Մեծ գիտնականը նաև իր փոքրածավալ գործի մեջ է երևում

Հրաչյա Աճառյանի «Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն» աշխատությունը

Կյանքը լեզվաբանությանը, մասնավորապես բառագիտությանն ու բառարանագրությանը նվիրած գիտնականը հայտնի է իր ամենախոշոր գործերով՝ Անձնանունների բառարան, Արմատական բառարան, որոնք գրել է բավականին հասուն տարիքում: Բայց ոչ մի լիակատար աշխատանք դատարկ տեղում չի ստեղծում. այսօր առաջարկում եմ դիտարկել Աճառյանի վաղ շրջանի աշխատություններից մեկը՝ «Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն» աշխատությունը:

Աշխատությունը պատշաճ ծավալի մի բառարան է (մոտ 400 էջ), գրվել է 1902 թվականին Մոսկվայում և Վաղարշապատում, լույս է տեսել նույն թվականին՝ Լազարյան ճեմարանի հրատարակությամբ:
Բառարանն, անշուշտ, արժեքավոր աշխատություն է ճիշտ այնքան, որքան նմանօրինակ բառարաններից յուրաքանչյուրը: Բայց տարիների հեռվից ավելի հետաքրքիր է աշխատության նախաբանը, որտեղ երևում են հեղինակի ինչպես աշխատելու ոճը, գիտական բարեխղճությունը, այնպես էլ արծարծվող խնդրին նրա վերաբերմունքը:
Աշխատանքն սկսվում է պատմական ակնարկով՝ թե ինչպես է Հայաստանը հայտնվում իսլամական տերությունների երկարատև ազդեցության տակ: Աճառյանը նշում է, որ օսմանական ազդեցությունը հայերիս ու հայերենի վրա սկսվում է 11-րդ դարից (սելջուկ-թուրքեր, թաթարներ, պարսիկներ, ուզբեկ-թարարներ, քրդեր, օսմանցիներ) և տարբեր ժամանակներում սաստկանալով կամ նվազելով՝ հետզհետե մշակութային ու լեզվական արմատներ ձգում: «Այս ցեղերը թէև առանձին առանձին անուններ կը կրեն,- գրում է Աճառյանը,- բայց այնքան մեծ տարբերութիւն մը չունէին իրարմե»:

Հասկանալի է, որ լեզվի, մանավանդ խոսակցական (կամ ինչպես հեղինակն է ասում, ժողովրդական) լեզվի վրա սա ազդեցության հիմնավոր պատճառ է: Աճառյանը նկատում է, որ այս ազդեցությունը տարածվում է նաև հեռավոր գաղութների վրա, քանի որ բուն ազդեցության գոտուց արտագաղթողները իրենց հետ տանում են այդ լեզուն Կովկասից մինչև Ամերիկա: Գիտնականն ուշադրություն է հրավիրում նաև իր ժամանակի հայերենի շարադասության վրա, որը, գրաբարի հակառակը լինելով, գրեթե նույնանում է թուրքերենի շարադասության հետ. «Աշխարհաբարի այժմեան շարադասութիւնը՝ որ բոլորովին հակառակն է գրաբարի շարադասութեան և ընդհակառակը բոլորովին նոյն է թուրքերէնի շարադասութեան հետ, առ հասարակ մեր հայագէտներու կողմէ համարուած է իբր անկախ և ինքնուրոյն կերպով ձևացած բան մը. բայց դեռ քննելու գործ է, թէ արդեօք մեր լեզուին այս ահռելի յեղաշրջումը նմանապէս թրքական ազդեցութեան արդիւնքը չէ՞»: Ազդեցությունից քիչ են տուժել համեմատաբար կուռ հայաբնակ տարածքները՝ Ադանա, Կեսարիա, Սեբաստիա, Արաբկիր, Ակն, Մալաթիա, Զեյթուն, Մարաշ ու դրանից արևելք՝ բուն Հայաստանը, որոնք հայախոս են (ավելի քիչ են ազդված):
Աճառյանը  հայերին, ըստ նրանց լեզվի վրա օսմանյան ազդեցության, դասակարգում է 3 խմբի՝ ա) թրքախոս, բ) ոչ թրքախոս, բայց շատ ազդված, գ) հայախոս, քիչ ազդված:
Խնդրո առարկա աշխատության նախաբանում հեղինակը նշում է օսմանցիների՝ նաև ուրիշ լեզուների վրա ունեցած ազդեցությունը, համեմատում է, մասնավորապես, հույների (հունարենի) և հայերի (հայերենի) կրած ազդեցությունը: Ճիշտ համեմատության համար, ինչպես հեղինակն է ասում, հարկավոր է հաշվի առնել նաև տարածքը. բնօրրանի հույները քիչ են ազդվել, ինչպես բուն Հայաստանի հայերը: Այսինքն՝ Պոլիսը հույների համար բնօրրան է, այնինչ հայերն այդտեղ եկվոր են, բնականաբար պիտի աշխատեին խոսել տերության ընդունած լեզվով: Մյուսները՝ բուլղարներ, ռումիններ, ալբանացիներ, վրացիներ, լազեր, մինչև իսկ ազատակյաց քրդերը, ազդվել են բավականին մեծ չափով, ոչ միայն ազդվել են, այլև բնակչության զգալի մասը ընդունել է մահմեդականություն՝ այդպիսով ընդունելով նաև նրանց մշակույթը:

Թուրքերենն ազդել է նաև ռուսերենի վրա. Ֆրանց Միկլոսիչին վկայակոչելով՝ Աճառյանը խոսում է մոտ 2500  փոխառության մասին: «Մերը Պօլսո բնակիչների մեջ 4200 է, բայց եթե ընդհանուր հաշվենք, դրա կեսը կլինի»,- ասում է Աճառյանը (այսինքն՝ մոտ նույնքան, որքան ռուսներինը):

Իսկ ինչպես էին այդ ազդեցությանը վերաբերվում հենց իրենք՝ լեզուն կրող հայերը: Գրականություն ստեղծելիս գրողներն օգտագործում են ամենախոսակցական տարբերակը (ռամկական լեզուն)՝ լի թուրքերեն բառերով: Աճառյանը մի առակի օրինակ է բերում, որ մեզ՝ այսօրվա արևելահայերիս համար լի է անհասկանալի ու անբարեհունչ բառերով: Դա չէր կարող հաճելի լինել նաև ժամանակի գիտակ կամ ազգասեր (եթե չասեմ թրքատյաց) բնակչության համար: Բնականաբար, ծնվում է ավելի զորեղ հակազդեցություն: Ոչ միայն ծաղրում են այդպիսի գրականությունը, այլև առաջ է գալիս գրաբարաբանությունը, թեպետ այդ լեզուն էլ ժամանակակից հային անհասկանալի էր: Եղել են մտածողներ, որ խոսել են դրա մասին, բայց թուրքերենի նկատմամբ զզվանքը հաղթել է: Եվ սկսել են ամեն ինչ թարգմանել հայերեն. «Այս զօրեղ հակազդեցութեան ծնունդ է նմանապէս օտար բառերը հայերէնով թարգմանելու ձգտումը. և որովհետև զօրեղ զգացմունքը միշտ չափազանցութեան կը մղէ մարդը, այս բնական օրէնքով բառակերտութեան գործն ալ չափազանցութեան հասաւ» (էջ 20): Թարգմանում էին անգամ այն դեպքում, եթե նորաստեղծ բառն ավելի կոպիտ ու տգեղ էր լինում: Շատ շուտով զգացմունքի շրջանին փոխարինելու է գալիս մտածելու ժամանակաշրջանը: Աշխարհաբարայնությունը սկսում է հիմնավորվել. «…սա թէև ի սկզբան այնքան մօտ չէր ժողովրդական լեզուին, այլ գրաբարի ձևերով շատ խառն էր, սակայն հետզհետէ կը զտուի, կը մաքրուի այս վերջիններէն և անշուշտ օր մըն ալ բոլորովին արժանի պիտի լինի այս անուան»:

Գրական լեզվին հակառակ՝ բարբառներում ու խոսակցական լեզվում թուրքերեն բառերը պահպանվեցին: Դրանք դուրս բերելու միջոցը Աճառյանը համարում է համընդհանուր կրթությունը «…այն ժամանակ միայն կը յաջողի այս, երբոր հայկական կրթութիւնը ըստիպողական լինի ամէն տեղ»:

Այսքանով ավարտվում է հեղինակի դատողական նախաբանը: Հաջորդ գլխում ներկայացվում է աշխատության սկզբունքը՝ վերցված է Պոլսո բարբառը, ներկայացված է բառի «օսմանյան» ուղիղ տարբերակը, ներկայացված է նույն բառի փոխառությունը նաև այլ լեզուներում, ինչպես նաև նույն բառի փոխառությունը նաև հայոց այլ՝ Վանի, Ղարաբաղի ու Նոր Նախիջևանի բարբառներում: Աճառյանը քննության է առել նաև այն բառերը, որոնք հենց Պոլսո բարբառում չկան, բայց հանդիպում են հայոց այլ բարբառներում:
Նաև, ինչպես պահանջում է բարեկրթությունը, շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր իրենից առաջ այս ուղղությամբ աշխատել են՝ նյութ ստեղծելով իր աշխատության համար (Վենետիկի «Աշխարհաբարէ գրաբար» երկու տպագրությունը, ինչպես և Մ.Աբիկեանի Օսմաներէն ընդարձակ բառարանը` տպագրված Պոլսում, 1888):

Սրան հետևում է բառարանը, որը թերթելով տեսնում ենք, թե մեր բառապաշարում որքան թուրքերեն բառեր են հաստատվել ու դարձել բառապաշարի մաս: Դրանցից են՝ ազիզ, ատլաս, ալամ-աշխարհք, ախոռ, ասլան, ադաշ,  զեյթուն, զիբիլ, զուլում, զոռ, էլմաստ-ալմաստ, թալան, թախտ, թամամ, թանդըր (թոնիր) և այլն:

Աշխատությունը հետաքրքիր, կիրառելի, հանձնարարելի է ինչպես նեղ մասնագետների՝ լեզվաբանների, այնպես էլ իր լեզվի նախանձախնդիր ամեն հայ մարդու համար:

Աղբյուրը

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский