Ինչ-որ բան դառնում ենք: Բայց այդքան էլ չենք փոխվում:
Primary tabs
«Դպրոցական տառապանք»
21.
Կարճ ասած, մենք ինչ- որ բան դառնում ենք: Բայց այդքան էլ չենք փոխվում:
Մնում ենք այն, ինչ որ կանք: Եվ ահա հենց այս երկրորդ հատվածի ավարտին ես սկսում եմ կասկածել, կասկածել այս գրքիս անհրաժեշտությանը. արդյո՞ք ես ունակ էի այն գրելու, կասկած ինքս իմ նկատմամբ, կասկած, որը շուտով ծաղրական նկատառումներով կծավալվի ողջ աշխատանքիս և կյանքիս վրա: Չարորակ ուռուցքի նման աճող կասկած: Այդպիսի բան ինձ հետ հաճախ է պատահում:
Եվ չնայած այդ նոպաները ծույլիկությանս թողած ժառանգությունն են, ես դրանց ոչ մի կերպ չեմ հարմարվում: Մարդ միշտ կասկածում է առաջին անգամ, իսկ ահա իմ կասկածը կործանարար բնույթ ունի: Այն ինձ մղում է դեպի իմ բնական հակումը: Ես դիմադրում եմ, բայց օրըստօրե դառնում եմ նորից այն նույն վատ սովորող աշակերտը, որի մասին փորձում եմ գրել: Այդ ախտանիշները լիովին համապատասխանում են տասներեք տարեկանում ունեցածներիս՝ երազկոտություն, թափթփվածություն, ցրվածություն, մելամաղձություն, նևրոզ, սեփական անհաջողությունների մռայլ վայելում, տրամադրության անկում, ողբ և վերջապես համակարգիչի էկրանի առաջ, ինչպես այն ժամանակ՝ տնային հանձնարարության կամ ստուգողական աշխատանքի առաջ շշմած, նստած վիճակ: «Ես այստեղ եմ, ես ոչ մի տեղ չեմ գնացել»,- ծիծաղում է ծույլիկը: Ես վեր եմ բարցրացնում աչքերս: Հայացքս կանգ է առնում հյուսիսային Վերկորին: Հորիզոնում ո՛չ մի տուն, ո՛չ մի ճանապարհ, ո՛չ ոք չկա:
Քարքարոտ դաշտեր՝ ցածր լեռներով շրջապատված, որտեղ ամենուր տարածվում էին հաճարենիները անաղմուկ փետրափնջերի նման: Եվ այս ողջ դատարկության վրա սպառնալիքի անսահման մեծ ամպ էր կախված: Տե՜ր Աստված, որքան եմ ես սիրում այս պատկերը: Իրականում սա հենց այն աքսորն էր, որի մասին ես խնդրում էի ծնողներիս: Սա այն հորիզոնն է, որի շրջանակներում ոչ ոք ուրիշ մեկին բացտրություն չի տալիս: (Թերևս միայն այս փոքրիկ ճագարը փոքրիկ ճուռակի առաջ, որ նրա վրա ակնհայտորեն աչք ունի): Անապատում սատանան չէ, որ փորձության է ենթարկում, ոչ։ Անապատն ինքն է փորձության ենթարկում աշխարհում ամեն ինչ թողնել հեռանալու հնարավորությամբ: Փորձություն, որը բնական է բոլոր լքվածների համար:
Լավ, վերջ։
Հերիք է հիմար բաներ դուրս տաս։
Գործի՛ անցիր:
22.
Եվ գործի եմ անցնում։ Տող տողի հետևից շարունակում ենք ինչ-որ կամ ինչ-որ մեկը բան դառնալ այս գրքի հետ միասին, որը գրում եմ: Մենք ինչ-որ բան դառնում ենք: Մեկս՝ շուտ, մեկս՝ ուշ։
Հազվադեպ է պատահում այնպես, ինչպես մենք ենք որոշում, բայց մի բան հաստատ է. մենք ինչ-որ մի բան դառնում ենք:
Անցյալ շաբաթ, կինոթատրոնից դուրս գալիս, մի փոքրիկ աղջնակ՝ ինը- տասը տարեկան, շնչակտուր հասնում է ինձ.
– Պար՛ոն, պարո՛ն:
Ի՞նչ է պատահել: Հո հովանոցս չե՞մ մոռացել դահլիճում: Լայն ժպիտը դեմքին՝ փոքրիկը մատով ցույց է տալիս մի մարդու, որը փողոցի մյուս կողմից մեզ էր նայում:
– Պարո՛ն, նա իմ պապիկն է:
Պապիկը, մի փոքր շփոթված, ողջունում է ինձ:
- Նա ամաչում է ձեզ բարևելուց, բայց դուք եղել եք նրա ուսուցիչը:
Գրողը տանի, պապի՜կ: Ես եղել եմ նրա պապիկի ուսուցիչը…
է՛հ, այո՛, այսպիսով մեզնից ինչ-որ բան դուրս է գալիս:
Չորրորդ դասարանում բաժանվում եք մի հիմար աղջնակից, որը իրեն հենց այդպիսին էլ համարում էր («Ի՜նչ հիմար էի ես »)։ Իսկ քսան տարի անց Այաչո փողոցում ձայն է տալիս ուրախությունից փայլող դեմքով մի երտասարդ կին՝ բացօթյա սրճարանում նստած.
– Պարո՛ն, «Մի դիպչեք անցնող կավալերի ուսին»:
Դուք կանգ եք առնում, շրջվում եք, երիտասարդ կինը ձեզ ժպտում է, և դուք արտասանում եք Սյուպերվիելի «Ծառուղի» բանաստեղծության շարունակությունը, որն, ըստ երևույթին, երկուսիդ էլ ծանոթ է:
Քանզի նա հետ կգա,
Ու քեզ գիշեր կբերի՝
Անաստղ ու առանց ամպի
մի՜ կաթիլի…
Նա քրքջում է և հարցնում.
Այդ դեպքում՝ ի՞նչ կպատահի ողջ երկնքի,
Լուսնի լույսի
Եվ արևի ջերմության հետ...
Եվ դուք պատասխանում եք այդ կնոջ ժպիտի մեջ հայտնված այն կամակոր աղջնակին, որին մի ժամանակ ստիպում էիք անգիր սովորել այս բանաստեղծությունը:
Կսպասեն այնքան, մինչև որ մի ուրիշ ասպետ՝
Այնքան ուժեղ, որքան առաջինը,
Կհամաձայնի անցնել այդտեղով:
Փարիզում ընկերներիս հետ սրճարանում զրուցում եմ: Սեղանի մոտ նստած տղամարդը ուշադիր նայում է ինձ և մատով ինձ է ցույց տալիս: Ես նայում եմ նրան և հայացքով հարցնում, թե ինչ է նրան հարկավոր: Եվ նա ինձ դիմում է մի անունով, բայց ոչ իմ անունով.
– Դոն Սեգունդո Սոմբրա:
Եվ դրանով ստիպում է ինձ գլխապտույտ արագությամբ թռիչք կատարել դեպի անցյալը:
– Դու, դու սովորել ես ինձ մոտ 1982-ին: Հինգերորդ դասարանում:
– Ճիշտ այդպես, պարոն: Եվ հենց այդ տարի էլ դուք մեզ համար կարդացիք արգենտինացի գրող Ռիկարդո Գիրալդեսի «Դոն Սեգունդո Սոմբրա» վեպը:
Ես չեմ հիշում այս պատհաբար հանդիպած աշակերտներիս ազգանուները, նույնիսկ նրանց դեմքերը, բայց բանաստեղծության հենց առաջին տողից, նշած գրքի հենց առաջին վերնագրից, կոնկրետ դասի մասին արված առաջին մեջբերումից, ինչ-որ մի բան վերականգնվում է այն պատանու մասին, որը չէր ուզում կարդալ կամ էլ այն փոքրիկ աղջնակի մասին, որը պնդում էր, որ ոչինչ չի հասկանում։ Եվ այդ ժամանակ նրանց հիշում եմ այնքան հստակ, որքան Սյուպերվիելի բանաստեղծությունը կամ Սեգունդո Սոմբրայի անունը, որոնք, չգիտես ինչու, չեն ենթարկվել ժամանակի քայքայիչ ազդեցությանը: Նրանք մնում են՝ միաժամանակ և՛ այն վախեցած աղջնակը, և՛ այն կինը, որն իր սերունդի վառ ներկայացուցիչն է, և՛ այն համառ տղան, և՛ այն զինվորական օդաչուն, որը ավտոպիլոտով օվկիանոսների վրայով թռչելիս կարդում էր:
Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մարդ համոզվում է, որ նոր կյանք է սկսվել, այնքան անկանխատեսելի, որքան ամպի ձևը:
Միայն չերևակայեք, թե դուք ուսուցիչ դառնալով ազդել եք այդ ճակատագրերի վրա: Ես նայում եմ գրպանի ժամացույցիս, որն ինձ կինս՝ Մինան էր նվիրել վաղուց անցած տարեդարձիս, և որից ես երբեք չեմ բաժանվում: Այս տեսակի կափարիչով ժամացույցներն անվանում են գրպանի ժամացույց: Ուրեմն, ես նայում եմ գրպանի ժամացույցիս և ահա սահում եմ տասնհինգ տարի հետ՝ լիցեյ H, սենյակ F, որտեղ ես հսկում եմ, թե ինչպես են առաջին և ավարտական դասարանի վաթսուն աշակերտ կատարյալ լռության մեջ տքնում իրենց ապագայի վրա: Բոլորը ջանասիրաբար գրում են, բացի իմ աջ կողմում երրորդ թե չորրորդ շարքում հենց պատուհանի մոտ նստած Էմանուելից: Կուսական մաքուր թղթի առաջ նստած՝ Էմանուելը սավառնում էր ինչ- որ տեղ: Մեր հայացքները խաչվեցին: Իմ հայացքը բավականին արտահայտիչ է. «Հը՞: Բան չկա՞։ Գուցե սկսե՞ս»: Էմանուելը ինձ նշան է անում, որ մոտենամ: Նա սովորել է ինձ մոտ երկու տարի առաջ: Խորամանկ, ակտիվ, ծույլ, հնարամիտ, զվարճասեր և համարձակ էր: Եվ ահա՝ կուսական մաքուր, սպիտակ թուղթ: Ես փորձում եմ մոտենալ, որպեսզի հանդիմանեմ նրան, բայց վերջինս անմիջապես ընդհատում է ըստ արժանվույն հորդող նախատինքներիս շարքը՝ ծանր հոգոցով շշնջալով.
- Պարո՜ն, եթե իմանաիք, թե ոնց եմ այս ամենից ձանձրացել:
Ի՞նչ անես նման աշակերտի հետ: Սպանե՞ս տեղում: Պահը հարմար չէ, և այդ պատճառով ես միայն հարցնում եմ.
– Կարելի՞ է իմանալ՝ ինչից չես ձանձրանում:
- Սրանից,- պատասխանում է՝ վերադարձնելով ինձ գրպանի ժամացույցս, որը նա քիչ առաջ աննկատ թռցրել էր:
– Եվ սրանից,- ավելացնում է՝ վերադարձնելով ինձ գրիչս։
– Գրպանահա՞տ ես ուզում դառնալ: Դու գրպանահատ ես ուզում դառնա՞լ:
– Աճպարար, պարո՛ն:
Նա հենց աճպարար էլ դարձավ, ազնիվ խոսք, նույնիսկ նշանավոր, և ես դրանում ոչ մի ներդրում չունեմ:
Այո, երբեմն այնպես է պատահում, որ մեր ծրագրերը, կոչումները իրականանում են, իսկ ապագան պահում է իր տված խոստումները:
Ընկերներիցս մեկը ինձ ռեստորան է հրավիրում և վստահեցնում, որ ինձ այնտեղ անակնկալ է սպասում: Գնում եմ: Մեծ անակնկալ էր: Ռեմին էր՝ ռեստորոնի շեֆ խոհարարը: Մեկ ու ութսուն հասակով, խոհարարի սպիտակ գլխարկով բավականին տպավորիչ էր: Սկզբում նրան չէի հիշում, բայց թարմացրեց հիշողությունս՝ դիմացս դնելով քսանհինգ տարի առաջ իր գրած և իմ ստուգած շարադրությունը:
Քսան հնարավորից տասներեք միավոր։ Թեման՝ «Ինչպիսին կլինեմ ես քառասուն տարեկանում»: Ահա իմ առջև կանգնած է քառասունամյա մի տղամարդ՝ ժպտերես և մի փոքր վախեցած իր ծեր ուսուցչի ներկայությունից, նա հենց այն տղամարդն է, որին իր շարադրության մեջ նկարագրել էր այն ժամանակվա տղան. շեֆ խոհարար այն ռեստորանում, որի խոհանոցը նա համեմատում էր անդրատլանտյան մարդատար նավի շարժիչի սենյակի հետ: Ստուգողը գնահատել էր կարմիր գրիչով և ցանկություն էր հայտնել մի օր նստելու այդ ռեստորանի սեղանի շուրջը:
Նման իրավիճակում դուք չեք ափսոսում, որ հենց այն նույն ուսուցիչն եք եղել, և որը հիմա այլևս չեք: Մենք դառնում ենք, ինչ-որ մի բան դառնում ենք մեր հնարավորությունների շրջանակում, և ինչ- որ մի բան դառնալով՝ մի օր կրկին հանդիպում ենք: Օրինակ՝ Իզաբելլը, որին ես անցյալ շաբաթ հանդիպեցի թատրոնում, գրեթե քառասուն տարեկան լինելով՝ զարմանալիորեն նման էր այն տասնվեցամյա աղջնակին, որին ես դասավանդել եմ: Նա հայտնվեց իմ դասարանում դպրոցից երկրորդ անգամ հեռացվելուց հետո: («Երկու հեռացում երեք տարում»): Ներկայումս խելացի ժպիտով լոգոպեդ է:
Նա էլ մյուսների պես ինձ հարցնում է՝ հիշո՞ւմ եք այսինչին կամ այնինչին:
Ափսո՜ս, իմ աշակերտներ, անիծյալ հիշողությունս հրաժարվում է մտապահել հատուկ անունները: Այն մեծատառերը, որոնցով դրանք սկսվում են, առաջվա պես անհաղթահարելի խոչընդոտ են։ Ամառային արձակուրդի ընթացքում արդեն իսկ մոռանում էի ձեր ազգանունների մեծ մասը, իսկ այս դեպքում արդեն տարիներ են անցել: Բա ի՞նչ եք ուզում: Ուղեղս ենթարկվում է մի տեսակ մշտադատարկման, որի արդյունքում, բացի ձեր ազգանուններից, ջնջվում են նաև գրողների անուները, գրքերի վերնագրերը, որոնք կարդում էի, ֆիլմերի անվանումները, որ ես դիտում էի, քաղաքները, որ այցելում էի, գինիները, որոնք խմում էի: Սա բնավ չի նշանակում, որ ես ձեզ մոռացության եմ մատնում: Հերիք է՝ ընդամենը հինգ րոպե կրկին ձեզ նայեմ, և Ռեմիի վստահող դեմքը, Նադիայի բուռն ծիծաղը, Էմանուելի խորամանկ հայացքը, Քրիստիանի մտախոհ սիրալիրությունը, Ակսելի կենսուրախությունը, Արթուրի չօքսիդացող լավ տրամադրությունը ինձ հանդիպած նախկին աշակերտ-տղամարդու կամ կնոջ մեջ կարթնացնի նրանց նախկին ուսուցչի՝ ճանաչելու հաճույքը: Այսօր ես կարող եմ ձեզ խոստովանել, որ ձեր հիշողությունը միշտ էլ ավելի կենդանի և հուսալի է եղել, քան իմը, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք միասին սովորում էինք շաբաթվա տեքստերը, որոնք մենք պետք է կարողանայինք իրար ասել տարվա ցանկացած պահի: Միջին հաշվով մի երեսուն տարատեսակ տեքստ. և Իզաբելլը հպարտությամբ հայտարարում է.
– Ես ոչ մեկը չեմ մոռացել, պարո՛ն։
– Կարծում եմ՝ ունեիր նախընտրելիները:
– Այո՛, օրինակ՝ այս մեկը, որի մասին դուք դեռ այն ժամանակ ասում էիք, որ մենք այն ունակ կլինենք հասկանալու վաթսուն տարուց:
Եվ նա սկսում է արտասանել այս տեքստը, որը միանգամայն հարմար է «Մի բան դառնալ» գլուխը ավարտելու համար:
Պապս սովորություն ուներ ասելու՝ կյանքը զարմանալիորեն կարճ է: Հուշերումս այն հիմա այնպես է խտացել, որ դժվարանում եմ հասկանալ, օրինակ, թե ինչպես երիտասարդ տղան կարող էր վճռել ձիով գնալ մոտակա գյուղը՝ չվախենալով, որ եթե դժբախտ պատահարները չհաշվենք էլ, հենց սովորական, երջանկությամբ հոսող կյանքի ժամանակն էլ շատ քիչ է այդ ուղևորության համար:
Իզաբելլը մի տեսակ խոնարհումով հայտնում է հեղինակի անունը՝ Ֆ. Կաֆկա: Եվ հստակեցնում է.
– Ձեր սիրած՝ Վիալատայի թարգմանությամբ:
Թարգմանություն ֆրանսերենից
Լուսանկարը՝ «Սեբաստացի» TV-ի
- Բացվել է 1439 անգամ