Կանտատ. մաքրագործման մասին
Primary tabs
Ընտանեկան դաստիարակության արվեստը
Մանկավարժական էսսե
Սկսենք նրանից, որ Երեխայի բարեհաջող դաստիարակությունը մեր բարձր տրամադրության կարիքն ունի: Քանի որ մենք Երեխայի ծնունդի կանչ ենք տվել, ապա պետք է արժանապատվորեն դիմավորենք: Երեխային պետք է ընդունել.
-սրտատրոփ սպասման զգացումով,
-մաքուր սիրով և իմաստուն բերկրանքով,
-սքանչացումով ու զարմանքով,
-պարտքի ու պատասխանատվության զգացումով,
-Արարչի առջև ակնածանքով։
Երեխային պետք է ընդունել որպես հիշեցում ապագայի մասին և որպես մեր Դաստիարակի և Ուսուցչի:
Մենք պետք է մեզ պատրաստենք ծնող լինելուն, մայր ու հայր լինենք: Մենք մաքրագործման առաջին զոհն ենք մատուցում:
Ով կռվասեր բնավորություն ունի, թող ուղղվի:
Եթե ընտանիքում անհամաձայնություն է տիրում, թող հաղթանակի ներդաշնակությունը:
Ով տառապում է կոպտության ախտով, թող ազատվի դրանից:
Ով շոյել չի կարողանում, թող սովորի:
Ով չի սիրում լռությունը, թող սիրի։
Ով հիվանդ է, թող առողջանա:
Ով ծխում է, թող ծխելը թողնի:
Ով հարբեցող է ու թմրամոլ, թող բուժվի:
Ով սովոր է զազրախոսելու, թող սովորությունից հրաժարվի:
Ով սիրում է դատարկապորտությունը, թող էլ չսիրի:
Ով հարևանի հետ կռիվ ունի, թող հաշտվի:
Ով վախկոտ է, թող խիզախություն ձեռք բերի:
Ով հոռետես է, թող լավատես դառնա:
Ով չար է, թող բարիանա:
Ով խելք չունի, թող խելոքանա:
Ով ժամանակ չունի, թող ճարի:
Ով չգիտի՝ ինչ բան է ծառայելը, թող սովորի:
Թող դա լինի մեր ազնվացման սկիզբը: Ճամփորդը շեմին է: Դիմավորենք նրան մեր Սրտի ողջ իմաստնությամբ և մեր Հոգու ամբողջ շռայլությամբ: Չէ՞ որ մենք նույնպես Ճամփորդ ենք, պարզապես մի քիչ ավելի վաղ ենք եկել, որ ընդունենք մեզանից հետո եկող Ճամփորդին:
Ակորդ. պատվիրան
Մայրիկ, չէ՞ որ դու զգում ես իմ թոթովանքի իմաստը: Ուրեմն հասկացիր՝ ինչ եմ ասում. որպեսզի իմ դաստիարակությանն ուղղված քո երկարատև հոգսը հաջողությամբ պսակվի, պատվիրան եմ հղում.
Դաստիարակեք ինձ սիրո, գեղեցկության ու համբերատարության մեջ:
Սիրո մեջ, բայց ոչ ամեն պատահած սիրո, այլ այնպիսի, որ համբերատար է, գթառատությամբ լի, իրենը չի փնտրում, չի ջղայնանում, չար չի մտածում, ամեն ինչ ծածկում է, ամեն ինչին հավատում, ամեն ինչի հանդեպ հույս տածում, ամեն ինչ հաղթահարում է:
Գեղեցկության մեջ, բայց ոչ ամեն պատահած գեղեցկության, այլ այնպիսի, որը միտված է սրտակցությանը, վեհին ու հոգևորին, որ առաջ է մղում ու ազնվացնում կյանքն իմ մեջ ու ինձնից դուրս:
Համբերատարության մեջ, բայց ոչ ամեն տեսակի, այլ այնպիսի, որ արարում է, ստեղծում, քեզ հետ բերկրանք է ապրում, քեզ հետ ցավ է ապրում, նպատակաուղղված է ու պատրաստ է ինքնազոհողության:
Թող այս մասին իմանան բոլորը, ովքեր օգնում ենք քեզ՝ ինձ դաստիարակելու:
Կկարողանա՞ք արդյոք, դո՛ւք՝ մեծերդ, իրականացնել այս պատվիրանը:
Ֆանտազիա. դաստիարակության իմաստնությունը
Մեր երեխաների դաստիարակության իմաստնությունը մեզ ի ծնե է տրվում: Այն պահպանվում է մեր սրտում: Նրան հասնել հնարավոր է միայն ծնողական զգացումով: Հենց այդ զգացումն էլ հուշում է մեզ, ընդ որում՝ միանգամից, անհապաղ, թե ինչպես վարվել Երեխայի հետ այս կամ այն դժվարին իրավիճակում: Եվ ոչ թե միայն դժվարին իրավիճակում, այլ մշտապես, երբ Երեխայի հետ ենք լինում: Սիրտը մեզ կհուշի ճիշտ բառը՝ համապատասխան հնչերանգով, կակնարկի, թե ինչ պիտի անենք և ինչ ձևով: Եվ մեր դաստիարակչական քայլերը, որպես կանոն, ճիշտ կլինեն:
Կարևոր է նաև հետևյալ իրողությունը: Երեխայի հանդեպ մեր մանկավարժական մոտեցումները նախ և առաջ լինելու են մեր կենսակերպի բնական բաղադրիչները (նրանք ծնվում են այդ կյանքի ներսում), երկրորդ՝ մեր ներսում լինելու են Երեխային, նրա՝ այդ պահի վիճակը հասկանալու ունակություն, և դրանք կատարվելու են համագործակցության ներքին մղումով։
Այսպիսով՝ մեր մեջ ծնունդ է առնելու Մարդասիրական մանկավարժությունը, ոչ թե ավտորիտար ուժայինը: Դա կլինի մայրական սրտի մանկավարժություն, հայրական իմաստնության դաստիարակություն:
Լինում են դեպքեր, երբ երիտասարդ ծնողները հատուկ մանկավարժական, կամ, հնարավոր է նաև, ոչ մի այլ կրթություն բացի միջնակարգից չունենալով, չիմանալով դաստիարակության վերաբերյալ խելացի գրքերի մասին, այնուամենայնիվ, հրաշալի երեխաներ են մեծացնում: Բայց ահա ուրիշ ծնողներ, գուցե նաև մանկավարժական գործի պրոֆեսորներ, գլուխ չեն հանում իրենց երեխաներից, առանց բղավոցների, նվաստացումների յոլա չեն գնում, իսկ նրանց երեխաները դաստիարակության պակաս են ունենում:
Ինչպե՞ս է դա լինում:
Կրկին վերադառնանք ծնողական զգացմունքին և սրտի իմաստնությանը: Եթե մեր մեջ արթնացել է այդ զգացումը, ապա մեզ կայցելի նաև դաստիարակության իմաստնությունը, և այդ դեպքում մանկավարժական խելացի գրքերը կբազմապատկեն մեր իմաստնությունը: Բայց եթե ծնողական զգացմունքը մեր մեջ չի արթնացել, ապա սրտի իմաստնությունը մեզ անհասանելի կլինի: Մենք կարող ենք տիրապետել դաստիարակության մասին տեսական ողջ գիտելիքներին, բայց դրանց կիրառումը, առանց ծնողական զգացմունքի մասնակցության, միշտ չէ, որ կուրախացնի մեզ իր հետևանքներով:
Այդ դեպքում ինչպե՞ս արթնացնենք մեր մեջ ծնողական զգացմունքը:
Մենք պիտի ուզենք Երեխա ունենալ: Պիտի երազենք նրա մասին: Մեր երևակայության մեջ պատկերացնենք՝ ինչպես ենք նրան փայփայում, քնքշորեն սիրում, խնամում, ինչպիսի բարեկամություն ու փոխըմբռնում է լինելու մեր միջև:
Մայրության ու հայրության համար մեր այս ազնիվ ձգտումն է ծնողական զգացմունք արթնացնելու ուղին:
Մենք պետք է շատ ուզենք Երեխա ունենալ ոչ թե մեր սեփական բարօրության համար, այլ հենց իր՝ երեխայի համար, նրա համար, որ աշխարհը մեր միջոցով Ազնվաբարո Մարդու ստանա: Բայց մենք պետք է ջանանք ազնվացնել ինքներս մեզ, որպեսզի արժանավոր մայրիկ ու արժանավոր հայրիկ լինենք մեր ապագա Երեխայի համար: Այդժամ սիրտը մեր առջև կբանա դաստիարակության իմաստնությունը:
Մենք հարկ կունենանք մեր ազնվացմամբ զբաղվելու նաև Երեխայի ծննդից հետո: Հարկ կլինի մեր մեջ պահպանելու մեր սպասումները ու մտածելու այն մասին, թե ինչպիսի մայրիկ ու հայրիկ պետք կլինի մեր Երեխային իր հասունացմանը զուգընթաց: Նա փոփոխվելու է, և մենք էլ պիտի փոխենք մեր վերաբերմունքը նրա հանդեպ: Դաստիարակության մասին իմաստուն գրքերի ընթերցումը կհղկի մեր ձգտումները: Այսպիսի հոգացողության դեպքում մենք կկարողանանք մեր մեջ պահպանել ծնողական զգացմունքը Երեխայի դաստիարակության ամբողջ ընթացքում, ամբողջ կյանքում: Այսպես մենք կդառնանք իմաստուն ծնողներ, իսկ ավելի ուշ՝ մեր թոռների ու թոռնուհիների լավագույն դաստիարակները:
Բայց պատկերացնենք մի ուրիշ իրավիճակ:
Կինը երեխա չի ուզում ծնել: Դա նրա համար բեռ է: Հարկավոր է երեխայից ազատվել: Նա պտղին թշնաբար է վերաբերվում, մինչդեռ պտուղը շարունակում է հասունանալ նրա արգանդում: Նրա երևակայության մեջ պատկերվում են դրվագներ, թե երեխայի հայտնվելով՝ որքան բաներից պիտի զրկվի այս կյանքում: Նա չարանում է երեխայի հանդեպ, ատում նրան: Ապագա Երեխայի հայրն էլ է կարծում, որ երեխան կսահմանափակի իր ազատությունը: Եվ այս չարացած միջավայրում ծնվում է Երեխան:
Այսպիսի մոր սիրտը Երեխայի համար փակ է մնում, նա չի կարողանա իր մեջ արթնացնել դաստիարակության իմաստնությունը: Մայրության զգացմունքը կլքի նրան: Նրա մեջ ծնունդ չեն առնի դաստիարակչական արտահայտություններն ու հնչերանգը, ժպիտն ու քնքշությունը, դաստիարակող օրորոցայիններ: Երեխայի հանդեպ նրա խնամքը դաստիարակչական զգացմունքներից զուրկ կլինի:
Երեխան, բնականաբար, կըմբռնի սեփական մոր այդպիսի վերաբերմունքն իր հանդեպ, կըմբռնի մինչև ծնվելը և նույնպես կներփակվի, կհեռանա նրանից: Երեխան կմեծանա, իսկ մոր համար ավելի ու ավելի դժվար կլինի ազդելը նրա վրա:
Միայն ճշմարիտ ապաշխարության ուժը, միայն զղջումը Երեխայի հանդեպ, իրեն փոխելու անհավատալի ջանքերը գուցե կօգնեն մորը, որ սեփական Երեխան ընդունի նրան, և նրանք իրար հարազատ դառնան:
Այս դատողությունները հավասարապես վերաբերում են նաև հորը:
Էլեգիա. տատիկների ու պապիկների մասին
Մեր ծնողական զգացմունքը զորեղացման կարիք կունենա, առավել ևս, եթե մենք փորձառու ծնողներ չենք: Այն նաև փոխարինման կարիք կունենա, եթե մենք աշխատանքի մեջ ենք, գործուղման ենք: Այդ դեպքում մեզ առաջին հերթին կօգնեն մեր ծնողները, ում հետ միասին ենք ապրում, կամ ովքեր կարող են գալ Երեխայի մոտ, Երեխային տանել իրենց մոտ: Նրանք Երեխայի համար Տատիկ ու Պապիկ են: Ինչո՞վ են նրանք՝ որպես Երեխայի դաստիարակության օգնանականներ, թանկ մեզ համար:
- Նրանք նույնպես թոռնիկի, թոռնուհու անհանգիստ սպասման մեջ են եղել:
- Նրանք արդեն դաստիարակելու փորձ ունեն:
- Նրանց սերը թոռնիկի, թոռնուհու հանդեպ յուրահատուկ նրբություն ունի:
- Նրանք ավելի շատ համբերություն ունեն, կարողանում են ներել:
- Նրանց մեջ կյանքի իմստնություն կա:
- Նրանք սիրով զբոսնում են թոռան, թոռնուհու հետ:
- Նրանք կարողանում են խաղալ երեխաների հետ:
- Պապիկը սարքել-շինել գիտի, նրա հետ կարելի է լուրջ զրույց վարել լուրջ բաների մասին:
- Նա պատրաստ է ցանկացած գործ մի կողմ դնելու, եթե իրեն դիմում է թոռնիկը, թոռնուհին:
- Հաճելի է նստել պապիկի ծնկներին ու հարցեր տալ:
- Տատիկը շատ հեքիաթներ, ոտանավորներ գիտի, գիտի՝ ինչ կարդա:
- Տատիկը աղոթքներ գիտի, թոռնիկի ու թոռնուհու համար աղոթքներ է կարդում:
- Տատիկը գիտի համեղ կարկանդակներ թխել:
Տատիկի ու պապիկի հանդեպ Երեխայի սերն ու կապվածությունը նույնպես յուրահատուկ է. նրանք ապաստան են Երեխայի համար, պաշտպանություն, օգնություն, հույս, մխիթարություն: Տարիներ, տասնամյակներ կանցնեն, և արդեն մեծահասակ թոռան, թոռնուհու «հիշողության բարոյական մթնոլորտում» պապի, տատի մասին հիշողությունը հոգևոր-բարոյական կողմնորոշում կդառնա նրա համար:
Մենք պետք է վստահենք մեր հարազատ մարդկանց:
Մենք պետք է հարգենք ու շնորհակալ լինենք նրանց:
Լավ ու օգտակար կլինի նրանց հետ խորհրդակցելը:
Երեխան թող տեսնի մեր հարգալից վերաբերմունքը մեր ծնողների հանդեպ:
Տատիկների ու պապիկների խնամքը Երեխայի հանդեպ հատկապես կարևորվում է այն տխուր դեպքերում, երբ ծնողների մեջ դեռ չի բացահայտվել ծնողական զգացմունքը, և նրանք իրենց չեն ուզում տեսնել որպես սեփական Երեխայի մայր ու հայր:
Կապրիչիո. «խուճապի չմատնվեք»
Թամուսիկը երեք ամսական է: Պապիկը մեջքով դեպի իրեն է գրկել նրան ու զբոսնում է այգում, որտեղ շատ վարդեր կան: Թամուսիկը ոգևորել է պապիկին. նա թոռնուհու համար երգեր է երգում, ոտանավորներ կարդում, զվարճություններ է հորինում, նկարահանում: Թոռնուհու հանդեպ պապիկը նուրբ հոգածություն ունի:
Պապիկը մոտենում է վարդերին: Փոքրիկի համար ճիշտ ժամանակն է՝ որքան հնարավոր է շատ տպավորություններ հավաքելու: Նա երկար նայում է բացված երփներանգ վարդերին: Պարզվում է՝ իշամեղուները իրենց բույնը հարմարեցրել են թփերից մեկի ցողունի վրա: Հենց թուփը շարժվեց, իշամեղուների պարսը չարամտորեն բզզաց: Նրանք մի երկու անգամ խայթեցին պապիկին, իսկ այդ չար իշամեղուներից մեկը հասցրեց խայթել Թամուսիկի տոտիկը: Փոքրիկը բղավեց ու դառնագին լաց եղավ:
Պետք չէ խուճապի մատնվել:
Բայց այդ մասին ոչ ոք չհիշեց: Մայրը պապիկից վերցրեց Երեխային, սկսեց աջ ու ձախ վազվզել՝ չիմանալով ինչպես հանգստացնել Փոքրիկին: Մեծ տատիկը խայթած-այտուցված տեղից սեղմելով դուրս մղեց թույնը: Թամուսիկի ցավերն ուժեղացան, նա սկսեց ավելի ուժգին լաց լինել: Մոսկվայից եկած հյուրերը սկսեցին խորհուրդներ տալ՝ ինչպես օգնել երեխային, բայց խորհուրդները տարբեր էին: Մորաքույրը զանգահարեց շրջանային մանկական պոլիկլինիկայի գլխավոր մանկաբույժին: Եվ գիտե՞ք, թե նա ինչ ասաց:
- Օ՜,- ասաց,- շատ վտանգավոր է, ես ոչինչ անել չեմ կարող, Երեխային ինձ մոտ բերելու կարիք չկա, շտապ տարեք հիվանդանոց:
Խուճապն աճում է:
Մեծ պապիկը մի կողմ է քաշվել ու հանդարտ լաց է լինում:
Զանգարահում են ծանոթ բժշկի. այսպես ու այսպես, ասում են, փոքրիկին իշամեղու է խայթել: Ի՞նչ անենք:
-Օ՜,- հեռախոսով ասում է նա,- անհապաղ այսինչ քսուքը քսեք, այնինչ դեղը սրսկեք: Շատ վտանգավոր է, կարող են բարդություններ լինել:
Բժիշկը չասաց՝ խուճապի մի՛ մատնվեք, հանգստացե՛ք:
Ճիշտ հակառակը՝ ավելի շատ իրար անցեք:
Իսկ Թամուսիկը շարունակ լալիս է: Մայրը դես ու դեն է վազվզում:
- Շտապ մեկնում ենք Թբիլիսի,- ասում է նա:
Իսկ ի՞նչ վիճակում է խայթած տեղը: Այտուցվա՞ծ է: Այտուցվա՞ծ չէ:
Այնինչ պապիկը, ում նույնպես խայթել էին իշամեղուները մի ութ-ինը տեղ՝ ձեռքերին ու ոտքերին, ցավ չի զգում: Նա միայն Երեխայի ցավն է զգում ու իր մեղքը. չէ՞ որ ինքն էր գրկել Երեխային, ինքն էր մոտեցել, թարսի պես, այդ չարաբաստիկ վարդի թփին: Իհարկե, ինքն է մեղավոր:
Երեխայի ցավը և պապիկի սրտի ցավը…
Ինչպե՞ս դա տանենք:
Ոչ ոք չի ասում՝ խուճապի մի՛ մատնվեք, ոչ մի վատ բան չի եղել, շուտով ամեն ինչ կանցնի:
Պապիկի մտքով անցնում է զանգահարել Թբիլիսիի իրենց հարևանին, որ մանկական հիվանդանոցի գլխավոր բժշկն է: Միացնում է հեռախոսի բարձրախոսը: Բոլորը լսում են, թե ինչ է ասում բժիշկը:
- Իշամեղու է խայթե՞լ: Նայեք՝ խայթոցի տեղը այտուցվա՞ծ է:
- Ո՛չ, չի այտուցվել,- պատասխանում է պապիկը:- Բայց մի բժիշկ մեզ ասաց, որ Երեխային հարկավոր է անհապաղ տանել հիվանդանոց, մեկ ուրիշը սրսկում ու քսուք նշանակեց:
- Իսկ դուք սրսկումն արե՞լ եք: Փառք Աստծո, որ չեք արել,- ասում է բժիշկը, ու բոլորը լսում են, թե նա ինչ է ասում:- Ինչպե՞ս կարելի է նման սրսկումներ անել երեք ամսական երեխային: Եվ ո՞չ մի քսուք: Հիվանդանոց նույնպես հարկավոր չէ:
Եվ միայն նա է բջջային հեռախոսով բարձրաձայնում անհրաժեշտ խոսքերը.
-Խուճապի մի՛ մատնվեք, Երեխան երևի արդեն խաղաղվում է…
Իրոք որ, Թամուսիկն այլևս չի լալիս:
- Եթե անգամ խայթոցի տեղը այտուցվի, բոլորովին էլ վտանգավոր չէ: Կես ժամից կանցնի…
Ամեն մեկը նայում է խայթած տեղին, դա մի պստլիկ կարմիր կետ է, ուրիշ ոչինչ:
Բոլորը համբուրում են այդ աննշան կետը:
Կես ժամ անց զանգահարում է բժիշկը.
-Դե, ի՞նչ: Տեսնո՞ւմ եք… Հարկավոր չէ երեխային Թբիլիսի բերել, այստեղ շատ շոգ է… Հանգստացեք:
Եվ կրկնում է ոսկե խոսքերը.
- Խուճապի մի՛ մատնվեք:
Օ՜հ, ինչ դժվար է երիտասարդ մայրիկի համար խաղաղ դաստիարակության փորձառություն հավաքելու ուղին:
Բայց ինչո՞ւ սպասել փորձառությանը, եթե կա Իմաստնությունը:
Խուճապի չմատնվենք, թե չէ պապիկի սիրտը երկրորդ անգամ չի դիմանա սրան:
Իսկ այն երկու բժիշկներին, այն երկու բժիշկներին՝ ամոթ ու նախատինք:
Ռապսոդիա. Աստված օրհնի նրանց
Սինտիի հարցը.
- Ես ծանոթներ ունեմ, որ հանգամանքների բերումով չեն կարող երեխա ունենալ: Նրանք մտադիր են ծննդատանը թողած երեխա որդեգրել: Նրանց մեջ ծնողական զգացմունք ինչպե՞ս կառաջանա:
Այն մարդիկ, որ երեխա են որդեգրում, կարող են իրենց մեջ բացահայտել ծնողական զգացմունքը՝ իր ամբողջ իմաստնությամբ: Բայց պայմանը նույնն է. նրանք պիտի ուզեն Երեխա ունենալ, պիտի երազեն նրա մասին, պիտի սիրեն նրան: Երեխային դաստիարակելիս երբեք չպիտի մտածեն, որ իրենք Երեխայի իսկական ծնողները չեն: Ոչ մի իրավիճակում պիտի չզղջան, որ Երեխա են որդեգրել և հենց ա՛յս Երեխային, ոչ թե մեկ ուրիշին, ում, հնարավոր է, նույնպես առաջարկել են ընտրելու համար:
Նրանք կարող են իրենց մեջ բացահայտել դաստիարակության իմաստնությունը նաև այն դեպքում, եթե որդեգրում են ոչ թե նորածնի, այլ արդեն մեծացած Երեխայի, որը հենց սկզբից իմանում է, որ նրանք իր «իսկական» ծնողները չեն: Երեխան նրանց կընդունի որպես հարազատ ծնողի միայն այն դեպքում, երբ իրենք՝ որդեգրողները նրան որպես հարազատ զգան և երբեք, ինչպիսի դժվարություններ էլ ծագեն դաստիարակության ընթացքում, չհիշեցնեն Երեխային, թե ինչ բարիք են պարգևել նրան: Երեխա որդեգրել՝ չի նշանակում բարեգործությամբ զբաղվել:
Որդեգրած ծնողները պետք է հիմնովին «մոռանան», որ իրենք որդեգրող են, ոչ թե իսկական, և իրենց տեսնեն միայն որպես հարազատ հայր ու մար: Այդ դեպքում նրանք կգտնեն դաստիարակության իրենց իմաստնությունը:
Թող Աստված օրհնի նրանց:
Էլեգիա. աշխարհով քայլում է Իմաստունը
Կինը տեսավ իրենց բակով անցնող Իմաստունին և հրավիրեց հանգստանալու ընկուզենու ստվերում: Բակում շատ երեխաներ էին խաղում: Իմաստունը հարցրեց.
- Ինչո՞ւ այստեղ այսքան շատ երեխա կա:
- Ես որդեգրել եմ երեսուն անապաստան երեխաների: Իսկ լքվածներն ու ընչազուրկները հազարներով են, և իմ սիրտը ցավում է նրանց համար: Ուզում եմ որդեգրել բոլորին, բայց չգիտեմ՝ ինչպես անեմ,- տխուր ասաց կինը:
Իմաստունը հարցրեց.
- Նրանց մեջ քո սեփականը չկա՞:
- Կա՛, մեկը:
Իմաստունը հարցրեց.
-Նրանցից ո՞րն է:
- Որը պատահի,- պատասխանեց կինը:
Իմաստունը գլուխը խոնարհեց կնոջ առջև ու ասաց.
- Քեզ առակ եմ նվիրում:
Տափաստանով գետ էր հոսում: Փոքր էր, բայց նրա ափերին կյանքը ծաղկում էր, ծաղիկները փթթում էին, թռչունները՝ երգում, խոտը սվսվում էր, ուռենիներն արձակել էին իրենց երկար ճյուղերն ու շոյում էին գետը: Գետակն ուրախանում էր իր շուրջը եղած կյանքով, ու նրան թվում էր, թե ամենուր ամեն ինչ այսպես սքանչելի է: Մի անգամ գիշերով մի օձ գետը սողաց ու շշնջաց.
- Դու այստեղ ուրախանում ես, իսկ քո ափերից մի փոքր հեռու ամեն ինչ ոչնչանում է տոթից:
Թե որ այդ օձը բարի ու իմաստուն լիներ, կասեր գետակին. «Ինչ լավն ես դու, որ չես խնայում քո խոնավությունը ու ոչնչացումից փրկում ես տապից խանձված այս տափաստանի ծաղիկների, խոտերի ու ծառերի գոնե մի մասը»:
Բայց օձը այդպիսին չէր, այլ չար էր ու նախանձ: Գետակը տխրեց:
- Ինչպե՞ս օգնեմ տափաստանին:
- Հարցրու մարդուն,- ասաց օձը:
Առավոտյան մարդը լսեց գետակին:
- Լավ,- ասաց նա,- ես գիտեմ՝ ինչ անենք…
Եթե այդ մարդն իմաստուն ու հոգատար լիներ, գետակին կասեր. «Դու առանց այդ էլ անում ես առավելը, որ կարող ես»:
Բայց նա այդպիսին չէր, այլ անհոգի ու անփույթ մեկն էր:
Վերցրեց քլունգը և, առանց երկար մտածելու, գետակի ափերից բազում առուներ փորեց դեպի տափաստան: Առվի ջրերը ներծծվեցին ավազի մեջ, իսկ այն ափերը, որտեղով գետակը այլևս չէր հոսում, չորացան:
Գետակն ավելի տխրեց: Դրախտի թռչունը թռավ-եկավ նրա մոտ:
- Ի՞նչ է պատահել,-հարցրեց նա:
Գետակը նրան պատմեց իր տխրության մասին: Եվ դրախտի թռչունն ասաց նրան.
- Դու նրա համար չես ծնվել, որ ոռոգես ամբողջ տափաստանը: Դա քո ուժերից վեր է: Դարձի՛ր դեպի քո հունը ու կյանք տուր քո ափերին:
- Բայց ինձ տխրեցնում է տափաստանը:
- Դու ուրախացիր քո ափերի կյանքով, բայց և տխրիր խանձված տափաստանի համար: Ուրախությունը կամրապնդի քո ուժերը, իսկ մարդկային հայացքը կնկատի քո տխրությունը, ու ժողովուրդը, տեսնելով քո ափերին սփռված կյանքը, կհասկանա, թե ինչպես կենդանացնի ողջ տափաստանը: Ահա քո կոչումը:
Գետակը վերադարձավ իր հունը և հետը ուրախություն բերեց, որ կյանք է տալիս իր ափերին, ու տխրություն, որ չի կարող կենդանացնել ողջ հափաստանը։
Իմաստունի պատմությունը լսելով՝ կինը խանդաղատանքով նայեց բակում խաղացող իր բոլոր երեխաներին ու սրտի ցավով մտածեց հազարավոր ընչազուրկների մասին:
Իսկ Իմաստունը բարձրաձայն մտածումով օգնում էր կնոջը՝ իր զգացմունքները հասկանալու: «Ո՜վ Մեծահոգի Կին: Դաստիարակության ուրախությո՛ւն պարգևիր այնքան լքված ու ընչազուրկ երեխաների, որքան բավարարում է քո ուժը, իսկ մնացածների համար, ում բաժին չի հասել այդ ուրախությունը, պահպանիր լուսավոր թախիծդ ու արցունքներդ, քանզի դրանք փրկիչ են: Ո՜վ Մեծահոգի Կին: Սուրբ Մայր, որ իր մի Երեխայի միջոցով տեսնում է իր մեջ Երկրի բոլոր երեխաների Մորը, իսկ ամեն մի Երեխայի մեջ՝ իր սեփական Երեխային: Սուրբ Մայր, ով դաստիարակում է իր միակին նույն զգացումով, ինչպիսին բոլոր մյուսներին:
Թող Աստված օգնի քեզ»:
Ռապսոդիա. մայրական կաթի մասին
Նինցայի հարցը.
- Եթե Երեխային կերակրում է ոչ թե սեփական մայրը, այլ ստնտուն, ի՞նչ կլինի այդ դեպքում. մայրական զգացմունքը կնվազի՞, թե՞ կսաստկանա:
Հարցը կարելի է ձևակերպել նաև այսպես՝ Երեխան ի՞նչ ձեռք կբերի կամ կկորցնի, եթե նրան կրծքով կերակրի ոչ թե սեփական մայրը, այլ ստնտուն:
Այն, որ մայրը կրծքով կերակրում է իր երեխային, միայն կերակրել չէ, դա իսկական դաստիարակություն է՝ Մանկան հոգևոր առանցքի սնուցում:
Պատկերացնենք՝ ինչպես է տեղի ունենում կերակրելու գործընթացը:
- Նորածինը ծծում է կուրծքը, դա իրենն է, իր սեփականությունը, կրծքից ոչ միայն կաթն է քաշում, այլև հենց կյանքը, նրա ձեռքը միշտ դրված է մոր կրծքին:
- Նա ծծնում է կաթը. դա մայրական կաթ է, մոր օրգանիզմը այն արտադրում է միայն նրա, այլ ոչ մեկ ուրիշի համար, կաթի բաղադրությունը համապատասխանում է նրա զարգացմանը, նրա առողջությանը:
- Նրա ականջը հպվում է մոր սրտին, ու նա լսում է սրտի զարկերը, ընկալում մոր զգացմունքներն ու ապրումները:
- Նրա հայացքն ուղղված է մոր դեմքին ու աչքերին, որոնցում գորովանք է, քնքշություն, սեր, նրբություն, բարություն, զարմանք, հիացում, երկյուղածություն, հույս՝ ողջ Աստվածային երանությունը:
- Նա զգում է մոր մարմնի ջերմությունը, այն ջերմացնում է իրեն, նա ընկալում է մոր մարմնի բույրը, այն անուշ բուրում է ու խաղաղեցնում իրեն:
- Տեսնում է մոր մտքերը, դրանցում ինքն արդեն մեծ է, ինքը ազնվաբարո է, մեծահոգի, լսում է մոր խոսքերը, դրանք ասես հաճույք պարգևող վսեմ մեղեդի են:
Ի՞նչ կկոչենք մենք այս ամենը: Կերակրո՞ւմ:
Իհարկե, ոչ:
Ինչ-որ անորսալի մի բան է տեղի ունենում, բայց շատ հզոր. նորածնին փոխանցվում է մոր ոչ սովորական, հոգևոր էներգիան, որը սնուցում է նրա ողջ էությունը՝ և՛ մարմինը, և՛ հոգին: Մանկիկի մարմինը լցվում է առողջությամբ ու կենսականության հնարավորությամբ: Իսկ հոգում Աստծո պատկերն իր արտահայտման համար հոգևոր հեղուկ է ստանում: Այնտեղ՝ հոգու խորքում, մնում է ենթագիտակցական հիշողությունը, որն ապագայում՝ տարիներ ու տասնամյակներ անց, կարող է դրսևորվել որպես վեհանձնություն, պատասխանատվություն, որպես մեծահոգություն:
Ահա թե ինչ է տեղի ունենում սեփական Երեխային կրծքով կերակրելիս: Եվ դա ծնողական զգացմունքն է անում:
Մայրը, Երեխայի կերակրելուն նախապատրաստվելով, պետք է իրեն տրամադրի դաստիարակության խորհրդին, ոչ թե միայն կերակրելուն: Չի՛ կարելի, աններելի է կրծքով կերակրել Մանկանը՝ գտնվելով գրգռված, չարացած, անհանգիստ վիճակում, քանզի նա բացասական էներգիա կընդունի մորից. դաստիարակությունը, որ հոգևոր առանցքի սնուցում է, կխեղաթյուրվի:
Իսկ հիմա պատկերացնենք, որ մեր Երեխային կերակրում է օտար մի կին՝ ստնտուն: Նա ունի իր սեփական երեխան:
Նրա կուրծքը, կաթը, ջերմությունն ու մարմնի անուշ բույրը, նրա զգացմունքները և մտքերը ամբողջությամբ, նաև նրա նույնպես ոչ սովորական հոգևոր էներգիան իր Երեխայի սեփականությունն են: Սեփականություն այն իմաստով, որ արարվել են նրա մեջ՝ կախված իր Մանկան էությունից:
Բայց տալիս ենք այդ էներգիան մեր Մանկանը, և այն նրան օտար է:
Թող որ ստնտուն բարի կին է, սիրում է երեխաներին և մեր փոքրիկին՝ հատկապես: Բայց նա ի վիճակի չէ փոխելու իր հրաշագործ, հոգևոր էներգիայի բաղադրությունը՝ կախված ցանկացած Երեխայի հոգևոր ու բնական էությունից: Նա չի կարող տալ այլ Երեխայի այն, ինչ տալիս է իր սեփականին: Մեր Նորածնին ուրիշ ոչինչ չի մնում, քան հարմարվելը այս ստնտուին: Եվ նա աստիճանաբար հարմարվում է, բայց ստնտուից չի ստանում այն, ինչ կարող էր սատանալ սիրող մորից:
Ո՞ր դեպքերում կարելի է ստնտու հրավիրել:
Եթե հարազատ մայրը հիվանդ է և կաթ չունի:
Այդ դեպքում, իհարկե, մայրն այլ ելք չունի. կա՛մ Երեխան պետք է անցնի արհեստական սննդի, ինչը զուրկ է հոգևոր էներգիայից, կա՛մ հարկավոր է ստնտու հրավիրել, ում հոգևոր էներգիայի մասին կարելի է դատել նրանով, թե որքանով նա կկարողանա օտար երեխային իր սեփականի պես ընդունել:
Սիրող մայրը կողքին կլինի և կերակրելուց հետո իր գիրկը կվերցնի Երեխային ու կսնուցի իր ողջ մայրական գորովանքով:
Բայց ի՞նչ ասես այն մորը, որ հրաժարվում է սեփական Երեխային կերակրելուց միայն նրա համար, որ պահպանի իր կրծքի թարմությունը, իր երիտասարդությունը, ազատի իրեն Երեխայի խնամքի հոգսերից: Դուրս է գալիս, որ նա չարամտորեն, իր մասին մտածելով, զրկում է Մանկանը այն ամենից, ինչ լիակատար հիմունքով նրան է պատկանում: Նման դեպքում մայրական զգացմունքը հայտնվում է կործանման եզրին:
Ինտերմեդիա. լուսակիրների մասին
Դաստիարակությունը փակ գործընթաց չէ: Այն հնարավոր չէ փակել որևէ շինության ներսում, իսկ Երեխային՝ մեկուսացնել արտաքին աշխարհից:
Դաստիարակությունը հենց ինքը կյանքն է. այն բաց գործընթաց է, և այդտեղ կարող է մուտք գործել ցանկացած մեկը՝ և´ բարի, և´ չար: Բարի մեկը մտնում է բարի նկատառումներով, իսկ չարը՝ չար նկատառումներով:
Այն մարդիկ, ովքեր մուտք են գործում դաստիարակության ոլորտ և զորեղացնում են դրա ազդեցությունը, մասամբ մեզ ծանոթ են: Դա մասնագետ մանկավարժների միությունն է՝ մանկապարտեզների դաստիարակներ, դպրոցների ուսուցիչներ, կրթական այլ ոլորտների ուսուցիչներ (երաժշտական, արվեստի, սպոտային դպրոցներ, մանկական ստեղծագործության կենտրոններ): Նրանց պատվիրված է ոչ միայն սովորեցնել, այլև դաստիարակել:
Ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, որ նրանցից շատերը առանձնահատուկ հոգատարություն են դրսևորում իրենց սաների և աշակերտների հանդեպ, որովհետև սիրում են իրենց մասնագիտությունը, սիրում են երեխաներին: Իսկ նրանցից ոմանք մեր Երեխայի համար հոգի են դառնում: Այդ մի քանիսը (նրանք շատ չեն՝ մեկը, երկուսը, երեքը) կարող են անգամ լրացնել երեխայի դաստիարակության ծնողական բացթողումները: Երեխան, սիրելով իր ուսուցչին, հնարավոր է՝ նրան երկրորդ մայր անվանի: Դա կուրախացնի մեզ:
Մենք պետք է շնորհակալ լինենք այդպիսի ուսուցիչներին և հարգանքով վերաբերվենք նրանց: Նրանք լուսավոր ուժեր են, լուսակիրներ: Նրանց վրա է հիմնված կրթական աշխարհը: Միայն հարկավոր չէ նրանց նվաստացնել՝ նվիրելով ինչ-որ իրեր (ասենք՝ բյուրեղապակյա մրգամաններ, ոսկեզօծ արծաթեղեն և այլն): Լավ կլինի, եթե նրանց բարի խոսքեր նվիրենք, փառաբանենք նրանց անունը, իսկ երբ հարկ լինի, պաշտպանենք նրանց ոտնձգություններից այն իշխանավորների, որոնք երբեմն խանդով են վերաբերվում ուսուցիչների արտասովորությանն ու ստեղծարարությանը:
Կա «ընտանեկան բժիշկ» հասկացությունը: Կիրառենք նաև «ընտանիքի ուսուցիչ» հասկացությունը:
Իսկ ի՞նչն է մեզ խանգարում բնակարանում կախել մեր Երեխայի սիրելի Ուսուցչի դիմանկարը:
Ու երբ հյուրեր այցելեն մեզ, կասենք՝ ահա մեր Ուսուցիչը: Գիտեք, թե որքա՜ն լավն է:
Օդա. պաշտպանության մասին
Բայց, ցավոք, լինում է և այնպես, որ մանկավարժների միության ներկայացուցիչներից ինչ-որ մեկը լինում է չար, անկարգապահ, իր գործի ոչ մասնագետ: Այս կարգի մարդիկ ոչ թե զորացնում են դաստիարակչական ազդեցության դաշտը, այլ ավիրում: Նրանք սիրում են ծաղրել երեխաներին, ստորացնել ու ծանակել նրանց:
Եվ հանկարծ այդպիսիներից մեկին դուր չի գալիս մեր Երեխան՝ իր կամակոր բնավորությամբ: Նա անմիջապես Երեխային համարում է կարգազանց, խուլիգան ու սկսում է կիրառել բղավոցների ու պատիժների «իր» մեթոդները: Սկսում է տրամադրել մեզ՝ ծնողներիս, մեր Երեխայի դեմ՝ մեզանից պահանջելով, որ «լվանանք նրա ուղեղը»:
Գուցե նրան դուր չի գա, որ Երեխան դանդաղ է մտածում, ձեռք չի բարձրացնում դասարանին ուղղած ամեն դատարկ հարցից հետո: Ահա այսպես՝ Երեխային դանդաղամիտի, թերզարգացածի, հետ մնացողի պիտակ կկպցնի, կսկսի խեղդել նրան երկուսներով և կրկին կօգտվի «իր» մեթոդներից՝ ծաղր ու ծանակից, ստորացումից, Երեխային բթամիտ ու դեբիլ կոչելուց: Կսկսի դրդել դասարանի բոլոր երեխաներին իրենց ընկերոջ դեմ: Կկանչի մեզ՝ ծնողներիս, որ կշտամբի: Կասի, որ վատ Երեխա ունենք, չի լսում, չի սովորում, թերզարգացած է, դանդաղամիտ: «Միջոցնե՛ր ձեռք առեք», - կհրամայի:
Իսկ ի՞նչ միջոցներ ձեռք կառնենք մենք: Ինչպե՞ս օգնել Երեխային, ով այնտեղ՝ դասարանում է դանդաղամիտ, իսկ տանը բոլորովին էլ այդպիսին չէ: Այդ ուսուցիչը կրկին մեզ կտրամադրի մեր Երեխասյի դեմ, կհրահրի ընդհարում նրա հետ: Մենք կսկսենք պատժել, պահանջել, հաճույքներից զրկել: Իսկ Երեխան բոլորովին էլ մեղավոր չէ: Պարզապես ուսուցիչը չի ուզում նրան ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Այդպիսի ուսուցչից հարկավոր է պաշտպանել մեր Երեխային ու մյուս բոլոր երեխաներին:
Հասկանալի է՝ օրինական ճանապարհով:
Դժվար է ասել՝ հատկապես որ ճանապարհով:
Բայց մենք պետք է ելք գտնենք, որպեսզի Երեխան ճանապարհից չշեղվի: Գուցե սկզբի համար մշտապես գործող սկզբունք կիրառենք. որքան էլ արտաքին ուժերը մեզ տրամադրեն մեր Երեխայի դեմ, մենք պետք է սրտով առաջնորդվենք ու գործը ընդհարման չհասցնենք:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
- Բացվել է 1715 անգամ