Պլանշետ՝ շրջիկ ընթերցարան, գրատախտակ, տեսախցիկ...

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որը  կազմակերպվում է նախագծերով: Սովորողն իր ուսումնական գործունեության ընթացքում կիրառում է տարբեր ուսումնական գործիքներ, որոնցից ուզում եմ  առանձնացնել  պլանշետը և խոսել ուսուցման գործընթացում նրա տարաբնույթ կիրառելիության մասին։

Հինգ-վեց  տարեկանների խմբում պլանշետներով գրեթե մեկտարյա գործունեությունը ցույց տվեց, որ պլանշետներով հաջողվում է կենտրոնացնել սովորողի ուշադրությունը, բարձրացնել պատկերավոր հիշողությունը: Սովորողները կարողանում են ինքնուրույնություն դրսևորել՝ նյութը ջնջել, բացել, փակել, փոփոխել. չէ՞ որ այն առաջին հերթին նրանց «ժամանակի» գործիքն է։ Աշխատանքային այս գործիքը  հեշտությամբ դառնում է գրի գործիք և հնարավորություն տալիս առանձին ուշադրություն ցուցաբերել յուրաքանչյուր սովորողի հանդեպ: Պլանշետը յուրատեսակ գրատախտակ է, որն ընդհանուրինը չէ, այլ անհատական է, ինչի շնորհիվ երեխան կարող է գրել-ջնջել, փնտրել-գտնել իրեն անհրաժեշտ նյութը, սովորել, ինքնակրթվել ցանկացած ժամի և որքան ուզում է:

Հինգ-վեց տարեկանների խմբում պլանշետը սկսեցինք կիրառել հենց ուստարվա սկզբից։ Աստիճանաբար սովորեցինք օգտվել գործիքի հնարավոր մատչելի, ընկալելի ծրագրերից: Նախ՝ սովորեցինք նկարել, օգտվել ձայնագրիչից, ֆոտոխցիկից: Պլանշետով իրականացրել ենք բազմաթիվ ուսումնական նախագծեր, որոնցից ուզում եմ առանձնացնել  «Պլանշետը որպես շրջիկ ընթերցարան» նախագիծը։ Այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ էր երկու կարևոր հմտություն՝  տառաճանաչություն և մուտքագրում: Պլանշետներում նախապես ներբեռնել էինք «Autodesk sketchbook» ծրագիրը, ինչպես նաև «Հայերեն ստեղնաշար» հավելվածը, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին մուտքագրել, ձեռագիր գրել և նկարել էկրանի վրա՝ այսպիսով ապահովելով նաև մատների շարժումների ակտիվությունը: Ապա՝ նրանք սովորեցին մուտքագրել իրենց անձնանունները։ Հետո աստիճանաբար սկսեցին կարդալ միմյանց անունները և մուտքագրել, աջից կամ ձախից տառեր ավելացնել, պակասեցնել։ Հաջորդ փուլում  արդեն սովորողները հետաքրքրությամբ  գտնում էին իրենց ավագ ընկերների էջերում տեղադրված ընթերցարաններն ու ընթերցում բառերը, բառակապակցությունները, բացում տարբեր ուսուցողական, զարգացնող խաղեր և խաղում, ձայնագրում և նկարահանումներ իրականացնում:

Սովորողների մոտ ինքնըստինքյան առաջացավ պլանշետով շրջելու և շրջապատը լուսանկարելու սովորություն, ինչից հետո էլ՝ մուտքագրելու կամ էկրանին նկարելով գրելու անհրաժեշտություն։ Յուրաքանչյուր սովորող ժամանակի ընթացքում աշխատանքային գործիքով ստեղծեց էջաշար, և այդպես ձևավորվեց մեդիաընթերցարանների շարք։ Սկսեցին փոխանակել պլանշետները և կարդալ միմյանց գրածները։ Հաջորդ քայլը եղավ այն, որ սովորողների հետ շրջեցինք թաղեթաղ, փողոցից փողոց, բակից բակ, և նրանք իրենց «թաքնված տեսախցիկներով» նկարեցին շրջապատը, մարդկանց, շենքերն ու խանութները, տարբեր պիտակներ ու ցուցանակներ։ Այնուհետև փորձեցին մեծ ոգևորությամբ մուտքագրել, նկարել տառերը, ընթերցել, ինչը նրանց հնարավորություն տվեց հմտանալ հեգելու, վանկատելու, մտապահելու, վերհիշելու գործում։ «Պտտվելու-թափառելու» մեր գործունեության արդյունքում  ստեղծվեցին «շրջիկ» ընթերցարաններ, որոնցից յուրաքանչյուրը դարձավ յուրատեսակ, ինչպիսին նրա հեղինակն է։ Մեկը ստեղծեց «բնության»  շրջիկ ընթերցարան, մյուսը՝ «մարդկանց» ընթերցարան, երրորդը՝ «ցուցանակների» կամ «մթերային» ընթերցարան, ապա կարդացին դրանք։ 

Մեկ այլ տարբերակով պլանշետն օգտագործեցինք նաև որպես շրջիկ լուսանկարչական գործիք, երբ սովորողները տուն-դպրոց-տուն  ճանապարհից  էին բերում «շրջիկ» բառեր, որոնք միասին վերլուծում և ընթերցում էինք դասարանում։ Այսպես ձևավորվեց տեսաշար, որը դարձավ սովորողների ձեռք բերած մի շարք հմտությունների ու կարողությունների հայելին։

Քանի որ կրթական գործընթացը շարունակվում է նաև տանը, ուստի գործիքն ինքնըստինքյան մտնում է նաև ընտանիք: Այն «դրդում» է սովորողին զբոսնելիս կամ բակում խաղալիս կանգնել մի պահ, լուսանկարել  որևէ առարկա կամ պարզապես կարդալ այն, ինչն աչքով կընկնի, կամ տանը լուսանկարում է ամեն պատահած իր ու մուտքագրում անվանումը:

Տեղափոխվելով «Իմացումի հրճվանքի» երկրորդ տարի՝ շարունակելու ենք կրթական այս մեթոդը կիրառել և զարգացնել՝ երկրորդ տարում ընդլայնելով նախագծի շրջանակները։

Մեր իրականացրած նախագծերը.

Տեսանյութը՝ Սուսան Ամուջանյանի

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский