Դասարանական երգչախումբը երաժշտական հանրակրթության արդյունք
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող երաժշտական նախագծերին 2016-2017 ուսումնական տարում ավելացավ ևս մեկը՝ «Դասարանական երգչախումբը»` որպես հանրակրթության բաղկացուցիչ, երբ սովորողներին չեն ընտրում. երգում են բոլորը: Մանկավարժական մի նոր հնար, որտեղ բացի երգելուց նաև այլ որակներ են պահանջվում, երբ ընկերոջդ ձայնն է ականջումդ, երբ տարբեր ձայների ներդաշնակություն է, որից էլ ծնվում է թիմային աշխատանքը:
Ուզում եմ ներկայացնել Արևելյան դպրոցում այս նախագծի կազմակերպման մասին: «Դասարանական երգչախումբը» նախագծի երկու տարբերակ ծնվեց՝ դասվարը՝ որպես խմբավար, դասվարը և երաժշտության դաստիարակը՝ որպես խմբավարներ:Նախագծի ընթացքում ծնվեց 6 երգչախումբ:
«Դասվարը՝ որպես խմբավար» նախագիծն իրականացրեց Արմինե Մնացականյանը 3-րդ դասարանցիների հետ: Քառասուն րոպե՝ առանց նվագակցության, Կոմիտասի երգերի մի փունջ, որն այնքան խնամքով ու գրագետ խմբավարում է դասվարը: Արմինե Մնացականյանը երգում է կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբում: Երգչախմբային գործունեությամբ զբաղվող դասվարն իր ստացածն է փոխանցում դասարանին: Խիզախ որոշում էր, որը որպես մոդել կշարունակվի: Արմինե Մնացականյանը՝ որպես հեղինակային կրթական ծրագրի հեղինակ, դասվար-խմբավար այս մասին դեռ կպատմի:
«Դասարանական երգչախումբ» նախագիծն ինձ որգևորեց որպես կազմակերպիչ-պրոդյուսեր: Սկսեցինք երգերի ընտրությունը ըստ դասարանների, համաձանեցրինք «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանի հետ: Ե՛վ դասվարները, և՛ երաժշտության ուսուցիչը պարապմունքները վերածեցին երգչախմբերի, սրահները՝ փորձասրահների, ու համատեղ փորձե՜ր-փորձե՜ր:
Առավոտյան ընդհանուր պարապմունքները վերածվեցին երգչախմբային համերգների: Դասարանները սրահում կանգնում էին որպես երգչախմբեր, 6 երգչախումբ երգում էր. յուրաքանչյուրը՝ իր երգը: Սովորողները հմտացան իրար հարգալից լսելուն՝ ականջը՝ ընկերոջ ձայնին, ձևավորվեց ծափահարելու հմտությունը, թե՛ հանդիսատեսի, թե՛ կատարողի դերում լինելու կարողությունը:
Համաձայնեք, որ սրանք շատ կարևոր հմտություններ են. պարտադիր չէ, որ բոլորը երգիչներ լինեն, բայց կարևոր է իրար լսելը: Ընդհանուր պարապմունքը գտնված հարթակ էր նաև երգչախմբային 6-10 երգերը սովորելու ու միասին երգելու, խմբի հետ շարժումներ, ձայներ մշակելու համար: Պարապմունքի առանձին հատվածներ ուղիղ եթերում հրապարակվել են, որը որպես ուսումնական նյութ սովորողները նայել են երաժշտության պարապմունքին, իրենց դիտել կողքից, գտել սխալները: Լրջացավ, լրջացավ, ու սովորողներն առաջարկեցին յուրաքանչյուր երգչախմբի համար անուն գտնել, սա էլ ընդհանուր պարապմունքի ընթացքում՝ «Այբ բեն», «Գարուն», «Գիշեր-ցերեկ», «Շուշաններ», «Անձրև»:
«Դասարանական երգչախումբ» նախագիծն ամբողջական չէր լինի առանց հագուստի: Երկարօրյայի կազմակերպիչ Աննա Ստեփանյանն իր խմբի հետ ստեղծեց համերգային հագուստների մոդելավորման լաբորատորիա, ու սկսեցին նկարել էսքիզներ, հետո անցան ձևելուն ու կարելուն, կարեցին մոտ 100 ժիլետ ու փողկապ:
Հաջորդ քայլն արդեն ամենօրյա փորձերն էին կրթահամալիրի «Սեբաստիա» համերգային դահլիճում: Ինչպե՞ս բարձրանալ, ինչպե՞ս իջնել… Հմտություններ, որոնք նոր մշակույթ են ուսուցում: Համերգային դահլիճում փորձերին մասնակցում էին կրթահամալիրի երաժշտության կենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյանը, նախագծի խորհրդատու, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանը: Դե, սա արդեն իսկական երգչախմբային առանձնահատկությունները ամբողջությամբ զգալու մշակույթի ձևավորում է, մաեստրոյի յուրաքանչյուր ուղղում, առաջարկ կամ հնչյունի փոփոխություն երաժշտական նշխարներ էին, որոնք հաճույքով յուրացվում էին. ինչպես սովորողներից մեկն ասաց՝ պարոն Թոփիկյանը պապիկ է, բայց ուրի՜շ Պապիկ:
Հետո արդեն՝ նախագծի ներկայացում համերգային օրերին՝ ապրիլի 13-19՝ ժամը 11:00, լեփ-լեցուն «Սեբաստիա» դահլիճում, ծնողներ, հյուրեր, գունեղ երգչախմբեր…
Արևելյան դպրոցի երգչախմբերի համերգային տեսանյութերը՝
- «Այբ բեն» երգչախումբ
- «Գարուն», «Գիշեր-ցերեկ» երգչախմբեր
- «Շուշաններ» երգչախումբ
- «Անձրև» երգչախումբ
- «Մենք և Կոմիտասը» Արմինե Մնացականյանի 3-րդ դասարան
«Դասարանական երգչախմբեր» նախագծին լավ նվեր էր ապրիլի 17-ին Ա. Խաչատրյանի համերգասրահում Սուրբ Զատկի տոնին նվիրված մեծ համերգը, որին մաեստրո Հարություն Թոփիկյանի հրավերով մասնակցում էին սովորողները, ծնողները… Մեկ ժամ 15 րոպե տևողությամբ Կարլ Ջենկինսի «Խաղաղության պատարագ» ստեղծագործությունը, երբ բեմում էին երեք երգչախմբեր, ՀՀ սինֆոնիկ նվագախումբը, ուղղակի երաժշտական շքեղություն էր, այս երաժշտական ներկապնակն ավելի է գունեղ է դառնում, երբ մեծ համերգային դահլիճում ունկնդիր սովորողներն են…
Սկսվել են «Դասարանական երգչախումբ» նախագծի ձայնագրությունները կրթահամալիրի ձայնագրման սրահում, նախապատրաստում են սկավառակների թողարկումը, նախագիծը շարունակվում է…
Դե, մինչ հունիսյան դպրոցական գալա-համերգ… Արևելյան կողմն աշխարհի խաղաղությո՜ւն թող ըլլա...
- Բացվել է 1427 անգամ