Բնական թերապիաները` որպես սովորողի ամբողջական ներառման բաղկացուցիչ
Primary tabs
Ներառական կրթական համակարգը, որի հոմանիշը կարելի է համարել հանրակրթությունը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական գործընթացում ներառելու համար ենթադրում է համերաշխություն, հոգատարություն մի կողմից, և վստահություն՝ մյուս կողմից: Շատ հետաքրքիր և տպավորիչ էր, այս առումով, Քնարիկ Ներսիսյանի անդրադարձը ներառական կրթությանը իր` «Տարբերվում ենք, բայց միասին ենք» հոդվածում:
Հատուկ կարիքով մարդկանց նկատմամբ վերաբերմունքը փոխելու, այդպիսով նրանց վստահությունը շահելու համար մեծ նշանակություն ունի նաև շրջակա միջավայրի ազդեցությունը: Իսկ միջավայրը այնքանով է բարենպաստ, որքանով բնությանը մոտ է։ Բնությունը, ինչպես գիտենք, ամբողջական համակարգ է՝ իր բուսական և կենդանական աշխարհով, իր օդ ու ջրով։ Սրանք էլ հենց այն գործիքներն են, որոնք օգտագործվում են հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների վերականգնողական և ներառական գործընթացում։
Կենդանիների միջոցով բուժման մեթոդը հայտնի է եղել դեռևս Հիպոկրատի ժամանակներից, ինչի մասին վկայում են արվեստի որոշ պահպանված գործեր ու պեղումների արդյունքներ։ Դեռ շուրջ երեք հազար տարի առաջ Հին Հունաստանում և Եգիպտոսում բացահայտել են մարդկային տարբեր հիվանդությունների դեպքում շների հետ շփման դրական արդյունքը։ Իսկ 1792 թվականին Անգլիայի Յորք քաղաքում շներին սկսեցին օգտագործել հիվանդանոցներում՝ թերապևտիկ բուժման գործընթացում։
Կենդանաթերապիան`շների, դելֆինների, ձիերի ներգրավմամբ, որպես հոգեթերապիայի մի բավականին արդյունավետ տեսակ, Եվրոպայում տարածում է գտել 20-րդ դարի կեսերից։ Կենդանիների հետ շփումը՝ որպես ներառականության մեթոդ, Հայաստանում առաջին անգամ կիրառվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Կրթահամալիրի սիրելի շան՝ Ատտիի հետ սովորողների շփման մասին արդեն խոսվել է։ Ես ուզում եմ խոսել ձիերի հետ սովորողների շփման մասին։
Իպպոթերապիան (ձիաբուժությունը) կիրառվել է անցյալ դարի կեսերից նևրոլոգիական և հոգեբանական խնդիրների բուժման համար: Բժիշկները իպպոթերապիան, որն ունի ապացուցված դրական արդյունք, կիրառում էին որպես բուժական ֆիզկուլտուրա։ Այն դրական հոգեբանական ազդեցություն է ունենում ձիավորի վրա՝ նրան դարձնելով ինքնավստահ: Այսօր այս թերապիան`որպես վերականգնողական գործընթացի մի մաս, կիրառվում է ՄՈՒԿ-ի, աուտիզմի, զարգացման հապաղման, դաունի սինդրոմի, հոգեբանական տրավմաների, վարքային խանգարումների դեպքում: Սա շատ կարևոր է հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի ընթացքում: Աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատելիս ձիերը միջնորդ են նրանց հետ ավելի հեշտ շփվելու: Ձին հասկացնում է, թե ինչպես ճիշտ շարժվել: ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված) ունեցող երեխաները ձիու վրա զարգացնում են հավասարակշռություն պահելու կարողությունը, զարգանում է նաև երեխայի մկանային համակարգը, ընհանուր մոտորիկան:
Երբ մեր երեխաները առաջին անգամ տեսան ձիերին, հետաքրքրությամբ նայում էին, թե ինչ են անում նրանք, որտեղ են ապրում, ինչ են ուտում: Ծանոթանալով և իմանալով ձիերի անունները` երեխաները սկսեցին շփվել նրանց հետ և սիրել նրանց: Տպավորիչ էր, երբ սովորողներից մեկը, ձեռքերը դնելով ձիու վրա, զգաց կենդանու մարմնի ջերմությունը: Սովորողն այնքան ուրախ էր, որ ոգևորված խոսում էր իր տպավորությունների մասին:
Կենդանիների հետ շփումից ստացված դրական արդյունքները իրենց երկար սպասեցնել չտվեցին: Երեխաները, գալով կենդանիների մոտ, ոչ միայն շփվում են նրանց հետ, խաղում, ցուցաբերում հետաքրքրություն, այլ նաև սկսում են կենտրոնացնել ուշադրությունը: Դա երեխաներին դրական էներգիա է տալիս, ապահովում նրանց դրական հուզական ֆոնը:
Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերականգնողական գործընթացում մեծ նշանակություն ունի հիդրոթերապիան, որը նույնպես զարգացնում է երեխաներին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Ջրային թերապիան թողնում է ընդհանուր ամրապնդող, հանգստացնող ազդեցություն, ակտիվորեն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա:
Թերապևտիկ միջոցներից Կրթահամալիրում կիրառեցինք նաև հիդրոթերապիան: Մենք մշակեցինք մի նախագիծ, որը անվանեցինք «Ջրաթերապիան`որպես ուսումնական գործիք»։ Պարապմունքները հնարավորություն տվեցին հանգստացնելու երեխաների նյարդային համակարգը, ինչպես նաև հաղթահարելու սթրեսային իրավիճակները: Երեխաները սիրով մտան ջուրը, ուշադիր լսեցին և կատարեցին բոլոր վարժությունները: Պարապմունքին ներկա էին նաև երեխաների ծնողները: Պահպանելով համագործակցության սկզբունքը՝ մենք ստեղծեցինք բազմամասնագիտական թիմ, որը շարունակական աշխատանքներ կտանի սովորողների հետ։
Այսպիսով, մեր կրթահամալիրում կիրառելով այս թերապիաները` դրական արդյունք ունեցանք, ինչը հաստատում է, որ բնական միջավայրն իր բազմազանությամբ բուժիչ ազդեցություն է ունենում մարդու հոգեբանական և ֆիզիկական վիճակի վրա։
Օգտագործված գրականության ցանկ.
http://goodnewsanimal.ru/news/zooterapija_ili_kak_nas_lechat_zhivotnye/2012-10-29-2042
https://www.adme.ru/zhizn-semya/eto-foto-zatronulo-serdca-tysyach-lyudej-po-vsemu-miru-1415665/
http://www.blackpantera.ru/pediatrics/27830/
https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B5%D1%82-%D1%82%D0%B5%D1%80%D0%B0%D0%BF%D0%B8%D1%8F