Հավեսն էլ ուսումնական ճամբարների հետ է գալիս
Primary tabs
Կրթահամալիրի տնօրենի հունվարյան օրագրից
Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը, նմանություններն ու տարբերությունները՝ ստացանք ուսումնական նախագիծ՝ հայրենագիտություն…
Ա՜յ քեզ զուլալ Ամանոր. մի լուսաբացը քիչ է՝ ամբողջին ծանոթանալու համար. հուզեցիր կրկին Սոնա Փափազյան… Ինչպես և Սոնայի գործընկեր Հռիփսիմե Գալստյանը՝ «Ինչ կնվիրեի ես Հիսուսին իր ծննդյան օրը»… Մարդու, երեխայի խնամքի, մանկավարժության ոսկու փշուրներ են սրանք… Ահա ինչու՝ մեր մանկավարժությունն ընտրում է ընտանիքը, երեխային-մարդուն, որ կարևորում է այս խնամքը, որ չի կարող առանց այս խնամվող միջավայրի… Սրա խորհրդանիշն է մեր Ատին (Գեղարվեստի դպրոցի շունը), տեսեք՝ ինչ է (ով է) դարձել-դառնում…
«Ես չունեմ քույր կամ եղբայր․ ես ուզում եմ ինչ-որ մեկի մեծ եղբայրն ու պաշտպանը լինել․․․ ». կրթահամալիրի, արդեն Միջին դպրոցի Արամ Պետրոսյանին ընթերցող-չընթերցողին ներկայացնելու անհրաժեշտությունը չկա․․․ Իսկ, այ, 6-րդցի Գոհար Հարությունյանին, որ երազում է մի փոքրիկ ոզնի ունենալ․․․«ես կխաղամ նրա հետ, երազում եմ շատ ձյուն․․․», ներկայացնում եմ վստահ, որ իմ օրագրում այն մեկնարկ է․․․ Շատ ձյուն գա, Գոհարիկ, ու հունվարը նախագծային-ստուգատեսային, մեր ուսումնական երրորդ շրջանը ձյունառատ լինի, որ կրթական կասկադով՝ մեր կրթական պարտեզի արևելք-արևմուտքով, լանջերով-արտերով, հյուսիս-հարավ սարալանջերով-անցումներով իմ պատկերացրած ձմեռային հեքիաթը ծեփենք․․․ զարմացնենք-հիացնենք։ Ոզնիների, իշուկների, ջորիների, այծերի ու գառնուկների, բոլոր տեսակի ձկների ու ընտանի կենդանիների բազմացումն ու խնամքն էլ ամենօրյա, որպես ուսումնական նախագիծ, թողնենք մեր գյուղացիական տնտեսություն-ագարակին՝ իր բազում բակերով կենդանական, բոլոր դպրոցականներին, նախակրթարաններին կից․․․ Սկսել ենք 2016-ին ու շարունակությունը կանենք 2017-ին։
Նոր տարվա սեղանը գտանք հարմար վայր` 12-րդ դասարանցիների պետական ավարտական մաթեմատիկայի,հայոց լեզու-գրականության, հայոց պատմության քննության այս թեստերը լրացնելու համար․․․ բարձրագույն համալսարանական կրթություն, վստահեցնում եմ, ինքնուրույն ստացած Լիլիթ Բլեյանի, նրա ամուսին ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ․․․Այն թեստերը, որոնցով 2016-ի դեկտեմբերի 26, 28, 29-ին հազարավոր 16-17 տարեկաններ քննություն են հանձնել, մյուսներն էլ կհանձնեն 2017-ի հունիսին՝ պետական-դպրոցական, պետական-միասնական, որ ստանան վիշապ հաղթելու արվեստի յուրացման վկայական․․․
– Ինչի՞ համար․․,- շարունակ հարցնում էինք իրար։ Ասենք, կարողանում ես ճիշտ «պտիչկա» դնել այդ չորս հարցերից մեկի դիմաց․․․ Կյանքում՝ անձնական ու աշխատանքում, որտե՞ղ կհանդիպես․․․ Եթե կհանդիպեք, համեցեք, լուծեք․․․ Ինչո՞ւ այդպես էլ չեք փորձում, տարբեր վկայականներով-կոչումով մարդիկ, ու չեք արձագանքում… Իսկ մեզ ուշադիր լսող 10-րդցի Արաքս Հովհաննիսյանին մի հարց էր հետաքրքրում․ կարո՞ղ են իրենք այդ ապուշությունները հանձնել 11-րդ դասարանի վերջում, որ հանգիստ զբաղվեն իրենց գործերով․․․ իբր, մասնագիտական բուհի քննություններով․․․ Դրանք էլ վիշապ որսալու այլ թեստեր են, բայց գոնե մարդու ազատ ընտրությամբ, նեղ խմբի համար․․․ Այլ թեմա է։
Ա՜յ, սա է պատը՝ այսպիսի «զուբրիտը» կրթություն համարող ժողովուրդը՝ իր գիտնականով արվեստագետով, նախարարով․․․ Վահե Հովհաննիսյանն ինձ է մեղադրում․․․ բա ո՞ւմ։ Ես, երեսուն և ավելի տարիներ այս պատին հանդիման, փորձել եմ խարխլել այս պատը մեր կրթական այլընտրանքով. բայց պատը, տեսեք, կա։ Հիմա մտածում եմ` հնարավոր է ազատվել այս պատից` վերացնելով բոլոր տեսակի քննությունները։ Զբաղվենք ուսուցմամբ, փոխանակ քննելու։ Գուցե այդ ժամանակ կջոկենք «վիշապ որսալու համար» տեղեկատվությունը մարդու կենսական կարողություններից։ Ու սովորենք, որ կարողանանք փոխել մեր կյանքը։
Որքան քի՜չ են մեր դպրոցներում ծիծաղում՝ բողոքում էր Ջանի Ռոդարին… Ուրախաբեր ճամբարներ, իր հավեսի հունվարով, այս նաև վերևից-երկնքից փակված Երևանում. ավելի առողջաբեր ի՞նչ կարելի էր մտածել… Դե, հաշվեք, երեկ, միայն մեկ օրում ճամբարային, հեծանվով-դահուկով-չմուշկով-բատուտով-սահնակով-ջրով-Ջրվեժով քանի՜ ճամբարական հակաբացիլ հիացմունք-վայելք ստացավ, ճախրանքի-անսովորություն քանի՜ պահ եղավ… Ցուցանիշնե՞ր եք փնտրում հավաստի. սրանից էլ հավաստի-չափելի՞, հաշվեք: Քանի՜ սովորող-ճամբարական իմացումի ինչպիսի ու որքան պահեր ունեցավ մեկ օրում՝ ճամբարային վարպետության դասերի, հանդիպումների, ուսումնական այցելությունների ու խաղերի-պարապմունքների ժամանակ… Եվ որքա՞ն ներառական (ներող)-ընդունակ դարձավ մեր աշխարհը մեկ ճամբարային օրում… Գումարեք սրան ընտանեկան ճամբարները՝ որպես մեր կրթական ճամբարների անբաժանելի ուղեկից…
Մանկավարժական խնդիրներ կան իմ կյանքում, որոնց լուծումը ես հետապնդում եմ ահա քանի՜ տարի․․․ Դրանք կան իմ կյանքում, որպես երկարատև նախագծեր, իրենց փուլերով՝ ձախողումների-ձեռքբերումների իրենց հետագծային պարույրով․․․ Այդպիսին են «Մանուկն ու պարը» խնդիրը, թե կուզեք՝ «Մանուկն ու խաղը», «Մանուկն ու ծեսը»․․․ Երեկ Մարմարյա սրահում «Սովորող-սովորեցնող» պարուսուցման նախագծի ներկայացումը, որպես իմ ասածի մի նվաճում, Ձմեռ պապի նվեր էր ինձ 2016-ի իմ մանկավարժական ջանքերի համար․․․ ինչպես Մարինե Մկրտչյանի Ամանորի-Սուրբ Ծննդյան ավետիսները։ Մշակույթի նախարարության հետ աշխատանքի շարունակությունը որոշելով՝ նախարար Արմեն Ամիրյանին ճանապարհելուց հետո ես մասնակցեցի Գեղարվեստում, Հյուսիսային դպրոց-պարտեզում ճամբարային ուսումնական նախագծերի առաջին շաբաթվա արդյունքների ներկայացմանը․․․ Ու ահա այստեղ է, որ Հասմիկ Մաթևոսյանն ու իր 3-5-րդ դասարանցի սաները ճաշակով, անաղմուկ, երգով, պարով սրահում ինձ մատուցեցին իմ ասած «Մանուկն ու պարը» նախագծի իրենց՝ իմ հետապնդած, բնական է, իմ աջակցությունն ստացած լուծումը...
Հավեսն էլ ուսումնական ճամբարների հետ է գալիս․ օրերի արդյունքը և՛ համեղ է լինում, և՛ շահավետ․․․ Այսպիսին լինում են ճամբարային բիզնես-նախագծերը․․․ Ձմեռային ճամբարի ամեն մի հաջորդ օրը դառնում է ամենաիսկականը. ճամբարականներն այցելում են Ջրվեժի արգելոց, ճաշակում «արգելված պտուղը»՝ ամենահաճելի ձմեռը՝ տաք․․ ․ որովհետև հավես է․․․ Իսկական ձմեռ, դահուկ, սահնակ․․․ առատ ձյուն․․․ Ձմեռային թափառումներ մայրաքաղաքում․․․ ճամբարային քա՜ղցր գործունեություն․․․ Իսկական համերգ․․․ Շուշոյով-Լիլիթով, ավետիսի նորամուտով․․․ Իրական ուսումնահետազոտական գործունեություն․․․ Ինտելեկտուալ խաղերով, երբ բռնում ու գիտակ ես դառնում՝ մրցելով-հաղթելով-պարտվելով, հետազոտական աշխատանքի իսկական կրքով ու «երևակում ես» դասավանդողի քո կյանքի հետքը, դառնում էլեկտրոնային գրքի հեղինակ․․․ Յուրա Գանջալյանի նման․․․ Ու սկսում ստանալ շնորհավորանքներ՝ քո ընթերցողներից, գրքի բարեկամներից․․․ Ճամբար-համալիր՝ բուռն մարզական գործունեությամբ, մարմնամարզությամբ, լողով, հեծանվով, ձիասպորտով ու վոլեյբոլով, ձմեռային ֆուտբոլով ու խաղերով․․․ Այս օրերին, տեսաք, մեր գործիքաշինականում տասնհինգ նոր սահնակ պատրաստվեց․․․ մեր ունեցած տասին գումարվեց․․․ Ինձ մի՛ թերագնահատեք․ ասել եմ՝ ոչ մի նախագիծ առանց Տիարի գործուն աջակցության չի մնա։ Խիզախե՛ք։
Խիզախումը ճամբարում-ճամբարով է գալիս. խնդրեմ՝ տեսադասերի փաթեթ Սեբաստացի TV-ում… Հաղթելու զգացումը՝ ճամբարային ստուգատեսներին մասնակցելով, ողջ տարվա գործունեությամբ Ձմեռ պապի աչքը մտնելով… Նորմալ է բոլոր երեք ստուգատեսին էլ մասնակցելը, տասնյակ մրցանակ շահելն ու ամեն անգամ հաղթողի-հաջողակի զգացումը ճաշակելը: Եվ նորմալ-բնական է՝ ճամբարային առաջին շաբաթվա արդյունքների ամփոփումը՝ ուսումնական ճամբարի ուրբաթը՝ Դիջի պապի մրցանակներով, հին-նոր տարվա ճամփաբաժանում լինելը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ… Ճամբարային օրերի հետ սպասումներն են մեծանում, սա էլ բնական է… Ճամբարային հաջորդ շաբաթում դրանք լիուլի կարդարանան՝ մեր գիտագործնական հավաքներով, ուսումնահետազոտական գործունեության հրապարակում-ներկայացումներով, համերգներով-ցուցադրություններով, ինքնարտահայտման նորանոր հարթակներով…
Չնայած նույն Աշոտ Տիգրանյանն իր «Այլընտրանքային պատմություն» ու էլի նախաձեռնություններով, սենսեյ Հայկուհին իր «Օրագրով», նախագծային ուսուցման յուրաքանչյուր մասնակից՝ սովորող թե ուսուցիչ՝ տաղանդի հանքերի բացահայտումներով, իմ՝ իբր ունեցած ժամանակը ուրիշ տեղ կտանեն: Եվ ճիշտ կանեն: Իմ շրջայցը երեկվա Միջին դպրոցի նախագծային խմբերով հենց խնդիր ուներ Մարգարիտին և իր գործընկերներին՝ սովորող թե ուսուցիչ, ցույց տալու, որ հունվարով նախագծային ուսուցումը չի ավարտվում. մեկնարկում է մեր մանկավարժության նոր տարին, Պեստալոցցուց լավ չեմ ասի...
Մեր ուսումնական կյանքի ճամբարային կազմակերպումը՝ ուսումնական բաց նախագծերով շարունակական, ինքնաստուգման, ինքնաճանաչման ազատ ընտրության ժպտուն հարթակներով- ստուգատեսներով-հավաքներով-ներկայացումներով հունվարով չի ավարտվում, փոխանցվում է հունվարի 30-ին, մեկնարկում է նոր կազմակերպմամբ՝ որպես ուսումնական 3-րդ շրջան, որ կտևի մինչև սեբաստացիական ֆենոմենի՝ հունիսի մեկնարկը՝ իր բաց լողափերով, բանգլադեշյան նույնքան բաց պլեներով…
Մեր ճամբարը ուսումնական իրականություն է՝ ճամբարականի հավեսով, անակնկալներով, նախաձեռնություններով… որպես մի ճամբարական եմ խոսում-գրում-ապրում…
Պատկերացրեք ֆլեյտաների, հետո դափերի թանգարան-դասարան… ստեղծագործական երաժշտական լաբորատորիա… ինչպիսի՜ խմբեր-համերգներ, ինչպիսի՜ պատվիրատու է դառնում հանրակրթական մեր ճամբարը` բազմազան ճաշակի երաժշտությամբ…
Ճամբարը-նախագծային ուսուցումը՝ որպես ուսումնական շրջան ինքնուրույն, ծնվել-առաջացել-կազմակերպում է ստացել սովորող-ուսուցչի ուսումնատենչությունից, այդ տենչի, որպես համատեղ կյանք, կազմակերպման պարտադրանքից… Այս, ոչ իրական վիրտուալ աշխարհին մենք հասել ենք երկար մի ընթացքով… 28 տարի, եթե մեկնարկը համարենք 1989 թվականը՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման՝ հեղինակային (պետական այլընտրանքային) նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթական ծրագրեր, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձարարական, լրացուցիչ հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորման ստեղծումը…
Ուսումնական նախագծային ճամբարները՝ իրենց գիտագործնական ու ստուգատեսային միջոցներով, տեսանելի ամբողջական… շոշափելի դարձրին ձյունոտ-փակված իրականության մեջ մեր այլընտրանքը… Համեցեք մեր՝ ձեր երեխայի ընտրած աշխարհը, թող որ առայժմ վիրտուալ իրականություն համարվող։ Միասին ավելի հեշտ կլինի հենց ձեր երեխայի համար:
Մեր ավագ դպրոցի ռազմամարզական-հայրենագիտական-բնապահպանական հանրակրթական «Սեբաստացիները Սևանի ժայռում» 2016-ի արշավախմբային ճամբարի, երեկվա հավաքի մասնակիցներն ընդունեցին Սևանի շուրջ ճամբարային լուսանկարչական էքսպեդիցիա կազմակերպելու իմ առաջարկը… Դե, այլ է մեր ուսումնական ճամբարներում մարդկային շփումը՝ ո՛չ լեզուն է խոչընդոտ, ո՛չ տարիքը… ո՛չ տարածությունը… Կարևորը մարդուն համակող նախագծի առկայությունն է, նախագծով իր հետաքրքրությունների դրսևորումը… Հեքիաթ կլիներ, իսկը՝ ձմեռային-համազգային, որ մեր կյանքի նախագծային կազմակերպում-փոփոխությունը մեր սեբաստացիական օրինակով տեղափոխվեր Ազգային ժողովի փաստացի մեկնարկած ընտրությունների կուսակցական-դաշինքային հարթակներ…
Լողավազանն ուսումնական լաբորատորիա է, որն իրականացնում է լողաթերապիա դրա կարիքն ունեցող տարատարիք երեխաների համար, ուսումնական պլանով որոշված հանրակրթական լողուսուցում, լրացուցիչ կրթություն, այդ թվում՝ նաև մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ, այլ ծառայություններ: Ուսումնական-ճամբարային հունվարին ուսումնական լաբորատորիան միջավայր է ամենատարբեր նախագծերի իրականացման համար:
Գեղարվեստում այս օրերին մի խումբ ուսուցիչների «Խոհանոց-ակումբ» սկսելու նախագիծը, իմացա, որ ստացել է արհմիութենական կազմակերպության նախագահի անմիջական աջակցությունը: Ուրախ եմ: Մարգարիտ Սարգսյանն առաջարկում է Բիզնես ուսումնական կենտրոնի Մեդիա աճուրդն ու «Մեդիասրճարան» նախագիծն իրագործել Միջին դպրոցի սովորողների հետ: Իհարկե: Գումարած՝ Քնարիկի սկսած ներառական օրագիրը…
Մայր դպրոցի համերգային դահլիճը պատրաստվում է հունվարի 12-ի համերգին… Դահլիճում միայն ես եմ, ու այնքա՜ն ձայներ-ծափեր-ուրախությո՜ւն… Ջերմոցների վերածված երաժշտության ու բնագիտության սրահներում ծիլ ու ծաղկի այնքա՜ն խնամք կար… Այսպես մեզանում չէր եղել. խնամքի դրսևորումներն եմ ամենուր ես փնտրում-տեսնում-աջակցում: Երկիրը մեր՝ իր հանրային կյանքով, անխնամ է, խնամքի կարոտ: Խնամքի մանկավարժությունն է հեղինակային մեր կրթական ծրագրերի 2017-ի թիրախում…
Երեկ ամենշաբաթյա մասնագիտական ժողովում մենք խոսում էինք արդեն Ջրվեժի հատուկ պահպանության տարածք ճամբարային ջոկատների այցերի ու ձմեռային խաղերի կազմակերպումը սկսելու, բնագիտատեխնիկական, մարզական, «Դիջիտեք» հանրակրթական ստուգատեսները յուրաքանչյուր սովորողի նախագծային հարթակ, կազմակերպիչ դարձնելու միջոցների մասին․․․ Սրա ցուցիչ չափումն էլ կա․․․ Աշոտ Տիգրանյանի․․․ բլոգի մուտքերը հատել են 40000-ի սահմանը․․․
Գիտագործնական հավաքի ծրագրերը, կլոր սեղանները՝ իրենց թեմաներով-հեղինակներով, այնքա՜ն տպավորիչ-սիրելի-ծանոթ ոգևորիչ իրականություն են դառնում․ սկսում եմ հասկանալ Արմինե Թոփչյան համակարգողին համակած ոգևորվածությունը․․․ առողջության հավաստի ցուցանիշ է։ Նույն շնորհքով-սիրով, որքան աշխատանքը կատարելիս, պիտի այս մանկավարժությանը հեղինակներով ներկայացնենք ինքներս մեզ ու մեր բարեկամներին, մեր մանկավարժության շահառուներին։ Գո՜րծ եմ ասել։
Ես հաշվեցի, ամեն ինչ հրապարակված-բաց է, ստուգեք, հեղինակային կրթական ծրագրով այսօր մեկնարկած գիտագործնական հավաքի կլոր սեղաններին ներկայացված են մի հարյուրի չափ մանկավարժական թեմա-խնդիր, հարյուրից ավելի հեղինակ ուսուցչի, նախագծի արդյունքներ… Մասնակից-համահեղինակ տարատարիք սովորողների քանակը հեշտ չէ հաշվել… Հավաքի օրերին ներկայացվող համերգները ավարտական-հերթական միջոցառումներ չեն, այլ հեղինակային ծրագրով իրականացված մանկավարժական նախագծերի արդյունքներ, դրանց համակցություն… Սրանցում ընդգրկված տարատարիք սովորողներին և երաժիշտ, ոչ երաժիշտ ուսուցիչներին էլ հաշվեք… Մեր մանկավարժական հավաքը այսպիսով, մի ամբողջական-շարունակական-չավարտվող, Հասմիկ Ղազարյանի բերած եզրույթը գործածենք, բաց նախագիծ է, կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման պարտադրված հարթակը… Քանի ուսուցիչ-սովորող ուսումնական այսպիսի գործունեությամբ ինչպիսի՛ կարևոր-որոշիչ որակներ-հմտություններ է ձեռք բերում-հղկում-ամբողջացնում… Բոլոր կլոր սեղաններին մասնակցել չեմ կարող, իմ հարգելի գործընկերներից յուրաքանչյուրին հավաքի որևէ հարթակում լսել չի հաջողվի, բայց իմ շաբաթվա աշխատակարգում կա յուրաքանչյուր ներկայացում (հրապարակումը պարտադիր է նույն օրը) յուրացնելը, յուրաքանչյուր հոդված մարսելը… «Դպիրի» համար լավագույն-գտնված ձևաչափ է սա՝ օրական հավաքի 1-2-3 հոդված…
Այս օրերի՝ 2017-ի ուսումնական հունվարի՝ նախագծային-ստուգատեսային-ճամբարային տարբեր հարթակներում՝ կրթահամալիրի տարբեր՝ մեկը մյուսից, հետաքրքիր-սիրուն պատկերներ առիթներ են ստեղծում բերել իմ գիր՝ որպես իմ խոսքն ընթերցողին, իմ մտորումները՝ ինչ ասել է լինել սեբաստացի․․․ Ասել եմ՝ զբաղվել մանկավարժությամբ․․․ Ի՞նչ ասել է՝ զբաղվել մանկավարժությամբ․․․ ու ես, հաճույքով, տեսե՛ք, որքա՜ն հանդիսավոր-կոնկրետ-անշտապ, մի կողմ շպրտած տնօրինական վարչարարության արդուզարդը՝ իր հոգսերով մարմնական, մեր գիտագործնական հավաքի կլոր սեղանների շարքային-ակտիվ անդամ եմ, մեր մանկավարժության հեղինակների ու նրանց սաների հետ հանդիպելու, նրանց մանկավարժական ներկայացումները լսելու-քննարկելու գործի մեջ եմ։ Սա է իմ հիմնական-գլխավոր գործը, կոչումը, ու ես այնքա՜ն բավարար եմ։
Ֆլեշմոբը՝ հեղինակային կրթական ծրագրով ստեղծված մոբիլ-ստեղծական ուսուցման միջոցը, ոչ միայն չմոռացվեց, այլև կարևորվեց ճամբարական եռուզեռում․․․ Սկսվում է այս գործիքի կիրառման, հեղինակային կրթական ծրագրի ներառականության, միասնականացման, տարածման համերաշխության շրջանը: Այսպիսի ֆլեշմոբը իր բազմազանությամբ, ընտանիքում ձեռք բերած վստահությամբ 2017-ի մեր հաջողություններում վճռական տեղ ունի։
Կարևոր է, որ ստուգատեսային ուսումնական աշխատանքը մեր ճամբարային հունվարի 23-27-ի շաբաթին լրջություն, հասցեականություն հաղորդի․ ճամբարային կյանքը դառնա հարմար-խթանիչ միջավայր անհատական-խմբային անաղմուկ ուսումնահետազոտական ազատ ընտրած կարգապահ գործունեության համար։ Երեկ՝ օրվա վերջին, սրա կազմակերպիչների մեծ խմբի գրադարանային հավաքը իմ վստահությունն ավելացրեց։
Ես մի լրացում այնուամենայնիվ ունեմ․ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կամ փետրվարյան մայրենիի ստուգատեսի շրջանում անցկացնենք «Դպիր»-ի օր՝ իր բովանդակային ֆլեշմոբով ու ինտելեկտուալ խաղերով, ֆիզիկական ու մեդիա միջավայրում «Դպիր»-ի ներկայացումներով․․․ Այդքա՜ն դեմոկրատ եք, կրթահամալիր, քննարկեք առաջարկս․․․ դարձրեք ձերը ու մերժեք․․․
Ու ես պատասխանում եմ օրեր առաջ իմ-ձեր առաջադրած հարցին՝ ով է իսկական սեբաստացին… Համեցեք՝ տարատարիք սովորողը թե բազմաբնույթ մանկավարժական աշխատողը, ով 2017-ի հունվարին երեք հերթափոխերով ճամբարական է, իր ընտրած ջոկատի կազմում ապրում է mskh.am-ի օրացույցով, ով գիտագործնականի կլոր սեղանի մասնակիցն էր երեկ, այսօր՝ ստուգատեսյան հավաքների, ով «Դպիր»-ում, իր բլոգում ուսումնահետազոտական գործունեության հրապարակումներ է արել-անում, այդ հոգսերով է, ով հանրակրթական դիջիթեքի, բնագիտատեխնիկական, մարզական ստուգատեսներից յուրաքանչյուրի մասնակցության գոնե մեկական հայտ ունի և իրագործում է իր անհատական ուսումնական պլանը… ով ապրում է ճամբարային ուրբաթի միասնական համերգ-ցուցադրության սպասումով…
Կարևոր է, այն փութաջանությունը, որով մենք երեկ կենտրոնում-մանկավարժական լաբորատորիայում-մասնագիտական ժողովում բաց, մարդաշատ, ի տես յուրաքանչյուրիդ, սկսեցինք քննարկել յուրաքաչյուր առաջարկ… «Ուրախ եմ. եթե հունվարյան ճամբարների հավեսը առաջացնում է (առաջացնո՞ւմ է՝ հարցնում եմ, կրթահամալիրով մեկ) նոր պահանջ, ասենք՝ մարտին, արձակուրդին նախորդող կամ հաջորդող շաբաթում»… Չենք ընդհատում. հունվարի 30-ը՝ 2016-2017 ուսումնական տարվա երրորդ ուսումնական շրջանը Կոտայքի-Ջրվեժի ձյունոտ սարերի ետևում չէ, ավելի մոտ է, ու մենք ընդունում ենք մեր Քնարիկ Ներսիսյանի առաջարկը՝ ամբողջացնենք-կազմակերպական մի փաթեթի բերենք չընդհատվող տարափը, մեր հեղինակած ուսումնական ընթացքի նախագծումը Գեղարվեստի «Հարթակում»՝ ակումբի նորամուտով…
Ուսումնական հունվարի հավաստի-չափելի ցուցանիշներ կան, հուսամ՝ կրթահամալիրի գնահատման ծառայությամբ հավաքվում-գրանցվում-ամբողջականում են դրանք. երեկվա իմ թվարկածին ավելացնեմ՝ սովորողի-ուսուցչի ուսումնահետազոտական աշխատանքի քանի՜ ստուգատեսային հայտ, քանի՛ գրված էջ բլոգներում, mskh.am-ի էջերում, քանի՛ նոր լուսանկար, քանի՛ նոր փորձ բնագիտական՝ տանը թե դպրոցում, քանի՛ նոր մասնագետի մուտք, քանի՛ ժամ ուսումնական նախագծային պարապմունքի լսում (վարպետության դաս)… հին-նոր մարդու քանի հայտնագործություն, քանի՛ ուսումնական ճամփորդություն… Ձեր ասած՝ դասի՛ վերածեք:
Բարեխղճությունն էր, որ լեցուն ուսումնական հունվարի տրաքող ուրբաթ-տոնախմբությունից, իր նմանը չունեցող բնագիտատեխնիկական էքսպոյից հետո, երբ մի օրում հրապարակային ներկայացվում են տասնյակ «Ստեղծված է կրթահամալիրում (made in mskh)» ապրանքանիշով ապրանքներ, ծառայություններ, աշխատանքներ…, ես իմ գործընկերների հետ ձյունոտ սարալանջն ի վեր արեցի, Գեղարվեստի ցուցասրահում մինչև երեկոյան ժամը յոթը, մեր ճամբարային հունվարը արխիվացրած, դիլիտ-ֆորմատ արած, մեր «մոզգով»-նպատակադրմամբ տրվեցինք հունվարի 30-ից մեկնարկող 2016-2017 ուսումնական տարվա 3-րդ ուսումնական շրջանին՝ իր բազում նոր լուծումներով, հեղինակային կազմակերպմամբ։ Պիտի կարողանանք շաբաթ-կիրակի, մեր առցանց անընդհատ աշխատանքի սովորույթով-հմտությամբ այս վիճակը տեղափոխել ամեն մի սեբաստացիական ընտանիք՝ ուսումնական մի շրջանից մյուսը սահուն անցում կատարելու համար։ Իմ մտահոգության-լուծումների կենտրոնում մանկավարժության հեղինակ սեբաստացի գործընկերն է՝ ուսուցիչը մեր՝ իր աշխատաժամանակով…
Իսկ ներառական ուսուցման կազմակերպման մասին էլ շահառու մի խմբով Քնարիկ Ներսիսյանի առաջարկած ընդունած խոսակցությունը մանկավարժական քննարկում է դառնում․․․ Հանրակրթությունը և ներառականությունը ինձ համար, ՀՀ օրենքով հոմանիշներ են․․․ Մեր սեբաստացիական միջավայրը շարունակ ավելի ներառող է դառնում․ տանը, Բանգլադեշում, ներսում-դրսում-շրջակա միջավայրում․․․ Լավ է, որ հասանք սովորողի և ուսուցչի անհատական- ուսումնական-աշխատանքային պլանին, նրա իմաստին, որպես անհատին անհրաժեշտ գործիքի-կազմակերպման։
Աշխատանքը սովորեցնում է արհամարհել այն բառերը, որոնք կտրված են գործից, որպեսզի փոխենք մարդկանց, նրանց պետք է սիրել: Ազդեցությունը մարդու վրա համեմատական է նրանց նկատմամբ սիրուն…
- Բացվել է 1533 անգամ