Գրական թատրոն կամ ստեղծականության հաճույք

Զարմանալի բան կա սովորելու-սովորեցնելու անընդհատության մեջ. մի կյանք տևող անընդհատություն: Երբվանի՞ց է սկսվում ուսուցումը, ի՞նչ է սովորում մարդը, ինչպե՞ս է սովորում, ո՞վ է սովորողը, ո՞վ՝ սովորեցնողը… Ինչո՞ւ են բնական ճանապարհով ձեռք բերված հմտությունները աննկատ, առանց համառ դիմադրության, առանց ձանձրույթ-բողոքի տրվում: Ինչո՞ւ է ուսումնական հաստատություններում ընթացող  ուսուցումը հիմնականում դառնում խնդիր և՛ սովորողի, և՛ սովորեցնողի համար… Հարցերի այս շարքը կարելի է էլի շարունակել: Բայց ես ուզում եմ ներկայացնել «Սովորող-սովորեցնող» մի նախագծի իրականացման ընթացքում արած իմ մի քանի դիտարկումներ, որոնք գուցև անուղղակի կամ ուղղակի կապվում են այս հարցադրումների հետ: Պատումս  ուսումնական պարապմունքներից անդին կամ  կրթական այլ տարածքում իրականացվող գործունեության մասին է:

Առաջարկը եկավ 10-րդ դասարանցի Շուշան Ադամյանից (այդ դասարանում հայոց լեզու, գրականություն եմ դասավանդում): Ոչ մի հուշում-պարտադրանք. սեփական նախաձեռնությամբ: «Ուզում եմ 6-րդ դասարանցիների հետ աշխատել: Գրական թատրոն եմ ուզում կազմակերպել, կօգնե՞ք ինձ»: Ունի՞ Շուշանը մանկավարժական հակումներ, կողմնորոշում: Չգիտեմ, չեմ կարող ասել: Չենք խոսել այդ մասին: Սովորաբար մենք մեր սովորողների մասին ամենակարևոր բաները չենք իմանում: Ինչևէ: Շուշանը ներկայացրեց նախագիծը: Սկսելու  հարմար շրջան էր: Ձմեռային երեքշաբաթյա ճամբարն էր սկսվում: Շուշանն իր նախագիծն առաջարկեց երկու 6-րդ դասարաններին, որտեղ ես եմ դասավանդում: Ինչպե՞ս կարձագանքեն վեցերորդցիները Ավագ դպրոցի սովորողի առաջարկին: Այ, դա արդեն տեսնելու բան էր՝ վեցերորդցի մի խումբ սովորողների ոգևորությունը: Պարզվում է՝ մի քանի տարի իրենցից մեծ սովորողին նրանք ոչ միայն որպես ուսուցիչ են ընկալում, այլև՝ սիրելի ու հարազատ մարդ: Գուցե տարիքային փոքր տարբերությո՞ւնն է այդպիսի մտերմության վերածվում, գուցե Շուշան Ադամյանի մեղմ, խաղաղ խառնվա՞ծք է հիմքում, չեմ կարող ասել: Բայց ակնհայտ էր, որ կապը ստացվեց: Սկսվեցին ամենօրյա պարապմունքներ՝ նշված վայրում: Վայրը ընտրեցին Միջին դպրոցի սովորողները՝ հայրենագիտական ակումբի տարածքը: Այն տեղավորված է Մայր դպրոցի նկուղային մասում: Ակնհայտ է, նոր միջավայր են ուզում. դաս-դասարանական պարապմունքները, ինչ կազմակերպում էլ դրանք ունենան, մեկ է, հոգնեցնում-ձանձրացնում են: Ստեղծագործության ընտրությունը կանգ առավ Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» վրա: Նախ՝ Շուշանը նորից կարդաց ստեղծագործությունը. ստիպված էր կարդալ՝ լավ չէր հիշում: Կարդաց արագ, առանց ճիգի, մեկ-երկու օրում: Դասերի ընթացքում եթե հանձնարարեի, Շուշանի բազմազբաղության մեջ հաստատ շաբաթներ կձգվեր վիպակի ընթերցումը: Ահա ուսումնառության այսպիսի շարժառիթ տասներորդցու համար:

Բեմադրության գովազգային հոլովակը:

Վեցերորդցիները ծանոթ էին վիպակին: Բայց պարզ է, որ նորից պետք է կարդային: Սկսվեց աշխատանքը: Սցենարի կազմում, դերաբաժանում, փորձեր… Ռոդարիական լուծումներ՝ ինչքան ասես: Գովազդից սկսած, վերնագրից, բեմադրությունից վերջացրած… Անսահման երևակայություն… Խոստովանեմ, որ հեշտ աշխատանք չէր: Անհամաձայնություններ, փոխզիջում, խմբային քննարկումներ, վեճեր, ընդհանուր համաձայնություններ… Հիանում էի Շուշանի համբերատարությամբ, կրտսերների հետ հարաբերությունների նրբանկատությամբ, այն սիրով ու մեղմությամբ, որ վերաբերվում էր Միջին դպրոցի սովորողներին: Եվ ինչքա՜ն սիրեցին վեցերորդցիները Շուշանին…

Ահա Ձմեռային ճամբարի աշխատանքի արդյունքը:

Այս ամենը շա՜տ ոգևորող է: Իսկական հավեսի մանկավարժություն… Երբ խնդիր չես դնում ինչ-որ բան սովորեցնելու, երբ ապրում ես, ստեղծագործում, երբ օրվա մեջ սպասում ես հավաքվելու ժամին, երբ սիրով ու վազքով ես գնում, երբ ուշանալ ոչ թե չի կարելի, այլ չես ուզում. կուշանաս ու մի կարևոր բան բաց կթողնես: Երբ սովորում ես, որովհետև պիտի խաղաս, ցույց տաս, ներկայանաս: Առանց սովորելու որ գնաս՝ ի՞նչ ասես ընկերներիդ… Իսկ արդյունքում՝ ո՞վ է սովորում, ի՞նչ է սովորում, ով ի՛նչ է տալիս, ով որքա՛ն է վերցնում… Բնական ընթացք է, որտեղ բոլորս ենք սովորող և սովորեցնող: Հետևապես՝ բոլորս էլ շահառու ենք: Ճիշտ այնպես, ինչպես կյանքում է՝ բնական ու կենդանի: Ու ամենակարևորը՝  էս ամեն ինչը բոլորս էլ անում ենք հաճույքով:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский