IX. Արդեն ոչ երեխա, բայց ոչ էլ պատանի
Primary tabs
Նախկին հրաշամանուկը
Մինչև Թաֆտսի քոլեջն ավարտելը չէի էլ կասկածում, որ ուսման այդ երեք տարիների ընթացքում այդքան ուժ եմ ծախսել: Ես ուժասպառ էի եղել, բայց կանգ առնել և հանգստանալ չէի կարողանում:
Այդ ամռանը ինձ չհաջողվեց ֆիզիկապես կազդուրվել: Յուրաքանչյուր քերծվածք թույլ բորբոքում էր առաջացնում, և մշտապես ոչ բարձր ջերմություն ունեի: Հուզական վիճակս համապատասխանում էր ֆիզիկականին: Ես հասկանում էի, որ մանկությունն ինձ համար ավարտվել էր, քանի որ մոտեցել էի այն տարիքին, երբ մարդու վրա որոշակի պարտականություններ են դրվում, և դա ինձ չէր ուրախացնում: Երբ ավարտվեցին քոլեջում սովորելու վերջին օրերը, և կանգնեցի դեպի անհայտ ապագան առաջին քայլերը կատարելու անհրաժեշտության առջև, ինձ ամբողջովին շփոթված զգացի:
Մի քիչ բավականություն զգացի քոլեջն ավարտելը նշելու օրը, բայց այդ երջանիկ դեպքից հետո մի շարք հարցեր կանգնեցին՝ ինչո՞վ պետք է հետո զբաղվեմ և ի՞նչ հույսեր կարող եմ ունենալ:
Առաջին հարցին մասամբ պատասխանեցի՝ որոշելով սովորել Հարվարդում, որպեսզի բակալավրի աստիճան ստանամ: Բայց հաջողությանս մասին հարցն անպատասխան էր մնում: Չնայած քոլեջն ավարտել էի cum laude[1], բայց չէի ընտրվել «Ֆի Բետա Կապա»[2]-ում. Իմ արդյունքները երկու ձևով կարելի էր մեկնաբանել, և ըստ այդմ էլ ընկերությունում իմ ընտրվելն էլ, չընտրվելն էլ նույն հաջողությամբ կարող էին արդարացվել: Բայց ինձ հասկանալ տվեցին, որ ինձ չընտրելու հիմնական պատճառը կասկածն էր, թե հետագայում այս հրաշամանուկը կարդարացնի իրեն ցուցաբերած պատիվը: Եվ այդ ժամանակ առաջին անգամ գիտակցեցի այն փաստը, որ ինձ համարում էին բնության քմահաճույքը, ու սկսեցի կասկածել, թե ինձ շրջապատողների մի մասը երևի սպասում էր իմ տապալմանը:
Տասնհինգ տարի հետո, երբ ինձ ցուցաբերեցին այն պատիվը, որ մերժել էին քոլեջն ավարտելուց հետո, ես գիտական աշխարհում արդեն հայտնի դեմք էի: Այդ ժամանակ թույլ տալը, որ ինձ ընտրեն ընկերություն, նույնն էր որ գումար դնեիր ձիու վրա, երբ ձիարշավն արդեն ավարտվել էր: Իսկ քոլեջն ավարտելու պահին ինձ ընտրելը կնշանակեր հավատ ցուցաբերել իմ և ապագայիս նկատմամբ, և այդ հավատը կարող էր ինձ համար ուժի աղբյուր լինել: Իմ մեջ միահյուսվել էին մեծ չափի ինքնահավանությունն ու սեփական ուժերի նկատմամբ էլ ավելի մեծ չափի անվստահությունը:
Պետք է ասել, որ ես ոչ մի ակնկալիք չունեի այդ պատվավոր ընկերություններից: Իհարկե, դա Թաֆտսի քոլեջում իմ սեփական փորձի արդյունքն էր, բայց նման ընկերությունների հետ հետագա շփումներս էլ միայն ուժեղացրին իմ վերաբերմունքը դրանց նկատմամբ: Հիմնական բարդությունն այն է, որ երբ պատվավոր աստիճաններ են շնորհվում նման ընկերությունների, իսկ իրականում, համալսարանների կողմից, ճանաչումը երկրորդական է: Նրանք չեն փնտրում ճանաչումի արժանի երիտասարդների, այլ ընդունում են նրանց, որ արդեն ճանաչված են: Այսպիսով հարգանքի բուրգ է առաջանում նրա նկատմամբ, ում արդեն դա ցուցաբերվել է, և հակառակը, թերագնահատում նրա, որ անցյալում ունեցել է միայն որոշակի հաջողություններ, բայց ոչ ճանաչում:
Երբ այս ամենի մասին խոսք է լինում, որոշ բարոյական պարտավորություն եմ զգում: Ես միշտ մտածել եմ կամրջակի մասին, որը ինչ-որ ճանաչում ստանալու համար պետք էր անցնել, և ինձ զայրացնում էին ինձանից մեծերի խիտ, ստվար շարքերը, որոնք արգելք էին հաջողության հասնելու և ինքնավստահություն ձեռք բերելու իմ ճանապարհին: Ահա թե ինչու հետագայում, երբ ճանաչում ունեի, ցանկություն չունեցա երկրորդ անգամ ճանաչվելու պրոցեսի մասնակիցը դառնալու, որը ինձ այդքան հուզում էր երիտասարդ հասակում: Այսպիսով այն, որ ինձ չընդունեցին «Ֆի Բետա Կապա», ամրացրեց իմ կարծիքը, որի հիման վրա ես հեռացա Գիտությունների պետական ակադեմիայից, և պնդեցի, որ ընկերներս ձեռք քաշեն ինձ համար նման պատվավոր տեղ գտնելու իրենց փորձերից: Չի կարելի ասել, թե ես բացարձակապես հետևողական էի այս հարցում, քանի որ մի շարք դեպքերում կոչումներից հրաժարումը դիտարկվում էր ոչ թե որպես ուղղակի անկախության ձգտումը մարդու, ում ցուցադրում են այդ պատիվը, այլ անբարյացակամություն վաստակած գիտական խմբերի հանդեպ, որոնք գիտակցաբար, թե անգիտակցորեն իրենց սեփական անվան համար աջակցություն են փնտրում: Ինչ էլ որ լինի, բայց այսօր էլ իմ արձագանքը նույնն է մնացել, ինչ եղել է քառասուն տարվա ընթացքում, այն է՝ ակադեմիական պարգևները մի լավ բան չեն, և եթե դրա նման ինչ-որ բան կա, նախընտրում եմ դրա հետ գործ չունենալ:
Եվ այսպես, Թաֆտսն ավարտելն ինձ ստիպեց երես առ երես հանդիպել այն բանի ամբողջական գիտակցմանը, որը պետք է հասկանա յուրաքանչյուր հրաշամանուկ՝ նա ցանկալի չէ հասարակության համար: Նա բացահայտորեն չի մերժվում իր հասակակիցների կողմից: Բոլոր երեխաներն էլ կռվում են. և միայն այն ժամանակ, երբ հասնում են այնպիսի տարիքի, որ պետք է սեփական արարքների համար պատասխանատվություն կրեն, նրանք ինչ-որ բան են ձեռք բերում, ինչը նրանց հնարավորություն է տալիս վեր կանգնելու գազանանոցի հասարակական բարքերից: Բայց երբ հրաշամանուկը սկսում է հասկանալ, որ հասարակության մեջ մեծահասակները կասկածանքով են իրեն վերաբերվում, նա վախենում է, որ հասակակիցների մոտ էլ նման կասկածանքի կհանդիպի:
Կա այսպիսի սնահավատություն, և բնորոշ է ոչ միայն Միացյալ Նահանգներին, որ շուտ զարգանալ սկսող երեխան մտավոր կենսական էներգիայի իր պահուստն ամբողջությամբ ծախսում է և դատապարտված է, որ արագ անհաջողակ և միջակ մարդ դառնա, կամ գուցե դառնա մուրացկան և կյանքն ավարտի գժանոցում:
Իմ կյանքի փորձն ինձ համոզում է, որ հրաշամանուկը հուսահատորեն անվստահ է և թերագնահատում է իրեն: Ամեն մի երեխա զգայական պաշտպանվածություն ձեռք բերելու ընթացքում հավատում է իրեն շրջապատող աշխարհի արժեքներին, և հետևաբար սկսում է ապրել, ոչ թե որպես հեղափախական, այլ հակառակը՝ ինչպես կատարյալ պահպանողական: Նա ուզում է հավատալ, որ բարի ու իմաստուն են մեծերը, ումից ինքը կախված է, որպեսզի աշխարհում, որտեղ ապրում է, ամեն ինչ ճիշտ կազմակերպված և հսկողության տակ լինի: Իսկ երբ պարզում է, որ այդպիսին չեն, կանգնում է դատապարտված մենության և աշխարհի մասին, որին նա այլևս ամբողջությամբ չի կարող վստահել, իր սեփական դատողությունները ձևավորելու խնդրի առջև: Հրաշամանուկի այս ապրումները բնորոշ են բոլոր երեխաներին, բայց հրաշամանուկի ապրումներին ավելանում է տառապանքը, որն առաջանում է այն փաստից, որ ինքը կիսով չափ պատկանում է մեծերի աշխարհին, կիսով չափ՝ իրեն շրջապատող երեխաների: Այստեղից հետևում է, որ նա անցնում է զարգացման փուլ, երբ նրա հակամարտությունների զանգվածը զգալիորեն գերազանցում է մյուս երեխաների հակամարտությունները, և, այս պատճառով, հազվադեպ է նա ուրախալի տեսարան լինում
Իմ վաղ տարիներին ես չէի հասկանում, որ հրաշամանուկ եմ: Միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում սովորելու օրերին հազիվ սկսեցի դա գիտակցել, իսկ քոլեջում սովորելու ժամանակ արդեն այդ փաստը ժխտել չէի կարող: Տհաճ հետևանքներից մեկն այն էր, որ ինձ ձանձրացնում էր թղթակիցների ամբոխը, որոնք այրվում էին իմ անդրանիկության իրավունքը[3] տողը մեկ փենսով վաճառելու ցանկությունից: Շուտով ծանոթացա այն աղերսական տոնին, որով համառորեն ինչ-որ մեկի անձնական կյանքը ներխուժող լրագրողը սովորաբար ասում է. «Այս աշխատանքը կունենամ, թե ոչ, կախված է այս հարցազրույցից»:
Ի վերջո իմացա, որ թղթակիցներից ընդհանրապես պետք է խուսափել, և բավականին արագություն և ճարպկություն մշակեցի, որպեսզի կարողանամ խուսափել լրագրողի հետապնդումից քոլեջի տարածքում, իսկ հետո Հարվարդյան հրապարակի ետևի ծառուղով՝ հնարավորություն չտալով նրա գործընկերոջը ինձ որակյալ նկարելու:
Այդ հոդվածների մեծ մասը հայտնվում էր կիրակնօրյա թերթերի հավելվածներում: Դրանք պատկանում էին կարճատև գրականության դասին, որը, մեկ օրով հայտնվելով, վերադառնում է այնտեղ, որտեղից առաջացել է: Նրանք հրահրում էին ուշադրության կենտրոնում լինելու իմ մանկական ցանկությունը, սակայն ծնողներս և ես անձամբ դա հիվանդության աստիճանի հասած ինքնասիրահարվածություն էինք համարում, ինչը և իրականում կար. տհաճ էր ինքս ինձ տեսնելը երկգլխանի հորթի և X կոմսի և ծերացող Y միլիոնատիրոջ կնոջ ավելի կամ պակաս իրական սիրային կապի մասին հոդվածների միջև, տասօրյա փառքով օծված:
Բայց ամենաշատ վնասում էին ավելի լուրջ հոդվածները: Ադինգթոն Բրյուսի հարգալից և շողոքորթ հոդվածները հորս հնարավորություն էին տալիս իմ կրթության մասին միանգամայն անբարենպաստ հոդվածներով ելույթ ունենալու, մինչդեռ մասնագիտական ամսագրում պատահաբար աչքովս ընկած, մանկավարժության տեսաբանի գրած հոդվածն[4] ինձ ներկայացնում էր իմ անշնորհքությունը և հասարակության կողմից մերժվածությունը:
Կարծես հայրս ամսագրերին իմ և կրթությանս մասին հարցազրույց տալու գայթակղության դեմ իմունիտետ չուներ: Այդ հարցազրույցներում նշում էր, որ ես, ըստ էության, միջին կարողություններով երեխա եմ, բայց ինձ բախտ է վիճակվել ուսուցման հիանալի դասընթացով անցնելու: Համարում եմ, որ նա այդպես էր ասում մասամբ այն պատճառով, որ ես փառամոլ չդառնամ, իսկ կիսով չափ էլ դա հորս իրական համոզմունքն էր: Ամեն դեպքում, դա ինձ մոտ ավելի շատ անվստահություն առաջացրեց իմ նկատմամբ, քան ակտիվացրեց իմ կարողությունները, կարծես նորից հորս կողմից հայհոյանքի արժանացա: Կարճ ասած, երկու աշխարհներից, որոնց պատկանում էի, ինձ բաժին էր հասնում միայն ամենավատը:
Ինձ անմիջական վնաս պատճառելով՝ այդ հոդվածները նաև ընդգծում էին այն փաստը, որ մեկուսացվածության զգացողությունը հրաշամանուկին պարտադրվում է նրան շրջապատող հասարակության թաքնված թշնամությունից:
Քոլեջում ուսման ավարտն ինձ ստիպեց քննադատորեն գնահատելու ինքս ինձ և շրջապատող աշխարհում այն դիրքը, որ զբաղեցնում էի: Իմ հոգնատանջ վիճակում այդ գնահատականը շատ տխուր երանգ ստացավ: Կյանքում առաջին անգամ ես գիտակցեցի մահվան փաստը: Ես թերթեցի ապրածս տասնչորս ու կես տարին և փորձեցի մոտավորապես գնահատել, թե ինչպիսին կարող է լինել կյանքս ապագայում, և ինչ կարող եմ ակնկալել իմ ապագա կյանքից: Վեպերը կարդալիս միշտ փորձում էի պարզել հերոսների տարիքը, և քանի տարի էր նրանց մնացել ապրելու, և միշտ կարդում էի հայտնի գրքերի հեղինակների կյանքի մասին՝ փորձելով պարզել, թե ինչ տարիքում են գրել այդ ստեղծագործությունը, և դեռ քանի տարի է նրանց հաջողվել ապրել: Այդ համակվածությունը, իհարկե, վերաբերում էր ծնողներիս և տատ ու պապերիս հետ իմ հարաբերություններին և որոշ ժամանակով կյանքս անտանելի դարձրեց:
Մահվան վախն ապրում էր մեղքի զգացողությանը զուգահեռ և ուժեղանում էր նրա հաշվին: Կենդանահերձման իմ անհաջողություններն ինձ հասցրեցին այն սարսազդու գիտակցմանը, որ ես կարող եմ դաժան լինել և հաճույք ստանալ դաժանության դրսևորումից, ինչ ամբողջությամբ արտահայտվում էր ցավ և տանջանք պատճառելու ժամանակ: Քոլեջում սովորելու իմ տարիները գրեթե համընկան այն փուլի հետ, երբ ես տղայից վերափոխվում էի շատ և անփորձ երիտասարդի: Իմ մեջ տղամարդկային էության գիտակցումը, առանց համապատասխան փորձի և կյանքի իմաստության, որի միջոցով կարող էի այն կառավարել, ինձ սարսափելի խուճապի մեջ գցեց, և երբեմն, գտնվելով այդպիսի խուճապային վիճակում, ես փորձում էի ճեղքել ետ, դեպի մանկություն տանող փակված դուռը: Ես մեծացել եմ կրկնակի պուրիտանական միջավայրում, քանի որ այն իր մեջ զուգակցում էր հրեաներին հատուկ նախասկզբնական պուրիտանիզմը Նոր Անգլիայի բնակիչների պուրիտանիզմի հետ: Եվ իմ ինքնագնահատականի տարրական փուլերը՝ մանկական տարիներից մինչև պատանեկան հասակը, ինձ մեղավոր են թվում կամ մեղքի հնարավորություններով լի: Այդ հնարավորությունները առարկաներ էին, որ նույնիսկ ծնողներիս հետ չէի կարող ազատորեն քննարկել: Հորս վերաբերմունքը, ընդհանուր առմամբ, ցավակցական կլիներ, սակայն դա կլիներ ցավակցություն՝ առանց մանրամասներում խորամուխ լինելու որևէ ցանկության, և որը, արդյունքում, երևի չէր լինի ինձ անհանգստացնող, ոչ այնքան հաճելի առարկաների մասին խոսելու իմ անհեթեթ փորձերի արձագանք, ինչպես նաև նրա ցավակցությունը լցված չէր լինի լսելու և հասկանալու ցանկությամբ, թե իրականում ինչն է ինձ տանջում։ Մյուս կողմից՝ մորս մեջ պուրիտանիզմի սկզբունքների, մինչև մանրուքները, տառացի ընդունումը զուգակցում էր աննկուն մերժումով որևէ ենթադրության, թե իր երեխան կարող է ընդունակ լինել անելու ինչ-որ բան, որ այդ սկզբունքների խախտում կլիներ:
Այլ կերպ ասած՝ հանդիպեցի ինձ խիստ անհանգստացնող հարցերի նկատմամբ ոչ այնքան բացահայտ անբարյացակամության, որքան դրանք քննարկել չցանկանալու հետ, և արդյունքում իմ խնդիրների հետ մնացի բացարձակապես մենակ: Այս խնդիրը միայն հրաշամանուկինը չէ, ընդհանուր է շատ պատանիների համար, հավանաբար մեծ մասի համար:Եվ այնուամենայնիվ, հրաշամանուկի կյանքը ծանրացնող ուրիշ շատ խնդիրների հետ զուգակցվելով՝ այն բնականորեն ավելի նշանակալի է դառնում:
Եթե իմ երեխան կամ թոռը այնպիսի տագնապներ ապրի, ինչպես ես, նրան կտանեմ հոգեվերլուծաբանի մոտ, և ոչ այն պատճառով, որ վստահ եմ, որ բուժումը որոշակի հաջողություն կունենա, այլ որովհետև հուսով եմ, գոնե, ինչ-որ հասկացվածություն և թեթևություն կստանա: Բայց 1909 թվականին Ամերիկայում հոգեվերլուծաբաններ չկային, իսկ եթե կային էլ համարձակ, Ֆրոյդի իսկական հետնորդների ճանապարհից շեղված մեկ-երկուսը, նրանք հասարակությունից կտրված էին փորձարարների կողմից: Նրանց օգնությանը դիմելու սովորություն չկար, և նրանք հազիվ թե հասանելի լինեին քոլեջի պրոֆեսորի համեստ գրպանին: Ավելին, նույնիսկ քսան տարի անց, ծնողներիս համար աստվածանարգություն և պարտության ընդունում կլիներ ենթադրելը, որ իրենց ընտանիքի անդամը կարող էր նման բուժման կարիք ունենալ:
Սակայն այս բոլոր դիտարկումներն արդեն վաղուց անցածի մասին են: Փաստն այն է, որ այն ժամանակ հնարավորություն չկար թեթևացնելու երեխայի հոգեվարքային վիճակը, որը լքում է մանկությունը, կամ մեղքի զգացողությունը, որը գրեթե անխզելիորեն կապված է պատանեկան սեքսուալության հետ: Շատ պատանիների նման ես էլ թափառում էի մութ թունելում, որի ելքը չէի կարողանում տեսնել, և նույնիսկ չգիտեի՝ ընդհանրապես կա՞ այն: Ես չկարողացա դուրս պրծնել այդ թունելից մինչև չլրացավ տասնինը տարեկանս, երբ սովորում էի Քեմբրիջի համալսարանում: Իմ ընկճվածությունը 1909թ. ամռանը ոչ թե հանկարծակի ավարտվեց, այլ ավելի շուտ դանդաղ ցնդեց:
Հորս հետ հարաբերություններս աստիճանաբար փոխվում էին, ինչ ես շատ աղոտ էի գիտակցում: Թաֆտսի շնորհիվ ես մասնակիորեն ազատագրվեցի նրա նախկին անդուլ իշխանությունից, քանի որ փորձում էի զբաղվել այնպիսի առարկաներով, ինչպես կենսաբանությունը, որտեղ նա չէր կարող ինձ ուղղորդել, և որտեղ ես նրան գերազանցելու հույս ունեի: Իրականում մաթեմատիկա ուսումնասիրելս արժանացել էր նրա խրախուսանքին, և միևնույն ժամանակ դա ինձ գործունեության այնպիսի դաշտ էր տվել, որտեղ իմ աճին զուգընթաց նրա համար անհնար էր իմ ետևից հասնելն ու իմ ազատության վրա ազդելը: Մաթեմատիկայով զբաղվելն ինձ հնարավորություն տվեց այդ դժվար բնագավառում սեփական ուժն զգալու, և հենց դա ինձ գրավեց մաթեմատիկայի մեջ: Մաթեմատիկական իմ կարողությունն այն ժամանակ իմ սուրն էր, և այն ձեռիս ես կարող էի գրոհել հաջողության դարպասները: Դա ոչ թե բարոյական դրույթ էր, այլ իրականություն էր, արդարացում ունեցող իրականություն:
Այն պահից, ինչ սկսեցի Թաֆտս հաճախել, հայրս հաճախ էր պատմում բանասիրության բնագավառում իր կատարած աշխատանքների մասին: Նրա աշխատանքներից մի քանիսը նվիրված էին գնչուների վաղ պատմությանը, մի քանիսը շոշափում էին բանասիրության այնպիսի վիճելի հարցեր, ինչպես իտալական andare և ֆրանսիական aller բառերի ծագումը, մի քանիսում ուսումնասիրել էր Հեկատեի երկրպագությունը և դրա ազդեցությունը միջնադարյան Եվրոպայի վրա, ինչպես նաև ուսումնասիրել էր արաբական լեզուների ազդեցությունը եվրոպական լեզուների վրա: Կային նաև շատ հետաքրքիր հետազոտություններ արդեն կայացած լեզվախմբերի փոխազդեցության մասին, ինչպիսիք են հնդեվրոպականը, սեմիթականը, դրավիդականը և այլն, հետագայում այդ համեմատական ուսումնասիրությունն ընդգրկեց նաև երկու Ամերիկաների լեզուները, ինչպես նաև այդ լեզուների վրա աֆրիկական լեզուների թողած ազդեցությունը:
Այդ բոլոր հետազոտություններում հայրս միավորել էր լեզվաբանական ինֆորմացիայի չափազանց մեծ ծավալը պատմա-բանասիրական մոտեցման հետ, ինչը մինչև նա եղած հետազոտություններում չէր կիրառվել, չվստահելով մաքուր ձևական հնչյունաբանական բանասիրությանը, ինչը բնորոշ է ժամանակակից բանասիրությանը, նախապատվություն տալով ավելի պատմական և փորձարարական տեսակետներին, որը հիմա գերակշռում է ժամանակակից բանասերների մոտ: Հայրս Եսպերսենի և նրա աշխատանքների երկրպագուն էր, և երբ գա ժամանակակից բանասիրական գաղափարների աղբյուրների օբյեկտիվ և անաչառ լուսաբանման ժամանակը, չեմ կասկածում, որ հորս անունը կկանգնի Եսպերսենի և մյուս մեծ լեզվաբանների կողքին:
Այնուամենայնիվ, շնորհիվ իր ինտուիցիայի և հսկակայական ծավալի նյութ կարդալու և ուսումնասիրելու գրեթե գերմարդկային կարողությանը, հայրս աշխատում էր ձևական տրամաբանական պրոցեսների համար չափազանց արագ: Նրա համար բանասիրությունը դեդուկտիվ աշխատանք էր, հիանալի խաչբառ, բայց թերևս հաճախ չէր ավարտում իր հոդվածները, չնայած կես էջ էր մնում գրելու: Մեծավ մասամբ նա գիտեր, թե հատկապես ինչ պետք է լրացվեր, բայց ուղղակի բոլորովին հաշվի չէր առնում իր ընթերցողների հնարավորությունները, որպեսզի ամեն ինչ ավարտին հասցներ: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ որոշ դեպքերում էլ (բավականին հազվադեպ) հաստատ չգիտեր, թե ինչպես պետք է աշխատանքը հասցնել տրամաբանական ավարտին:
Հայրս բանասիրությամբ սկսեց զբաղվել մանրամասն լեզվաբանություն ուսումնասիրելուց հետո, բայց առանց այդ բնագավառի գիտակների օգնության: Նա հռչակ և խրախուսանք սիրող մարդ էր, բայց իր էությամբ միայնակ-գիտնական էր: Բանասիրության մեջ արտասահմանյան անունների հայտնվելը դիտարկվում էր որպես ոտնձգություն ուրիշի իրավունքների նկատմամբ, և նրա սեփական կարողությունները նրան դարձրեցին միաժամանակ վտանգավոր և ոչ ընդունված: Հարվարդում սլավոնական լեզուների բաժանմունքը փոքրիկ ինքնուրույն փակ խումբ էր ժամանակակից լեզուների ֆակուլտետում, և չնայած բոլորը հորս դիմում էին խորհրդի համար, նա ինքը միայնակ էր: Թաքնվելով սեփական ճանաչվածության ետևում, ինչ ինքնին հիանալի էր, նա անխուսափելիորեն բախվում էր անխոնջ աշխատողի անվստահությանը հանճարի նկատմամբ: Բոլորիս լավ հայտնի է գերմանական ասույթը, որը վերագրվում է Լյուդվիգ Բեռնին. երբ Պյութագորասը բացահայտեց հավասարակողմ եռանկյան թեորեմը, հարյուր ցուլ զոհաբերեց, դրանից հետո, երբ նոր բացահայտում է լինում, բոլոր ցուլերը վախից դողում են:
Այդ պայմաններում, լինելով մենակյաց, ապրելով հսկայական քաղաքի խիտ միջավայրում, հայրս բնականաբար գիտական զրույցներ վարելու և աջակցություն ստանալու համար դիմեց իմ օգնությանը: Ես խորապես հետաքրքրված էի նրա աշխատանքով, բայց նրա փաստարկները միշտ չէ, որ ինձ համոզիչ էին թվում: Երբ որևէ հարց տալով ցույց էի տալիս իմ անվստահությունը, հայրս զայրանում էր: Իմ կողմից մի տեսակ դավաճանություն էր նրա խոսքը ամենափոքր կասկածի ենթարկելը: Դրանից բացի, մի շարք հարցերում, որ առաջարկում էր ինձ քննարկելու, ես իրավունք չունեի սեփական կարծիք ունենալու, կարող էի պատասխանել իմ ոչ մեծ դատողությամբ, և հայրս պահանջում էր, որ ես «այո» ասեի, երբ նրա հետ իսկապես համաձայն էի: Իհարկե, պետք է գիտակցեի, որ հորս հետ այդ զրույցներում ես միայն մանեկենի էի նման, որը գիտական լսարանի դեր էր կատարում երկխոսության մեջ, որով նա իր կասկածներն էր փարատում: Այնուամենայնիվ, չնայելով իմ բողոքներին, որ բավականաչափ ծանոթ չեմ առարկային, որի մասին դատողություններ էր անում, որպեսզի հիմնավորված կարծիք արտահայտեմ, հայրս պահանջում էր ինձանից ուղղակի պատասխան ինչ-որ կոնկրետ հարցի վերաբերյալ: Եվ կա՛մ ստելու, կա՛մ ցուցադրաբար անհնազանդություն ցուցաբերելու ընտրության առջև էի կանգնում: Ես նախընտրում էի անհնազանդությունը. հայրս միշտ ճանաչում էր սուտը, երբ համաձայնում էի, և նա ինձ հայհոյում էր անվճռականության համար: Դա արդարացի չէր, և ես գիտեի, որ արդարացի չէր, բայց նաև գիտեի, որ ինձ հետ զրույցներում հայրս բարձրացնում էր այդ հարցերը, որովհետև դրան մղող ներքին կարիք էր զգում, և որ նա երջանիկ չէր:
X. Ոչ իր տեղում, Հարվարդ, 1909-1910
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը
[1] cum laude - գերազանցությամբ
[2] Ֆի Բետա Կապա - քոլեջի շրջանավարտների և ուսանողների արտոնյալ ընկերություն
[3] Հղում է անում աստվածաշնչյան Եսավին, որ իր անդրանիկությունը ոսպի ապուրով վաճառում է երկվորյակ եղբորը (Գիրք Ծննդոց, 25-րդ գլուխ)։
[4] Քեթրին Դոբլեր «Վաղ զարգացմանմբ երեխաներ», Մանկավարժական դպրոց, հ. 19, էջ 463
- Բացվել է 1406 անգամ