Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ

«Պարզապես ճանապարհորդելը բավականին ձանձրալի է,
բայց երբ այն նպատակ ունի, կրթում է և բավականություն պատճառում»:
Սարջենք Շրիվեր

Արդեն հայտնի փաստ է, որ մեր կրթահամալիրում բոլորս շատ ենք ճամփորդում, դա ժամանցի կամ խրախճանքի մի ձև չէ, այլ ուսումնական գործունեություն։ Չէ՞ որ հենց ճամփորդելով, ուսումնասիրելով, ճանաչելով է, որ կարողանում ենք շատ բաներ տեսնել, լսել ու սովորել:
Այս ուսումնական տարին ինձ համար նշանավորվեց նրանով, որ 3-րդ դասարանցիներիս հետ ուսումնական ճամփորդությունները հաջողվեցին, շատ խնդիրներ լուծեցինք այդ միջոցով, նոր գործընկերներ ձեռք բերեցինք: Հատկապես հաջողվեցին մեր համագործակցային նախագծերը: (Նախագծի աշխատանքներին և արդյունքին ծանոթացեք այս հղումով: Տեսեք նաև երկրորդ նախագիծն ու աշխատանքները): 
Երկու նախագծերն էլ ծիսական ստացվեցին: Նշել ենք Զատկի ծեսը և Համբարձման ծեսը:
Մինչև ճամփորդության գնալը նախագիծ եմ գրում: Նախագիծը բաժանվում է երեք շատ կարևոր փուլերի.

  1. նախապատրաստական աշխատանքներ
  2. ընթացքը՝ ճանապարհից սկսված մինչև վերադարձը
  3. ամփոփում՝ արդյունքների ներկայացում:

Համագործակցային նախագծի դեպքում նախագիծն ուղարկում եմ գործընկեր դասվարին, նա էլ է սկսում իր դասարանի հետ պատրաստվել ճամփորդությանը։ Մեր վերջին ճամփորդության ընթացքը հստակ ցույց տվեց, որ նրանք էլ շատ լավ էին պատրաստվել: Նշելու էինք Համբարձման տոնը, տեղյակ էին տոնի բոլոր մանրամասներին, սովորել էին բոլոր երգերն ու պարերը, որոնց տեսանյութերը ես նախօրոք ուղարկել էի: Ճամփորդությունների վայրը հիմնականում ընտրում եմ յուրաքանչյուր ամսվա նախագծերին համապատասխան:
Նախապատրաստական աշխատանքները կատարում ենք դպրոցում կամ տանը՝ ծնողի օգնությամբ:
Ճամփորդության վայրն ընտրելուց հետո համացանցից փնտրում, գտնում ենք տեղեկություններ տվյալ տեղանքի մասին, այդտեղ գտնվող տեսարժան վայրերի, եկեղեցիների, գետերի, սարերի, բնակչության մասին: Սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խումբ ստանում է իր հանձնարարությունը, օրինակ՝

  • տեղեկություն գտնել քաղաքի, գյուղի մասին, տեքստի հետ աշխատել, կարևոր հատվածները դուրս բերել, հրապարակել բլոգներում, ուղարկել իրենց ընկերների էլեկտրոնային հասցեներին, համեմատել գտած տեղեկությունը, սովորել:
  • Հարցեր մշակել, որոնց միջոցով տեղաբնակներից տեղեկություն կստանան նրանց քաղաքի/գյուղի մասին, նրանց սովորույթների, ավանդույթների մասին:
  • Ռադիոլուր պատրաստել կամ տեսանյութ նկարահանել, որոնք պատմում են նախապատրաստական աշխատանքների մասին:
  • Կանոններ մշակել ճամփորդության ընթացքի համար, գործի բաժանում կատարել:

Ճամփորդության օրը սկսվում է վաղ առավոտից: Հավաքվում ենք պայմանավորված տեղում, մեկ անգամ էլ համոզվում ենք, որ ոչինչ չենք մոռացել վերցնել, նայում ենք ժամացույցին և նստում մեքենան: Հետևում ենք ճանապարհին, նայում բոլոր հանդիպած ցուցանակները, հաշվում, թե քանի գյուղ և քաղաք ենք անցնում մինչև մեր ուզած վայրը հասնելը, փոքրիկ կանգառ անում՝ նախօրոք որոշված վայրում: Հետևում ենք նաև եղանակային փոփոխություններին:
Տեղ հասնելուն պես սկսում ենք իրագործել մեր նախագիծը ամենայն մանրամասնությամբ: Բարձունք ենք հաղթահարում, ծես ենք իրականացնում՝ մեր ազգային երգ ու պարով: Չենք մոռանում նաև բնապահպանական աշխատանքները: Անպայման մաքրում ենք այն տարածքը, որով անցնում ենք, աղբը վերցնում ենք մեզ հետ , նետում աղբամանը:

Վերադարձից հետո անպայման պատմում ենք մեր տեսածի, լսածի, արածի, նոր ըկերների մասին: Այդ ամենը ներկայացնում ենք մեր բլոգներում՝ տեսանյութերի, ռադիոնյութերի, պատումների, ֆոտոշարերի տեսքով:
Այսքան տարի սովորողների հետ ճամփորդելով՝ ինձ համար պարզել եմ, որ ճամփորդությունը մեր ուսումնական պլանի ամենակարևոր բաղադրիչն է, առանց որի մենք չէինք ունենա այսքան ազատ, ինքնակազմակերպվող և մտածող սովորողներ:
Այո, ես չեմ չափազանցնում, ես բնութագրում եմ հենց իմ սովորողներին, որոնք դեռ ութ-ինը տարեկան են, բայց երբ ճամփորդում ենք, տպավորություն է, թե ինձ հետ ճամփորդում են մեծ մարդիկ, որոնք ինքնուրույն են, գիտեն, թե ինչ պետք է անեն և իրենց ինչպես պահեն: Իհարկե, այս մենենին հասել ենք իրար հետ շատ ճամփորդելու, զրուցելու, ապրելու, իրար լավ ճանաչելու, իրարից սովորելու, ընկերանալու արդյունքում:
Ունենք նաև գիշերակացով ճամփորդելու փորձ, որոնցից մեկը վրանային ճամբար էր ու շատ հաջողված: Մինչև այսօր սովորողները պատմում են «Ժայռ» ճամբարում իրենց ապրած օրերից ու անհամբեր սպասում կրկնությանը:
Այսպիսով, ուզում եմ թվել ճամփորդությունների միջոցով մեր ձեռք բերածն ու սովորածը, հմտություններն ու կարողությունները.

  • աշխարհաճանաչողություն, հայրենագիտություն, հայրենաճանաչություն
  • մեդիահմտությունների, կարողությունների զարգացում
  • խոսքի զարգացում
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման, պատասխանատվության զարգացում
  • աշխարհընկալման ընդլայնում
  • ընկերասիրություն, ընկերների հանդեպ պատասխանատվություն։

Այս տարվա ճամփորդություններն ու նախագծերը տեսեք այս հղումով:

Ճամփորդություններին նաև շատ են սպասում ծնողները, ճիշտ է, նրանք հաճախ չեն կարողանում մասնակցել ճամփորդություններին աշխատանքի պատճառով, բայց արտահայտում են իրենց դրական կարծիքները, որոնցից մի քանիսը ներկայացնեմ ստորև.

Հայկուշ Կոլյան՝ Արեն Համբարձումյանի մայրիկը
Օշական, Խոր Վիրապ, Սևան, Դիլիջան, Թալին, կարելի է անվերջ թվարկել… Սրանք Հայաստանի գեղատեսիլ ու տեսարժան այն վայրերն են, որտեղ մեր երեխաներին բախտ է վիճակվել դեռ այդքան փոքր տարիքում լինել, վայելել Հայաստանի այդ գողտրիկ վայրերի ամբողջ շքեղությունը, ինչի մասին թերևս միայն գիտեն գրքերից, կամ էլ ընդհանրապես լսած չեն մերօրյա ավանդական դպրոցների շատ ու շատ երեխաներ: Անգնահատելի է մեր երեխաների սրտատրոփ սպասում-ոգևորությունը յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ, առավել ևս կարևորելի են ստացած հուզախառն տպավորությունն ու հարուստ տեղեկության պաշարների տարափը ճամփորդությունից հետո: Ակնկալում ենք էքսկուրսիա-ճամփորդությունների նպատակային, շարունակական ընթացք… Փարատենք մեր երեխաների մեջ աճող հետաքրքրասիրությունը, խթանենք նորը տեսնելու, ձեռք բերելու, ուսումնասիրելու, վերլուծելու, սեփական ձեռագիրը ստեղծելու արգասաբեր ջիղը:

Սեդա Դովլաթյան՝ Գուրգեն Մանուկյանի մայրիկը
Տղաս սովորորում է 3րդ դասարանում, արդեն առանց ծնողների գիշերակացի փորձ ունի ու ասում է, որ շատ է սիրում ճամփորդել:
Ընդհանրապես ճամփորդելը, նոր տեղերում լինելն ու տեսնելը մարդուն օգնում են լայնացնելու իր մտահորիզոնը և ավելի լավ ճանաչելու ինքն իրեն:
Երեխաների դեպքում դրան ավելանում է հետաքրքասիրությունն ու սերը հայրենիքի նկատմամբ, բնության մասին հոգ տանելն ու սեփական փորձով շրջակա աշխարհը ճանաչելը:
Հեռու ձգվող ճամփաներին ու գիշերակացներում դասընկերն ու ուսուցիչը դառնում են մոտ, հարազատ, ընկեր՝ հետաքրքիր հիշողությունների և ուրախ պատմությունների էջեր ավելացնելով դպրոցական առօրյային:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր դպրոցում հաճախ կազմակերպվող ճամփորդությունների ուսուցիչներին և կազմակերպիչներին:

Վերոնիկա Բուռնուչյան՝ Կորյուն Գաբոյանի մայրիկ
Երեխաները սիրով են հաճախում դպրոց։ Նրանց առօրյան ամեն տեսակետից հագեցած է և հետաքրքիր։ Սակայն յուրաքանչյուր ամիս կա մի օր, որին երեխաներն անհամբերությամբ են սպասում. դա ճամփորդության օրն է։ Էական չէ, թե ճամփորդությունն ինչ ուղղվածություն կունենա՝ թատրոն, շրջայց քաղաքում, թե քաղաքից դուրս՝ գիշերակացով։ Իհարկե, վերջին դեպքում ուրախությունն այլ բնույթ է կրում։ Ամեն ճամփորդություն ունի իր ուսուցողական և ճանաչողական կողմը։ Էն հանգամանքը, որ երեխան նստում, նյութեր է փնտրում ճամփորդության տվյալ ուղղության վերաբերյալ, արդեն ինքնին, ուսուցողական բնույթ ունի։ Վերջին ճամփորդություններից մեկի ժամանակ (Հ. Մալյանի անվան թատրոն՝ «Հովհաննես Թումանյանի 11 հեքիաթը») Կորյունը ոգևորված պատմում էր. «Ես էս թատրոնը շատ հավանեցի, էստեղ մարդիկ էին խաղում»։ Ինչ-որ առումով բարի նախանձ ունեմ այս ճամփորդությունների նկատմամբ։ Մեր դպրոցական տարիներին միայն գնում էինք Գառնի-Գեղարդ։ Իսկ հիմա, մեր երեխաները այցելում են Հայաստանի էնպիսի գողտրիկ անկյուններ, որոնց մասին ընդհանրապես չենք էլ լսել։ Էլ չեմ ասում գիշերակացով ճամփորդությունների մասին։ Մեզ համար երազանք էր մի փոքր ուշ տուն հասնելը, իսկ հիմա երեխաներն ունեն հնարավորություն վստահելի անձանց հետ անց կացնելու մի քանի օր։ Ողջունելի է, որ ճամփորդության անքակտելի մաս է կազմում քայլարշավը, բարձունքի հաղթահարումը։ Շատ եմ հավանում այլ դպրոցների հասակակիցների հետ շփումը ճամփորդությունների ընթացքում։ Ու ոգևորիչ է երեխաների տրամադրությունը ճամփորդությունից հետո։ Շնորհակալություն երեխաների օրը լցնելու համար։

Գայանե Խաչատրյանի մայրիկ՝ Աշխեն Անթանոսյան
«Ում հաջողվել է պատանեկան տարիներին լավ ճամփորդել, նա կյանք է մտել գիտելիքների, մտավոր կարողությունների, հոգևոր ուժերի այնպիսի անփոխարինելի պաշարով, որը նա չէր կարող քաղել այլ աղբյուրներից», - գրել է ռուս մանկավարժ, տեսաբան Ի.Մ. Գրևսը:
Ճամփորդությունը մարդու գործունեության հնագույն ձևերից մեկն է, որի գործառույթը եղել է ճանաչողության ընդլայնումը, նոր գիտելիքների ձեռքբերումը: Իմ կարծիքով, կրթական ճամփորդությունների ժամանակ տեղի է ունենում անմիջական փոխազդեցություն մարդու և շրջապատող աշխարհի միջև, որն էլ հենց դառնում է ինֆորմացիայի ստացման հիմնական միջոցը: Այսպիսով, ճամփորդությունը դառնում է անձի անհատականության զարգացման միջոց, մշակութային արժեքների յուրացման եղանակ: Կրթական ճամփորդությունների ժամանակ ձևավորվում ու զարգանում են երեխաների որոնողական, հետազոտական ունակությունները: Կրթական ճամփորդություններն ընդլայնում են երեխաների՝ աշխարհի հետ շփման սահմանները, հնարավորություն են տալիս նրանց տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելու, ինքն իրեն ստուգելու, կյանքի փորձը հասունացնելու և գործունեության տարբեր ձևեր յուրացնելու համար: Ճամփորդության ժամանակ կարևորը ոչ այնքան ճամփորդության թեման է, որքան գաղափարը (ուսումնական խնդրի տեսքով), այն մշակութային ինֆորմացիան, որը ստանալու է նա ճամփորդության ընթացքում ինքնուրույն կերպով:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский