VIII. Քոլեջի սովորողը՝ կարճ շալվարով

Հեղինակ: 

Նախկին հրաշամանուկը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

1906թ. սեպտեմբեր -1909թ. հունիս

Երբ միջնակարգ դպրոցում իմ սովորելու օրերն ավարտվեցին, հայրս որոշեց ինձ Թաֆտս քոլեջ ուղարկել, որպեսզի ինձ նյարդային լարվածության չենթարկի, ինչը անպայման կառաջանար Հարվարդի համալսարան ընդունելության քննությունների ժամանակ, և որպեսզի խուսափի տասնմեկ տարեկան տղայի՝ Հարվարդ ընդունվելու փաստով անտեղի ուշադրություն գրավելուց: Թաֆտսը փոքրիկ հիանալի քոլեջ էր՝ Հարվարդին այնքան մոտ, որ վերջինիս ստվերը հասարակության աչքերում ծածկում էր քոլեջը: Այս փաստի պատճառով ուներ այն բոլոր գիտական առավելությունները, որ բնորոշ էին բոստոնյան գիտական կենտրոնին: Մենք տեղավորվեցինք քոլեջին մոտ՝ Մեդֆորդ Հիլսայդում, և հայրս ամեն օր տրամվայով կարող էր գնալ Հարվարդ՝ աշխատանքի:

Ինձ Թաֆտս ընդունեցին միջնակարգ դպրոցի թվանշանների հիման վրա, ինչպես նաև մի քանի թեթև քննության արդյունքներով, որ ես հիմնականում բանավոր հանձնեցի: Մենք Հիլսայդում գրեթե շինարարությունն ավարտած տուն գնեցինք՝ օգտվելով շինարարի ծառայություններից, որը ապրում էր մեր հարևանությամբ, և նրան էլ վարձեցինք, որ ավարտի տան շինարարությունը՝ մեր պահանջներին համապատասխան:

Օուլդ Միլ Ֆարմից մի քիչ շուտ տեղափոխվեցինք, որպեսզի մեր նոր տանը տեղավորվենք և քոլեջին ծանոթանանք: Ես ջանասիրաբար ուսումնասիրում էի քոլեջի տեղեկատուն, և այդ ժամանակ քոլեջի մասին այնքան մանրամասն գիտեի, ինչքան հետո երբեք չեմ իմացել:

Սկսեցի մոտակայքում ապրող երեխաների հետ ծանոթանալ: Վաղ մանկության հասակում ինչ-որ բաներ էի կարդացել հիպնոսի մասին և որոշեցի ինքս փորձարկել: Այդ հարցում հաջողություն չունեցա, բայց ընկերներիս ծնողների զայրույթը և սարսափը առաջացրեցի: Ժամանակիս մեծ մասն անց էի կացնում հասակակիցներիս հետ խաղալով, սակայն մենք քիչ ընդհանուր հետաքրքրություններ ունեինք: Ծանոթացա դեղատան ծառայողի հետ, որը կանգնում էր անկյունում, և պարզվեց, որ շատ հետաքրքիր երիտասարդ էր, բժշկականի ուսանող, և պատրաստված էր այնքան, որ միասին քննարկեինք իմ կարդացած գիտական գրքերը, և որ ծանոթ էր Հերբերտ Սփենսերի կարծես ողջ ստեղծագործությանը: Այդ ժամանակվանից ես Հերբերտ Սփենսերին համարում եմ տասնիններորդ դարի ամենաձանձրալի մարդկանցից   մեկը, բայց այդ օրերին հարգում էի նրան:

Իմ պարտականություններն սկսվեցին կիսամյակի մեկնարկի հետ: Ինձ վրա խորը տպավորություն թողեցին պրոֆեսորների տարիքը և արժանապատվությունը, և դժվար է հավատալ, որ հիմա ես բավականին մեծ եմ նրանցից շատերից: Ինձ համար հեշտ չէր երեխայի հատուկ արտոնություններից, որ ինձ թույլ էին տալիս դպրոցում, անցումը արժանապատվությամբ լի հարաբերությունների, որ պետք է հաստատվեր իմ և այս տարիքով մարդկանց միջև:

Հունարենը սկսեցի սովորել հայտնի պրոֆեսոր Ուեյդի մոտ: Նրա ընտանիքը ծնունդով Թաֆտսի շրջակայքից էր. և երբ նա փոքր տղա էր եղել, Բոստոն-Մեն ապրանքնատար գնացքով գաղտնի երթևեկելիս ընկել էր և ոտքը կորցրել: Պետք է որ նա միշտ ամաչկոտ եղած լիներ, իսկ այդ դժբախտ դեպքը նրան լրիվ միայնակ մարդ էր դարձրել: Բայց կարծես դա չէր խանգարել Եվրոպայով և Մերձավոր Արևելքով նրա ճանապարահորդելուն: Նա սովորաբար ամեն ամառ արտասահմանում էր լինում, և կարծես գիտեր դասական աշխարհի բոլոր մնացուկները՝ լիներ արձան կամ տեղային ինչ-որ սովորույթ, սկսած Հերկուլեսյան կոթողից և վերջացրած Միջագետքով: 

Նա բանաստեղծի անկեղծությամբ սիրում էր հունական դասականներին, և օժտված էր այդ սերն ուրիշներին փոխանցելու շնորհով: Հունական արվեստի մասին նրա մոգական դասախոսություններն ինձ հիացնում էին: Հայրս նրան սիրում էր, և նա երբեմն լինում էր մեր տանը: Ես սովորաբար խաղում էի հատակին և բավականությամբ լսում այս երկու տղամարդկանց խոսակցությունը, որ տարբեր թեմաներ էին քննարկում: Եթե ինչ-որ բան կարող էր ազդել, որ դառնայի դասականի երկրպագու, հենց այդ ապրումներն էին:

Ես դեռ բավարար չէի հասունացել անգլերենի դասընթացի համար։ Ավելին, գրելու սովորական կարողությունն ինձ համար լուրջ խոչընդոտ էր: Գրել չկարողանալն ինձ մղում էր նրան, որ բաց էի թողնում բառերը, որ կարող էի վրիպել, և ընդհանուր առմամաբ, հանգեցնում էր նրան, որ իմ ոճը շատ անհարթ էր:

Մաթեմատիկայում ամենևին սկսնակ չէի: Չկար իմ կարիքներին համապատասխան դասընթաց, այդ պատճառով էլ պրոֆեսոր Ռենսն ինձ ընդգրկեց հավասարումների տեսության մասին իր կարդացած դասընթացում: Թաֆտս քոլեջում կեսդարյա ծառայությունից հետո բոլորովին վերջերս է պրոֆեսոր Ռենսն անցել թոշակի: Նա երիտասարդ էր, երբ նրա մոտ սովորում էի, և լրիվ հասկանալի է, որ հիմա երիտասարդ չէ, սակայն այս տարիների ընթացքում քիչ բան է փոխվել նրա առույգ, ժիր քայլվածքից, մորուքով զարդարված նրա կզակը առաջվա նման վերև է ուղղված, և՛ առաջվա նման լի է ավյունով, և՛ ինչպես նախկինում, հետաքրքրություն է դրսևորում ամեն ինչի նկատմամբ: Նա խանդավառ մարդ էր, բայց ստվերում մնացող խանդավառ: Դասընթացը մի քիչ գերազանցում էր իմ մտավոր կարողությունները, հատկապես այն մասը, որտեղ դիտարկվում էր Գալուայի տեսությունը, բայց պրոֆեսոր Ռենսի հսկայական օգնության շնորհիվ կարողացա հաղթահարել: Ես մաթեմատիկա ուսումնասիրելը սկսել եմ դժվար ծայրից: Թաֆտս քոլեջում այլևս մաթեմատիկայի որևէ դասընթացի չհանդիպեցի, որի համար հարկ լիներ այդքան ուժ ծախսել:

Գերմաներեն սովորում էի պրոֆեսոր Ֆեյի մոտ, որը դասերից մշտապես ուշանալու պատճառով հայտնի էր որպես «Tard» («Դանդաղկոտ») Ֆեյ: Նա կրթված մարդ էր, բարձր էր գնահատում ֆրանսիական և գերմանական պոեզիան, և բացի դրանից, լավ ալպինիստ էր: Կարծեմ, Կանադական լեռների գագաթներից մեկը նրա անունն է կրում: Բնական է, որ դա ինձ շատ ռոմանտիկ էր թվում: Մենք մի քիչ գերմանական թեթև արձակ էինք կարդում, բայց գերմանական քնարերգությունն էր, որ ինձ իսկապես գրավեց: Այստեղ պրոֆեսոր Ֆեյի ջանքերին գումարվում էր այն հույզը, որով հայրս, որ գերմանացի բանաստեղծների ստեղծագործությունները անգիր գիտեր, կարդում էր ինձ համար, ինչպես նաև ինձ միշտ դուր էր գալիս, որ մեր պարտականությունների մեջ էր մտնում նրանց բանասեղծություններն անգիր անելը: Ֆիզիկայի իմ պարապմունքները բաղկացած էին դասախոսությունից, սովորողների հարցումից և փորձերի ցուցադրումից: Ինձանից որոշակի ժամանակ պահանջվեց ֆիզիկան իսկապես հասկանալու համար, ինչը հնարավորություն տվեց վարժությունները ճիշտ կատարել, բայց փորձեր անելն ինձ միշտ է դուր եկել: Ինձ նաև դուր էր գալիս քիմիայի լաբորատորիայում զբաղվելը, որտեղ վերջին կուրսում օրգանական քիմիա էի ուսումնասիրում, վճարելով մի սարքավորումը փորձում օգտագործելու թերևս ամենբարձր գինը, որ երբևէ  Թաֆտսի վերջին կուրսի  որևէ ուսանող վճարել է:

Մի ընկեր ունեի՝ հարևանս, Էլիոթ Քվինսի Ադամեն, որը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի վերջին կուրսի ուսանող էր,  երբ ես ավարտում էի Թաֆտսը: Նա ինձ ծանոթացրեց քառաչափ պատկերները հարթության վրա կամ եռաչափ տարածությունում պատկերելուն, ինչպես նաև քառաչափ կանոնավոր մարմինների ուսումնասիրությանը: Մի անգամ փորձեցիք մետաղական հին տարաներից հիդրոէլեկտրական մեքենա պատրաստել:

Ֆիզիկայում և տեխնիկայում շատ բաների ուսումնասիրությամբ եմ զբաղվել, որ ուսուցման ծրագրում չկար, մասնավորապես, էլեկտրականության: Էլեկտրականությունից փորձերն իմ մեդֆորդյան ընկերոջ հետ էի կատարում: Էլեկտրականություն սովորաբար ստանում էինք կոլոիդային արծաթ կամ կոլոիդային ոսկի ստանալու համար նախատեսված ձեռքի հաստատուն հոսանքի գեներատորից: Մեզ հաջողվեց այդ նյութերը ստանալ, թե ոչ՝ չեմ հիշում, բայց մենք մտածում էինք՝ հաջողվել է: Նաև փորձում էինք գործնականում իրականացնել իմ երկու գաղափարը ֆիզիկայից: Դրանցից մեկը ռադիոազդանշանների էլեկտրամագնիսական կոհերերն էր, որը տարբերվում էր Բրենլիի էլեկտրաստատիկ կոհերերից: Այն կախված էր մագնիսական դաշտի ազդեցությունից, ընդ որում ուղղությունից անկախ, երկաթե լցուկի և գրաֆիտի փոշու զանգվածը սեղմելու դեպքում փոխում էր դիմադրությունը: Երբեմն մեզ թվում էր, թե հասել ենք դրական արդյունքի, բայց վստահ չէինք՝ դա մագնիսական կոհեզիայի հետևանքով է, թե բոլորովին այլ պատճառով: Համենայնդեպս գաղափարը խելամիտ էր, և եթե էլեկտրավակուումային սարքերի հայտնագործությունից հետո այդ սարքերի ժամանակը անվերադարձ անցած չլիներ, ինձ հետաքրքիր կլիներ այդ փորձերն ամենասկզբից կրկնելը:

Մյուս սարքը, որը աշխատում էինք փորձարկել, էլեկտրաստատիկ փոխարկիչն էր: Նրա աշխատանքը հիմված էր այն փաստի վրա, որ կոնդենսատորի էներգիան կամ լիցքը հաղորդվում է դիէլեկտրական լարման տեսքով: Ամբողջ հնարքն այն էր, որ պտտվող ապակե սկավառակը կամ սկավառակների խումբը լիցքավորվի զուգահեռաբար  միացված էլեկտրոդներով և լիցքաթափվի հաջորդաբար միացված էլեկտրոդներով: Սա տարբերվում էր էլեկտրամագնիսական փոխարկիչից նրանով, որ օգտագործում էր հաստատուն հոսանք, ինչպես նաև, և սա էական էր սարքի համար, որ սկավառակները պետք է պտտվեին: Մենք մեծ քանակությամբ ապակի փշրեցինք՝ փորձելով սարքը պատրաստել, բայց չկարողացանք հասնել նրան, որ սարքն իսկապես աշխատի: Նույնիսկ չէինք կասկածում, որ այդ գաղափարը հրապարակված էր, և շատ վաղուց:  Իսկապես, ես նման սարք վերջին երկու տարիների ընթացքում տեսել եմ Մեքսիկական համալսարանի տեխնիկական քոլեջի լաբորատորիաներում: Այն շատ լավ աշխատում էր: Այդ մեքենայի երկու հաջորդական հանգույցները լարումը մի քանի հազար անգամ մեծացնում էին:

Ռադիոընդունիչի նկատմամաբ մանուկ հասակից հետաքրքրություն եմ ունեցել: Կարծում եմ, չնայած և հազվադեպ, ինձ հաջողվել էր մի քանի հաջորդական կոդային ազդանշաններ (կետ-գիծ) ստանալ իմ գրասեղանին դրված ռադիոսարքի միջոցով: Ես չկարողացա կոդը ո՛չ սովորել, ո՛չ ճանաչել՝ լինելով ռադիոընդունիչների գործնական-ստեղծող:

Սոցիալական առումով ավելի շատ կախված էի իմ հասակակիցներից, քան քոլեջի ուսանողներից, որոնց հետ պետք է սովորեի: Տասնմեկամյա երեխա էի, երբ քոլեջ ընդունվեցի. և այդ ժամանակ կարճ շալվար էի հագնում: Որպես ուսանող՝ իմ կյանքի և որպես երեխա՝ իմ կյանքի միջև հստակ սահման էր անցնում:

Չի կարելի ասել, թե երեխայի և հասուն մադու խառնուրդ էի, ավելի շուտ ես երեխա էի այնտեղ, որտեղ խոսքը ընկերության և ընկերների մասին էր, բայց ուսման բնագավառում գրեթե հասուն մարդ էի: Ընկերներս և համակուրսեցիներս դա լավ էին հասկանում: Ընկերներս ինձ ընդունում էին որպես երեխա, երբ նրանց հետ խաղում էի, թերևս գուցե մի քիչ անհասկանալի երեխա, իսկ համակուրսեցիներս ինձ հաճույքով թույլատրում էին մասնակցել իրենց տղամարդկային խոսակցություններին, եթե շատ չէի աղմկում և շատ չէի ձանձրացնում: Երանությամբ էի հիշում այն օրերը Քեմբրիջում, երբ այնքան շատ ընկերներ ունեի:

Քանի դեռ սովորում էի Թաֆտսի քոլեջում, ամառային արձակուրդներս Օուլդ Միլ Ֆարմում էի անցկացնում, որտեղ շարունակում էի այերցի ընկերներիս հետ հարաբերություններս, և ուր երբեմն Թաֆտսի ուսանողներից մեկի ինձ այցելության էր գալիս: Ամառներն իրար նման էին, սունկ հավաքելու նույն զբոսանքները, բուսաբանությունից նույն ընդհանուր ուսումնասիրությունները, նույն թափառումները շրջակայքում և նույն լողը լճակում: Մեծանալուս հետ ինձ սկսեցին թույլ տալ մասնակցել ծնողներիս ընկերների հետ հանդիպմանը, երբ նրանք այցելում էին մեզ:

Կիսամյակի ընթացքում փորձում էի վերականգնել ծանոթությունս Էյվոն փողոցի նախկին ընկերներիս հետ: Անցյալին վերադառնալու այդ փորձերը միշտ չէ, որ հաջող էին լինում, և ի վերջո դրանք դադարեցրի: Մեդֆորդ Հիլսայդը  շատ հեռու էր Քեմբրիջից, որպեսզի կարողանայի ցանկացած օր այցելել ընկերներիս: Բացի դրաինց, լինելով Էյվոն փողոցից բավականին մեկուսացված, դարձա ավելի պահանջկոտ և խանդոտ: Ավելին, Էյվոնցի ընկերներս մեծանալով ամենատարբեր հետաքրքրություններ էին ձեռք բերել: Քինգերի ընտանիքի տղաներն իրական հետաքրքրություն էին ցուցաբերում գիտության նկատմամբ: Երբ ես նորից, չնայած ոչ հաճախ, գնում էի նրանց այցելության և նրանց հետ խաղալու իրենց լաբորատորիայում, որը տեղադրված էր նրանց տան նեքնահարկում, շատ հազվադեպ էի այնտեղ հանդիպում քեմբրիջյան իմ ընկերներից:

Արդեն նշել եմ գիտական գրականության նկատմամբ իմ հակվածության մասին: Ինչ վերաբերում էր ոչ գիտական գրականությանը, այնտեղ ամեն ինչ ինձ հետաքրքիր էր: Ես կարող էի անվաճար օգտվել հանրային տարբեր գրադարաններից, որտեղ թույլտվություն ունեի, և շատ ժամանակ էի անցկացնում Բոստոնյան հանրային գրադարանի մանկական դահլիճում:

Արդեն ասել եմ, որ սիրում էր Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները, իսկ արկածային պատմություններ փնտրելիս դիմում էի Քուպերին և Մայն Ռիդին: Հետագայում, երբ ավելի հասուն տարիքի հասա և կարող էի ավելի լուրջ գրականություն մարսել, այդ ցուցակում ավելացրեցի Հյուգո և Դյումա: Դյուման, մասնավորապես, ինձ համար գրող էր, ում գրքերից չէի կարողանում կտրվել, և ժամեր շարունակ, աշխարհում ամեն ինչ մոռանալով, խորասուզվում էի Դ՚՚ Արտանյանի և կոմս Մոնտե Քրիստոյի արկածների աշխարհը:

Բնականաբար կարդացել եմ ավագ սերնդի կողմից հանրային գրադարանին նվիրած մանկական գրքերից շատերը: Լուիզա Ալկոտը բավականին համակրելի հեղինակ էր, բայց ես պատանի պճնամոլ էի և համարում էի, որ նրա գրքերը հիմնականում աղջիկների համար են:  Հորացիո Ալգերը խոհականության և բարոյականության ոչ լուրջ նմանակումը մատուցում է հաջողության կոպիտ չափանիշների հետ, ինչը ինձ խիստ վանում էր: Նույնիսկ փորձեցի բուլվարային վեպեր կարդալ, բայց եզրակացրի, որ դրանք շատ անբովանդակ են: Ամերիկացի իմ սիրած հեղինակը, նրանցից, որ տղաների համար են գրել, Ջ. Թրոուբրիջն էր, չնայած Նոր Անգլիայում և Նյու-Յորք նահանգում մանկական տարիների մասին նրա պատմվածքները հիմա արդեն այն տպավորությունը չեն գործում, ինչ մի անգամ ապրել եմ:  Մյուս կողմից, կարծում եմ, որ Քաղաքացիական պատերազմի մասին նրա երեք վեպերը՝ «Քուջոյի քարանձավը» («Cudjo's Cave»), «Թմբկահարը» («The Drummer Воу») և «Երեք սկաուտները» («Three Scouts») այնքան բարձր մակարդակով են գրված, որքան միայն հնարավոր է պատերազմի մասին տղաների համար պատմություններ գրելիս:

Թերթի կրպակներից հաճախ էի գնում «Սթրենդ» («Strand») ամսագիրը: Դա անգլիական պարբերական էր, որը երկար տարիներ հաջողությամբ ընդունվում էր Միացյալ Նահանգներում: Այնտեղ տպագրում էին պատմություններ Շերլոկ Հոլմսի մասին, Էվելին Նեսբիտի մի քանի հիանալի վեպ երեխաների համար և Ա. Ի. Ու. Մեյսոնի մի քանի հիանալի դեդեկտիվ պատմություններ: Այդ ամսագիրը շատ ավելի լավն էր, քան այն ժամանակվա ամերիկյան պարբերականների մեծ մասը, նրա շնորհիվ ծանոթացա շատ նոր գրողների, և հիշողությանս մեջ հայտնվեցին Լոնդոնի արտասովոր, միգապատ  տեսարանները:

Նույնիսկ ձմռանը չէի կարողանում տանը նստել: Թաֆտսի քոլեջի ջրամբարի կողքով անցնող ճանապարհը սահելու հիանալի վայր էր: Ինձ նաև ձմռան թարմ, ծակող օդն էր դուր գալիս, որը ամբողջ կրծքով շնչում էի ընկերոջս հետ զբոսանքների ժամանակ, երբ նա գնում էր թերթ գնելու. նույնիսկ երբ սաստիկ ուժեղ, կտրող ցուրտ էր լինում, շատ լավ էր Քոլեջ Հիլի բաց տարածությունով շենքից շենք վազելը:

Հայրս ինձ հետ խոսելիս իր խոսքում հաճախ էր փիլիսոփայական տերմիններ օգտագործում, կարծես դրանով ցույց տալով, որ հենց փիլիսոփայությունը պետք է լինի իմ ապագա գործունեության ոլորտը, և ամեն կերպ խրախուսում էր դրանով զբաղվելը: Ահա այդ պատճառով էլ Թաֆտսում ուսուցման երկրորդ տարում սկսեցի հաճախել փիլիսոփայության և հոգեբանության մի քանի դասընթացների, որ դասավանդում էր պրոֆեսոր Կումանը: Փիլիսոփայության մեջ նա ավելի շուտ սիրող էր:

Երկու փիլիսոփաների գրքերն են ինձ վրա ավելի շատ ազդեցություն թողել՝ Սպինոզայինը և Լայբնիցինը: Սպինոզայի պանթեիզմը և բարոյականության նրա տեսության կիսամաթեմատիկական լեզուն հնարավորություն են տվել թաքցնելու այն փաստը, որ մարդկության պատմության մեջ նրա գիրքը կրոնական ամենամեծ գրքերից մեկն է, և եթե այն կարդաս հաջորդաբար, չշեղվելով աքսիոմների և թեորեմների վրա, այնտեղ կհայտնաբերես հիացական ոճ և մարդկային արժանապատվության, ինչպես նաև ամբողջ տիեզերքի արժանապատվության ցուցադրում: Ինչ Լայբնիցին է վերաբերում, ես այդպես էլ չհամակերպվեցի այն փաստի հետ, որ որպես փիլիսոփայության համաշխարհային վերջին հանճարներից մեկը ինձ անսահման հիացնող մարդը միևնույն ժամանակ կարող էր պալատական շողոքորթ, կարիերիստ և պճնամոլ լինել, ինչն ինձ մոտ նրա նկատմամբ արհամարհական վերբերմունք էր առաջացրել:

Փիլիսոփայության և հոգեբանության դասընթացներում մեզ մատուցվող խիստ պարզեցված նյութը որևէ համեմատության չէր դիմանում այն բանի հետ, ինչ ես կարդում էի այդ դասընթացներից դուրս, և, մասնավորապես, պրոֆեսոր Ուիլյամ Ջեյմսի հոյակապ գրքերի հետ, որոնք ինձ համար գեղարվեստական քաղցրավենիք էին իրենց բովանդակության լրջության շնորհիվ: Իմացա, որ Ջեյմսը հորս կուռքերից է, և շատ ժամանակ չանցած ինձ հնարավորություն ընձեռվեց այցելելու նրան իր սեփական տանը: Այդ այցելության մանրամասները հստակ չեմ հիշում, բայց ինձ մոտ տպավորություն է մնացել տարիքով, բարեհամբույր, մորուքով մարդու մասին, որը տեսնելով իմ շփոթմունքը, շատ բարի էր իմ նկատմամբ, և որը հետագայում ինձ հրավիրեց Մոուելում մասնակցելու պրագմատիզմի մասին իր դասախոսություններին: Ես իսկապես մասնակցեցի այդ դասախոսություններին, և շատ ուրախացա, երբ պրոֆեսոր Ջեյմսը հորս նվիրեց իր գիրքը, որը այդ դասախոսությունների ժողովածուն էր: Հետագայում իմացա, որ այդ գիրքն ինձ համար էր, բայց ո՛չ Ջեյմսը, ո՛չ հայրս չէին ցանկացել իմ փառասիրությունը խթանել նրանով, որ Ջեյմսը գիրքն ինձ անձամբ է նվիրել:

Իմ տպավորությունն այն էր, որ պրագմատիզմը Ջեյմսի ոլորտը չէր: Հոգեբանության ավելի կոնկրետ նյութերի յուրաքանչյուր պարագրաֆում զգացվում էր առարկայի էությունը թափանցելու նրա կարողությունը. բայց նա երբեք ուժեղ չի եղել մաքուր տրամաբանության հարցերում: Գիտության  զարգացման ամերիկյան պատմության մեջ ընդունված է համարել, որ Հենրի Ջեյմսն իր վեպերը գրել է փիլիսոփայի նման, իսկ եղբայրը՝ Ուիլյամ Ջեյմսը, իր փիլիսոփայական հայացքները շարադրել է վեպի նման: Ուիլյամ Ջեյմսն ավելին էր, քան վիպասանը, բայց ամենայն հավանականությամբ այնքան էլ ուժեղ փիլիսոփա չէր, ինպես ընդունված է համարել, քանի որ, իմ կարծիքով, կոնկրետի էության մեջ թափանցելու նրա կարողությունը շատ ավելի էր նյութը տրամաբանորեն շարադրելու նրա կարողությունից:

Թեֆտսում իմ ուսուցման երկրորդ տարում ինձ հետաքրքրեցին կենսաբանական թանգարան և լաբորատորիա այցելությունները: Տան հսկիչը, որտեղ կենդանիներն էին ապրում, որ նաև պահակն էր, դարձավ իմ ամենամոտ բարեկամներից: Գիտության այդ աննկատ ծառաները, առանց որոնց ոչ մի լաբորատորիա չի կարող գործել, մարդկանց շատ հետաքրքիր խումբ է, և հատկապես հետաքրքրություն են առաջացնում տղայի մեջ, որ գիտության է ձգտում: Ես փորձեցի կենսաբանության պարապմունքներին մասնակցել: Արդեն այդ ժամանակ ես մասնակցել էի մի քանի էքսկուրսիաների պրոֆեսոր Լաբերի և ուսանողների խմբի հետ Միդլսեկսյան ջրվեժներում  և ուրիշ վայրերում, տեսել էի, ինչպես են նրանք հավաքում գորտնկիթ, ջրիմուռներ և այլ բաներ, ինչը հետաքրքրություն կներկայացներ կենսաբանության տեսանկյունից:

Կենսաբանության նկատմամբ վաղուց էի հետքրքրություն ցուցաբերում, և հայրս ցանկացավ իմանալ՝ արժե, որ ես հետագայում մասնագիտանամ կենսաբանությունում: Միասին գնացքով մեկնեցինք Վուդզ Հոուլ, որտեղ Հարվարդի համալսարանի կենսաբանության բաժամունքի պրոֆեսոր Փարկերը ինձ թույլ տվեց շերեփաձուկ հերձել: Ամենը, ինչ հիշում եմ, այն է, որ այնքան էլ հաջողությամբ չհերձեցի, և մի քանի օր հետո որտեղ աշխատել էի՝ գրություն հայտնվեց. «Այստեղ ձուկ կտրտելն արգելվում է»:

Թաֆտսում գտնվելու վերջին տարում որոշեցի լրջորեն զբաղվել կենսբանությամբ: Ընդունվեցի Քինգսլիի՝ ողնաշարավորների համեմատական անատոմիայի դասընթացը: Ի դեպ, Քինգսլին «Բնական պատմության» հեղինակն էր, որն ինձ շատ հետաքրքրել էր, երբ ութ տարեկան էի:  Նա ճնճղուկ հիշեցնող, փոքրամարմին, եռանդուն մարդուկ էր, մեկը ամենախանդավառ գիտնականներից, ում հետ ծանոթացել եմ ավարտական տարում: Դասարանում աշխատելու խնդիրներ երբեք չեմ ունեցել, քանի որ միշտ էլ իրերը համակարգելու լավ զգացողություն եմ ունեցել, բայց հերձելիս միշտ շտապում էի և շատ փնթի էի: Քինգսլին հետևում էր, որ ես միշտ բավարար չափով աշխատանք ունենամ, և հանձնարաում էր հերձել շատ երկկենցաղների, սողունների և կաթնասունների գանգեր, որպեսզի ստուգի, թե կկարողանամ բացահայտել նրանց հոմոլոգային գաղտնիքները: Բայց այս դեպքում էլ էի շատ շտապում և փնթի աշխատում: Սովորաբար շատ ժամանակ էի անցկացնում լաբորատորիայի գրադարանում, որտեղ կարդում էի այնպիսի գրքեր, ինչպես Բեյթսոնի «Փոփոխականությունն ուսումնասիրելու նյութերը» («Material for the Study of Variation»):

Կենսաբանական հետազոտությունն ինքնին կարող է առաջանալ պատանի ուսանողի անառողջ հետաքրքրասիրությունից: Նրա հետաքրքրասիրությունը, որը գոյության օրինական հիմք ունի, խառնված է ցավ ու զզվանք է առաջացնող բաների անառողջ հետաքրքրության հետ: Ես իմ սեփական շարժառիթների այսպիսի խառնուրդը գիտակցում էի: Արդեն նշել եմ, որ իմ կարդացած գրքերում, գիտական աշխատանքներում և հեքիաթներում նման պարբերություններ կային, որոնք աշխատում էի արագ անցնել, բայց դրանք հիմա ինձ գրավում էին և նույնիսկ ինչ-որ մռայլ բավականություն էին առաջացնում: Մարդասիրական աշխատությունները, որ ուղղված էին կենդանահերձության դեմ և բուսակերության էին կոչում, և որոնցով ծածկված էր մեր աշխատանքային սեղանը, ինձ խիստ շփոթության մեջ էին գցում, իրենց բնորոշ չափազանցություններով: Ապրելով հոգու այս խռովքը՝ ես միաժամանակ մի քանի կասկածելի դիրքերում էի գտնվում:

Այդ խռովքի հետ կապված ամենուժեղ ապրումը եղավ Թաֆտսում իմ ուսանելու վերջին տարում: Մեզանից ոմանք սովորություն ունեին կատուն հերձելիս մարդու անատոմիան կիրառել. հիմա չեմ հիշում՝ Քվեյնի անատոմիան էր, թե Գրեյի: Այդ փորձառությունը շատ ցանկալի էր այն պատճառով, որ կատվի անատոմիան և մարդունը, չնայած իրար շատ են նման, բայց բացարձակապես նույնական չեն, և, այդպիսով, այդ տարբերությունները մեզ համար իր տեսակի փորձություն էին և օգնում էին մեր դիտողականությունը զարգացանելուն: Հիմա մարդու անատոմիաներից մի քանիսը զարկերակների կապերին և նոր հանգույցներին   վերաբերող հետաքրքիր դիտարկումներ են պարունակում, որոնք, ինչպես հաստատված է, վերականգնում են արյան շրջանառությունը: Մեզանից երկուսը-երեքը հետաքրքրվեցին այդ բաժնով: Տղաներն ինձանից մեծ և հասուն էին, բայց երևի պետք է խոստովանեմ, որ այդ հարցում նախաձեռնողը ես էի: Օգտվելով պահակի ծառայություններից՝ մենք ծովախոզուկ ձեռք բերեցինք և կապեցինք սրունքային զարկերակներից մեկը: Չեմ հիշում՝ անզգայացում կիրառեցինք, թե ոչ. չնայած անորոշ զգացողություն ունեմ, որ ձգտում էինք ամեն ինչ այնպես անել, ինչպես հարկն է, մեջս աղոտ մնացել է, որ կենդանուն եթեր շնչել տվեցինք: Վիրահատությունը վատ արվեց, և չկարողացանք զարկերակն ինչպես հարկն է առանձնացնել նրան ուղեկցող երակից և նյարդերից, ինչի արդյունքում կենդանին սատկեց:  Երբ պրոֆեսոր Քինգսլին իմացավ մեր անհաջող ձեռնարկի մասին, շատ զայրացավ, քանի որ կենդանիների հերձումը, անկասկած, անօրինական միջոցառում էր, և կարող էր լաբորատորիան զրկել շատ առավելություններից: Չնայած խիստ չպատժվեցի, ինձ ստորացված էի զգում և խիստ անհանգստություն էի ապրում: Միանգամայն պարզ էր, որ չկարողացա սեփական խղճիս դատին բավարարող բացատրություն տալ սեփական մտքերիս համար: Որոշեցի այդ արարքս մոռացության մատնել, և, իհարկե, այն հիմնովին նստեց գիտակցությանս խորքերում: Այդ դրվագից առաջացած մեղքի զգացումն ինձ ավելի լարեց:

Չնայած կենսաբանության նկատմամբ այդ հետաքրքրությանը, քոլեջն ավարտեցի մաթեմատիկոսի մասնագիտությամբ: Քոլեջում սովորելու ամբողջ ընթացքում մաթեմատկա էի սովորում հիմնականում Դին Ռենի մոտ, որի տեսանկյունը ավելի շուտ ճարտարագետի տեսանկյուն էր հիշեցնում, և դրանով տարբերվում էր պրոֆեսոր Ռենսոմի տեսակետից, որ ինձ առաջին կուրսում էր դասավանել: Ես հեշտությամբ յուրացրի անալիզի և դիֆերենցիալ հավասարումների դասընթացները և հաճախ էի դրանք քննարկում հորս հետ, որ շատ լավ էր կողմնորոշվում քոլեջում դասավանդվող ոչ բարդ մաթեմատիկական հարցերում: Ինչ վերաբերում է մաթեմատիկայի և մշակույթի նյութերի ամենօրյա կրկնությանը, այն անփոփոխ մնաց: Այս առարկաների գծով հայրս մնաց  իմ հիմնական ուսուցիչը, և առաջվա նման մի գրամ անգամ չպակասեցրեց իմ վրա թափվող լուտանքը:

Քոլեջն ավարտեցի 1909 թվականի գարնանը՝ իմ ակադեմիական դասընթացն ավարտելով երեք տարում: Սա մի մեծ հաղթանակ չէր, ինչպես կարող է թվալ. ուղղակի ուրիշ տղաների համեմատ ես կյանքում ավելի քիչ բան ունեի, ինչը կարող էր շեղել ուշադրությունս: Միայն երեխան կարող է իր ամբողջ կյանքը նվիրաբերել անընդհատ ուսմանը:

Ես որոշեցի ընդունվել Հարվարդի ասպիրանտուրայի բաժինը, որպեսզի շարունակեմ կենդանաբանություն ուսումնասիրելը: Հենց սկզբից սա իմ որոշումն էր, բայց հայրս չէր ցանկանում համաձայնել դրա հետ: Նա առաջարկում էր, որ ես շարունակեի որևէ բժշկական ուսումնական հաստատությունում, բայց պրոֆեսոր Ուլտեր Բ. Քենոնը նրան ետ համոզեց այդ մտքից՝ նշելով, որ կյանքի իմ պատանեկան ընկալումը այնտեղ ավելի շատ կտուժի, քան որևէ ուրիշ տեղում:

Քանի որ ես արդեն Թաֆտսում չէի սովորում, հայրս հաջորդ տարի Քեմբրիջ տեղափոխվելու ծրագրեր մշակեց: Սա նշանակում էր նոր տուն գնել կամ կառուցել: Տեղի տալով ֆիրմայի համառությանը, որտեղ աշխատում էին Հարվարդում հորս գործընկեր ճարտարապետները, հայրս երկու հողատարածք գնեց Հաբարդ Պարկի և Սփարքս փողոցի անկյունում, որտեղ կառուցվեց իսկապես հիանալի շինություն, ինչը նշում էր ընտանիքի բարօրությունը: Սա իր հերթին բարդ գործողությունների բերեց, որ կապված էին Մեդֆորդ Հիլսայդի տունը և Հարվարդի Օուլդ Միլ Ֆարմը վաճառելու հետ: Ընտանիքը համակված էր հավատով, որ այդ գործողությունները չափազանց զգուշության և տեղեկացվածության արտահայտություն են: Մյուս հողատարածքը որոշվեց վաճառել, երբ գնորդ կգտնվի, սակայն այդպես էլ գնորդ չգտնվեց, այնպես որ այդ հողատարածքը տասնհինգ տարի հետո վաճառվեց տան հետ միասին:

Ամեն դեպքում մենք այլևս ամառները չէինք կարող Օուլդ Միլ Ֆարմում անցկացնել: Ամռան առաջին կեսին Հարվարդ վերադարձանք, բայց տեղավորվեցին քաղաքի ուրիշ մասում գտնվող մի կիսաքանդ տանը, որտեղ ապրելը վնասակար դարձավ բոլորիս առողջության համար: Չսպասելով ամռան վերջին՝ հրաժարվեցին այդ տնից և լքեցինք Հարվարդը, որպեսզի ամռան մնացած մասը հանգստանանք Ուինտրոպի հյուրանոցում, որտեղից հայրս կարող էր հետևել մեր տան շինարարությանը: Հարվարդի գրադարանում աշխատող երկու կանանց շնորհիվ մենք բավականին լավ հյուրանոց գտանք: Մինչև Հարվարդում իմ պարապմունքների սկսվելը դեռ շատ ազատ ժամանակ ունեի: Այդ ժամանակի մի մասն անցկացրեցի Ուինտրոպի հանրային գրադարանում, իսկ մյուս մասը՝ Բոստոնում, որտեղ այցելեցի թանգարաններ և կինոթատրոններ, ինչպես նաև Ռիվեր Բիչի ատրակցիոնները, որտեղ տարբեր մեխանիկական սարքեր էին օգտագործված:

Հյուսիսային Բևեռը հայտնագործելու բուռն ժամանակներն էին, ինչպես նաև Կուկից և Պիրից ստացվող հակասական տեղեկությունների ժամանակը: Հիշում եմ Կուկի թերթային հմայիչ թղթակցին և այն հույսերը, որ իզուր կապում էինք նրա հետ: Նոր սկսում էին հայտնվել Մատտի և Ջեֆի՝ բևեռային հետազոտությունների հետ կապված տրագիկոմիկական մտահոգվածությամբ ծաղրանկարները, որ արել էր Բեդ Ֆիշերը: Երբ նրանց նկարները հայտնվեցին, նրանք պետք է, որ երեսուն տարեկանից քիչ պակաս լինեին: Զարմանալի է, թե նրանք որքան առույգ մնացին յոթանասուներկու տարեկանում:

Այդ ամառ ինձ գիտական մի գաղափար էր հետապնդում: Այն էր, որ ողնաշարավորի սաղմը աղեխոռոչային պոչավոր պոլիպ է, որում պարկաձև ցցված մասերը, որոնք հետո ձեռքեր են դառնում, դառնում եմ միոտոմաներ: Ես համարում էի, որ բերանի մոտի նյարդային հանգույցը համապատասխանում է ուղեղին և ողնուղեղի կրծքային մասին, իսկ խոռոչի ներքին մասը համապատասխանում է ողնաշարավորի մարսողական համակարգին: Հիշում եմ, որ Վուդզ Հոլից ընկերոջս ուղարկած լուսապատկերները ուսումնասիրելու համար օգտվում էի այերցի բժշկի միկրոսկոպից, և հոգնեցրեցի Քարնեգի Ֆոնդին իմ խնդրանքով, որ հնարավորություն տան այս ուղղությամբ հետազոտություններ կատարելու: Իհարկե, այս ամենից ոչինչ չստացվեց:

IX. Արդեն ոչ երեխա, բայց ոչ էլ պատանի

Թարգմանություն ռուսերենից 
Լուսանկարի աղբյուրը

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский