Անգլերեն` ուսումնական նախագծերով

Հեղինակ: 

Ուսուցումն առավել արդյունավետ է, երբ ուրախություն է պատճառում։
Պ.Կլան

Դասավանդողի խնդիրն է սովորողին օգնել գիտակցելու սովորելու և ինքնուրույն աշխատելու անհրաժեշտությունը, նա պատասխանատվություն է կրում նյութը, ծրագիրը և սովորելու գործընթացը հետաքրքիր դարձնելու համար: Կան ուսուցման տարբեր ոճեր: Ինձ համար առաջինը ուսուցման ժողովրդավարական ոճն է, երբ խմբի անդամներին ընտրության, ազատ արտահայտվելու, առաջարկություններ անելու, որոշումներ կայացնելու հնարավորություն է ընձեռնվում: Սա է ընկած նախագծային ուսուցման հիմքում:

2015-2016 ուսումնական տարում դասավանդում եմ Ավագ դպրոցում և անգլերենի ուսուցում իրականացնում նախագծերով:

Որպես թարգմանական նախագիծ՝ սովորողները պարբերաբար թարգմանում են փաստեր, նորություններ: News in levels կայքը այնքան մեծ ռեսուրսներ ունի, որ յուրաքանչյուր սովորող կարող է գտնել իր իմացության մակարդակին, իր հետաքրքրություններին համապատասխան նյութ և թարգմանել. դրանցից հետաքրքիրները հրապարակվում են «Թարգմանիր» ամսագրում:

Սովորողներին հետաքրքրել են նաև մյուս ուսումնական նախագծերը` «Հայելի» մուլտֆիլմի կրկնօրինակումը, կրթահամալիրի ուսումնական օրացույցին և օրվա կյանքին անգլերեն աանդրադառնալը։ «Մենք և մեր դպրոցը», «Բարձունքի նվաճում», Ձմեռային ճամբարը, «Տոնական թափառումներ», «Մենք  և մեր  հյուրերը», միայն նախագծերով ուսուցման շաբաթը. սրանք նախագծեր են, որոնց սովորողները սիրով և հաճույքով են մասնակցել:

Նախագծային ուսուցում կազմակերպելու հարցում օգնության են գալիս նաև շատ միջազգային և փոխանակման ծրագրեր: Այս տարի անգլերենի ընտրության խմբի սովորողների հետ միացանք eTwinning միջազգային ծրագրին և մասնակցում ենք երկու նախագծերի՝ Let's know each other languages (Եկեք սովորենք միմյանց լեզուն),  Let's change the world by poetry (Եկեք փոխենք աշխարհը բանաստեղծությամբ):

Մեր կրթահամալիրը հնարավորություններ առաջարկող հաստատություն է: Այս տարի անգլերենի ընտրության խմբերը կարողացան մեկ ամիս շփվել յոթ տարբեր երկրներից ժամանած մասնագետների հետ և մասնակցեցին «Ֆինանսական գրագիտություն» նախագծային դասընթացին: Սովորողները ոչ միայն սիրով մասնակցում էին, այլև դասերից հետո կազմակերպում այլ հանդիպումներ: Սովորողները պատմում և հանդիպումների մասին գրում էին իրենց բլոգներում և կայքում: Մեր հրավիրյալ մասնագետներն էլ անմասն չմնացին կրթահամալիրում իրականացվող օրացուցային նախագծերից՝ «Կարդում ենք», Ղափամայի ծեսն ու մեր հյուրերը  և այլն:

Մեր դպրոցական հետաքրքիր և բազմազբաղ առօրյայում անընդհատ մասնակցում ենք կարճաժամկետ և երկարաժամկետ տարբեր նախագծերի: Այն, որ սովորողը կարողանում է պատմել, գրել, ստեղծագործել, տարբեր լեզուներով ռեպորտաժ պատրստել, համարում եմ առաջընթաց և ձեռքբերում. ահա`

Այսպիսի աշխատանքն ավելի ինքնավստահ և ազատ է դարձնում սովորողին. նա սկսում է շփվել` առանց վախենալու հնարավոր սխալից, զարգացնում է անգլերեն բանավոր խոսքը. նա խոսքի մեջ ուղղում է իր վրիպումներն ու անընդհատ փորձում ավելի հասկանալի արտահայտվել։ 

Ամփոփելով ասեմ, որ նախագծային ուսուցում կազմակերպելը արդյունավետ է և զարգացնող ոչ միայն սովորողի, այլ նաև դասավանդողի համար, քանի որ անդընդհատ պետք է ստեղծել, մտածել, նոր մտահաղացումներով հանդես գալ: Ինչպես ասել է հայնտի ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսը, «Ստեղծականությունը քաջություն է»: 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский