Հինգ դիտարկում ամերիկյան կրթական համակարգի մասին

Այլոց փորձի ուսումնասիրում

Մաքսիմ Նատապովը՝ One! International School—ի ղեկավարը, իր տպավորություններն է պատմում Կալիֆոռնիայի մասնավոր և պետական դպրոցներ կատարած այցից։

Այս ամառ ավագ որդուս տարել էի Կալիֆոռնիա՝ ամառային ճամբար։ Ուզում էի նրան ցույց տալ Սիլիկոնե հովիտը. իմ կարծիքով դա այն «ուժեղ տեղերից» է, որոնք պետք է ցույց տալ երեխաներին՝ նրանց ոգևորելու ու մոտիվացնելու համար։ Մինչ նա ճամբարում էր, ես հասցրի այցելել Նահանգների տասնյակ լավագույն մասնավոր և պետական դպրոցներ, որոնցից համաշխարհային ռեյտինգի 100-յակում ընդգրկված համալսարաններ է ընդունվում շրջանավարտների զգալի տոկոսը։

Ուզում եմ նշել ամերիկացի գործընկերներիս փորձից մի քանի կետ, որոնց արժեր, որ մենք էլ ուշադրություն դարձնեինք։

Կարևոր է երեխաներին տեղավորել սովորողների հնարավորինս բազմազան կազմով միջավայրում։
Աշխարհը տարեցտարի ավելի բաց է դառնում, ու դպրոցների կազմը խիստ փոխվում է։ Նույն դասարանում տարբեր երկրներից, տարբեր հավատի, ռասայի ու մշակույթի ավելի շատ երեխաներ են սովորում։ Այսպիսի բազմազանությունը օգնում է դպրոցականի մեջ աշարհի՝ ավելի ճիշտ ու իրականությանը մոտ մոդելի ձևավորմանը։ Նաև ստեղծում է միջազգային և ի սկզբանե «երկխոսական» միջավայր, որտեղ սովորողը հավասարապես համագործակցում է նրանց հետ, ովքեր տարբերվում են իրենից որևէ նկարագրով։ Այսպես դպրոցականը սովորում է լսել ու ձևակերպել «ուրիշ» կարծիքը։

Կարևոր է կրթության բնագավառի ղեկավարներ պատրաստելը։
Կրթական ցանկացած համակարգի գլխավոր խնդիրներից մեկը անձնակազմն է։ Ռուսական դպրոցների մեծամասնության գլխացավանքը փաստորեն նպատակաուղղված ժամանակակից կառավարման իսպառ բացակայությունն է։ Հրաշալի մանկավարժներ ունենք, բայց բոլորովին չունենք կառավարման օղակ, թեպետ հենց ղեկավարներն են փոխում կրթության նկատմամբ հին մոտեցումները, ներդնում են ժամանակակից ձևաչափեր, աշխատում են մանկավարժների հետ։ Կառավարողները պետք են, որ դրդեն ուսուցիչներին զարգացման և տարբեր կենսափիլիսոփայություն ու դրվածք ունեցող դասավանդողներից ձևավորեն համակցված թիմ, որտեղ ամեն մեկն ունի իր պատասխանատվության գոտին, և բոլորն աշխատում են միասնական արդյունքի համար։

Կարևոր է ապահովել գնահատման ճկուն համակարգ։
Ժամանակակից մոտեցումները պատրաստվածության ցանկացած մակարդակի երեխաներին հնարավորություն են տալիս կրթական միջավայրում հարմարավետության զգացում ունենալու։ Դրա համար էլ բոլորովին ճիշտ չէ երեխաներին գնահատել միևնույն, խիստ կարգավորված ստանդարտով։ Բոլորովին նպատակահարմար չէ երեխային ուրիշ երեխաների հետ համեմատելը. շատ ավելի արդյունավետ է համեմատելը նրան հենց իր հետ՝ կիսամյա կտրվածքով, կոնկրետ ասպարեզներում նրա անձնական առաջխաղացումը գնահատելը։ Այս մոտեցումը չի ապամոտիվացնում երեխաներին և օգնում է այնպես անելուն, որ դպրոցական պարապմունքները հավասարապես հետաքրքիր լինեն տարբեր առաջադիմություն ունեցող երեխաների համար։

Կարևոր է ճկուն հմտություններն (soft skills) ու երեխայի անհատականությունը զարգացնելը։
Ամերիկայում հսկայական ժամանակ է տրամադրվում երեխայի անհատականությունը զարգացնելուն։ Դպրոցներն իրար են խառնում կրթության տարբեր ստանդարտներ։ Մոնտեսորին համադրում են IB-ի* հետ, ազգային ստանդարտները՝ վալդորֆյան համակարգի հետ, և այս ամենը միմյանց լրացնում են երեխայի զարգացման խնդիրը լուծելիս։ Ռուսական համակարգն ուժեղ է փաստագիտությամբ, բայց շատ կոշտ կենտրոնացում ունենք առարկայական ուսուցման վրա, և մենք սովորողների ու դասավանդողների առաջ դնում ենք միանգամայն ժամանակավրեպ նպատակներ։ Ամբողջ ուժը ծախսվում է միասնական քննությանը պատրաստելու և քննություններ հանձնելու վրա։ Բայց չէ՞ որ կրթական հիմնարկի առաջ ծառացած խնդիրը էականորեն ավելի ընդարձակ է՝ անհատականության զարգացում, տաղանդի գոտու որոնում, երեխայի հետաքրքրությունների որոնում և գտածի նախագծում դեպի հնարավոր շուկան, ուր հայտնվելու է երեխան տասնամյակներ հետո։

Կարևոր է, որ ուսումնական հաստատության փիլիսոփայությունը ձեր սրտով լինի։
Սկզբունքայինն այն չէ, թե ինչ տեսք ունի դպրոցի շենքը. Ամերիկայում դպրոցների 80%-ը շատ ժողովրդավարական տեսք ունեն տարածքի կազմակերպման տեսանկյունից։ Ոչ մի լողավազան կամ թարմ վերանորոգում էլ չունեն և հպարտանում են որ 30-50 տարի է, ինչ գոյություն ունեն։ Կարևորը ղեկավարների համար այն է, որ դպրոցը ներդաշնակորեն իրականացնի իր առաքելությունը։ Ցանկացած լուրջ դպրոց սկսում է նրանից, որ ձևակերպում է իր առաքելությունը, տեսլականը, նպատակները, և դրանք անպայման հրապարակային են։ Եվ ես վստահորեն խորհուրդ եմ տալիս աչքաթող չանել այդ հանգամանքը դպրոց ընտրելիս, քանի որ երեխայի համար դպրոցը աշխարհի մոդելն է, և այդ աշխարհի ընտրությունից է մեծ չափով կախված լինելու, թե ինչ արժեքներ նա կձևավորի։

Բայց չարժե մտածել, թե մեզ մոտ ամեն ինչ լրիվ ժամանակավրեպ է ու թե պետք է շտապ մի տեղ փախչել։ Նախ հարկավոր է հասկանալ՝ «ինչ է երեխան» և ինչպիսին է տեսնում ձեր ընտանիքը երեխայի ապագայի իդեալական պատկերը, օրինակ, 10-15 տարի հետո։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը մեզ համար նոր ոլորտի են վերաբերում, որը կոչվում է «կրթական խորհուրդ», և դրա հետևից կարող եք գալ մեզ մոտ՝ One! International School

*International Baccalaureate

Աղբյուրը

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский