Ծնողներն ու երեխաները՝ ընտանեկան կրթության մասին

Հեղինակ: 

Ուսուցումը, ինչպես ցույց է տալիս տարբեր սերունդների փորձը, անհատական է։ Յուրաքանչյուր սովորող ունի ոչ միայն հետաքրքրությունների իր շրջանակը, որով ընդհանուր ծրագրի շատ բաղկացուցիչներ ավելորդ ծանրություն ու պարտադրված պարտականություն են դառնում, այլև սովորելու իր տեմպը։ Նախաարդյունաբերական աշխարհում էլ, ովքեր կարող էին իրենց թույլ տալ, իրենց զավակների ուսուցման ոչ մասնագիտական մակարդակը կազմակերպում էին տանը։ Այսօր նման միտումն ամբողջ աշխարհում զգալի է և ավելի հեշտ է կազմակերպել, որովհետև հասանելի են և՛ համապատասխան ծրագրերը, և՛ ուսումնական ռեսուրսները։
Ընտանեկան ուսուցման փորձի ուսումնասիրում է կատարել «Сноб» ռուսական էլեկտրոնային ամսագրի լրագրող  Աննա Ալեքսեևան այս հոդվածով, որը թարգմանաբար ներկայացնում եմ։

Հասմիկ Ղազարյան

«Դպրոցում աշակերտները տաբատ են մաշում ու սկոլիոզ վաստակում»

Ռուսաստանում ավելի քան 14.5 միլիոն դպրոցական կա։ Բայց բոլորը չեն, որ սեպտեմբերին կնստեն աշակերտական նստարանին*։ Ոմանք գերադասում են ընտանեկան կրթությունը։ Կրթության այս ձևը նախատեսված է օրենքով. ծնողները ուսուցանում են երեխային տանը, իսկ հետո նա դպրոցում որակավորման քննություն է հանձնում։ Մեծերն ու երեխաները «Сноб»-ին պատմել են՝ ինչու չեն հավանում սովորական դպրոցը, և որոնք են տանը սովորելու դրական ու բացասական կողմերը։

Շուրջ 100 հազար երեխայի Ռուսաստանում ուսուցանում են ծնողները։ Ընտանեկան կրթության կարող է անցնել, ով ցանկանա։ Միաժամանակ, սովորողը կրթության ցանկացած փուլում իրավունք ունի վերադառնալու դպրոց։ Ընտանեկան կրթությունը պետք չէ շփոթել բժշկական ցուցանիշներով տնային ուսուցման հետ, երբ հիվանդ երեխայի հետ տանը ուսուցիչներն են պարապում։ Ընտանեկան կրթության դեպքում երեխայի կրթությունը ծնողի արտոնությունն է։ Դպրոցականները, որ անցնում են ընտանեկան կրթության, կարող են մնալ իրենց դպրոցի քանակակազմում կամ հաշվառվել միայն որակավորման քննության ժամանակ, կարող են նաև ընտրել ուրիշ պետական կամ մասնավոր դպրոց։ Բայց ամեն ինչ չէ և միշտ չէ, որ հարթ է։

Յուլիա, 41 տարեկան, Սանկտ Պետերբուրգ
Ես ավագ որդուս դպրոցից հանեցի հինգերորդ դասրանի կեսից։ Այդ տարի սովորողներին տեղաբաշխել էին լիցեյի և սովորական դասարանների միջև։ Իմ երեխան սովորական դասարանում էր։ Լավագույն ուսուցիչները բաժին ընկան լիցեյականներին։ Նրանց պատրաստում էին օլիմպիադաների, ամբողջ արտադասարանական կյանքը նույնպես միայն նրանց համար էր։ Նույնիսկ տղայիս դասղեկը լիցեյական դասարանն է արշավի տարել։ Իսկ մեր երեխաների վրա ուղղակի խաչ էին քաշել. դասարանում շեշտը դրվում էր աշխարհագրության ու ընթերցանության վրա։ Մաթեմատիկայի 70-ամյա ուսուցչուհին մշտապես բղավում էր երեխաների վրա, ասում էր՝ նրանք դեբիլ են, հակառակ դեպքում լիցեյում կսովորեին։
Մի անգամ նորություններից իմացա, որ դպրոցում օլիմպիադա են անցկացրել բնագիտությունից, և հաղթել է լիցեյի մի աշակերտուհի։ Ուսմասվարի հետ իմ զրույցից հետո տղաս կատարեց օլիմպիադայի առաջադրանքը և ավելի շատ միավոր հավաքեց, քան հաղթողը։ Հետո դպրոցի կայքում նորություն հայտնվեց այն մասին, որ հաղթողները երկուսն են, և նրանք հավաքել են հավասար քանակի միավորներ։ Ինձ ասացին, որ վերստուգել են տղայիս աշխատանքն ու սխալ գտել։ Պահանջեցի ցույց տալ, բայց ասացին, որ աշխատանքը կորցրել են։ Ես հասկացա, որ այդ դպրոցում անելիք չունենք։

Սկզբում ուզում էի դպրոցը փոխել, բայց դա դժվար է անել։ Ոչ ոք չի ուզում ուրիշ շրջանում գրանցված երեխայի ընդունել։ Բացառություն կարող են անել միայն օլիմպիադայի հաղթողի համար, որ կբարձրացնի դպրոցի ռեյտինգը։
Արդյունքում՝ վերցրի դպրոցից փաստաթղթերը, և անցանք ընտանեկան ուսուցման։

Տղաս թեթևացած դուրս եկավ դպրոցից։ Սպորտով էր զբաղվում, շաբաթը երեք անգամ պարապմունք ուներ, այնպես որ հասակակիցների հետ շփվում էր, նախկին համադասարանցիների հետ՝ նույնպես։ Հինգերորդ, վեցերորդ դասարանների ծրագիրը բավականին հեշտ է, խնդիրներ չեղան։ Այն առարկաները, որոնց դպրոցում քիչ ժամ է տրամադրվում, մենք ուսումնասիրեցինք բլոկներով՝ մեկ-երկու ամսում։ Օրինակ՝ բուսաբանությունը դպրոցում շաբաթը մեկ անգամ էր։ Ամբողջ տարվա ընթացքում առարկան ձգելու պատճառով վատ էր յուրացվում։

Մոտ կես տարի անց մեր եռանդն սկսեց նվազել։ Վեցերորդ դասարանը նույնպես տանը սովորեցինք, բայց դրա համար ես ավելի քիչ ժամանակ ունեի։ Երեք երեխաների մայր եմ, տանն աշխատում եմ։ Որդիս մի քիչ աչքաթող արեց ու սկսեց ձանձրանալ, դրա համար որոշեցինք, որ դպրոց վերադառնալու ժամանակն է։

Այս ամբողջ ժամանակահատվածում երկու անգամ հեռավար որակավորում ենք անցել «ЦОДИВ» մասնավոր դպրոցում։ Սկզբում մտածում էիք մեր դպրոցում անվճար հանձնել, բայց մեզ էնտեղից միանգամից հետ ուղարկեցին։ Հետո ժողկրթբաժնի միջոցով պարզեցի՝ որ դպրոցներն են մեր շրջանում ընտանեկան կրթությամբ երեխաների որակավորում անցկացնում։ Մի երկու տեղ զանգեցի, խնդրեցի թեստերի օրինակներ՝ հասկանալու համար, թե ինչպես պատրաստվենք։ Ոչ ոք ոչինչ չտվեց, միայն ասացին, որ երկու շաբաթում պետք է հանձնենք տարվա ընթացքում ուսումնասիրած բոլոր առարկաները։ Դրա համար էլ որակավորումն անցանք մասնավոր դպրոցում, ուր մեզ տվեցին դասերի մշակումների ու թեստերի բազան։ Սկզբում մի քիչ տարօրինակ էր, որ որակավորումը անցնելու է առանց ուսուցչի հսկողության, բայց հետո հասկացա, որ սա պարզ օրինակ է, որ դու սովորում ես քեզ համար։ Ես դա բացատրեցի որդուս։ Սեպտեմբերին գնալու ենք այդ դպրոցում առկա սովորելու յոթերորդ դասարանը։

Բելլա, 12 տարեկան, Մոսկվա
Ընտանեկան ուսուցման իմ երրորդ տարին է արդեն։ Հինգերորդ դասարանում ինձ տեղափոխեցին գիմնազիա, և ես սկսեցի տառապել փսիխոսոմատիկ հիվանդությունից՝ «դպրոցից ալերգիայից»։ Մշտապես գլուխս ցավում էր, ու քիթս չէր շնչում։ Հնարավոր է՝ ժամանակի հետ հարմարվեի դասարանում, բայց ոչ ոք չուզեց իմ առողջությունը փորձարկել։ Մայրս առաջարկեց անցնել տնային ուսուցման, ես էլ համաձայնեցի։ Դա համատեղ որոշում էր, առանց իմ համաձայնության ոչ ոք ինձ դպրոցից չէր հանի։ «Ալերգիաս» միանգամից անցավ։

Առաջին դպրոցիս հետ կապված շատ լավ հիշողություններ ունեմ, շատ լավ ծանոթներ ունեի, որոնց հետ մինչև հիմա էլ շփվում եմ, բայց դպրոցին չեմ կարոտում։ Ինձ համար դպրոցը մի տեղ է, ուր պատահական ձևով հավաքվում են միանգամայն տարբեր հետաքրքրությունների ու աշխարհայացքի տեր երեխաներ։ Այդպիսի վայրում դժվար է իսկական ընկերներ գտնելը։ Ամեն ինչ հանգում է ծանոթ լինելուն։ Դպրոցից դուրս շփումը գործնականում բացակայում է (դատում եմ ըստ կրտսեր դպրոցի)։

Քանի դեռ չէի անցել ընտանեկան ուսուցման, կարծում էի, թե առանց դպրոցական «ընկերներիս» կյանքս կկորցնի պայծառ գույները, որ դպրոցը հասակակիցների հետ շփման միակ տեղն է։ Հիմա ես ինձ հասակակից ու ավելի մեծ շատ ընկերներ ունեմ, որոնք նույնպես տնային ուսուցման են անցել։ Մենք շատ ենք շփվում, համատեղ նախագծեր ենք անում։ Մենք դեռահասների լավ հավաքներ ենք անում։
Առաջին տարին կցված էի գիմնազիային, և ուսուցիչները իմ ուսուցման ձևին ծայրահեղ բացասական էին վերաբերվում՝ համարելով, որ այդպես ես «նորմալ» երեխաների տեղն եմ զբաղեցնում։ Դա արտահայտվում էր գնահատականներիս անտեղի իջեցմամբ։ Ասում էին, որ հինգ կնշանակեին, եթե դպրոցում սովորեի։ Բայց ընկերներս գաղտնի ու ակնհայտ նախանձում էին, և ինձ հետևելով՝ էլի մի քանի հոգի ընտրեցին ուսուցման այդպիսի ձև։

Ես ինքս եմ իմ օրը ծրագրում։ Դպրոցական ծրագրից բացի հասցնում եմ զբաղվել բազմաթիվ նախասիրություններով։ Չեմ դժվարանում կենտրոնանալիս, և ավելի հարմար է սովորել սեփական ռեժիմով։ Սկզբում ծնողներս էին օգնում կազմակերպվելուս, բայց 6-րդ դասարանում նրանց օգնությունն ավելորդ դարձավ։ Ես սովորելու համար տեղեկության աղբյուրի ընտրության ազատություն ունեմ՝ «Բաց համալսարան», Khan Academy, Arzamas, նաև դպրոցական ծրագիրն ուսումնասիրելու պորտալները։ Ինքնուրույն եմ սովորում։ Միայն անգլերենից կրկնուսույց ունեմ, որի հետ շփվում եմ սկայպով։ Լրացուցիչ ուսումնասիրում եմ հոգեբանություն, աստղաֆիզիկա, վերլուծություն, մարկետինգ, գովազդ, հարաբերությունների հոգեբանություն, դպրոցական ծրագրից դուրս գրականություն։

Դպրոցում ուսուցիչներն ինքնահաստատվում են աշակերտների հաշվին։ Ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ ընդունելու աշակերտի կարծիքը և նրան, որպես օրինակ, ցույց են տալիս նրանց, ովքեր չեն հակառակվում և պարզապես լռում են։ Երեխաները դառնում են հոսքագծի մի մասը, որը արտաքին աշխարհ է թողարկում ուրիշի ցուցումներին ենթարկվելու պատրաստ մարդկանց։ Այստեղ միշտ հիշում եմ Pink Floyd-ի “Another brick in the wall” հոլովակը։

Դպրոցական ծրագիրը հանձնում եմ Դաշնության պետական ստանդարտների համաձայն։ Ես որակավորման տարբեր փորձեր ունեմ՝ առկա՝ դպրոցում, հեռավար՝ համացանցով։ Երկրորդն ավելի հարմար է. թույլ է տալիս կախում չունենալ ուսուցչի անձնական կարծիքից։ Ես գերազանց եմ սովորում։ Ծրագրում եմ հետագայում ընդունվել Լրագրողական բաժին։ Էջ ունեմ ֆեյսբուքում, որտեղ պատմում եմ ընտանեկան կրթության մասին։

Խադիջա, 41 տարեկան, Կազան
Ես ավագ որդուս պատրաստում էի ընտանեկան ուսուցման կրոնական նկատառումներով։ Մուսուլմանական դպրոց քաղաքում կա, բայց հեռու է։ Այն ժամանակ չորս երեխա ունեի (հիմա հինգն ունեմ), չէի հասցնի բոլորին իրենց տեղերը տանել, խցանումներում ժամերով սպասել։ Բացի դրանից՝ դպրոցներում կրթության մակարդակը շատ ցածր է։ Երեխաներն ընդամենը տաբատ են մաշում, սկոլիոզ վաստակում, ծխել-խմել ու հայհոյել են սովորում։ Ինձ դա չէր բավարարում։

Բայց սեպտեմբերի մեկին տղաս առաջին դասարանում գնաց տողանի ու հավանեց։ Ասացի՝ խնդիր չկա, գնա։ Երկու շաբաթից սկսեց նվնվալ, թե էլ չի ուզում։ Գնացինք տնօրենի մոտ, նա էլ, թե՝ «Դուք չեք կարող Ձեր որդուն ավելի լավ ուսուցանել, քան դասավանդողները։ Ձեզ երեխան պետք է որպես դայակ փոքրերի համար»։ Մի խոսքով, տղաս դպրոց գնաց մինչև քառորդի վերջը, հետո հանեցի։

Սկզբում ամուսինս կարծես թե սատարում էր ինձ, բայց հենց որոշեցի հանել դպրոցից, ասում էր, թե մենք կազմակեպված չենք, բան դուրս չի գա, ավելի լավ է՝ տղան թող դպրոցում մնա։ Ասացի՝ «Որ դու դպրոց ես գնացել, ի՞նչ ես ստացել դրանից»։ Հանձնվեց։ Արդյունքում արդեն վեց տարի է՝ իմ երեխաներին ինքս եմ ուսուցանում։ Հիմա չորս աշակերտ ոււնեմ. տղաներս՝ 12 և 13 տարեկան և աղջիներս՝ 8 և 10 տարեկան։ Կրտսերները ոչ մի անգամ դպրոց չեն գնացել, իսկ մեծին երկու ամսում դպրոցն այնպես էր զզվեցրել, որ սկզբում ուղղակի չէր ուզում սովորել։

Ես մանկավարժական կրթություն ունեմ և տասը տարի կրկնուսույց եմ աշխատել, անգլերեն եմ դասավանդել։ Ուրիշի երեխաներին շատ ավելի հեշտ է ուսուցանել, քան քո սեփականներին։ Մայրիկը մայրիկ է, ուսուցիչը՝ ուսուցիչ։ Բայց ես ելքը գտա։ Վերջին երկու տարին դասախոսի հետ առցանց ենք աշխատում։ Իմ խնդիրը հասնելն է նրան, որ երեխաներին նստեցնեմ՝ դաս սովորելու, հետևեմ, որ կատարեն, ընթացքում որոշ բաներ բացատրեմ։ Դասախոսը նրանց ինքնակրթության հմտություններ է պատվաստում։ Պատահում է՝ սկսում եմ զայրանալ, երբ երեխան մաթեմատիկայից տրրական բաներ չի հասկանում. ես խնդիր չունեմ. դա իմ սիրած առարկան է։ Այդ ժամանակ խորը շունչ եմ քաշում, հանգստանում եմ, ինքս ինձ ասում եմ, որ իմ երեխան ես չեմ։ Ավագ որդիս հիմա գրաֆիկական ծրագրեր է յուրացնում, շատ լավ նկարում է, ուզում է վիզուալիզատոր դառնալ։ Մասնագետ կրթիչներ եմ գտել, որ պատմում են նրան այդ մասնագիտության մասին։ Կրտսեր որդիս վերջերս սկսել է կաթնահունց խմոր անել ու բուլկի թխել։ Արդեն մի քանի օր է՝ ինքնամոռաց թխում է։ Այդպես՝ մտածում ես՝ երեխադ տեխնիկայի սիրահար է, նրան միայն սարքեր քանդել-հավաքելն է հետաքրքիր, բայց պարզվում է՝ նա նաև հացթուխ է։ Երեխաները չեն ձանձրանում, չեն տառապում շփման պակասից։ Ուսուցումից բացի նաև զանազան սեկցիաների են մասնակցում։

Ընտանեկան կրթությունը բոլորին չէ, որ հարմար է։ Ես տանն աշխատում եմ որպես շինարարական ապրանքների վաճառքի կազմակերպիչ։ Դա շատ ժամանակ չի խլում։ Բայց այն մարդիկ, որ ամեն օր աշխատանքի են գնում, կդժվարանան վերահսկել իրենց երեխաներին։

Գերման, 15 տարեկան, Մոսկվա
Իմ անձնական գործում շատ գրառումներ կան, ես մի քանի դպրոց եմ փոխել։ Սկզբում գնացի սովորական մերձմոսկովյան մի դպրոց, որտեղ յոթ առաջին դասարան կար և շատ անորակ կրթություն։ Մի տարի այնտեղ սովորեցի։ Ամառային արձակուրդներին մեր ծանոթը մայրիկիս պատմեց ընտանեկան կրթության մասին, ու մայրս համարյա միանգամից փաստաթղթերս վերցրեց այդ դպրոցից։

Մայրիկիս հետ պարապում էինք օրը մոտ երեք ժամ։ Սովորաբար արթնանում էի առավոտյան ժամը 8-ին ու մայրիկիս՝ երեկոյան հանձնարարած առաջադրանքներն էի կատարում։ Հետո ուսումնասիրում էինք նոր դասը և ժամը 11-ին մոտ ես ազատ էի լինում։ Դրան գումարած՝ օրվա մեջ մեկ ժամ կարդում էի։ Կրտսեր դպրոցի ծրագիրը բավականին հեշտ է, այնպես որ հասակակիցներիս անցա՝ երեք տարվա ծրագիրը երկու տարում սովորելով։ Բայց մի քիչ ձանձրալի էր։ Իմ տարիքի երեխաները երկրորդ հերթում էին սովորում, չգիտեի՝ ում հետ շփվեմ։ Այդ ժամանակ մայրս ընտանեկան կրթության կենտրոն գտավ։ Ես շաբաթը մեկ անգամ կես օրով գնում էի այնտեղ, ուրիշ երեխաների հետ ժամանակ անցկացնում։ Այնտեղ էլ թեստավորում էի անցնում։

Այդպես շարունակվեց մինչև վեցերորդ դասարան։ Հետո դադարեցրին ընտանիքում սովորող երեխաների ծնողներին դրամական փոխհատուցումը։ Իսկ այդ գումարը հենց ծախսվում էր իմ ուսուցման վճարման վրա։ Համ էլ նայում էի սովորական դպրոցականներին ու մտածում, որ մի բան բաց եմ թողնում։ Մայրիկիս ասացի, որ ուզում եմ հասկանալ՝ ինչ է դպրոցական կյանքը։ Այդպես սկսեցի հաճախել սովորական մոսկովյան դպրոց։ Համադասարանցիներս մանկապարտեզից էին ծանոթ և ինձ՝ նորեկիս, այնքան էլ լավ չէին վերաբերվում։ Ուսուցիչներին էլ սկզբում դուր չէի գալիս. ինձ սովորեցնելու բան չունեին։ Դպրոցական ծրագիրը անընդհատ հնի կրկնությունն է ու մի քիչ նոր բան։ Նորը շուտ էի յուրացնում, իսկ հինը գիտեի առանց կրկնության, որովհետև տանն էի սովորել ու գլուխ պահել չէի կարողացել։ Ուսուցիչներիս դուր չէր գալիս, որ խնդիրներն իմ ձևով էի լուծում։ Դրա հետ էլ ես ավեի շատ միավորներ էի հավաքում թեստավորման ժամանակ, քան գերազանցիկները։

Կես տարուց հասկացա, որ դպրոցում շատ ժամանակ դատարկ տեղն է անցնում, օրերն էլ նման են մեկը մյուսին ու արագ են թռչում։ Մտածեցի՝ այսպես կավարտեմ դպրոցը, և ոչ մի յուրահատուկ հիշողություն էլ չի մնա, որովհետև ամեն ինչ շատ միօրինակ էր։ Ու դուրս եկա այդտեղից։

Շատ էի լսել «Դպրոցների լիգայի» մասին։ Որոշեցի այնտեղ ընդունվել, քանի որ այդ դպրոցը համարվում էր Ռուսաստանում լավագույնը։ Համ էլ ուսուցման ֆորմատը տարբերվում էր հանրակրթական դպրոցներինից։ 7-րդ դասարան 300 հոգուց անցան 17-ը, այդ թվում և ես։ Մի քանիսը մի տարի կորցրել էին, որ հենց այդտեղ ընդունվեն։ Իմ համադասարանցիների մեծ մասը ինձնից երկու-երեք տարով մեծ էր։ «Դպրոցների լիգայում» ամեն օր նոր բան էի սովորում, ընտիր մթնոլորտ էր, բայց 2015 թվին դպրոցը փակեցին։

Ես անցա բակային դպրոցի հեռակա ուսուցման։ Եռամսյակը մեկ քննություն էի հանձնում 16 առարկաներից։ Այդպես անցավ երկու տարի։ Այս տարի, ավարտելով 9-րդ դասարանը, հաջող հանձնեցի Հիմնական պետական քննությունները ու սկսեցի մտածել՝ հետո ինչ եմ անելու։ Ուզում եմ կինոօրեպատոր դառնալ։ Քոլեջից հետո միանգամից բանակ կտանեին, կյանքիս մի տարին կկորչեր։ Որոշեցի ընդունվել Համառուսաստանյան պետական կինոինստիտուտ՝ 10-11-րդ դասարանները էքստեռն ավարտելով։ Վերադարձա ընտանեկան ուսուցմանը, փաստաթղթերս հանձնեցի Պետերբուրգի ЦОДИВ դպրոցը. Այնտեղ հնարավոր է քննություններն առցանց՝ առանց տնից դուրս գալու հանձնել։ Հիմա ժամանակ կունենամ բուհի ընդունելության քննություններին պատրաստվելու։

Առաջ ոչ ոք մի հիմնավոր բան չէր լսել ընտանեկան կրթության մասին։ Երբ ես բացատրում էի, որ սովորում եմ տանը, մեծերը հարցնում էին՝ «Հիվա՞նդ ես, ինչ է», բայց հասակակիցներս նախանձում էին։ Բայց մի պահ ընտանեկան կրթությունն այնքան տարածված դարձավ, որ էլ ոչ ոք չի զարմանում։ Եթե ուսուցման այդ ձևը չլիներ, ես էլ, միջին վիճակագրական դպրոցականների մեծամասնության պես կծխեի, կխմեի, կհայհոյեի։ Ընդհանրապես, կլինեի պրիմիտիվ։

Ամեն ինչ զարգանում է, բայց կրթության դպրոցական համակարգը չի փոխվել արդեն մի քանի տասնամյակ։

Աղբյուրը՝ Сноб էլեկտրոնային ամսագիր։
Լուսանկարը՝ Սուսան Ամուջանյանի


* Հոդվածը լույս է տեսել 2017թ. օգոստոսի 27-ին։

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский