Տեսիլքից գործողություն. անհատականացված ուսուցում

Ռեժիսորի, ինչպես նաև դերարարի աշխատանքը միշտ նույնացրել եմ նկարչի աշխատանքի հետ: Դրանք նույնն են. մի տեղ պատկերը կտավի վրա է, մյուս դեպքում՝ հարթակի: Պատճառն այն է, որ երկուսն էլ ունեն զգայական՝ պատկերավոր բնույթ. զգացմունքներն ու պատկերները կազմում են այն հիմնական նյութը, որոնցով աշխատում է ստեղծագործողը: Թատրոնում էլ շարժիչը մարդու հույզերն ու զգացմունքներն են: Դա կարող է լինել երաժշտություն լսելիս, ֆիլմ դիտելիս, որևէ ստեղծագործություն ընթերցելիս, ինչ-որ երևույթի ականատես դառնալիս…. հանկարծ տեսիլք եմ ունենում, իմ երևակայության մեջ արթնանում են էսքիզներ, պատկերներ, և ես անմիջապես ցանկանում եմ պատմել այդ ամենը իմ սովորողներին, հանդիսատեսին: Նույն կերպ փորձում եմ նրանց սովորեցնել տեսնել, տեսնե՛լ երևույթը, ապա նայել, տեսնել իրենց ներսը, զգալ, ճանաչել ազդակը: Ստեղծագործական պահը՝ գործունեությունը, հիմնականում կրում է անգիտակցական բնույթ, ինչպես նաև առանձնանում է ազատության բարձրագույն աստիճանով. ըստ էության, ռեժիսորի աշխատանքը՝գործունեությունը, իրենից երևակայական խաղ է ներկայացնում, հույզերի, զգացմունքների, պատկերների, գույների, տեքստի խաղ, որի նպատակը մարդկանց վրա հուզական առանձնահատուկ ազդեցություն թողնելն է, ուզում ես, որ նրանք իրենց հետ այդ երազը տանեն:

Անշուշտ, ունեմ սկզբունքներ. դրանք լավ թե վատ իմ ստեղծագործական մոտեցումներն են: Շատ կարևոր է ժամանակի զարկերակը պահել: Դրա համար հետևում եմ նաև կյանքից եկող իմպուլսներին:

Ընտրում ենք գրական նյութը, սովորողների հետ երկխոսության միջոցով հասկանում, քննարկում, զուգահեռներ գտնում: Մի քանի պարապմունք միայն ընթերցում ենք, աշխատում տեքստի հետ՝ շունչ, ձայն, ինտոնացիա, կետադրություն: Հաջորդ փուլը իմ հարցերն են, որոնք պետք է օգնեն դերը, տեսարանը կառուցելուն: Սկսում եմ դրանք ուղղել իմ սովորողներին. «Ո՞վ էիր, ի՞նչ տեսար, որտե՞ղ էիր, ի՞նչ էր կատարվում, ինչպե՞ս էիր հագնված, ինչպե՞ս էիր քայլում, ինչպե՞ս էիր խոսում և, որ ամենագլխավորն է, ի՞նչ էիր թաքցնում, քանի որ հենց գտնում ենք այդ հարցի պատասխանը, պարզում ենք մնացած հարցերը: Դժվար, բայց սովորողների համար հետաքրքիր, արկածային մի ճամփորդություն: Տեսարանը կառուցում ենք ասոցիացաների, զգացմունքների, հոգեբանական հարցադրումների՝ հոգեվերլուծության, տեսիլքի վրա:

Թատրոնում ընտրված գրականությունն է թելադրում ասելիքը: Շատ հաճախ նյութից է բխում բեմադրության խորքային, տպավորիչ լինելը: Աշխատանքը բեմադրության վրա հոգեկան լուրջ ընթացք է, այն շատ նման է աղոթքի, անկեղծ, ինչպես երկխոսությունը  արարչի հետ: Դա ծնունդ տալու պես աստվածային մի պահ է:

2016-2017թթ սովորողների հեղինակած տեքստերի վրա ստեղծվեցին մոնոներկայացումներ: Կազմվեց մոնոներկայացումների մի շարք. որից երկուսը հանձնել ենք հանդիսատեսի դատին: Թռիչքային մի նախագիծ, որ տվեց իր դրական արդյունքները:

Առաջին փորձը Արփի Սահակյանի հետ էր՝ «Հոգիս» մոնոներկայացմամբ: Հաջող էր….: Սովորող-դասավանդող սինթեզի, համագործակցության արդյունքում գործունեությունը կայացավ:

Արդյունքում սովորողը ձեռք է բերում մի շարք կարևոր հմտություններ, որակներ՝

Որպես նախագիծը համակարգող, դասավանդող՝ իմ դերը միայն ու միայն ոգեղենություն փոխանցելն է, տալ, ոգևորել, օգնել, նպաստել, ինչը սիրով եմ անում: Բոլոր փուլերը, գրական նյութի ընտրությունից մինչև հանձնում, անցնում է առանց լարման, սիրո և ներդաշնակ մթնոլորտում: Միաժամանակ մի քանի նախագծեր են ընթանում, բայց բոլորն ունեն իրենց տեղը, դերը, ժամանակը, քննարկման փուլը:  Ուսուցումը չի ավարտվում դպրոցի սահմաններում. ժամանակակից տեխնոլոգիաները տալիս են հնարավորություն, որ դրանք շարունակվեն նաև տանը: 

Արփիի մոնոներկայացումից հետո հաջորդ փորձարարական քայլը «Արդ,  քանզի խոսել սկսեցի քեզ հետ» ներկայացումն էր: Ինչո՞վ էր փորձարարական: Դասավանդելով յոթ տարի կրթահամալիրում՝ միայն այդ անգամ հանդգնեցի սովորողների հետ նույն հարթակում հանդես գալ: Արդեն պատմել եմ՝ որն էր պատճառը, բայց երևի հենց այդպես էլ պետք է լիներ: Ինչո՞ւ, որովհետև այդ հարթակն էր, որ ավելի տեսանելի դարձրեց սովորողների հույզերը, ապրումները և ավելի ամրապնդեց սովորող-ուսուցիչ կապը: Ցանկացած բարդություն, խոչընդոտ կարելի է հաղթահարել միայն իրական շփման միջոցով:

Լինելով գերզգայուն տեսակ՝ ցանկացած նյութ բեմադրելիս ինձ համար պատկերը ոգեղենանում է. բեմը, իրերը սկսում են շնչել, խոսել, զգալ, ինչն էլ փոխանցվում է սովորողին: Փորձերը լավագույն ուսումնական արդյունքներն են. այդտեղ ես զգում և համոզվում՝ փոխանցե՞լ ես, սովորողդ կրո՞ւմ է, թե՞ ոչ: Զարմանալի ապրում է, երբ փորձից փորձ տեսնում ես, թե ինչպես են սկսել նկատել դետալները, խոսքի արտասանման մեջ ուղղել իրենց սխալները, երբեմն անգամ ծիծաղով, հումորով ընդգծել դրանք:

«Արդ, քանզի սկսեցի խոսել քեզ հետ» Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության հիման վրա կառուցված ներկայացումը սիմվոլիկայի ժանրում էր: ժանրը բարդ էր. սիմվոլների հետ հարաբերվելու համար պետք է նախ դրանք ճանաչել, հավատալ դրանց և հավատացնել: Սովորողների առաջին արձագանքը ծիծաղն էր, շփոթը…. ի՞նչ է ուզում մեզնից ընկեր Քնարիկը: Ընթացքը, յուրացումը, շարժումը միասին ստեղծելը, այդ տեսիլքով, կոնցեպցիայով վարակվելը, ապրելը, դեպի ներս հայացքը տպավորիչ փուլ էր:

Հայացքը, սիմվոլիկայի միջոցով երևութականը աներևույթին միաձուլելը, պոետական, աստվածային տեսիլքը ներկայացնելն էր Այսպիսով, բեմի վրա օրգանապես ներդաշնակ էին տեքստը, գործողությունը, դերարար սովորողը, սիմվոլը և միջավայրը: Առանց այդ սրբազան պահի, հանձնման օրը հանդիսատեսը չէր ունենա հավատընծա տպավորությունը:

Հաջորդ հաշվետվությունը նոր սովորողներով «Երգ երգոց. Վահան Տերյանն» էր: Գրական կոմպոզիցիայի հիմնական աշխատանքը տեքստային էր: Այն և՛ մտվոր էր, և՛ զգայական, և՛ տեխնիկական: Ստեղծված պատկերները սովորողների զգացմունքների հայելին են:

Սովորողների զգայական, ապրումակցման դաշտը ակնհայտ տեսանելի էր դարձել. բառի գործողությունը, հոգեբանական դադարը, տեմպառիթմը, ժեստը տեղ-տեղ առանց իմ միջնորդության էին զգում, միմյանց ուղղում: Տվյալ կոմպոզիցիայի մեջ սովորողները յուրացրեցին գրական խոսքի մեկնման հմտությունները:

Նորից պետք է անդրադառնամ մոնոներկայացմանը. այս անգամ նյութը Դիանա Տատինցյանինն էր, այնուհետև որպես էքսպերիմենտ միացրեցինք նաև Հովիկ Կեոկչերյանի «Բղավում եմ հուշեր» ստեղծագործությունը: Նախ՝ ասեմ, սովորողների ընտրությամբ թատրոնի խումբ Դիանային բերել էր, ինչպես ինքն է ասում, իմ աուրան, լույսը:

Դա արդեն պատմում է իր մասին, որ զգայուն տեսակ է, և իր կողմից արձանագրված ու գրառած տողերն էլ պետք է հետաքրքիր լինեին: Երկու հեղինակների տեքստերի միաձուլումից հետո երկար ժամանակ բեմադրման լուծումներ էինք որոնում: Մի շարք հետաքրքիր լուծումներ ընտրելուց, փորձելուց հետո, կանգնեցինք մի լուսանկարի վրա, որը շատ գրավեց Դիանային: Մոնոներկայացումը Դիանայինն էր: Ինչպես վերը նշեցի, ես միայն ուղղորդում եմ. սովորողի ստեղծական ազատությունը անկաշկանդ պետք է լինի: Ներկայացումը պետք է կայանար Գեղարվեստի առաջին հարկում՝ մեծ նկուղում, որն այսուհետ ստացավ «Ընդհատակ» ակումբ անվանումը և «Ներսս» մոնոներկայացմամբ ազդարարեց «Նոր Գեղարվեստ»-ի բացումը:

Օրեր շարունակ Դիանան իր ընկերները՝ սովորող և դասավանդող, մաքրեցին, կարգի բերեցին ակումբը, որպեսզի ներկայացումը ավելի ներկայանալի միջավայրում լինի: Ներկայանալի՝ կոկիկության մակարդակում, իսկ հարթակը, որն ընտրված էր, դուրս էր բոլոր շրջանակներից, դոգմաներից, ֆորմաներից և պայմանականություններից: Կրկին խոսում էր սիմվոլիկան, որի հիմքը գրական նյութն էր: Համագործակցումը, աջակցությունը, հարաբերությունները, ինքնակրթությունը, քննարկման արվեստը այն անոթներն են, որոնք սնում են թատրոն-լաբորատորիայի մարմինը: Ամեն սովորող մի գույն է և պետք է լինի իր տեղում, պետք է ներդաշնակ հարաբերության մեջ գտնվի մյուս գույների՝ սովորողների հետ: Պետք է սովորողներին ճիշտ զգալ, մոտենալ անհատապես, ճիշտ հնչեցնել նրանց գույները՝ ասելիքը, քանի որ նրանց աշխարհն ինքնին մի մեծ սիմֆոնիա է:

Հիմա աշխատում եմ երկու մոնոներկայացման վրա՝ Հ. Իբսենի «Տիկնիկների տունը» («Նորա») և Ժ. Կոկտոյի «Ձայն մարդկային»: Աշխատանքային սկզբունքները նույնն են, միջավայրը ևս, իսկ հարթակը հունիսյան ամենամյա թատերական փառատոնն է:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский