Մաթեմատիկայի պարապմունքները՝ խաղերով
Primary tabs
Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում, հատկապես կրտսեր դպրոցում, հիմնական բաժինը բանավոր հաշվարկն է: Բանավոր հաշվարկը ակտիվ է, հետաքրքիր, դինամիկ: Ներկայացնում ենք խաղեր, որոնք մաթեմատիկայի պարապմունքները դարձնում են նաև հաճելի զբաղմունք: Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության յուրաքանչյուր պարապմունք սկսում ենք բանավոր հաշվարկով` բազմապատկման աղյուսակից մինչև 98x97: Մեր դասի անբաժանելի մասն են կազմում մաթեմատիկական խաղերը:
Խաղ 1. Խաղում ենք «Թզուկ, հսկա»
Այս խաղը փորձարկել եմ երկրորդից մինչև հինգերորդ դասարանի սովորողների հետ:
Խաղի կանոնները։ Մասնակիցները կանգնում են սրահում, դասասենյակում կամ բակում (էական չէ՝ ինչ դիրքով), երբ խաղավարն ասում է կենտ թիվ, բոլորը կանգնում են, երբ ասում է զույգ թիվ, բոլորը նստում են: Խաղավարը կարող է լինել ինչպես դասավանդող, այնպես էլ սովորող: Խաղավարը թվերն այնպիսի հերթականությամբ պետք է ասի, որ աշխատի շփոթեցնել մասնակիցներին:
Խաղի զարգացումը։ Չորրորդ և հինգերորդ դասարանցիները մի քանի անգամ նույն խաղը խաղալուց հետո սիրում են փոխել խաղի կանոնները:
Խաղի կանոններին ավելացրինք ևս երկու պայման, երբ թիվը վերջանում է 0-ով, ծափ ենք տալիս, երբ թիվը բաժանվում է 5-ի, տեղում՝ ցատկ: Այս խաղը փորձել ենք ռիթմիկ երաժշտության ներքո, ստացվել է գեղեցիկ պար: Այսպիսով, կախված սովորողի տարիքից, կարելի է խաղը աստիճանաբար բարդացնել կամ պարզեցնել:
Խաղի կանոնները կարելի փոխել ամենատարբեր ձևերով, կարևորը սկզբունքն է՝ թվերը ինչ-որ պայմաններով բաժանվում են երկու չհատվող բազմությունների: Երբ ասվում է թիվ, որը բավարարում է առաջին բազմության տարրերին ներկայացվող պահանջներին, սովորողը կանգնում է, երբ ասվում է թիվ, որը բավարարում է երկրորդ բազմության տարրերին նեկայացվող պայմաններին, երեխան նստում է: Կարելի է ավելի բարդացնել, երբ երկուսի փոխարեն մի քանի չհատվող բազմություններում են դասավորվում թվերը, և յուրաքանչյուր բազմության համար որոշակի գործողություն, որ պետք է սովորողը անի: Կարելի է ավելի բարդացնել, ինչպես նկարագրված է վերևում, երբ բազմությունների չհատվող լինելու պայմանն անտեսվում է: Այդ դեպքում լինոմ են թվեր, որոնց դեպքում սովորողը մեկ գործողություն պետք է կատարի, և լինում են թվեր, որոնց դեպքում սովորողը միաժամանակ կատարում է մեկից ավելի գործողություններ:
Խաղ 2. Խաղում ենք «50»
Խաղում են երկու հոգով: Առաջին խաղացողը երեքից ոչ մեծ մի բնական թիվ է ասում, երկրորդը ասված թվին գումարում է երեքից ոչ մեծ բնական թիվ և այսպես՝ հերթականությամբ՝ յուրաքանչյուր սովորող ստացված գումարին գումարում է երեքից ոչ մեծ բնական թիվ: Հաղթում է նա, ով առաջինն է ասում 50:
Այս խաղը, երբ առաջարկեցինք, պարզվեց, որ սովորողներին ծանոթ խաղ է. նրանք մինչ այս խաղը, նույն պայմաններով խաղացել են «21», մենք էլ՝ ես ու տիար Գևորգը, այդպես որոշեցինք անվանել խաղը` «50» :
Սովորողները շատ սիրեցին այս խաղը: Նրանք զույգերով իրենք իրենց խաղում էին, որոշում հաղթողին: Հետո հաղթողներն էին զույգեր կազմում և խաղում: Այդպես, մինչև մնում էր երկու սովորող, ովքեր խաղում էին եզրափակիչում:
Սկզբում խաղում էին պատահական թվեր գումարելով: Հետո մի քանիսը գլխի ընկան, որ 46 ասողը հաղթում է: Այդպես գործնական խաղի ընթացքում գտան հաղթանակի տանող բոլոր թվերը 46, 42, 38, 34, 30, 26, 22, 18, 14, 10, 6, 2:
Երբ սովորողները հասկացան խաղի գաղտնիքը (աննկարագրելի է ներկայացնել սովորողի հրճվանքը, երբ ինքն է բացահայտում խաղի գաղտնիքը), պարզ դարձավ, որ ճիշտ խաղալու դեպքում խաղը սկսողը հաղթում է: Այդ ժամանակ խաղը կորցրեց իր հետաքրքրությունը, մանավանդ որ իր նպատակին՝ խաղում օրինաչափությունը գտնելուն, ծառայել էր: Սկսեցինք փոխել խաղի կանոնները: Փոխում էինք թիվը, մինչև որը պետք է հասնել, քայլի միջակայքը, ուղղությունը (գումարել կամ հանել): Ամեն անգամ մի քանի րոպե տրամադրում էինք, որպեսզի կարողանան (ովքեր գլխի էին ընկնում) գտնել «հաղթող» թվերը, նոր սկսում էինք խաղալ:
Ինչը սիրում են երեխաները մաթեմատիկայից, անպայման տանը ծնողներին պատմում են (փորձված տարբերակ է), ինչպես Լուսինե Մամիկոնյանը՝ 4-3 դասարանցի Հակոբյան Արեգի մայրը, ամեն անգամ ինձ տեսնելիս ասում.
- Արեգս ինձ հետ «50» խաղալիս միշտ հաղթում է, ինչ-որ ձև կա՞…
Խաղ 3. Խաղում ենք «Հոպ»
Սովորողները կանգնում են իրար կողքի կամ կարող են շրջան կազմել և սկսում են հաշվել: Եթե սովորողին «բաժին» է հասնում 3-ի բազմապատիկ թիվ, նա այդ թվի փոխարեն պետք է ասի՝ հոպ: Սխալվողը խաղից դուրս է գալիս. հաղթում է խաղի վերջին մանակիցը: Խաղի ընթացքում, երբ մնում են երեք սովորող, ուսուցիչն էլ է ընգդրկվում՝ հակառակ դեպքում սովորողներից մեկը միշտ կասեր հոպ: Այս խաղը հիշում եմ դպրոցական տարիքից, իմ ուսուցիչ` Ռոբերտ Հովսեփյանից (ինձ տրամաբանություն է դասավանդել, երբ ես սովորում էի 4-րդ դասարանում), լավ հիշում եմ՝ բոլոր չորրորդցիների մեջ ես այս խաղի հաղթող էի ճանաչվել, նվերս էլ ատամի խոզանակ էր:
Խաղի զարգացումը։ Եթե թիվը բաժանվում է նաև 5-ի, ասել՝ հոպ:
3-բաժանվող թվերի փոխարեն ասել, ոչ թե հոպ, այլ՝ քանորդը (հեղինակ՝ Արտաշես Նախշիկյան, Արևելյան դպրոցի նախկին հինգերորդ դասարանցի):
Այն թվերը, որոնք բաժանվում են 3-ի, ասել այդ թվի և երեքի արտադրյալը:
Խաղը խաղացել ենք խմբերով` յուրաքանչյուր սեղանի մոտ նստած չորսական խմբերով, հետո մրցել են հաղթողները:
Այս խաղը սովորողների մոտ տպավորվեց որպես սեղանների խաղ. մեկ տարի է անցել, բայց մաթեմատիկայի ամեն ընտրության ժամին Առուստամյան Արշակը (5-2 դասարան), հարցնում է՝ այսօր սեղանների խաղը խաղալո՞ւ ենք…
Խաղ 4. Խաղում ենք «Մեկ քայլ առաջ»
Երկու սովորող կանգնում են իար կողքի, խաղավարը մի քանի հարց է տալիս: Հարցին առաջինը ճիշտ պատասխանողը (որոշակի կարճ ժամանակահատվածում) մեկ քայլ առաջ է գնում: Հաղթում է նա, ով ավելի առաջ է: Խաղը կարելի է խաղալ նաև երեք, չորս հոգով:
Խաղ 5. Խաղում ենք «Քայլենք առաջ, կամ ետ»
Երկու սովորող կանգնում են իրար կողքի այնպես, որ կարողանան քայլերով ետ ու առաջ անել:
Խաղավարը հարցերը ընտրում այնպես, որ պատասխանները լինեն 1-10 (որպեսզի դասասենյակում տեղավորվեն) թվերը, եթե պատասխանը զույգ թիվ է, այդքան քայլ սովորողները գալիս են առաջ, եթե պատասխանը կենտ է, այդքան քայլ գնում են ետ:
Ընդ որում սովորողները պատասխանները բարձրաձայն չեն ասում, միայն քայլում են: Պարտվում է նա, ով իր քայլը սխալ է կատարում:
Երբ սովորողները սկսեցին լավ հասկանալ խաղը, հարցերը սկսեցինք բարդացնել, օրինակ՝ հաշվել մի քանի գործողությամբ արտահայտության արժեքները:
Շարունակելի…
- Բացվել է 2306 անգամ