Տեղեկատվական տեխնոլոգիաները դպրոցում

Տեղեկատվական տեխնոլոգիաները և համակարգիչը կարևոր տեղ են զբաղեցնում ուսումնական գործընթացում՝ ընձեռելով նոր հնարավորություններ ուսուցիչներին և սովորողներին: Ժամանակակից հասարակությունը կրթական հաստատություններին նոր մարտահրավերներ է առաջադրում, որոնք կապվում են տեղեկատվության հոսքի աճի հետ, և պահանջում է կրթական համակարգի արդիականացում:

Եվ թվում է, թե դպրոցներում ինֆորմատիկա առարկայի դասավանդմամբ հաղթահարվում են ժամանակակից թվային աշխարհի մարտահրավերները: Բայց իրականում դա կյանքի հետ ոչ մի կապ չունեցող և դեպի փակուղի տանող ճանապարհ է: Առարկայի բովանդակությունը բացառապես մայքրոսոֆթի առաջարկած ծառայություններն են և համակարգչային որոշ ծրագրեր, որոնց կարելի է ծանոթանալ կարճ ժամանակահատվածում՝ ինքնակրթությամբ: Կարելի է ասել, որ Ինֆորմատիկա առարկայի այսօրվա դասագրքերը դարձել են բացառապես անպիտան: Ավելին, թերևս տեղեկատվական տեխնոլոգիաների համար մի հեղինակի մի դասագիրքը հնարավոր չէ, որ ներկայի պահանջներին բավարարի:
Իսկ ինչպե՞ս վարվել: Օր օրի զարգացող թվային աշխարհի պատվերները փոխվում են երկրաչափական պրոգրեսիայով, և այսօրվա համակարգչային ծրագիրը վաղը դառնում է ոչ արդիական: Այստեղ լուծումները թերևս բազմաթիվ են, որոնք իրենց հետ բերում են նաև ուսուցման նորագույն մեթոդներ և գործիքներ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այդ հարցը լուծվում է մի քանի ուղղությամբ. նախ ինֆորմատիկա առարկան՝ որպես առանձին միավոր, ընդգրկված չէ ուսումնական պլանում, փոխարենը անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները սովորողները ստանում են  մյուս դասընթացների,  ուսումնական գործունեության թվայնացման արդյունքում:  Իսկ դասագիրքն էլ, որպես այդպիսին, դառնում է համացանցը: Սա շատ կարևոր քայլ է.

  • թեթևանում է ուսումնական ծանրաբեռնվածությունը.
  • սովորողին տալիս է փնտրելու, զատելու հմտություն.
  • սովորողին տալիս է ընտրելու և ինքնակրթվելու հնարավորություն.
  • ժամանակի ընթացքում արդեն հնացած բովանդակությունը արագ փոխվում է նորով։

Կարևոր են նաև ժամանակակից ուսուցման մեթոդները, որոնք նպաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը, զարգացմանը դպրոցում: Օրինակ՝ կրթահամալիրում իրականացվում է նախագծային ուսուցում։  Նախագծերից մեկի արդյունքում սովորողները սովորել են նաև բջջային ծրագրավորում, ստացել տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներ, մշակել տեխնոլոգիական արտադրանքը իրացնելու բիզնես պլան: Կարելի է առանձանացել և զարգացնել նաև ՏՏ հմտությունների, գիտելիքների փոխանցման՝ սովորող-սովորեցնող նախագիծը: Տեղեկատվական տեխնոլոգիաները որպես նախասիրություն ընտրած սովորողներն իրենց արդեն սովորած հմտություններն ու հայտնաբերած հնարավորությունները սովորեցնում են ինչպես դասընթացը չնախընտրած իրենց հասակակիցներին, այնպես էլ իրենց՝ այլ առարկաների դասավանդողներին։ 
Այսպիսով, դպրոցում ուսուցման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը հնարավորություն է տալիս ակտիվացնելու սովորողների ճանաչողական և մտավոր գործունեությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ոչ միայն փոխելու ակադեմիական աշխատանքի ձևերը և մեթոդները, այլև վերափոխելու և հարստացնելու կրթական պարադիգմաները նույնիսկ այնպիսի հիմնարար հմտությունների, որոնք մշակվում են տարրական դպրոցում, քանի որ կարդալու և գրելու ունակությունները ենթակա են փոփոխության:

 

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский