Ռոդարին մարզաշխարհում

Երևակայությունն ու մաթեմատիկան, ֆանտազիան ու գիտութունն ախոյաններ, թշնամիներ չեն, այլ դաշնակիցներ, նույն մարմնի ոտքերն ու ձեռքերը նույն մտքի դուստրերն ու մայրերը։
Ջ․Ռոդարի

Իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի ստեղծագործություններն աչքի են ընկնում վառ երևակայությամբ, մտքի ճկունությամբ, անսպասելի ավարտով։ Ռոդարին մեզ ներկայանում է որպես ստեղծագործական հնարքների ու ձևերի մի ընդարձակ շտեմարան, ուսուցման տարատեսակ մեթոդաշարերի ձեռնարկ: Վաղուց Ռոդարին իր ուրույն տեղն ունի կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրում՝ ուսուցման գործընթացում։

Կրթահամալիրում ուսուցման նախագծային հարթակ են բազմաթիվ ստուգատեսները, որոնց շարքում ռոդարիականը կարևոր տեղ և դեր ունի, չնայած նրան, որ ռոդարիական թեմաները դպրոցպարտեզում շուրջտարյա են և իրականացվում են անընդհատ։ Ռոդարին կիրառվում է ամենուր և ամեն ինչում։ Շարունակ ստեղծվում են ռոդարիական հնարքներով տեսաֆիլմեր, մեդիաըթերցարաններ, աուդիոնյութեր, ռադիոպատումներ և այլն։

«Իմացումի հրճվանք» ծրագրի հինգ-վեց տարեկանների խմբում 2016-2017 ուստարում իրականացրել ենք մարզական նախագծեր, որոնց մեջ փորձել ենք ներառել ռոդարիական զինանոցի հնարներից։ Միասին մտածեցինք մարզախաղերի շարք անել, ընդ որում այնպիսի խաղերի, որոնց համար անհրաժեշտ մարզագործիքները ծառայեն ռոդարիաբար՝ կիրառելով այսպիսի մեթոդներ՝ մարզաձևի «աղավաղում», «շուռ տված» խաղագործիքներ, մարմնի մասերի «այլակերպ» կիրառություններ, ինչպես նաև առօրյա գործածական իրեր, որոնք կարելի է գործադրել այլաձև, անսովոր, տարօրինակ։ Ռոդարիական մարզաշարի մեկնարկը տրվեց Արևելյան դպրոցի հարակից մարզադաշտում, ապա տարածվեց նաև թաղամասի տարբեր բակերի մարզադաշտերում։ Մեր ընտրած «ռոդարիկ-գործիքները» դարձան օղակն ու գնդակը, փուչիկն ու խաղալիքը, անձեռոցիկի դատարկ տուփերն ու զուգագուլպաները, ջրի շշերն ու մատիտները։ Փորձեցինք «անձեռք» փուչիկախաղ, ձեռքով փուչիկախաղ, մարզվեցինք․ ցնծությունն ու առաջինը լինելու ցանկությունն անսահման էր: Խաղացինք ձվերի վազք, «գնդակավազք» մարմնի տարբեր մասերի օգնությամբ, բացի ձեռքերից:

Թեև եղան ամպոտ, անձևային օրեր էլ, բայց վեց տարեկաններին եղանակն ամենևին չխանգարեց Ռոդարիին կրկին տանել թաղի հերթական մարզադաշտ: Այս անգամ էլ որպես մարզագույք ծառայեցին նրանց ջրի շշերը և հագուստը: Հրճվանքն անասելի էր, երբ հագան զուգագուլպաները գլխներին և մրցեցին հենց գլուխներով, ապա նաև՝ ձեռքերով և ոտքերով: Բանգլադեշյան ևս մեկ խաղահրապարակ «հյուրընկալեց» Արևելյան դպրոցի վեց տարեկաններին «գրկաբաց». այս անգամ խաղագործիքը անձեռոցիկի դատարկ տուփն էր, որը ծառայեց որպես կոշիկ: Ռոդարիական հնարքներով հերթական մարզախաղերն անցան նաև խմբասենյակում: Փորձեցինք մեր շնչառության ուժը՝ գնդակը օդի արտամղումով շարժել և գցել բաժակի մեջ, ապա՝ ոտքերի և բերանի ուժն ու ճկունությունը՝ գրելով պատին ոտքի մատներով և շրթունքների օգնությամբ։ Կարծում եմ՝ հավես նախագծեր են ստացվել։ Ստեղծականությունն ու երևակայությունը դնելով մարզական խաղերի հիմքում՝ արդյունքում ձեռք բերեցինք, ապա նաև զարգացրինք մի շարք կարողություններ ու հմտություններ՝

  • ինքնուրույնության դրսևորում,
  • սեփական «եսը» զարգացնելու կարողություն,
  • ստեղծագործելու, երևակայելու, հորինելու կարողությունների զարգացում,
  • միջավայրի յուրացում,
  • սեփական շարժումների կառավարում,
  • շարժումների և մտքի ճկունությունն ուղղորդելու հմտությունների զարգացում,
  • գործունեության նախատեսում և իրականացում,
  • որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում,
  • միմյանց զիջելու կարողության զարգացում,
  • թիմով ընդհանուր խաղեր խաղալու կարողությունների զարգացում,
  • սովորողների ֆիզիկական զարգացում և այլն։

Կարծում եմ, որ մարմնակրթությունն այսպիսով վերածվում է մտածողության և մշակույթի, զարգանում են միտքն ու մարմինը․ չէ՞ որ մարմնակրթությամբ զբաղվելը երեխայի առողջ ապրելակերպի պայմաններից մեկն է, մարմինը բազմակողմանի կրթելու անհրաժեշտ ու արժեքավոր միջոցը, որը պիտի լինի շարունակական։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский