ կար ստալինիզմի ժամանակ: Այստեղ, դասագրքի միջոցով, մենք փորձում ենք շրջանցել այն իրականությունը, որ կար և վերապրում է հիմա: Մյուս կողմից, հեղինակները փորձում են անկեղծ երևալ, ներկայացնելով ինչ-որ փաստեր, հատկապես թվերի միջոցով, քաջ գիտակցելով, որ հենց սովորողը անտեսված և անընդունելի են հենց այդ թվերը: Այսինքն, լավագույն դեպքում, սովորողը ոչինչ չի սովորում:
Դրա փոխարեն սովորողն այս թեմայից պետք է սովորեր ամբողջատիրության այն բաղադրիչները, որոնք ներկայացրեցինք, դրանց բացասական կողմերը և կանխարգելման եղանակները:
Հ. Գ. Եթե ուշադիր նայեք, ներկայացված բոլոր կետերը տիպական են ներկայիս հայաստանյան իրականության համար:
- Բացվել է 1875 անգամ