Հեղինակային մանկավարժական համակարգի արդյունավետությունը
Primary tabs
Յուրաքանչյուր պատանու հատուկ են մտածողության, ընկալման և իմաստավորման բազմապիսի ձևեր, որոնք հազվադեպ են գործում իրարից անկախ։ Դրանք օգտագործվում են միաժամանակ և մարդու կարողությունների զարգացման կամ խնդիրների լուծման ընթացքում ունեն միմյանց լրացնելու հակում:
Պատանի սովորողների հետազոտական ազատությունը ուսուցման մեթոդիկայի կարևոր տարր է: Գործունյա ուղեղները առանց հետազոտական ազատության չեն կարող զարգանալ: Հասարակական-մշակութային ոլորտներում ստեղծականությունն ու նորարարությունը խթան պետք է դառնան անընդհատ ընտրության և կրթության բովանդակության փոփոխության համար ու այն փորձի համար, որին ցանկանում ենք հաղորդակից դարձնել երիտասարդ սերնդին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժական համակարգի արդյունավետությունը հաստատվում է տարբեր մեթոդների կիրառությամբ և հետազոտության արդյունքներով: Կրթահամալիրի սովորողները գիտակցում են իրենց մտավոր և ստեղծագործական ունակությունների, ինչպես նաև լավ վարքագծի դրսևորումները:
Ժամանակակից կրթությունը ուղղված է տնտեսության պայմաններում անհատի մրցունակության խթանմանը: Կրթությունը ստեղծում է «մարդկային կապիտալ», որը «ֆիզիկական կապիտալով» ապահովում է երկրի զարգացումը և իր քաղաքացիների բարեկեցությունը: Սա հատկապես կարևոր է քաղաքակրթական զարգացման ժամանակակից փուլում:
1. Այսօրվա պատանուն և վաղվա քաղաքացուն պետք են.
- գրագիտության միջին մակարդակը բարձր լինի այսօրվա եղածից
- ընդհանուր զարգացածություն
- գործընթացների պահպանման, վերլուծելու, արդյունքների մեկնաբանման և գործողություններ կատարելու ունակություն,
- թիմում աշխատելու կարողություն, իրենց որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելու ունակություն,
- անընդհատ սովորելու և հարմարվելու ունակություն իրենց վարքագծի, գործունեության, կրթության հետագա փոփոխությունների համար:
Այսօր ավելի հաճախ ենք լսում տարբեր երկրների դպրոցների մասին, որոնք առաջնորդվում են հեղինակային մանկավարժության մեթոդներով: Առաջարկվող դասագրքերից օգտագործում են նվազագույն չափով, դասավանդողներն իրենք են լրացնում դասընթացները, զարգացնում ուսուցման մեթոդները և անկախ նրանից,
թե որ մեթոդն է կիրառվում, արդյունքը պետք է գոնե հավասար լինի հեղինակ-մանկավարժի կողմից սահմանված արդյունքին:
Ավանդական ուսուցման մեթոդները չեն կարող խթանել սովորողի բնական զարգացումը. սովորողն անհատ է՝ իր ունակություններով, հետաքրքրություններով, իսկ ավանդական ուսուցումը խմբավորում է նրանց՝ սա թույլ է, մյուսը չի կարողանում, երրորդն էլ ծույլ է, քիչ հավանական է, որ դա ճիշտ կլինի: Նոր մեթոդների կրառումը չեզոքացնում է բացասական ազդեցությունները, ամրացնում է դրականը, ամրացնում է գիտելիքները աշխատանքի մեջ և պրակտիկայում օգտագործելու կարողություններն և հմտությունները:
Նախագծերով աշխատելու մեթոդը կիրառելիս դասավանդողի կողմից նախապես պատրաստված ուսումնական պլան չկա, սովորողի հետ աշխատելիս դասավանդողը ստեղծում է ուսումնական գործընթացի ծրագիր՝ քննարկելով, իրար լսելով, ուղղորդելով:
Նախագիծ է դառնում ընդհանուր հետաքրքրության շուրջ համախմբված սովորողների հետ ցանկացած գործողություն, որը կատարվում է սրտանց, ինքնավարության բարձր մակարդակով:
Դպրոցական կրթության հրատապ խնդիրներից է ազատության, տարբերակման և անհատականացման հարաբերակցությունը, որպես ժողովրդավարական կրթական համակարգի առանցքային բնույթ: Սա ենթադրում է «կրթական ընտրության» պայմանների իրազեկություն հանրությանը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական պայմանների մասին հասարակությունը իրազեկվում է mskh.am կայքի և ենթակայքերի, սովորողի, մանկավարժական աշխատողի, ծնողի ուսումնական բլոգների, սոցցանցերի միջոցով՝ ուսումնական նյութերով, պատումներով, տեսանյութերով ներկայացնելով իր կրթական հաստատությունը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը սովորողին տալիս է ընտրության հնարավորություններ, որոնք կարևոր են ինքնորոշման համար: Այսպիսով, սովորողի գիտակցված ընտրության պատրաստակամության զարգացումը չափազանց կարևոր է դառնում:
Մեթոդների արժեքներն ու իմաստային պայմաններն են բաց դպրոցը, սովորող-դասավանդող համատեղ գործունեության թափանցիկությունը, արդյունքների հրապարակայնության ապահովումը, ծնող-դպրոց համագործակցությունը, համայնքային աշխատանքներին մասնակցելը….
Համեմատության կարգով.
Լինելով եվրոպական երկու դպրոցում, մասնակից լինելով տարբեր դասապրոցեսների՝ զգացի մեր կրթահամալիրի թափն ու ուժգնությունը. ակամա համեմատություններ էի անում.
- պլեներ այգիներում՝
ա) նկարչության
բ) ընթերցանության - բացօթյա ներկայացումներ, ցուցադրություններ
- երաժշտական կատարումներ այգիներում, փողոցներում
- ազատ, անկաշկանդ սովորող
- իրեն երկրի տերը գիտակցող պատանի սովորող
- ուսումնական ճամփորդություն կլոր տարին (ուսապարկով, բրդուճներով, երբեմն՝ քնապարկերով):
Սրանք ուսուցման պրոցեսներ էին, որոնք վաղուց արդեն գործում են «Մխ. Սեբաստացի» կրթահամալիրում: Դպրոցներից մեկում մեդիան այսքան լայնորեն չէր կիրառվում, հիմնականում նյութերը հրապարակում էին դասավանդողները, չկար սովորողի բլոգային ուսուցում, բայց էլեկտրոնային գրատախտակի կիրառում կար:
Ուսուցման մեթոդները երբեմն ավանդական էին, բայց որոշ խմբերում՝ հեղինակային մանկավարժի մոտեցում էր:
Պատահում է՝ մեթոդը ստեղծվում է դասավանդող-սովորող միասնական քննարկումից:
Մեկ օրինակով ներկայացնեմ:
Ավագ դպրոցում «Հրանտ Մաթևոսյան» նախագիծն սկսելուց առաջ քննարկեցինք, լսեցինք իրար:
Ընտրեցինք հոդվածներ, ստեղծագործություններ: Սովորողն ազատ է ընտրելու իրեն դուր եկած ստեղծագործությունը, հատվածը, ի վերջո, հնարավոր է ՝ չհասցնի այդ ժամանակահատվածում ընթերցել առաջարկվող բոլոր ստեղծագործությունները, բայց նա կարող է իր աշխատանքները ներկայացնել նույնիսկ նախագիծն ամփոփելուց հետո:
Ունենում ենք առանձին քննարկումներ ևս: Այսպես, սովորողն ուղարկում է իր աշխատանքը, կամ անհատապես դիմում, խնդրում իմ կարծիքը, բայց դասավանդողն այստեղ ոչ թե ստուգող հանձնաժողով է, այլ ուղղորդող: Ես լսում եմ, կարդում, միասին փորձում ենք հասկանալ գրողի ասելիքը, ստեղծագործությունը, հատվածը քննարկում ենք խմբով կամ առանձին, ընդհանրացնում:
Հետաքրքիր վերլուծություններ են անում պատանիները, համեմատություններ: Նախագծի ավարտին կունենանք քննարկում: Ի դեպ, երբ անդրադարձանք գյուղական կերպարներին, բնությանը, որոշեցինք լինել գրողի՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրում, քայլել, զրուցել, տեսնել Լոռվա բնությունն ու բնակիչներին: Կարծում եմ՝ հետաքրքիր ուսումնական ճամփորդություն կդառնա, իսկ ճամփորդությունը ուսումնական մեթոդի բաղկացուցիչներից է (ամփոփում Ահնիձորում):
Հեղինակ մանկավարժը նոր մեթոդով աշխատելիս իր առջև պահանջ է դնում.
- հնարքներ, ուղիներ գտնելու սովորելու-սովորեցնելու, ստեղծագործելու,
- տարբեր մակարդակի սովորողների հետ անհատական մոտեցում գտնելու,
- աշխատանքները ճիշտ կազմակերպելու,
- դպրոցի կրթական միջավայրը առավելագույնս օգտագործելու,
- ստեղծելու միջառարկայան կապ:
Մանկավարժի գործունեության ճիշտ մեթոդը աջակցում է սովորողի ինքնորոշմանը:
Նոր հմտությունների ու մեթոդների միջոցով սովորողը ներգրավվում է ուսումնական գործընթացում, կարողանում է որոշումներ կայացնել իր հետաքրքրության շրջանում, կենսական նշանակություն ունեցող ոլորտներում:
Մի քանի մեթոդներ, որոնք կիրառում եմ.
1. Ինքնակազմակերպման մեթոդ (ինքնուրույն կազմակերպել իրականացվող աշխատանքները և այլն):
2. Ինքնորոշման մեթոդ (իրավիճակների ստեղծում, երբ սովորողը պետք է ինքնուրույն ընտրություն կատարի և որոշում կայացնի):
3. Ինքնաարտահայտման մեթոդ (ստեղծել իրավիճակ, որպեսզի սովորողը արտահայտի միտքը)
4. Ստեղծագործական որոնումների մեթոդ (զանազան խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցում և կիրառում):
5. Աստիճանական առաջընթացի մեթոդ (երբեմն հարկ է լինում նրանց մոտ հետաքրքրություն առաջացնելու նպատակով սկսել ամենահեշտից):
Այս մեթոդները կիրառելու նպատակն է օգնել սովորողին ձևավորելու աշխարհայացքը, որը պետք է ուղղորդված լինի նրա ինքնազարգացմանը:
Եզրափակեմ. ունենք հրաշալի դպրոցական, պատանի սովորող՝ գիտակից, առաջադեմ, խելացի ու պայքարող: Դասավանդողի առաքելությունն է կանգնել նրա կողքին, սովորել ու սովորեցնել՝ վստահ, որ այսօրվա պատանին իր ուժով ու խելքով կկառուցի ու կշենացնի իր երկիրը, մեր երկիրը:
Խմբագիր:
Համար:
Բաժին:
Կրթական աստիճան:
- Բացվել է 1371 անգամ