«Հարսանիք ագարակում» նախագիծը Քոլեջում

Հարսանիք ագարակում» ուսումնական նախագծի արդյունքի հրապարակային ներկայացումը՝ օրացույցով որոշված հունվարյան ուսումնական ճամբարային մեդիաուրբաթ-համերգը՝ որպես 2018-ի մեկնարկ, հաստատեց կրթահամալիրի՝ հանրային կյանքի ֆենոմեն լինելու փաստը։
Աշոտ Բլեյան

Հունվարյան ուսումնական ճամբարի կրթահամալիրային նոր ու հետաքրքիր գործունեությունը «Հարսանիք ագարակում» նախագծի իրականացումն էր: Շուրջ մեկ ամիս կրթահամալիրի բոլոր օղակներում մեծով ու փոքրով ուսումնասիրում, հետազոտում էինք հայկական ավանդական հասանիքը, մշակվում էին ծիսակարգն իրականացնելու բոլոր մանրամասները, ստեղծվում հարսանեկան տարազ ու անհրաժեշտ պարագաներ նորափեսայի, նորահարսի ու հարսանքավորների համար, մաղթանքներով ու օրհնանքներով լրացվում, ամբողջացվում էին արարողակարգն ու սպասվելիք հրապարակային ներկայացումը: Անշուշտ, անցյալում Ամանորի, Զատկի, Համբարձման տոնի՝ որպես կրթական հանրային նախագծի փորձեր, մեզանում եղել են, սակայն պիտի հաստատեմ, որ այս նախագիծը եզակի էր իր տարածական - ծավալային ընդգրկումով, տարատարիք մասնակիցներով, ուսումնասիրվող նյութերի՝ հարսանեկան երգերի, պարերգերի, հարսանեկան խոհանոցի, ավանդույթների, հարսանեկան եզրույթների ստուգաբանման, արարողությունների յուրացմամբ ու գրագետ մատուցմամբ:
Իմ այս հոդվածով ուզում եմ ներկայացնել «Հարսանիք ագարակում» նախագծի աշխատանքների այն ծավալը, որն իրականացվել է կրթահամալիրի օղակներից միայն մեկում՝ Քոլեջում:
Երաժշտության մասնախումբը բավական բծախնդրորեն ու մասնագիտական պատասխանատվությամբ էր առանձնացրել այն երգերը, որ պիտի հնչեին Մարմարյա սրահում՝ ճամբարային մեդիաուրբաթ-համերգին, և Քոլեջի ամենօրյա առավոտյան ընդհանուր պարապմունքը՝ սովորողների ու դասավանդողների, փոքրիկ քոլեջիկների ու դաստիարակ-դայակների, ինչպես նաև այդ օրերին Քոլեջում վերապատրաստվող մասնագետների մասնակցությամբ, սկսվում էր այս երգերի բերանացի կատարումերով։ Մեկ ամիս շարունակ կեսժամյա պարապմունքների արդյունքում օր օրի ավելի որակյալ էին դառնում, հղկվում ու մշակվում էին յուրաքանչյուր երգի ու պարերգի կատարման մանրամասները:
Տեխնոլոգիայի, կարի ու մոդելավորման մասնագիտական արհեստանոցներում սովորողները, ինչու չէ՝ նաև տարբեր առարկաների դասավանդողներն իրականացանում էին «Բոյչափեքի», «Շորձևեքի» ծեսերին հարսի ու փեսայի հագուստների ձևելը, չափափորձելը, կարելն ու հարսանքավորների համար տարոսիկներ, ճակտոցներ պատրաստելը, հարսանեկան տոնախմբության ուրիշ նախապատրաստական աշխատանքներ: Օրվա ընթացքում իրականացվող այդ աշխատանքները մշտապես ուղեկցվում էին ընդհանուր պարապմունքին սովորած երգերի ու պարերի կատարումներով, ինչը դառնում էր հարսանեկան ծեսի երգերն ու պարերգերը յուրացնելու յուրատեսակ փորձ:
Բուսաբուծության արհեստանոցը սովորողների հետ հանդես եկավ հետաքրքիր նախաձեռնությամբ: Հին հայկական հարսանիքներում ծառ կապելը կենաց ծառի մանրապատկերը պատրաստելու արարողությունն է: Այս ծեսը կատարվում էր թե՛ փեսայի, թե՛ հարսի տանը միաժամանակ: Հայկական պատկերացումների համաձայն կենաց ծառեր համարվել են միայն նռնենին և ծիրանենին: Ահա թե ինչու բուսաբուծության լաբորատորիայում որոշեցին արհեստանոցի՝  թաղարով նռնենին զարդարել իբրև մեր հարսանեկան ծեսի կենաց ծառի խորհդանիշ, որը տոնախմբության օրը հատուկ բերվեց Մայր դպրոց ՝ Մարմարյա սրահի ներքին հարդարումն ամբողջացնելու համար:
Հարսանեկան ծեսի նախապատրաստական աշխատանքներին սիրով էին մասնակցում մեր քոլեջիկները, ովքեր ոչ միայն ամեն առավոտ մեծերի հետ երգում էին հարսանեկան երգերը, այլև իրենց դաստիարակների օգնությամբ տեսանյութ ստեղծեցին, որտեղ պատմում են, թե ինչ է հարսանիքն իրենց պատկերցմամբ: Իսկ հունվարի 25-ին տեղի ունեցած հունվարիկների ու ճնճուղների ստուգատեսին պատմում էին հարսանիքի մասին ու ներկայացնում իրենց սովորած հարսանեկան երգերը:
Արտբզզան ռադիոն այս օրերին առիթը բաց չթողեց հարսանեկան թեմաներով հետաքրքիր հարցազրույցներ վարելու մեր ուսուցիչների ու նաև Քոլեջում վերապատրաստվող մասնագետների հետ:
Նախագծի նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ կարևոր էր Քոլեջի սովորողների և դասավանդողների այցը կրթահամալիրի ագարակ և մասնակցությունը հայկական կոխի ֆեդերացիայի նախագահ Բագրատ Երիցյանի՝ հարսանեկան խաղերին, կոխին վերաբերող վարպետության դասին:
Հարսանեկան ծեսը մտավ նաև ընտանիքներ։
Հարսանիքից մի օր առաջ կրթահամալիրը հյուրընկալեց եկվոր հասանքավորների՝ Քոլեջի մեր հին ընկերներին՝ Խաչիկ գյուղից։ Նրանք իրենց երգ ու պարով մասնակից դարձան մեր հարսանեկան անվանդական փլավի պատրաստմանը, ապա ներկա եղան հայ-վրացական հարսանիքին՝ իրենց ելույթով զարդարելով այն: Դե իսկ հարսանեկան տոնախմբությանը փայլեցին իրենց կատարումներով:
Հունվարի 22-26-ի շաբաթը առանձնապես հագեցած էր: Քոլեջի ուսանողները ճամբարային իրենց ամենօրյա գործունեության ընթացքում ոչ միայն կարդացին հայկական ավանդական հարսանիքի, ծիսակարգի,նախապատրաստությունների մասին, այլև ծանոթացան հարևան ժողովուրդների՝ պարսիկների, վրացիների, թուրքերի ու քրդերի հարսանեկան սովորություններին, քննարկումներ ու զրույցներ ունեցան ու նաև պատմեցին իրենց ծնողների ամուսնության պատմությունները:
Այսօր, երբ ետևում են մնացել հարսանեկան նախապատրաստություններն ու բուն տոնախմբությունը, անվարան կարելի է ասել, որ կրթահամալիրային այս նախագիծը իրոք ուսումնական էր: Արդեն ուրվագծվող շարունակականությամբ, ավելի մեծ՝ Գյումրի, Վրաստան, Ջավախք տարածական ընդգրկումներով այսպիսի նախագիծը ամենաբազմակողմանի կրթությունն է, իսկապես հանրային կյանքի դրսևորում: Անշուշտ, սա թե՛ ոգևորող է և թե՛ ավելի պարտավորեցնող:
Ուրեմն՝ ի գործ: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский