Մանկավարժականացված միջավայր
Primary tabs
Հեղինակային մանկավարժության մշակման, կազմակերպման, տարածման մեր փորձով կարող ենք հաստատել, որ ուսումնական միջավայրը սովորողի կրթության, դաստիարակության շատ կարևոր գործոն է: Անընդհատ փոփոխվող, առավել ներառական, ավելի մեծ հնարավորություններ ստեղծող, չկաշկանդող շրջական ստեղծվում է ուսուցիչների ու սովորողների, ընտանիքի, համայնքի համատեղ ջանքերով: Տարիներ շարունակ ուսումնական ամենատարբեր նախագծերով սովորողն ամեն օր դառնում է իր միջավայրի հեղինակն ու դրա խնամակալը: «Միջավայրը ձևավորում է մարդուն, մարդը ձևավորում է միջավայրը, ձևավորվում է ինքը, կողքինը և հաջորդը՝ ապագայի գանգրահերը» (Գրիգոր Խաչատրյան):
Կրթահամալիրը թևակոխեց մի փուլ, որտեղ ռեֆորմի ենթարկվեց ողջ միջավայրը կամ, ինչպես ընդունված է ասել, կրթահամալիրի Բանգլադեշը: Որպես շրջակա միջավայրը, ուսուցումն ու կյանքը փոխելու ուղիղ ճանապարհ՝ եկավ երկրագործությունը՝ իր խնամքի մանկավարժությամբ:
«Կրթական պարտեզ» նախագծով պուրակը, կածանը, արահետը, բարձունքը, արգելոցը մտան կրթական միջավայր ու ամբողջացրին ուսումնական գործունեության, ուսումնական նախագծերի կազմակերպման հարթակները: Հիմնավոր աշխատանքներ արվեցին կրթահամալիրի Բանգլադեշում խորհրդային հենապատերի, ցանկապատ-դարպասների հեռացման ուղղությամբ։ Պետք է ընդգծեմ, որ հենապատերի հեռացմամբ ոչ միայն կրթական միջավայրի անվտանգության հարցը լուծվեց, այլև համայնքը միավորվեց, բնակավայրն ու բնակչներն ունեցան ուղիղ, բաց, հասանելի անցումներ՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք անարգել խաչմերուկ: Կրթական միջավայրը դարձավ ներառող թե՛ բնակիչ հետիոտնի, թե՛ սայլակավոր մարդու, անցորդի համար: Ստեղծվեց յուրօրինակ իմիջ և բրենդավորվեց կրթահամալիրի Բանգլադեշը՝ հատված առ հատված, դպրոց առ դպրոց, պուրակ առ պուրակ:
Շարունակ կանաչող միջավայրը սկսեց բնակչին իր գիրկն առնել: Օր օրի կարելի էր տեսնել ավելացող շահառուների՝ դպրոցի պուրակում զբոսնող բնակիչներին, մայրիկների, որ իրենց երեխաներին բերել են ավազե հրապարակ, պատանիների, որ լանջերին նստած իրենց պլանշետներով օգտվում են անլար ինտերնետից: Միջավայրը դարձավ կրթական ոչ միայն դպրոցի սաների, այլև համայնքի համար. միջավայրը հումանիտար դարձավ` ֆիզիկական ու հոգեկան գոյության համար դարձավ արտաքին շատ կարևոր բարենպաստ պայման:
Նախկինում եթե շրջակա միջավայրի խնամքի ընթացքում կարող էինք տարածքում հանդիպել մոմլաթով աղբ, օղու, գարեջրի շշեր, ներարկիչներ, այլ քրեական նշանակության իրեր, այսօր դրանք անհամեմատ քիչ են, ինչը, իհարկե, ուրախացնող է: Բաց միջավայրն իր թափանցիկությամբ նաև խոչընդոտ է քրեականությանը. խուլիգանը, հանցագործը պաշտպանված չեն նման միջավայրում, թաքստոց չունեն, նաև խնամված միջավայրը զգաստացնում է, կանգնեցնում… Միջավայրը սկսեց չեզոքացնել բացասական ազդեցությունները, սովորույթները:
Բնակչի վարքագիծը փոխվել է և փոխվում է ամեն օր, քանի որ միջավայրը ամեն օր էլ ավելի լավանում է՝ զարգանում, ինչ-որ զգայարաններ գործում են, մարդը սկսել է հարգել «մանկավարժականացված միջավայրը», վերաբերմունք է ձևավորվում, միջավայրը կրթում է: Բնակչի անհատական զարգացումը և սոցիալիզացիան ներդաշնակվում և լրացնում են միմյանց, նա սովորում է ընկալել ստեղծվող մշակույթը և փորձում է ներառվել այդ ստեղծական աշխատանքին:
- Բացվել է 1330 անգամ