Ինքնակրթությունը որպես ուղիղ ճանապարհ
Primary tabs
Հեղինակային կրթական ծրագրերի շարժիչ ուժը, ըստ էության, սովորողին և դասավանդողին ինքնակրթության արահետ հանելն է: Եվ դա հրաշալի է: Հրաշալի է, որովհետև հենց այդ՝ ինքնակրթություն կոչվող արահետից են բացվում ստեղծականության լայնահուն հորիզոնները: Հենց այստեղ են թաքնված ազատ և ինքնաբավ մարդ ձևավորող կրթության սերմերը, որ պետք է փնտրել-գտնել: Այն հենց այնպես, առանց ջանքի ու հավելյալ աշխատանքի, կարծում եմ, ոչ մեկին չի տրվում: Ինքնակրթություն ասվածի տակ, գոնե ես, ամենից առաջ և ամեն ինչից հետո հասկանում եմ մի բան՝ աշխատանք, ժամերի, օրերի, ամիսների, տարիների անդուլ, անհոգնել ու շարունակական աշխատանք:
Փորձելու եմ հետադարձ հայացք ձգել մանկավարժական անցնող տարիների վրա` մատնանշելու ինքնակրթություն տանող ճանապարհի կանգառները:
Առաջին կանգառ` վարժանք
Ինքնակրթությունը սկսում է, որքան էլ որ առաջին հայացքից զարմանալի թվա, մտքի պարզունակ մեխանիկական աշխատանքից, այլ կերպ ասված` վարժանքից: Նման գործունեությունը, ըստ էության, առանձնահատուկ ջանքեր կամ մտքի գերլարում չի պահանջում: Նման աշխատանքի մեջ, հնարավոր է, որ չլինեն անգամ ստեղծականության տարրեր: Իսկ եթե նման տարրեր կան էլ, ապա, սովորաբար, սովորողի կամ դասավանդողի կատարած աշխատանքում քողարկված, ոչ տեսանելի:
Ուղղակի անհրաժեշտություն է, որ լինի ամենօրյա, շատ սովորական աշխատանք` գործնական քերականության վարժություն, թե բերանացի արվող բանաստեղծություն, թե գրականագիտական առաջադրանք, մեկ է, կարևորը, որ լինի աշխատանքը, լինի այդ վարժանքը:
Մանկավարժական տարիների փորձը ինձ թույլ է տալիս ասելու հետևյալը՝ սովորողը, որ կարողանում է առնվազն 20 րոպե լուռ, կենտրոնացած կատարել իր առջև դրված հանձնարարությունը, արդեն պատրաստ է և ցանկության դեպքում կարող է ուսումնական հարթակ փոխել:
Այս փուլում կարևորը դասավանդողի կողմից ոչ այնքան գիտելիք փոխանցելն է, որքան սովորողին աշխատել, ասել է թե` սովորել սովորեցնելը:
Երկրորդ կանգառ` խոսքի մշակում
Հենց սովորողը «վարժանք» ասվածը կարողացավ հաղթահարել, արդեն հոգեբանորեն պատրաստ է տեղափոխելու մեկ մակարդակ բարձր ուսումնական տիրույթ: Այս տիրույթում գործնական քերականության և գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի` սովորողը պետք է ապահովի նաև խոսքի մշակման աշխատանք:
Այս փուլում սովորողից պահանջվում են կոնկրետ հմտություններ և կարողություններ`
- բլոգավարությամբ զբաղվել
- վերլուծել գրական ստեղծագործությունը
- տեքստեր թարգմանել
- ռադիոնյութ, տեսանյութ պատրաստել...
Սա, ըստ էության, նախագծային աշխատանքի շեմն է:
Երրորդ կանգառ` դիտարկելի գործունեություն
Եթե սովորողը առանց որևէ լուրջ դժվարության կարողանում է իրականացնել որոշակի տեսանելի ինքնուրույն գործունեություն, այն է` ի վիճակի է դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, գործնականում կարողանում է կիրառել իր սովորածն ու տարատեսակ հմտությունները և, որ ամենակարևորն է՝ ժամանակի ընթացքում ցույց է տալիս շոշափելի արդյունք և դիտարկելի գործունեություն, ապա առանց դույզն-ինչ վարանելու կարող ենք փաստել` մենք գործ ունենք ուղիղ ճանապարհով Ինքնակրթության արահետը բռնած անհատի հետ:
Նրանց համար, որ ի պատիվ իրենց, կարողանում են ազատագրվել ծուլությունից և գործադրած ջանքների շնորհիվ հասնում են ինքնակրթության տիրույթ` կարևոր է դառնում ինքնագնահատումը, ինքնաքննադատությունը, սեփական արդյունքների վերանայումը:
Լինում են դեպքեր, երբ մարդը, հայտնվելով ուշադրության կենտրոնում և իրենով հիացողների շրջապատում, սկսում է ինքն իր մասին չափազանցված կարծիք ձևավորել և չհիմնավորված ինքնագոհություն ապրել: Սա բավական վտանգավոր կարգավիճակ է. կյանքը վաղ, թե ուշ նման մեկին անխուսափելիորեն գլորելու է ներքև` շատ պարզ պատճառաբանությամբ` այնտեղ, որտեղ զարգացման փոխարեն տիրապետողը ինքնահիացումն է, ուրեմն կա մտավոր ներուժի կանգ-դադար, որին, որպես կանոն, հաջորդում է հետընթացը: Նման դեպքերում մարդը կամ հասարակությունը դեգրադացվում են:
Այսպիսով` ինքնակրթությունը որպես ուղիղ ճանապարհ ընտրած սովորողի դեպքում, ըստ իմ մանկավարժական դիտարկումների, անհրաժեշտ է երեք գործոն`
- ամենասովորական վարժանք
- խոսքի մշակման կոնկրետ աշխատանք
- արդյունավետ գործունեության իրականացում, այն է` նախագծային աշխատանք
Հետգրություն
Վերը շարադրվածը, բնականաբար, ինքնակրթության հասնելու ճանապարհի բանաձև չէ և չի էլ հավակնում այդպիսին լինելու: Ի վերջո, Կրթություն տանող բարձունքը նվաճել ցանկացողն ինքն է փնտրում ու գտնում արահետներ:
Կարևորը, որ գտնվեն այդ արահետները…