Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա 13-րդ հավաք. 2-4 տարեկանների խաղադարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խումբ:

Խաղալիքաստեղծ -խաղաստեղծ միջավայր
Այո՛, ստեղծողների միջավայր, ոչ թե պատրաստի խաղերով ու խաղալիքներով, այլ...ստեղծում են իրենք՝ դաստիարակներն ու սաները միասին, փորձարկում են ու տարածում…

Վերջերս ինձ համար մի փոքրիկ ուսումնասիրություն արեցի: Նկատել էի, որ երբ երեխաներին թողնում ես ազատության մեջ, սկսում են իրենք կազմակերպել–երևակայել, խաղալ իրենց ուզած խաղերը: Պարզեցի, որ երբ հեռվից ուսումնասիրում–դիտարկում ես սանին, ավելի հետաքրքիր մտքեր և ստեղծականություն են ծնվում ու առաջ գալիս:

Ամեն մարդ իր ծննդյան օրվանից օժտված է հսկայական ստեղծական ներուժով: Կարևորն այն է, որ կարողանաս իսկապես այն բացահայտել: Երբ մարդիկ ասում են, որ օժտված չեն ստեղծական ընդունակություններով, դա հաճախ բացատրվում է նրանով, որ չգիտեն ստեղծականության իրական բնույթը և նրա դրսևորման նշանները գործնականում: Երևակայությունն է ընկած յուրաքանչյուր մարդկային ձեռքբերման հիմքում: Երևակայությունը մեզ հնարավորություն է տալիս ստեղծագործաբար մտածել: Կարելի է տեսականորեն երկար-բարակ տեքստեր գրել, գիտական-մանկավարժական տեսություններ զարգացնել, վերլուծել, քննարկել, բայց գործը գործով է գործ դառնում, փորձով է զարգանում:

   «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղալիքներ, երաժշտական գործիքներ, շրխկաններ փորձում ենք ինքներս պատրաստել և դրանք անվանում ենք «ինքնաշեն» գործիքներ: Երբ ծանոթանում ենք տվյալ երաժշտական  գործիքին, փորձում ենք ինքներս պատրաստել, և թեկուզ այն չհնչի այնպես, ինչպես իրական գործիքն է հնչում, բայց և այնպես, արտադրության գործընթացի հաճույքը և հետագայում այդ գործիքով խաղալը գերազանցում են բոլորիս սպասելիքները: Պետք է տեսնել նրանց հրճվանքը  երաժշտական գործիքը ինքնուրույն ստեղծելիս, իսկ այդ ստեղծած գործիքից ձայնի վերարտադրումը գերագույն հաճույք է պատճառում նրանց՝ խենթանալու աստիճան:Ահա՛ ձեզ իմացումի հրճվանքի ևս մի կարևոր դրսևորում:

Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով, թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն: Կյանքով ուսուցում, որը անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:

Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում, այլ մարդիկ, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գումարներ չեն ծախսվում՝աննպատակ, ուղղակի սովորական խաղալիքներ գնելու համար: Բացի նրանից, որ մենք ինքներս ենք ստեղծում  ինքնաշեն խաղալիքներ, նաև ստեղծում ենք  խաղալիքաստեղծ միջավայր՝ խմբում, բակում, լողավազանում, հարակից բակերում, և այդ ամենի մասին  սեմինար-պարապմունքների  ժամանակ դաստիարակները քննարկում են, հորինում, օգտագործում միմյանց փորձը՝ համադրելով ու համեմատելով ստացվածն ու չստացվածը: Տեղի են ունենում կենդանի, իրական քննարկում-վերլուծություններ՝շաղախված փորձով ու անփորձությամբ: Բոլորն իրար լրացնելով, առաջարկները զարգացնելով՝ ավելի արհեստավարժ են դառնում, ավելի ազատ ու ստեղծագործ, մեթոդապես ավելի հմուտ:

Շատ հաճախ խաղը գալիս է խմբից, սաներից: Նախապես նախագծով պլանավորված է լինում այլ գործունեություն, բայց հանպատրաստից երեխաները հենց իրենք են փոխում գործունեության ընթացքը: Ընդամենը նրանց թողնելով ազատ, տեսնում ես, որ սկսում են կազմակերպել տարատեսակ խաղեր՝ վերցնելով հասարակ թելի մի կտոր կամ հյութի ձողիկներ, հենց իրենց գուլպաները և այլն: Այսպես օրինակ՝ գուլպաներից ծնվեց «Մեծ լվացքը», սկսեց զարգանալ, իսկ միտքը տվեց Արտակովնայի գուլպան , որի հետ նա քնում է, ուտում է: Երբ օրվա ընթացքում կեղտոտվեց նրա գուլպան, ինչ աներ... սկսեց լվանալ Արտակովնան, ու մեկ էլ... սկսեցին բոլորը հանել իրենց գուլպաները և լվանալ: Լվանալուց հետո չորացնել է պետք. սկսեցին մտածել՝ որտեղ չորացնել: Իսկ այդ ժամանակ խմբի մի մասն էլ ռեզին էր խաղում, վերցրեցին ամրակները և սկսեցին ռեզինի վրա փռել գուլպաները: Մինչ գուլպաները կչորանային, ավելացած ամրակները սկսեցին փակցնել իրար վրա: Իհարկե, կային խաղացողներ, որ չէին ուզում իրենց վրա փակցնել ամրակները, հետևաբար սկսեցին փախչել:Ա՜յ քեզ երջակայություն, խինդ ու ծիծաղ, ա՜յ քեզ խաղ: Այնքա՜ն ոգևորիչ էր, որ մեզ միացան նաև վերապատրաստվող դաստիարակները. Ահա ձեզ խաղ, որի անունն էլ դրեցինք «Վազող ամրակներ»: Հարազատ Ռոդարին, իհարկե, եկավ օգնության, և ավելացան հարցերն ու պատասխանները.«Ամրակ, որը փախչո՞ւմ է, վա՜յ, ո՞նց թե փախչում է, ուրեմն՝ կարող է նաև կագնե՞լ, նստե՞լ, պարանին պարե՞լ , կպչել քիթիկի՞ն, մազերի՞ն և դառնալ նաև ականջօ՞ղ ...»: Վա՜յ, մեկ րոպե,  գուլպաները չորացել են ու խառնվել իրար, պիտի գտնենք  միանման գուլպաները և զուգավորենք: Ահա՛խնդրեմ, հաջորդ խաղը ծնվեց, խենթանալ կարելի է: Զուգավորելուց հետո նրանք դարձան կլոր գնդիկներ, ու սկսեցինք միմյանց հարվածել:Նարեկն ասաց.«Ընկե՛ր Նելի, զգուշացի՛ր, գուլպայագնդիկով հարվածում եմ»: Միասին սկսեցինք մի լավ հրճվել: Սա էլ ձեզ «Ձնագնդի-Գուլպայագնդի»:

Խաղալիք կարող են լինել հենց սաների հողաթափերը, շապիկները, մազակալները, օղակները և, իհարկե, նաև ոչ պիտանի իրերը՝պոլիէթիլենային շշերը, մեկանգամյա օգտագործման ափսեները և բաժակները... ընդամենը երևակայություն և մտքի ազատություն, սրընթաց թռիչք...

Խաղալիք կամ խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ դրան ավելացնենք լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրամասը, կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛...: Ա՛յ, այսպիսի խենթ միջավայր ու մոլորակ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Չեմ կարող այս առումով չառանձնացնել ու չխոսել ծիսական տիկնիկների մասին: Բոլոր ազգային ծեսերը առանձնանում են իրենց ծեսին հատուկ տիկնիկներով: Այդ ընթացքում մեր ձեռքերով պատրաստում ենք տիկնիկներ, ցույց տալիս դրանց դերը ծեսի ժամանակ: Դրանցից են՝ Անձրևաբեր տիկնիկը, Ակլատիզը, Ուտիս տատը, Ծաղկամայր տիկնիկը: Ընտրելով, հայթայթելով համապատասխան նյութերը՝ սկսում ենք համադրել այդ ամենը և ստեղծել մեր իսկական՝ ծիսական տիկնիկները, որից հետո խաղում ենք մի մեծ խաղ - ծիսական ներկայացում: Աննկարագրելի մի զգացողություն է, երբ երեխան  ունենում է տիկնիկ ոչ թե խանութից գնած, այլ հենց իր ձեռքերով ստեղծած: Նա ստեղծում է իր պատկերացրած, երևակայած, իր ուզած համազգեստով և գույներով, իր հեքիաթի տիկնիկը: Ստեղծում ենք նաև հեքիաթների հերոսներին պլաստիլինից, կավից, ձեռնոցներից, գուլպաներից ու գեղեցիկ հեքիաթի բեմադրություն խաղում, որից հետո կազմակերպում ենք ցուցահանդես - վաճառք, ինչպես նաև նվիրում մեր գործընկերներին: Այս ամենը նկարահանում ու վերածում ենք ֆիլմի և տարածում այն: Համագործակցելով այլ դաստիարակների, երաժշտության ուսուցիչների, տեխնոլոգների, ծնողների, համայնքի, մարզի հետ՝ փոխայցելություններով տարածում և  սիրելի ենք դարձնում այն, ինչն ազգային է, հայեցի և շիտակ:

Ահա այսպես այդ ինքնաբուխ, ազատ, չթելադրող, չպարտադրող խենթ ռոդարիական երևակայությամբ, որին միանում են նաև Աղայանը, Թումանյանը, Կոմիտասը, ստեղծեցինք և հավաքեցինք մեր խաղ-խաղալիքների փաթեթը:

«Խաղալիքաստեղծ և խաղաստեղծ»-խաղերը  բաժանվում են 3 խմբի՝

  • Խաղալիքաստեղծ խաղ-խաղալիքներ, որոնք ստեղծվում են  սաների, դաստիարակների, ծնողների օգնությամբ:
  • Բակային  և խմբային խաղաստեղծ խաղեր, որոնց հիմքում ընկած է ռոդարիական երևակայությունը:
  • Ազգային, ծիսկան տիկնիկաստեղծ խաղալիքներ:

Այս բոլոր խաղերի ընթացքում երեխան անընդհատ շարժման մեջ է: Երաժշտություն + խաղ + մարմնամարզություն + ազատություն և երևակայություն = կյանքի բնական ընթացք՝ ահա՛ մեր ուսուցման բանաձևը:

Ինչպես տիկին Աիդան էր ասում. «Խաղը երեխայի, նաև մեծերի կյանքի ընթացքն է, նայած թե տվյալ պահին ինչ ես խաղում և ինչի անունն ես խաղ դրել»:

Ձեռք բերած փորձն ու հմտությունը, մտածողությունը, ներքին զգացողությունները խմբում լուսավոր, ստեղծագործական, զվարճալի, հրճվալի միջավայր են դառնում:

Ահա ստորև ներկայացնում եմ Արևելյան դպրոցում ստեղծված խաղ-փաթեթները՝

Խաղալիքաստեղծ խաղ-խաղալիքներ, որոնք ստեղծվում են  սաների, դաստիարակների, ծնողների օգնությամբ:

 Խմբային խաղաստեղծ խաղեր (հիմքում ընկած է ռոդարիական երևակայությունը):

Բակային խաղաստեղծ խաղեր (հիմքում ընկած է ռոդարիական երևակայությունը):

Ազգային, ծիսկան տիկնիկաստեղծ խաղալիքներ:

Պետք չէ նախապես մշակել նախագծով ներկայացնել խաղ գործունեությունները: Ես սկսեցի այդպես, բայց երբ սկսեցի խաղալ, զգալ, հասկանալ յուրաքանչյուրի կարողությունները, հմտությունները իմ նախագծած փաթեթների շարանը մի կողմ դրեցի և սկսեցի հետևել, հենց տեղում ստեղծել մեր խաղ փաթեթները: Ստեղծական միջավայրում խաղ-գործունեության միջոցով փորձում էի զարգացնել սաների՝

  • ստեղծագործելու, երևակայելու, հորինելու կարողությունները
  • ինքնուրույնության դրսևորումը
  • հաղորդակցական կարողությունները
  • տեխնոլոգիական պարզագույն հմտությունները
  • թիմով խաղալու, զիջելու կարողությունները
  • ֆիզիկական կարողությունները:

Շրջապատող աշխարհը հասկանալու և կազմակերպելու փորձերում երեխաներն օգտագործում են իրենց երևակայությունն ու խաղը : Նախ՝ դրանց միջոցով երեխաները հետազոտում են իրականությունը, այսինքն՝ իրենք իրենց հարց են տալիս. «Ի՞նչ կլինի, եթե...»: Մենք շատ հաճախ ենք խաղում Ռոդարիի հնարքներով՝«Ի՞նչ կլինի, եթե...» և ստանում բազում երևակայական պատասխաններ սաներից: Ռոդարին միշտ մեր խենթ մոլորակում է մեր կենդանի ապրումի գործուն աջակիցն է: Ռոդարի կա ամեն ինչում, ամեն տեղ, ամենուր: Ռոդարիի ստեղծագործությունները ձևավորում են ստեղծագործելու, երևակայելու  հմտություններ, կարողություններ:

 Մի՛ սահմանափակեք ազատությունը, թո՛ւյլ տվեք ապրել, զգալ, շոշափել այն ամենը, ինչը շրջապատում ու ուղեկցում է մեզ՝ մանուկներիս։

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский