Զանգվի տուտից տուտ….
Primary tabs
Հայրենագիտության ընտրության և հայրենագիտության առարկայի դասընթացի, Էկոտուրյան կարևոր հայրենաճանաչ նախագիծ է «ՀՀ գետերը» հայրենագիտական--բնապահպանական ամենամյա նախագիծը, որի շրջանակում 4-5-րդ դասարանի սովորողների հետ ուսումնասիրում, արշավում, քայլում, քննարկում, ճանաչում ենք ՀՀ գետերը (սկիզբ՝ ակունք, վերջ՝ գետաբերան, աղտոտվածություն, երկարություն, հոսելու վայրեր, գետի մոտակա բնակավայրեր և այլն): Որպես մայրաքաղաքային և ՀՀ տարածքի կարևոր գետ` առանձնացնում ենք Հրազդան գետը (Զանգու, Իլդարունի): Այս տարի Հրազդան գետի ուսումնասիրությանը, որպես նորամուծություն, միացավ Աբովյանի նկարագրությունը Զանգվի:
Նախագծի կարևոր խնդիրներից է Զանգու-Հրազդանը վերադարձնել բնակիչներին՝ որպես ամառային հանգստավայր-բնակավայր:
Սովորողների հետ սկսեցինք մետր առ մետր ուսումնասիրել Հրազդան գետը, և քանի որ գետի մի մեծ հատված անցնում է քաղաքամայր Երևանով, ուստի թափառում-արշավ ուսումնասիրությունները բաժանեցինք երկու մասի՝ քաղաքային և քաղաքից դուրս։
Գետը քաղաքում
Նախագծի շրջանակում աշնանը և գարնանը քաղաքային քայլարշավներ ենք իրականացրել, այժմ էլ իրականացնում ենք և շարունակելու ենք իրականացնել Հրազդան գետն ի վեր և հակառակը՝
- Թումանյանի այգուց-Մանկական Երկաթուղի
- Կարմիր բլուր-Զանգվի հովիտ
- Հայանիստ գյուղի հատված
- Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից կիրճ
- Գինու գործարան
- Աէրացիա
- Երևանյան լիճ
- Թաիրով-Փարաքար
- Քանաքեռ ՀԷկ լիճ – թունել (1936թ).
Ուսուցիչների մի խումբ տիար Գևորգի և տիար Բլեյանի ուղեկցությամբ Երևանից մինչև Հրազդան գետի ակունք արշավեց և Զանգվի մասին նոր տեղեկություններ բերեց։ Սա նախագծին նոր շունչ տալու խթան դարձավ, որ վերոհիշյալ ուղղությունն անցնենք սովորողների տարատարիք խմբերի հետ:
Երևան քաղաքից դուրս
- Երևան – Նոր Գեղի –Արգել- Քարաշամբ – Բջնի-Հրազդան-Սևանա լիճ
- Քարաշամբ-խառնարան-քարայրներ
- Արաքսավան՝ Հրազդան և Արաքս գետերի խառնարան
Հրազդան գետի ամեն մի հատված հոգեհարազատ է ինձ: Իմ երկրաբանական ուսանողական առաջնային բոլոր ուսումնասիրություններն սկսվել են հենց Հրազդան գետի դարավանդներում, կիրճում…. հիմա էլ սովորողների հետ արշավելով՝ զուգահեռներ եմ տանում, համեմատում… Փաստը ցավեցնող է. հիշում եմ իմ առաջին երկրաբանական արշավը (1996թ. մայիսի 5) Թումանյանի այգուց մինչև մանկական երկաթուղի։ Այգին այն ժամանակ այսքան կանաչ և մշակված չէր, Հրազդան գետն էլ այլանդակված չէր օրեցօր սնկի պես աճող օբյեկտներով…. Արդյունավետ էր այդ 3-4 կմ-ոց հատվածը քայլել՝ ուսումնասիրելով, երկրաբանական մերկացումները դաշտային գրքույկում նկարելով-գծագրելով, զրուցելով, քննարկելով (դասախոսների հարցում բախտս բերել էր, ոչ կաբինետային, քայլող, արշավող, լողացող, բանիմաց մասնագետներ էին), բրդուճային ընդմիջումներով…. Հավես ուսանողական-ուսումնական պրակտիկաներ…
Այս մասով Աբովյանի բախտն էլ ավելի է բերել՝ անարատ, բաց Զանգու է տեսել…
Այս տարի նախագծում առաջին կարևոր նորամուծությունն էր տարատարիք, ընդհուպ մինչև նախակրթարան, սովորողների ընդգրկումը`
Մասնակիցներ՝
- 2-4 տարեկաններ
- 6 տարեկաններ
- 1-ին դասարան. Անահիտ Հարությունյան և ընկերներ
- 1-ին դասարան. Հռիփսիմե Հակոբյան և ընկերներ
- 4-5 դասարանցիներ:
Համագործակցելով դաստիարակների, դասվարների, դասավանդողների հետ ամեն մի սովորողների խումբ հնարավորություն ունեցավ քայլելու տեսնելու գետի մի հատված, կատարելու գետի և նրա ջրի ուսումնասիրություն և կազմելու գետի տվյալ հատվածի անձնագիրր՝ հաշվի առնելով հետևյալ կետերը՝
- Հովտի դարավանդի երկրաբանական կառուցվածքը
- Գետի ափերը՝ աջ, թե ձախ
- Գետի ձայնի նկարագրում (օգտվելով Աբովյանի բառապաշարից)
- Քայլարշավ գետի հոսքի կամ հակառակ ուղղությամբ
- Չափել քայլարշավը՝ մետրով, քայլով
- Որոշել գետի աղտոտվածությունը, պղտորությունը ( գետի ջրից մի փոքր բերել ենք դասարան և հետազոտել)
- Տվյալ հատվածը նշել քարտեզի վրա:
Առաջին հայացքից թվում էր, թե Աբովյանի գրված բառերի, նախադասությունների ընկալումը կարող էր դժվարություն առաջացնել սովորողների մոտ, բայց Զանգուն նկարագրող հատվածը տպավորվեց, ընկալվեց…. Գետի հետ ամեն մի հանդիպման ժամանակ փորձում էինք նկարագրել գետի վարքագիծն Աբովյանի բառերով՝ օգտվելով Աբովյանի՝ Զանգուն նկարագրող հատվածից:
Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված, մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխնավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փընչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով՝ մեկ թևն իր ծոցի, էն սև՛, մութն ու չանգը կոխած, խևանդ—խևանդ կտրատած փորնու դոշը բաց արած, ծառով, թփով զարդարած ձորի գլխովը քցած, մեկ թևն էն նե՛ղ, չո՛ր, տխո՛ւրԿաքավասարի տակիցը որ ական թոթափել դուս չի՛ պրծնում, վազում, — ու հրո՛վ, սրո՛վ, բոցո՛վ, բրո՛վ, փռնչալով, մռնչալով, խոնչալով, քարի, քարափի գլուխ վե՛ր հատելով, իր փորը խցկելով, վեմ, ապառաժ իրար ծեծելով, կայծակին տալով, ճչալով, ճռնչալով, թնդալով, դղրդալով, — ցած ափները, սասանահար գետինը պոկելով, պռճոկելով, քրքրելով, քրքրվելով, կենդանի, անկենդան, իսան, հայվանգետնին զարկելով բամբաչելով, խլացնելով, քառացնելով, սրսրթացնելով, վրվրթացնելով՝ վառված, կրակված աչքերը արնով լիքը, յալը ցցած, ատամները ղրճտացնելով, կրճտացնելով, դաշտ ու տափդրմբացնելով, դրնգացնելով, դմբդմբացնելով, դնգդնգացնելով, ու կայծակի թուրը բերնին բռնած, վրապրծած որ չի՛ գալիս ամեհի Ջանգին...
Գետի մասին գրական, դասագրքային և համացանցային հետազոտություն-ուսումնասիրությունը մյուս փուլն էր: Սովորողների հետ համացանցից, տարբեր գրականությունից, դասագրքերից դուրս ենք հանել Հրազդան գետը նկարագրող հատվածները, համեմատել, քննարկել:
Արդյունքում՝ սովորողները, նրանց ծնողները, ուսուցիչները ճանաչեցին, ուսումնասիրեցին Հրազդան-Զանգու գետը՝ քաղաքում և քաղաքից դուրս:
Առաջարկներ՝
- հունիսյան ամառային ճամբարների ձևավորում Հրազդան գետն ի վեր ու վար
- համագործակցում, համատեղ նախագծեր գետահովտի բնակավայրերի հետ։
Վերջում ավելացնեմ նախագծի ընթացքում մեկնարկած համագործակցության արդյունքները՝
- Զանգուն մտավ ընտանիք — Լիլիթ Սահակյան և ընկերներ
- Մեդիաայբբենարան Զանգվի ափից — Լիլիթ Սահակյան և ընկերներ
- Աբովյանն իմ հերոս կամ Զանգվի տուտից տուտը — Նելի Արղության և ընկերներ
- Զանգվի ափին — Մարինե Ամիրջանյան և ընկերներ
- Զանգվի անձնագիր-բնութագիր — 5-1, 5-2 դասարան
- Զանգու. Էկոտուրին ընդառաջ — 4-2, 4-3 դասարան
- Հաշվարկներ Զանգվի ափին — Լիանա Հակոբյան և ընկերներ
- Հրազդան գետ. Քարաշամբ-Բջնի հատված — 4-5 դասարան
- Բացվել է 1964 անգամ