Կապ, որ փոխում է կյանքը

Հեղինակ: 

Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

8-րդ գլուխ

Սկիզբը
Նախորդ հատվածը

Օգնություն

Հիվանդանալով պոլիոմելիտով՝ ես սկսեցի հաճախել հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոց: Այդ ժամանակ Բրիտանիայում ընդունված կարգ էր. կրթական մարմինները բոլոր հաշմանդամ երեխաներին սովորական պետական դպրոցներից տեղափոխում էին նմանատիպ հատուկ դպրոցներ: Հինգ տարեկան հասակում ես ստիպված էի հատուկ ավտոբուսով ամբողջ Լիվերպուլը անցնելով մեր թաղամասից հասնել փոքրիկ մի դպրոց, որը գտնվում էր բավականին հարուստ թաղամասում: Մարգարետ Բիվենի դպրոցում սովորում էր հինգից մինչև տասնհինգ տարեկան մոտ հարյուր երեխա: Նրանք բոլորն ունեին տարբեր հիվանդություններ՝ պոլիոմելիտ, մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, ասթմա կամ հիդրոցեֆալիա, ինչպես այդ դպրոցի իմ լավագույն ընկերներից մեկը:

Մենք առանձնապես չէինք զգում միմյանց ֆիզիկական թերությունները, չնայած շատերը օրթոպեդիկ սարքերով էին, օգտագործում էին հենակներ կամ շարժվում էին հաշմանդամի սայլակներով: Նման միջավայրում մեզնից յուրաքանչյուրի հաշմանդամության պատճառը մեծ նշանակություն չուներ: Ինչպես սովորական երեխաները, մենք էլ ընկերական հարաբերություններ էինք հաստատում՝ ելնելով միմյանց անհատական որակներից: Իմ դասընկերներից մեկը տառապում էր ուղեղի կաթվածից և մկանային նկատելի ձգվածությունից:

Ձեռքերը չէին ենթարկվում իրեն, և խոսում էր մեծագույն դժվարությամբ: Միակ միջոցը, որով նրան հաջողվում էր գրել, սա էր՝ նա մատիտը սեղմում էր ոտքերի մատերով և ոտքը դնում նստարանին: Չնայած իր թերությանը՝ նա աշխույժ և զվարճալի տղա էր, պետք էր միայն ընտելանալ խոսակցության ընթացքում նրա լարված ջանքերին և սովորել հասկանալ խոսքը: Ես սիրում էի ժամանակն անցկացնել դպրոցում: Ի դեպ, իմ մանկական ուրախությունները և տխրությունները նույնն էին, ինչպես «նորմալ» դպրոցներից իմ եղբայրներինը և քույրերինը: Ու եթե բանը դրան է հասել, ես սիրում էի իմ դպրոցն ավելի, քան իրենք՝ իրենցը:

Մի անգամ, երբ ես տասը տարեկան էի, մեր դասին եկավ մի անծանոթ՝ բարի դեմքով ու գրագետ խոսքով, լավ հագնված մի տղամարդ: Որոշ ժամանակ նա զրուցում էր մեր ուսուցիչների հետ, որոնք իմ կարծիքով, նրան վերաբերվում էին լրջորեն ու հարգանքով: Հետո մեր հյուրը սկսեց շրջել դասասենյակում և խոսել երեխաների հետ. սենյակում մենք մի դյուժին էինք: Հիշում եմ, որ ես էլ մի փոքր խոսեցի նրա հետ, և շուտով անծանոթը գնաց:

Ստույգ չեմ հիշում, բայց կարծես թե մեկ կամ երկու օր անց ինձ կանչեցին տնօրենի սենյակ: Ես թակեցի, դռան հետևից ձայնն ինձ ներս հրավիրեց: Սենյակում՝ տնօրենի կողքին, ես տեսա այն նույն մարդուն, որ եկել էր մեր դասին: Նա ներկայացավ որպես պարոն Ստրաֆորդ: Ավելի ուշ ես իմացա, որ նա Մեծ Բրիտանիայի պետական գործունեության խմբի անդամ է՝ Նորին Մեծության դպրոցական տեսուչներից1, որոնց կառավարությունը լիազորել է երկրի դպրոցների կրթության որակի վերաբերյալ ներկայացնել անկախ հաշվետվություններ: Պարոն Ստրաֆորդի իշխանության ներքո Անգլիայի հյուսիս-արևմուտքի հատուկ դպրոցներն էին՝ ներառյալ Լիվերպուլինը:

Կարճատև զրույց ունեցանք, որի ընթացքում պարոն Ստրաֆորդն ինձ տվեց մի քանի ընդհանուր հարցեր այն մասին, թե ինչպես են իմ գործերը դպրոցում, նաև իմ հետաքրքրություններից ու ընտանիքից: Մի քանի օր անց ինձ նորից կանչեցին տնօրենի մոտ: Այս անգամ ես հայտնվեցի ուրիշ սենյակում և հանդիպեցի ուրիշ մարդու, ում հետ զրույցը, ինչպես ավելի ուշ հասկացա, ինտելեկտի գործակցի (IQ) որոշման ընդհանուր թեստ էր: Հստակ հիշում եմ, որովհետև թեստի ժամանակ ես սխալ թույլ տվեցի և շատ մտատանջվեցի: Իմ զրուցակիցը կարդաց մի քանի պնդում և խնդրեց մեկնաբանել: Դրանցից մեկն այսպիսին էր. «Գիտնականները Ամերիկայում գանգ գտան, որն, ինչպես իրենք էին ենթադրում, տասնչորսամյա Քրիստափոր Կոլումբոսինն էր»: Նա հարցրեց, թե ես ինչ եմ մտածում այդ մասին: Ես պատասխանեցի, որ գտածոն չէր կարող լինել Քրիստափոր Կոլումբոսի գանգը, որովհետև նա տասնչորս տարեկանում չի եղել Ամերիկայում:

Դուրս գալով սենյակից՝ ես հանկարծ հասկացա՝ ինչ հիմար պատասխան եմ տվել և վերադարձա, որ  պնդումի խորամանկության հետ կապված ճիշտ պատասխանը տամ: Դռան հետևից լսեցի, որ նա խոսում է ինչ-որ մեկի հետ, և որոշեցի չխանգարել: Հաջորդ օրը տեսա իմ երեկվա զրուցակցին, որ գնում էր մարզահրապարակով, և արդեն լիովին կողմնորոշվել էի, որ պետք է մոտենամ ճիշտ պատասխանն ասելու, բայց վախեցա, որ նա կմտածի, թե ճիշտ պատասխանը երեկոյան ինձ հուշել է հայրս: Մտածեցի, որ իրավիճակն ուղղելը ժամանակի կորուստ է: Հիսուն տարի անց էլ այն դեռ ինձ անհանգստացնում է, չնայած հասկանում եմ, որ վաղուց ժամանակն է մոռանալու այդ մասին:

Ինչպես պարզվեց՝ իմ սխալն էական ազդեցություն չէր ունեցել թեստի արդյունքների վրա: Շուտով դրանից հետո ինձ տեղափոխեցին ուրիշ դասարան, որտեղ սովորում էին ինձանից մի քանի տարով մեծ երեխաներ: Ակնհայտ էր, որ պարոն Ստրաֆորդը պայծառ ինտելեկտ էր տեսել ինձնում, որն իր կարծիքով դպրոցը լիովին չէր զարգացրել և համոզել էր տնօրենին, որ իմ առջև կարելի է դնել ավելի բարդ խնդիրներ, և ես ունեմ հնարավորություն անցնելու թեստը, այդ ժամանակ հայտնի որպես «քննություն տասնմեկերորդցիների համար»:

Այդ ժամանակ Բրիտանիայում հանրակրթական դպրոցները երկու տիպի էին՝ միջնակարգ ժամանակակից և միջնակարգ դասական: Դասական միջնակարգ դպրոցներում առավել հեղինակավոր, ակադեմիական կրթություն էին ստանում: Դրանք հայտնի համալսարաններ և հաջողակ կարիերա տանող ուղիղ ճանապարհներ էին: Միջնակարգ ժամանակակից դպրոցները երեխաներին տալիս էին առավել կիրառական կրթություն, որ արդյունքում կարողանան գերազանցապես զբաղվել ֆիզիկական աշխատանքով: Այս ամբողջ համակարգը ծառայում էր սոցիալ-ինժեներիային և ստեղծված էր, որ ապահովեր Մեծ Բրիտանիայի արդյունաբերության  արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ աշխատուժերի անխափան հոսքը:

«Քննություն տասնմեկերորդցիների համար»-ը  ինտելեկտի գործակցի որոշման թեստերի սերիայից էր: Դրանք նախատեսված էին միջնակարգ դասական դպրոցում հետագա ուսուցմանն անհրաժեշտ ակադեմիական ընդունակությունների բացահայտման համար: Բանվորական ընտանիքի երեխայի համար քննության հաջող հանձնումը սոցիալական և մասնագիտական սանդուղքով բարձրանալու և ողջ կյանքը ձեռքի աշխատանքով զբաղվելուց հնարավորինս խուսափելու հեքիաթային հնարավորություն էր:

Իմ նոր դասարանում ուսուցչուհին պատվելի միսս Յորքն էր՝ քառասունին մոտ միջահասակ կին, բնությամբ՝ բարի, բայց խիստ և պահանջկոտի համբավով: Իմ դպրոցի որոշ ուսուցիչներ մեծ կարծիք չունեին այն մասին, որ մենք կյանքում կարող ենք հասնել ավելիին: Մտածում եմ՝ նրանք ենթադրում էին, որ «հատուկ կրթության» հիմնական նպատակը ավելի շատ հովվերգական-հումանիտար է, քան գործնական-մտավոր: Սակայն միսս Յորքն այդպես չէր մտածում:

Նա իր «հատուկ աշակերտներից» սպասում էր այն նույն արդյունքները, ինչպես մյուսներից. մենք պետք է ջանասիրաբար սովորեինք և մաքսիմալ օգտագործեինք մեր ընդունակությունները: Միսս Յորքն ինձ հետ անհոգնել պարապում էր մաթեմատիկա, անգլերեն, պատմություն և այլ առարկաներ: Ժամանակ առ ժամանակ մարզվելու համար նա ինձ տալիս էր նախորդ տարիների «տասնմեկերորդցիների քննության» նյութերից և դրդում, որ դրանք գերազանց կատարեմ: Բոլոր ուսուցիչներից, որոնց երբևէ հանդիպել եմ, նա է ինձ վրա թողել ամենախոր ազդեցությունը:

Եվ ահա վերջապես թեստավորման օրը եկավ: Իմ այդ փորձությունն անցա մեր շրջանի այլ հատուկ դպրոցների երեխաների խմբի հետ: Մի քանի շաբաթ անց միսս Յորքը, պարոն Ստրաֆորդը և ես իմ ծնողների հետ, այրվելով անհամբերությունից, Լիվերպուլի կրթական կոմիտեից սպասում էինք թեստերի արդյունքներով շագանակագույն ծրարին, որը կարող էր փոխել իմ հետագա ողջ կյանքը: 1961 թվի ամռան սկզբին մի առավոտ մենք լսեցինք փոստարկղի ձայնը, և մայրս վազքով նետվեց առաջ: Խիստ հուզված նա նամակը տարավ փոքր խոհանոց, ուր մենք նախաճաշում էինք և ինձ մեկնեց ծրարը: Խորը շունչ քաշելով ես ծրարից հանեցի ոչ մեծ, ծալված թերթիկ՝ վրան տպագիր տեքստով: Ես անցել էի քննությունը:

Մենք հազիվ էինք հավատում: Տունը լցված էր անսահման ուրախությամբ: Ես ընտանիքի առաջին անդամն էի, որ հանձնել էր այդ քննությունը, և դպրոցի միակ աշակերտը, որ այդ տարի հաջողել էր թեստավորումից: Այդ պահից իմ կյանքը սկսեց զարգանալ բոլորովին այլ ուղղությամբ: Ես դրամաշնորհ ստացա Լիվերպուլի քոլեջ-դպրոցում ուսանելու համար, որը մեր քաղաքի լավագույն դպրոցներից մեկն էր: Ակնթարթորեն հատուկ դպրոցից տեղափոխվեցի կրթական սանդուղքի ավելի բարձր աստիճանի վրա: Հենց այդտեղ սկսեցին ձևավորվել իմ հետաքրքրությունները և ընդունակությունները, որոնք որոշեցին իմ հետագա կյանքը:

Չարլզ Ստրաֆորդը դարձավ մեր ընտանիքի մոտ ընկերը և մեր մարդաշատ ու սովորաբար տենդագին էներգիայով եռացող լիվերպուլյան տան հաճախակի հյուրը: Խորը ու բարեկիրթ մարդ էր՝ մարդկանց օգնելու գաղափարով համակված, որ իրենց արժանի հնարավորությունները գտնեն։ Պրոֆեսիոնալ մանկավարժ, որ սիրում էր գրականություն և դասական երաժշտություն, նվագում լիտավր, երգում երգչախմբում և կազմակերպում երաժշտական խմբերի ելույթները Մերսիսայդում: Չարլզ Ստրաֆորդը նրբաճաշակ էր, հասկանում էր լավ գինուց և կոնյակից, ապրում էր Անգլիայի հյուսիսում գտնվող գեղեցիկ կահավորված առանձնատանը: Երկրորդ համաշխարհային պատերազմին մայորի կոչումով նա մասնակցել է Նորմանդական օպերացիային2: Չարլզ Ստրաֆորդը մի բնակարան էլ Ռանվիլում ուներ՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Կալվադոսի դեպարտամենտում, որտեղ նա դարձել էր տեղական ֆրանսիական համայնքի կենտրոնական դեմքը: Եվ այսօր Ռանվիլի քարտեզի վրա կարելի է գտնել Չարլզ Ստրաֆորդի պատվին կոչված պողոտան: Ուսանողական տարիներին ես բազմիցս եղել եմ նրա տանը և այդ մարդու ջանքերի շնորհիվ ներառվել տեղական հանրությանը, ծանոթանալ ֆրանսիական խոհանոցի բարիքներին և Կալվադոսին, ինչի համար երախտապարտ եմ:

Չարլզ Ստրաֆորդն ինձ համար դարձավ այլ աշխարհի ուղեցույցը: Նրա ակտիվ գործնական օգնությունը թեթևացրեց իմ զարգացման սկիզբը: Նա փաստացիորեն անցավ դարձրեց իմ ուղին երկրորդ մակարդակի հատուկ կրթությունից մինչ այն, ինչը  դարձավ իմ ամբողջ կյանքի կիրքը՝ աշխատանք լայնամասշտաբ կրթական ռեֆորմի բնագավառում: Այդ մարդն ինձ համար օրինակ դարձավ, նրա շնորհիվ ես սովորեցի ներուժ տեսնել այլ մարդկանց մեջ և ստեղծել հնարավորություններ, որ թույլ կտան դրսևորել նրանց իրական ընդունակությունները: Եթե չհաշվենք իմ ծնողներին, Չարլզ Ստրաֆորդը դարձավ իմ առաջին իսկական մենթորը և իր օրինակով ցուցադրում էր ուսուցչի նշանակությունը և դերը սեփական տարերքը փնտրելու ճանապարհին:

Կապ, որ փոխում է կյանքը

Տարերքը գտնելու համար մեզ հաճախ անհրաժեշտ են այլ մարդկանց առաջնորդությունն ու օգնությունը: Երբեմն նման աջակցություն կարող ենք ստանալ այն մարդուց, որ մեր մեջ տեսնում է այնպիսի մի բան, ինչը մենք էլ չենք նկատում: Հենց այդպես էլ պատահեց Ջիլիան Լինի դեպքում: Երբեմն այդ օգնությունը գալիս է մարդուց, որ նպաստում է դրևորելու մեր լավագույն ընդունակությունները, ինչպես պատահեց Մեգ Ռայանի հետ: Նրա համար այդ մարդը դարձավ Պեգի Ֆուրին: Իմ դեպքում Չարլզ Ստրաֆորդը հասկացավ, որ ես կարող եմ իրականացնել իմ ներուժը միայն այն դեպքում, եթե մանկավարժներն ամբողջ ընթացքում իմ առջև դնեն ավելի ու ավելի բարդ առաջադրանքներ: Եվ նա անհրաժեշտ քայլեր ձեռնարկեց, որ այդպես լինի:

Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ մարդը, որ հետագայում իմ հասուն կյանքի մեծագույն մասի հոգևոր մենթորը կդառնա, նույնպես սովորել է լիվերպուլյան դպրոցներից մեկում, ընդամենը մի քանի մղոն հեռու ինձնից: Ես Թերիին հանդիպեցի մի քանի տարի անց, երբ արդեն երեսուն տարեկան էի և ապրում ու աշխատում էի Լոնդոնում: Ես մի շաբաթով վերադարձել էի Լիվերպուլ, որ մանկավարժների համար դասախոսությունների կուրս անցկացնեի:

Թերին թատրոն էր դասավանդում քաղաքի աղքատ, անապահով թաղամասում: Մեր միջև մի ակնթարթում կապ հաստատվեց, որը բացարձակապես ոչ մի կապ չուներ ո՛չ դասավանդման, ո՛չ կրթության, ո՛չ տարերքի հետ, և այդ ժամանակից մենք միասին էինք: Նա լավագույն հոգևոր մենթորն էր բոլոր նրանցից, ում ես գիտեի, և ոչ միայն ինձ համար, այլ նաև իմ ընտանիքի, մեր ընկերների և շատ գործընկերների: Թերին ենթագիտակցորեն էր զգում մենթորության  ուժն ու կարևորությունը, որովհետև ժամանակին այն շատ կարևոր դեր էր խաղացել իր սեփական կյանքում: Այն ժամանակ, երբ իմ կողքին Չարլզն էր, նրա կողքին էլ փոքր ժամանակ իր մենթորն էր: Ահա, թե ինչպես է նա պատմում այդ մասին:

«Ես հաճախել եմ աղջիկների կաթոլիկ դպրոց, որը միանձնուհիների հովանու ներքո էր՝ հայտնի որպես Գթության քույրեր, և դա հավանաբար բոլոր եղածներից ամենաանհաջող անվանումն էր: Փողոցում ամենուր «ռիթմիկ վաթսունականներն էին», բայց մենք չէինք զբաղվում ռիթմով, մենք շատ աղոթում էինք: Անձամբ ես աղոթում էի, որ փախչեմ: Այն ժամանակ, երբ դարձա տասնյոթ, իմ միակ նպատակը տնից գնալն էր, արվարձանը լքելն ու շուտափույթ Լոնդոնի փայլուն լույսերի մեջ հայտնվելը: Այնտեղից ես պլանավորել էի հասնել Ամերիկա և ամուսնանալ Էլվիս Պրեսլիի հետ:

Իմ կրթությունը խայտառակ ձախողումների շղթա էր, բայց ինձ դուր էր գալիս բեմում խաղալն ու կարդալը: Իսկ դպրոցում սովորելու վերջին տարում առաջին անգամ ունեցա ինձ ներշնչող անգլերենի ուսուցչուհի՝ քույր Մերի Կոլումբան, փոքրիկ երիտասարդ կին, ով կրքոտ սիրում էր մանկավարժությունը և Վիլյամ Եյթսի պոեզիան: Առաջին իսկ պարապմունքին նա ինձ խնդրեց դասարանի առջև բանաստեղծություն կարդալ: Մինչ կարդում էի, ծոծրակիս մազերը շարժվում էին: Մինչ այդ ես չգիտեի ազդեցության ավելի գեղեցիկ և ավելի հզոր ուժ:

Եթե ունենայի երկնային ասեղնագործ շոր՝
Կարված ոսկուց և արծաթից,
Ստեղծված արևածագից և գիշերից,
Ծխից, մշուշից և արծաթից,
Կսփռեի ոտքերիդ տակ,
Բայց աղքատ եմ, ունեմ միայն երազանքներ,
Իմ երազանքները ես կսփռեմ ոտքերիդ տակ,
Մի՛ տրորիր իմ երազանքները:

Առաջին անգամ ես իսկապես ցանկացա իմանալ ավելին և հաջորդող երկու տարիների ընթացքում բացահայտեցի ու ջերմ սիրեցի Դիկենսին, Ֆորստերին, Ուիլֆրեդ Օուենին, Շեքսպիրին և Սինգային: Մեր դասարանը մեծ չէր, և բոլորս ակտիվ աշխատում էինք քույր Մերի Կոլումբայի դասերին: Շնորհիվ այն բանի, որ նա ամեն առիթով խրախուսում էր իմ գրական ստեղծականությունը, ես ամբողջ ուժով ջանալով կարողացա մրցակցել մյուս աշակերտների հետ և փայլել իմ գիտելիքներով:

Սիրած գրքերը իմ առջև բացեցին անսահման հնարավորությունների աշխարհ: Բացի դրանից, ինձ ուղղակի ապշեցրել էր քույր Մերի Կոլումբայի մտածողության աստիճանը: Ի վերջո, նա կաթոլիկ միանձնուհի էր, իսկ մենք նրա դասերին ազատ քննարկում էինք սիրո, սեքսի և օկուլտիզմի հարցեր: Չունեինք արգելված թեմաներ: Ժամերով կարող էինք շոշափել ցանկացած թեմա՝ «Կորիոլանի» էդիպյան կոմպլեքսից մինչ «Հովարդ Էնդի» անհավատարմության պրոբլեմը: Աղջկա համար, որ գրեթե դուրս չէր եկել Լիվերպուլից, դա խենթացնող ազատություն էր:

Այդ հիշարժան տարում ես դարձա իմ ուսուցչի  լավագույն սանը և անգլերենի քննությունից ստացա ամենաբարձր միավորը: Նրա խորհրդով ես քոլեջում շարունակեցի թատրոն  և գրականություն սովորել: Այդ պահից ես երբեք կասկածի տալ չեմ դրել բանավիճելու իմ ընդունակությունները: Գրողների շարքում, ում գրքերը կարդում էինք, ես ընկերներ էի գտնում ողջ կյանքի համար, և գիտեմ, որ առանց իմ հոյակապ ուսուցչուհու մինչ հիմա ես կերազեի Էլվիսի մասին»:

Ավելի հաճախ մենթորներն իրենք են բարենպաստ պահերին հայտնվում մարդկանց կյանքում: Բայց երբեմն, ինչպես տեսանք Էրիկ Դրեկսլերի և Մարվին Մինսկի դեպքում, իրենք ակտիվ մասնակցում են իրենց ուսուցիչների ընտրության հարցում: Ուորեն Բաֆետը, մարդ, ով ինքն է ոգեշնչել միլիոնավորների, իր ուսուցիչն է համարում Բենջամին Գրեմին4 (հայտնի որպես թանկարժեք թղթերի շուկայի վերլուծությունների մեթոդիկայի հայրը):

Կոլումբիայի համալսարանում Գրեմը եղել է Բաֆետի դասավանդողը և երիտասարդ Ուորենը դարձել է միակը, ում անողոք քննողն իր մանկավարժական գործունեության քսաներկու տարվա ընթացքում դրել է ամենաբարձր միավորը, իսկ հետո աշխատանք առաջարկել իր ներդրումային ընկերությունում: Բաֆետը մի քանի տարի աշխատել է Գրեմի ընկերությունում, մինչ կստեղծեր իր սեփականը:

Ռոջեր Լովենստայնն իր գրքում՝ «Buffet: The Making of an American Capitalist», գրում է. «Բեն Գրեմը Բաֆետի առջև բացեց դռները և դա արեց այնպես, որ արձագանք գտավ սկսնակ տնտեսագետի հոգում: Նա Բաֆետին տվեց շուկայի հնարավորությունները հետազոտելու գործիքներ, նաև մոտեցում, որն ավելի էր համապատասխանում իր ուսանողի բնավորությանը: Զինվելով ուսուցիչի մեթոդներով՝ Բաֆետը կարողացավ անտեսել հեղինակությունների կարծիքները և օգտագործել բնածին ընդունակությունները: Ոգեշնչված Գրեմի բնավորությամբ՝ նա կարողացավ մշակել հեղինակային առանձնահատուկ վստահությունը»:

Երգիչ Ռեյ Չարլզը գործունեության բոլորովին այլ բնագավառում շատ մարդկանց համար առաջնորդող աստղ դարձավ շնորհիվ իր երաժշտական հրաշալի տաղանդի և դժվարությունները հաղթահարելու ընդունակության: Ի դեպ, Չարլզի պատմությունն սկսվում է ուսուցչի հետ հանդիպմամբ, որ նրան ցույց տվեց երաժշտության օրհնված աղբյուրը, որը գտնվում է հենց մարդու հոգու խորքում:

WhoMentoredYou.org–ում տեղադրված Harvard Mentoring Project–ի հարցազրույցում Չարլզը հիշում է.«Ուայլի Փիթմանը սիրահարված էր ջազին: Ուալին ապրում էր մեր հարևանությամբ: Ուներ փոքր սրճարան և ունիվերսալ խանութ, որտեղ դաշնամուր կար: Ամեն օր ժամը երկուսին կամ երեքին Ուայլին սկսում էր նվագել: Ընդամենը երեք տարեկան էի և չգիտեմ ինչու ահավոր սիրում էի այդ մարդուն, նրա դաշնամուրը և նրա երաժշտությունը: Նա նվագում էր բուգի-վուգի, և դա հրաշալի էր: Երբ Ուայլին նստում էր նվագելու և սկսում էր նվագել այդ բուգի-բուգին, ես դադարեցնում էի իմ մանկական խաղերը, մոռանում բակի ընկերներիս, գնում խանութ, նստում կողքին ու լսում:

Ժամանակ առ ժամանակ բռունցքներով հարվածում էի ստեղներին և վերջապես Ուայլին ասաց.«Լսի՛ր, փոքրի՛կ, եթե դու այդքան սիրում ես երաժշտությունը, պետք չէ բռունցքներով հարվածել ստեղներին»: Նա գիտեր, թե ես որքան եմ դաշնամուր սիրում, չէ՞ որ առաջին իսկ հնչյուններից  թողնում էի իմ բոլոր մանկական գործերը և գնում նրան լսելու:

Հենց նա էլ սկսեց ինձ սովորեցնել մի մատով պարզ եղանակներ նվագել իր իսկ դաշնամուրի վրա: Այսօր հասկանում եմ, որ Ուայլին կարող էր ասել.«Փոքրի՛կ, գնա՛ այստեղից, մի՞թե չես տեսնում, որ նվագում եմ»: Բայց նա դա չարեց, նա ինձ համար ժամանակ գտավ: Նա սրտով զգաց՝ այս երեխան անհավատալիորեն սիրում է երաժշտությունը, և ես ամեն ինչ կանեմ, որ նա սովորի նվագել»:

Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը 
Լուսանկարի աղբյուրը

1. HMI –Նորին Մեծություն թագուհու տեսչություն, որն OFSTED (the Office for Stаndards in Education)-ի մաս է, պետական կազմակերպություն՝ պատասխանատու Բրիտանիայի հանրակրթական և մասնավոր կրթական կազմակերպությունների աշխատանքի համար:
2. Այլ անվանումներ՝ օպերատիվ գործողություն կամ D-Day -1944 թվի հունիսի 6-ին Նորմանդիայում միացյալ զորքերի տեղակայումը, որ տվել է երկրորդ ֆրոնտի բացման մեկնարկը: Հանդիսանում է խոշորագույն դեսանտային օպերացիան պատմության մեջ (ավելի քան երեք միլիոն մասնակից):  Գործողությունների ժամանակ միացյալ զորքի կորուստը կազմել է 215000 մարդ:
3. Ֆորստերի վեպի էկրանավորումը: Գործողությունները տեղի են ունենում Անգլիայում 20-րդ դարի սկզբին: Սյուժեի հիմքում դասական կոնֆլիկտ է, որի առանցքային հարցն է՝ Ո՞վ կժառանգի Անգլիան:
5. Հայտնի տնտեսագետ, պրոֆեսիոնալ ներդրող: ԱՄՆ-ի թանկարժեք թղթերի շուկայի ներկայացուցիչների շարքում նրան անվանում են «արժեքների հիմքում ներդրման հայր»:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский