Տեխնոլոգիական կրթությամբ դպրոցի կյանքը կապվում է իրական կյանքի հետ

Կրթական համակարգը, որը հիմնված է սովորողներին միայն ակադեմիական գիտելիքներ փոխանցելու վրա, ավելի ու ավելի է հեռանում իրական կյանքից՝ այն ամենից, ինչի կարիքն իրոք ունեն նախակրթարանի սաները, միջին և ավագ դպրոցների սովորողները: Շատ երկրներում են արդեն կրթական համակարգերը բարեփոխում՝ ավելի շատ հիմնվելով տեխնոլոգիական կամ էլ ավելի լայն իմաստով՝ նախագծային ուսուցման վրա: Օրինակ, Ֆինլանդիայում այս տարվանից արդեն սկսել են կրթական հեղափոխություն իրականացնել:  Հելսինկիում երիտասարդների և մեծահասակների կրթության պատասխանատու Լիիզա Պոհյոլայնեն այն կարծիքին է, որ Ֆինլանդիայում հիմա կարիք ունեն այնպիսի կրթության, որը մարդկանց կնախապատրաստի աշխատանքային կյանքին: Երեխաները վաղ տարիքից ուզում են ինքնուրույն որևէ կարևոր բան անել, բայց շատ ծնողներ խանգարողի դերում են միայն. ասեղին ձեռք չտաս՝ մատդ կծակես, մկրատին ձեռք չտաս՝ մատդ կկտրես, մուրճի հետ գործ չունես՝ մատիդ կխփես: Այսպես մենք աստիճանաբար վերացնում ենք երեխայի` որևէ բան ինքնուրույն անելու ձգտումը, իսկ տարիներ հետո «տեղին» հանդիմանում` մեծ տղա ես դարձել, բայց մի մուրճ բռնել էլ չգիտես, մեծ աղջիկ ես դարձել, բայց մի կոճակ էլ չես կարողանում կարել: Այս ամենը տանը, իսկ դպրոցո՞ւմ:

Ամերիկացի հոգեթերապևտ Շելլի Ռայթը իր «Ինչու ակադեմիական ուսուցումը չի օգնում երեխաներին առաջադիմել իրական կյանքում» (Why Academic Teaching Doesn’t Help Kids Excel in Life) հոդվածում գրում է. «Դպրոցը պետք է մի վայր լինի, որտեղ երեխաները կարողանան հայտնաբերել, թե ինչ են իրենք սիրում կյանքում: Նրանք պետք է ի վիճակի լինեն իրենց հուզող հարցերը տալու և հետամուտ լինեն դրանց պատասխանները գտնելու: Նրանք պետք է հայտնաբերեն, թե ինչն է իրականում խանդավառում իրենց սրտերն ու հոգիները: Նրանք պետք է հայտնաբերեն, որ կարող են փոխել աշխարհը իրենց այդ խանդավառությամբ: Նրանք պետք է ավարտեն դպրոցը մի զգացումով` ինչ գործում են իրենք լավ: Այսօր, կարծում եմ, որ երեխաների մեծ մասն ավարտում է դպրոցը միայն իմանալով` արդյոք լավ, թե վատ սովորող է եղել դպրոցում: Հաճախ մեր սովորողները մեծ ընդունակություններ ունեն, որոնք պարզապես չեն տեղավորվում «իսկական ակադեմիական գիտելիքի» մեր պատկերացումներում: Իսկ ի՞նչ է դա: Կենսաբանության ծրագրի, որը ես վերջին մի քանի տարիները դասավանդում եմ, բովանդակային կետերից մեկը անձրևորդերի բազմացումն է: Ինչ-որ մեկը կամ էլ մեկից ավելի մարդիկ որոշել են, որ 17-ամյա պատանիների համար կարևորը անձրևորդերի բազմացման մասին  իմանա՞լն է»:

Շելլի Ռայթի այս միտքը շարունակելով` ասեմ, որ մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու էր ինձ պետք այդքան շատ եռանկյունաչափական վարժություններ լուծելը դպրոցում: Դպրոցն ավարտելուց ի վեր, 50 տարի շարունակ իրական կյանքում ինձ պետք չեն եկել ոչ sin-ը ոչ էլ՝ cos-ը, էլ չեմ ասում arcsin-ի ու arctg-ի մասին: Պետք չէ ասել, որ այդ վարժությունները տրամաբանություն են զարգացրել: Ես մաթեմատիկոս չէի դառնալու, և դրանք սոսկ մեխանիկական գործողություններ էին ինձ համար, որոնք ձևավորում էին ոչ մի տեղ պետք չեկող կարողություններ: Համատարած գրագիտության երկիր է Հայաստանը, միջնակարգ կրթությունն էլ՝ պարտադիր: Բոլորն էլ քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից քննություններ են հանձնել, բայց երբ բժիշկը  որևէ մեկին ասում է, որ նա պետք է 5%-անոց աղի լուծույթով ողողում անի, նա հարցնում է բժշկին, թե որքա՞ն աղ լցնի մեկ բաժակ ջրի մեջ: Ո՞ւր կորան tg-ն ու ctg-ը: Այստեղ Վիետի թեորեմն էլ չի օգնի, եթե նույնիսկ անգիր հիշի: Այո, դպրոցը միշտ էլ կյանքից հեռու է եղել ու կյանքում ամենաանպաշտպանները դպրոցում կարգապահ, հլու հնազանդ ու շատ լավ սովորողներն են լինում: Մայքրոսոֆթի հիմնադիր տնօրեն Բիլ Գեյթսի խորհուրդը շատ է խոսուն`«Մի արհամարհեք ձեր վատ սովորող դասընկերներին. շատ հնարավոր է գա մի օր, երբ հարկ կլինի խնդրել նրանց, որպեսզի նրանք աշխատանքով ապահովեն ձեզ` որպես գործատու»:

Գերի Բենենսոնը իր բավականին ծավալուն հոդվածում «Տեխնոլոգիան որպես դպրոցական ուսումնական առարկա» (Introducing Technology as a School Subject) աշխատում է բացահայտել տեխնոլոգիական կրթության էությունը: Նա գրում է, որ շատ կրթական շրջանակներում տեխնոլոգիան նույնացնում են համակարգիչների հետ, իսկ ոմանք էլ ավելի են նեղացնում տեխնոլոգիայի իմաստը և համարում դա միայն համացանցային փնտրտուք: Գերի Բենենսոնը այն կարծիքին է, որ առօրյա կյանքում պիտանի սովորական թղթե տոպրակներ պատրաստել սովորեցնելը կրտսեր դպրոցում առաջին տեխնոլոգիական կարողություններից է, որ երեխան կարող է ձեռք բերել: Տեխնոլոգիական մոտեցման բոլոր բաղադրիչներն էլ կարող են առկա լինել տոպրակի պատրաստման ժամանակ:

Առաջին բաղադրիչը հետազոտելն է: Դասվարի հետ միասին որոշում են, թե որ թղթի տեսակն է ամենադիմացկունը: Աշխատանքի պլանավորումը կատարում են՝ մատիտով գծելով ապագա տոպրակի բնական չափերով ձևվածքը: Օգտագործելով մկրատ և սոսինձ` ստեղծվում է առաջին տոպրակը: Սովորողները կարող են գնահատել իրենց աշխատանքը՝ տոպրակի մեջ որոշ իրեր լցնելով և կշռելով: Վերջում պարզում են, թե քանի կիլոգրամ միրգ է կարող պարունակել իրենց պատրաստած տոպրակը:

Ի՞նչ է տեխնոլոգիական կրթությունը

Հայերենի առցանց բացատրական բառարանում «տեխնոլոգիա» բառը երկու բացատրությամբ է ներկայացված.

  1. Նյութերի՝ արտադրանքի մշակման միջոցների և արտադրական պրոցեսների կատարման մեթոդների մասին գիտելիքների ամբողջությունը:
  2. Որոշակի միջոցներով, եղանակներով ու հաջորդականությամբ կատարվող այն գործառնությունների ամբողջությունը, որոնցից բաղկացած է նյութերի և արտադրանքի մշակության պրոցեսը:

Օքսֆորդի բացատրական բառարանում այդ բառն ունի այս բացատրությունները. «Գիտության օգտագործումը արդյունաբերական կամ առևտրային նպատակներով»: Օրինակ, կաուչուկի արտադրության տեխնոլոգիան, կոնյակի արտադրության տեխնոլոգիան…

Ամերիկյան Webster-ի մեջ ավելի պարզ է գրված. «Գործնական նպատակին հասնելու համար օգտագործվող տեխնիկական մեթոդը»:

Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրում բացատրությանը կրթական ուղղվածություն է տրված. «Մարդու ստեղծականության կիրառումը խնդրի լուծման գործում»:  Այսինքն`կրթությունը, ուսուցումը տեխնոլոգիապես ճիշտ կազմակերպելու համար հարկ է որ ուսման գործընթացում խթանել սովորողների ստեղծականությունը: Այդ ստեղծականությունը խթանվում է «հաջորդականությամբ կատարվող գործառնությունների ամբողջությամբ»: Գործառնությունների այդ ամբողջությունը 4 քայլից է բաղկացած՝ հետազոտում, աշխատանքի պլանավորում, ստեղծում և գնահատում, իսկ համակարգչային տեխնոլոգիան օգնում է, որ այդ չորս քայլերն ավելի արդյունավետ իրականացվեն: Օրինակ, հետազոտման փուլում, երբ ուսումնասիրվող նյութի մասին անհրաժեշտ է նախնական տեղեկատվության, անգնահատելի է ինտերնետին միացված համակարգիչը: Համակարգչային տարբեր ծրագրերն օգնում են նաև հավաքած տեղեկատվությունը և սեփական փորձով ձեռք բերված արդյունքները համեմատելուն, տեսանելի ու պատշաճ ձևով ներկայացնելուն, ինչը նաև կարելի է համարել աշխատանքի արդյունավետ գնահատում:

Միջին և ավագ դպրոցներում հարկ չկա տեխնոլոգիան որպես առանձին առարկա ուսումնասիրել: Մի բան անելու տեխնոլոգիական հմտությունները կարելի է կիրառել գրեթե բոլոր ուսումնական առարկաների դասավանդման ընթացքում:

Օրինակ, դիտարկենք, թե ինչն է տեխնոլոգիական ուսուցումը գրականության դասավանդման մեջ.

1. Հետազոտական աշխատանք. ընտրում ենք թեման: Ուսումնասիրվող հեղինակը Հովհաննես Թումանյանն է: Սովորողներին հանձնարարվում է կարդալ Թումանյանի բանաստեղծությունները և նրանցում գտնել այնպիսիները, որոնք հնարավոր կլինի ամփոփել մի վերնագրի տակ, որոնք գրեթե նույն թեման են շոշափում: Օրինակ, եթե ինձ տրվեր այդպիսի հանձնարարություն, մի վերնագրի տակ կամփոփեի այն բանաստեղծությունները, որոնք բացահայտում են Թումանյանին որպես մեծ հավատքով լի մի մարդ. «Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում», «Բանաստեղծը ծերացել է», «Երբ ես տխուր, հուսահատ», «Ամառային երեկո» «Անմահությանը», «Աստծո սպառնալիքը» և այլ նմանաոգի բանաստեղծություններ:

2. Պլանավորում. դասավորում ենք ընտրված բանաստեղծությունները ըստ մտքի զարգացման:

3, 4. Ստեղծում և գնահատում: Նորից ու նորից ենք կարդում այդ բանաստեղծությունները՝ առանց պարտադրված անգիր անելու՝ կարևորը միտքն է, որը պետք է հասկանալ ու գնահատել: Երբ գնահատում ենք այդ մտքերը, ստեղծում ենք մերը: Գնահատել՝ նշանակում է ստեղծել:

Տեխնոլոգիական նույն բաղադրիչներով կարող ենք ավագ դպրոցի սովորողներին առաջարկել Շեքսպիրի «Տիմոն Աթենացու» և Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարու» խռովահույզ մենախոսությունների համեմատական հետազոտություն անել:

Մեկ այլ օրինակով քննարկենք հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն թարգմանչական կարողությունները զարգացնելու տեխնոլոգիան:

  1. Հետազոտական աշխատանք. ընտրում ենք թեման: 
    Հայերենից անգլերեն թարգմանելու համար թեմաներն ընտրվում են ըստ սովորողների հետաքրքրությունների, նրանց արդեն ունեցած փորձառությունների: Հարկ չկա ընտրել այնպիսի թեմա, որում նույնիսկ մայրենի լեզվով անհասկանալի գաղափարներ են շարադրված:
  2. Պլանավորում: 
    Աշխատանքի հաջորդականությունը.
    Ա) Սկզբում ակտիվացնում ենք Google-ի թարգմանիչ ծրագիրը
    Բ) Թարգմանվող տեքստը արտատպում ենք Microsoft Word –ում:
    Գ) Կարդում ենք ամբողջ տեքստը և ընդգծում ենք այն բառերն ու բառակապակցությունները, որոնց անգլերեն ձևերը չգիտենք: Կարևոր է հասկանալ տեքստի ամբողջական բովանդակությունը, որպեսզի էլեկտրոնային թարգմանչի առաջարկած տարբերակներից հնարավորին չափով ճիշտն ընտրենք: Այդ հարցում մեզ շատ է օգնում նաև երկլեզվանի բառարանին կցված անգլերեն բացատրական բառարանը:
  3. Ստեղծում: 
    Սկսում ենք բուն թարգմանական գործընթացը՝ յուրաքանչյուր թարգմանված նախադասություն մուտքագրելով հայերեն տեքստի վերևում և ջնջելով  համապատասխան հայերեն նախադասությունը: Վերջում մեր էջում մնում է միայն անգլերեն թարգմանվածը:
  4. Գնահատում: Վերջում արագ կարդում ենք մեր թարգմանած տեքստը և հնարավոր վրիպակները ուղղելուց հետո տեղադրում այն մեր բլոգում, կայքի անգլերեն էջում, ուղարկում ենք մեր արտասահմանյան ոչ հայախոս բարեկամին: Միջմշակութային կապերի, միջազգային կրթական փոխանակումների զարգացման համար կարևոր է թարգմանչական կարողությունը:

Դպրոցական տարբեր ուսումնական առարկաների մասնագետները կարող են իրենց առարկայի թեմաները մշակել նշված տեխնոլոգիական բաղադրիչներով:

Այդուհանդերձ, հանրակրթությունը պետք է այնպես կազմակերպվի, որ արդյունքում սովորողները ձեռք բերեն իրենց կյանքում միշտ էլ անհրաժեշտ հետևյալ տեխնոլոգիական կարողությունները.

Մտածելու կարողություններ 

  • Թեմատիկ գաղափարների վրա հիմնված լեզվական բառապաշարի ընդլայնում և կիրառում
  • Օգտագործել արդեն ձեռք բերած գիտելիքը նոր երևույթի բացահայտման մեջ
  • Վերլուծել երևույթները համեմատության մեջ՝ գտնելով դրանց նմանությունները և ընդհանրությունները
  • Կարողանալ ստեղծել մի նոր ամբողջ՝ համակցելով տարբեր երևույթների առանձին մասեր, ստեղծել-հորինել նորը
  • Կարողանալ ստեղծել՝ գնահատելով տարբեր երևույթներ
  • Տարբեր տեսակետները հաշվի առնելով՝ առաջ քաշել սեփականը

Սոցիալական կարողություններ

  • Պատասխանատվություն վերցնել մի որևէ հանձնարարություն կատարելու համար
  • Կարողանալ լսել և հարգել ուրիշների կարծիքը, որոշումներ կայացնել ելնելով սոցիալական արդարության ու հավասարության սկզբունքներով, հարգել այլ դավանանքներ ունեցող անձանց
  • Կարողանալ խմբային աշխատանք կատարել՝ իմյանց հետ կիսելով աշխատանքներ և աշխատանքային գործիքներ, ի վիճակի լինել հարթել խմբում առաջացած հակասությունները

Հաղորդակցական կարողություններ

  • Կարողանալ ունկնդրել ցուցումները, տեղեկատվությունը
  • Կարողանալ մի որևէ իրադարձության մասին բանավոր տեղեկատվություն տալ՝ մտքերի հստակ և տրամաբանական հաջորդականությամբ
  • Կարողանալ մի որևէ երևույթի մասին տեղեկություններ հայթհայթել համացանցից, տեղեկատվական գրքերից և դրանք կարդալով՝ գրավոր և բանավոր եզրակացություններ անել լսարանի առաջ Power Point ներկայացմամբ կամ էլ՝ բլոգում
  • Կարողանալ երևույթների պատկերման, զարգացման սխեմաներ ու գրաֆիկներ կարդալ և մեկնաբանել դրանք բանավոր և գրավոր

Ինքնակառավարման կարողություններ

  • Կարողանալ վարքագծով այնպես անել, որ սեփական անձը և ուրիշներինվտանգի մեջ չդնել
  • Կարողանալ արդյունավետորեն օգտագործել հանգստի և աշխատանքային ժամանակը
  • Կարողանալ տեղանքի քարտեզից օգտվել, կարողանալ կողմնորոշվել տեղանքում կողմնացույցով և առանց կողմնացույցի
  • Կարողանալ հետևել անձնական հիգիենային, առողջ սննդի և ապրելակերպի կանոններին

Համակարգչային կարողություններ

  • Կարողանալ աշխատել  Word office, Power Point, Paint, Photo shop, Excel, Avis, Film maker ծրագրերով
  • Կարողանալ անձնական բլոգ ստեղծել և վարել այն

Ֆիզիկական և աշխատանքային կարողություններ

  • Կարողանալ լողալ, թել ու ասեղով կարել
  • Կարողանալ վրան խփել ու խարույկ վառել, կարողանալ գոյատևել որոշակի էքստրեմալ պայմաններում

Նյութն ուսումնասիրելիս օգտագործել եմ հետևյալ աղբյուրները

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский