Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց

Դասը, ծրագիրը, հմտությունը, վարժանքը ընդհանուր «սննդակարգի» չափաբաժիններ են, որ ավանդաբար գդալ առ գդալ տալիս ենք սովորողներին, հետո հետևում, որ մարսեն, ու հետո հաջորդ չափաբաժինն ենք տալիս։ Շատերի համար սա սովորելու ընդունելի և ապահով տարբերակ է։ Բայց կա ուրիշ մի եղանակ։ Սովորողն առանձնապես չի կենտրոնանում ո՛չ սննդի, ո՛չ դրա մարսման վրա, այլ լծվում է ինչ-որ գործի՝ հընթացս ընդունելով «սնունդը» գործին անհրաժեշտ չափաբաժնով, և անհրաժեշտաբար մարսում է։

Խոսքը նախագծային ուսուցման մասին է։

Կան սովորողներ, ում աշխատանքի մեջ ներգրավելն առանձին ջանքեր է պահանջում։ Այս սովորողների համար բացարձակ հեղինակություն են իրենց ծնողները, տատիկ-պապիկները, իսկ նրանք չգիտեն՝ ինչ է նախագիծը, ինչպես է հնարավոր սովորել գործն անելու ընթացքում, իսկ ինչպես պիտի սովորեն այն բաները, որոնց տվյալ նախագծի շրջանակներում չեն առնչվում։ Համարում են, որ դա անլուրջ մոտեցում է կրթությանը, ջանք չի պահանջվում, ուրեմն և ոչինչ չի յուրացվում։

Նման մոտեցման դեմ պայքարի մի ձև կա՝ ցույց տալը, օրինակ դառնալը։ Դրա համար նախագծային աշխաատնքում ընդգրկում ենք բացառապես նրանց, ովքեր հետաքրքրված են։

Բայց անգամ հետաքրքրված մարդիկ առաջին անգամ ինչ-որ բան անելիս միշտ չէ, որ հաջողում են։ Աճող մարդուն հիասթափության չենթարկելու համար հարկավոր է, որ նախագիծն իր ընթացքով հաճելի պահեր շատ ունենա։ Այդպես եղավ, երբ սովորողների հետ «Իսահակյանական օրեր» նախագծի շրջանակներում որոշեցինք հեքիաթ պատմելու գնալ կրտսեր սովորողների մոտ։ Հանձնառու երկու խումբ ունեցանք, որոնցից մեկը հեքիաթ պատմելը չէր հաջողել։ Բայց իրենցից շատ փոքր սովորողների հետ շփումը ավագների համար իսկական բացահայտումների ամբար եղավ. նրանք հասկացան, որ կրտսեր տարիքի սովորողները, ի տարբերություն իրենց, սիրում են կրկնել նույն բանը, հեշտությամբ են ծանոթանում մեծերի հետ, անկաշկանդ հարցեր են տալիս, հաջորդ անգամ տեսնելիս հարազատի նման են մոտենում։ Սա նույնպես արդյունք է, որը, ճիշտ է, չի կապվում անմիջապես նախագծի նպատակների հետ, բայց անկասկած ուսուցողական է։ Ո՛վ գիտե, գուցե այդ պահին ավագները հենց մասնագիտական ընտրություն են անում։

Սովորողը երբեմն վախենում է նախագծում կարևոր ներդրում ստանձնելուց, որովհետև վստահ չէ իր կարողությանը։ Այս դեպքում ավելի համարձակ անդամներն օրինակ են դառնում մյուսների համար։ Օրինակից ոգևորվածները ավելի ակտիվ են դրսևորվում հաջորդ նախագծերում, իսկ ոմանք էլ իրենց նախագծերն են սկսում՝ երբեմն ներգրավելով ընկերներին։ Այդպես՝ դեպի Գյումրի ճամփորդության ժամանակ սովորողներից միայն երկուսը ստանձնեցին «Հայաստանի թանգարաններով» ռադիոնախագիծը, բայց ռադիոն՝ որպես տեղեկատվական-վերլուծական նախագիծ կայացավ արդեն շատերի մասնակցությամբ։

Նախագծում նշանակալից ներդրում ունեցող մասնակիցներն ակնհայտորեն ինքնավստահություն են ձեռք բերում, տեղեկություն փնտրելիս ավելի լայն դաշտ են ընտրում, ինչ-որ կարողություն մշակելու անհրաժեշտության դեպքում չեն զլանում կրկնելով վարժվել, զարգացած կռահողունակություն ունեն, եթե արդյունքի հասնելու ճանապարհն իրենց երկար է թվում, փնտրում-գտնում-փորձարկում են նոր, ավելի արդյունավետ ճանապարհներ, որոնց մասին դասավանդողն անգամ չի էլ մտածել։ Իսկ ինչ են ստանում նրանք, ովքեր նշանակալից ներդրում չունեն տվյալ նախագծում։

Գուցե իմ դասավանդած առարկայի առանձնահատկությունն է, որ նախագծերը ներառում են տարբեր տևողության ու հեռավորության ճամփորդություններ։ Մանավանդ հեռավոր ճամփորդության ընթացքում աշխատում ես արդյունավետ անցկացնել ժամանակը և ծախսերը արդարացնել՝ համակցելով մի քանի նախագիծ։ Այդպես՝ դեպի Լոռի ճամփորդությունը ներառում էր «Կրթական փոխանակումներ», «Հայաստանի թանգարաններով», էկոլոգիական և հայրենագիտական նախագծերը։ Ճամփորդության մասնակից սովորողներն այսպես թե այնպես այս նախագծերին մասնակցեցին՝ շփվեցին Սանահին գյուղի իրենց հասակակիցների հետ, եղան Միկոյանների ու Թումանյանի տուն-թանգարաններում, ճանաչեցին Լոռվա  ճարտարապետական հուշարձանները՝ նաև զարմանալով, որ դրանցից մեկի՝ Քոբայրի վրա վրացերեն գրառումներ կան, ճիշտ է, չհաջողվեց մտնել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, բայց հին և նոր աշտարակները հուշում էին նաև քաղաքի ու տարածքի էկոլոգիական վիճակի մասին։ Բայց ճամփորդության ամենահիշվող հատվածը վերջին կանգառն էր Ծովեր կոչվող լճակի ափին, ուր Սամվելը վերջապես խարույկ անելու իր ցանկությունն իրագործեց և հմտությունը ցույց տվեց, իսկ խարույկի շուրջը անակնկալ համերգ ունեցանք. Անին կիթառ էր նվագում ու Էրիկը արտասանում էր Սերգեյ Եսենինի բանաստեղծություններից։ Այդտեղ բացահայտվեցին այս երեքի հակումները, ինքնաարտահայտման հնարավորությունը, նաև  առիթ եղավ ուրիշ նախաձեռնության. Սեբաստացու օրերին Էրիկն արդեն քննարկում-կլոր սեղանին ներկայացրեց «իր» Եսենինը, հետո հաճույքով սկսեց ձայնագրել ռուսական պոեզիան, հետո նաև հայ հեղինակների՝ Մեծարենց,Տերյան, Չարեց, Թումանյան։ Սա արդեն «Կարդում ենք…» նախագծի հայտ էր։ «Կարդում ենք»-ը, ի դեպ, կարծես թե ընդարձակվելու միտում ունի. սովորողներից մեկը ձայնագրել է իր դասընկերոջ գրած բանաստեղծությունը։ Առայժմ ձայնագրված է մեկ բանաստեղծություն, բայց գաղափարն ինձ ոգևորում է։ Հուսամ՝ կհաջողենք իրականացնել նաև այսպիսի նախագիծ՝ «Ճանաչենք ինքներս մեզ» նախնական խորագրով։
Դեպի Վայոց ձոր ճամփորդության ժամանակ ինքնաարտահայտման ուրիշ` ավելի աննկատ, բայց շատ կարևոր դիպված եղավ։ Վախվորած Ջուլիետան, որ դժվար է դուրս գալիս քաղաքից, վստահեց, եկավ երկար, բայց մեկօրյա ճամփորդությանը։ Բաց տարածության մեջ ընկերներից ոգեշնչվելով՝ աղջիկն այնքան ակտիվացավ, որ համարձակվեց բարձրանալ Նորավանքի Սբ.Աստվածածին եկեղեցու երկրորդ հարկը։ Ճիշտ է, իջնելիս մի քիչ տագնապում էր, բայց նոր որակ ձեռք բերեց, երբ իրեն հաղթելով իջավ նեղ աստիճաններով չնչին օգնությամբ։ Դրանից հետո Ջուլիետան նաև մութ փոսը (ավանդատուն) մտավ. արդեն քաջ էր դարձել։

Նախագծերը մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն. հեշտ միահյուսվում են իրար։

Այդպես՝ Իսահակյանական օրերին միահյուսվեցին դեպի Գյումրի հայրենագիտական ճամփորդություն ու «Հայաստանի թանգարաններով» նախագծերը, գրողի պատմվածքների քննարկումը հիմք դրեց «Գրական քննարկումներ» նախագծին՝ Իրանական պոեզիայի, Եսենինի բանաստեղծությունների, Գալշոյանի «Կանչի», Կամյուի «Օտարի» (առցանց) քննարկումներին։ «Հայաստանի թանգարաններով» նախագիծը թույլ տվեց կատարողներին և թանգարան այցելելու առիթից օգտված մյուս սովորողներին նկատելու, որ թանգարանի աշխատողները մեծապես ազդում են այցելուների տրամադրվածության վրա, ու շատ վատ է, երբ նրանք աշխատում են առանց ոգևորության։ Մարիամն ու Աննան այդ նախագծով այնքան հմտացան անծանոթ մարդկանց հետ զրույց ծավալելու ու պատեհ պահին ճիշտ հարցեր տալու մեջ, որ հանպատրաստից հանձնարարություններից արդեն պատվով գլուխ են հանում։ Հաղորդումների շարք անելու գաղափարը մի նոր նախագիծ է արդեն նախանշում, որի առաջին հաղորդումը Աննա Մաթևոսյանն արդեն հրապարակել է։ Բայց այս մասին գերադասում եմ դեռ չխոսել։

Նախագիծն ազատ գործելու հնարավորություն է, փորձարկելու, սխալվելու, գործընկերների փորձին դիմելու փորձառություն է։ Դրա համար էլ նախագիծ սկսելիս սովորողի տարիքը, դասարանը, անգամ դպրոցը նշանակություն չունեն։ Ընդհակառակը, որքան բազմազան է ընդգրկվածների կենսափորձը, այնքան հետաքրքիր է անցնում նախագծի իրագործումը։

Ինձ համար նախագծային ուսուցման արդյունքներ են թե՛ սովորողների ակնառու հմտությունները, թե նրանց ինքնաարտահայտման օգտագործված հնարավորությունը, թե՛ ինքնահաղթահարման պահերը։ Նախագծային ուսուցումը, եթե առանձնահատուկ լարումով չես անում, եթե գործին չես խառնում պարտադրանքը ու չես համեմատում-գնահատում մասնակիցներին առանձին-առանձին, դառնում է կյանքի դպրոց, որից ամեն մարդ իր դասն է քաղում և այնքան է քաղում, որքան իրեն անհրաժեշտ է, և որքան իր ուժն է պատում։ 

Կարծում եմ՝ նախագծային ուսուցմանը հարկավոր է ուսումնական պլանով ժամանակ հատկացնել։ Քանի որ նախագծերը տարբեր ժամկետներով են լինում, առաջարկում եմ 2016-2017 ուստարում ունենալ «ազատ» ժամաքանակ, որ տարբեր տևողությամբ ու տարբեր խմբերի կարող է տրամադրվել՝ ըստ անհրաժեշտության։ 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский