Հեղինակային կրթական ծրագրի դպրոց-պարտեզ հաստատության միջավայրը
Primary tabs
Հեղինակային կրթական ծրագրի Դպրոց-պարտեզ հաստատության պարտեզի միջավայրը` մանկավարժական մեկնաբանություններով.
Անցանկապատ բակ-պարտեզ.կրթություն իրականացնող հաստատությունը, շենքը հանրային տարածք է սովորողի, ծնողի, թաղամասի բնակչի համար: Սովորողի, ուսուցչի համար ուսումնական լաբորատորիա է, որտեղ իրականացվում է պարտիզապուրակային գործունեություն: Անընդհատ, ամեն օր իր ուսումնական միջավայրի բարելավման վրա աշխատող սովորողի, ուսուցչի համար այդ գործունեությունը դառնում է սովորույթ: Բաց, անցանկապատ հաստատությունը, գուցե աննկատ, անձայն, բայց փոխանցում է կարևոր ուսուցում և՛ սովորողին, և՛ անցորդին… Ուսումնական հաստատության տարբեր արահետներով ու մուտքերով ներսուդուրսը առավել անվտանգ է դարձնում շենքը, քանի որ նորից աննկատ, անխոս, բայց հսկում ենք միմյանց… Բաց, անցանկապատ միջավայրում ապրելն ազատության փոխացման այլ մշակույթ է՝ ազատ ես, բայց՝ կարգի մեջ, իսկ ազատ մարդը կարգապահ մարդն է…
Բաց և թափանցիկ խմբասենյակ, աշխատասենյակ, լաբորատորիա. երբ ներսն ու դուրսը շարունակում են իրար՝ անցանկապատ բակ-պարտեզից- թափանցիկ խմբասենյակ: Բաց խմբասենյակն իր բաց միջավայրով՝ բաց խոհանոց, թափանցիկ սանհանգույց, առանց մահճակալների ու առանց ննջարանի, բաց ու սանի ինքնուրույնությանը նպաստող հանդերձարաններ, իսկ մանկավարժական մեկնաբանությունները՝ հերթով.
Թափանցիկ խմբասենյակն իր գործունեությամբ այլ է, երբ ամեն ինչ տեսանելի է առանց ներս մտնելու, թաքցնելու ոչինչ չկա: Իմաստ էլ չունի ներս մտնել՝ ամեն ինչ տեսանելի է… Իսկ ներսում աշխատող զույգի՝ դաստիարակների համար թափանցիկ միջավայրում աշխատելն անուղղակի դարձել է սովորույթ, թափանցիկ միջավայրը դուրս է մղում կեղծիքը, անթույլատրելին, իսկ բնական վիճակում ապրող ու աշխատող դաստիարակներն ամեն վայրկյան կենդանի ու բնական իրավիճակ են փոխանցում են 2-5 տարեկան սաներին:
Բաց խոհանոցն իրական «տունտունիկ է»՝ իրական ափսեներ, իրական բաժակներ, սրբիչներ, գործիքներ…Հարմարեցված 2-5 տարեկանների ազատ գործունեության համար: Օրը մի քանի անգամ սեղան պատրաստելու գործընթացն իրական ուսուցում է ինքնուրույնացման համար, իրական ամենօրյա ծես՝ յուրաքանչյուր աթոռի դիմաց մեկ ափսե, յուրաքանչյուր ափսեի մեջ՝ մեկական գդալ և այլն, որոնք սանի համար իրական ուսուցում են…
Թափանցիկ սանհանգույցը խմբասենյակի մաս է, որի թափանցիկությունն ապահովում է անընդհատ հիգիենիկ վիճակ, որը հարմար է 2-5 տարեկանների համար, որ ինքնուրույն օտվեն, իհարկե, դաստիարակի աննկատ հայացքի ներքո: Այո, կան 2 տարեկաններ, ովքեր դեռ օգտվում են տակդիրից, բայց սա էլ է ուսուցում՝ քայլ առ քայլ անցում ինքնուրույնության:
Առանց մահճակալների խմբասենյակ.144 քառ տարածքի 30 քառ.մ հատվածը կառուցված է այնպես, որ 2-5 տարեկանը ինքնուրույն բարձրանա, մահճակալի բարձրություն, բայց մահճակալ չէ, այլ քնի հարթակ, որը մինչև քնելը և՛ մարզական է, և՛ պարային, և՛, և՛… Քունն էլ սաների համար վերածվել է ծես-պարապմունքի: Կրթահամալիրի կարի արհեստանոցում մշակված ներքնակները փռվում են հարթակին, որոնք քիչ առաջ մարզական էին, վերածվում են քնի ներքնակի, վրան փռվում է անհատական սպիտակեղենը, միացվում է օրորոցայինը ու բարի քուն…
Բաց և ինքնուրույնությանը նպաստող հանդերձարաններ.խմբասենյակի մուտքի մոտ պատին ամրացված մի տարածք, որտեղ 2-5 տարեկան սանը ինքնուրույն հանում է կոշիկները, բաճկոնը, հագնում է հողաթափերը ու միանում ընկերներին: Այս հանդեձարաններն իսկական թատերական ներկայացումների աշխարհ են: Հագուստներն ինչ-որ սկզբունքով կախել՝ մեծ-փոքր, ըստ գույների և այլն, հողաթափերի թատրոն… ու ռոդարիական թատրոնը պատրաստ է…
Առանց վարագույրների միջավայրը դպրոց-պարտեզի ամբողջ տարածքում է, երբ դուրսն ու ներսը մեկ են՝ կանաչ տարածքների ու պարտեզների հարթակներ, որոնք ներսից՝ դուրս հայացքի, մտքի, ճաշակի անվերջություն են, երբ հայացքը, միտքը ոչ թե հանդիպում են անվերջ պատերի, այլ՝ անվերջության`նայի՜ր ու նայի՜ր… Թվում են՝ փոքր ազդեցություններ, բայց այս մանրը, փոքրը, աննկատելին են, որ ավելի մեծ ու աննկատ փոխում են մարդուն…
Առանց պարապմունքների ռեժիմի միջավայր, որը սկսվում է առավոտյան մահճակալից, ճանապարհին, պարտեզի մուտքից է սկսվում ու ավարտվում է էլի երեկոյան մահճակալում՝ օրվա ամփոփում երազներով: Ուսուցումն ու ամբողջ օրը վերածվում են ուսումնական գործունեության: Կյանքով ուսուցում, որն անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի հրճվանք: Իսկ մեծահասակների՝ դաստիարակների, ծնողների դերը համեստ է՝ աննկատ հայացքով հետևել ու վայելել, իսկ վայելքը՝ ինքը ստեղծագործություն է: Կանոններով ու «չի կարելիները» բացառող այս բնական ու բաց միջավայրերի (տուն, դպրոց-պարտեզ) ստեղծումը սաներին, այո՛, փոխանցում են սիրո զգացողություններ, որոնք չափելի ու կշռելի չեն… Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, որ ինչ-որ բան են սովորեցնում, այլ այն մարդիկ, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի հրճվանք:
Խաղալիքաստեղծ… խաղաստեղծ միջավայր, այո՛, ստեղծողների միջավայր, ոչ թե պատրաստի խաղեր ու խաղալիքներով, այլ ստեղծվում են իրենք՝ դաստիարակներն ու սաները միասին, փորձարկում են ու տարածում…
Ծնողական ակումբ, որը գործում է ոչ աշխատանքային օրերին: Ծնողների ակումբում ներկայացվում են ծրագրեր, նախագծեր, ծեսեր…, որոնք իրականցվում են սաների հետ: Հեղինակային կրթական ծրագրում ծնողն էլ է հեղինակ, քանի որ իր ընտրությունն է, հանգիստ կարող է ներկայացնել նախագիծ ու իրականացնել: Այս իրական, ամենօրյա գործող ընտանիք-պարտեզ կամրջով է անցնում սանը, ով պարտեզից տուն, տնից պարտեզ փոխանցողն է…
Զույգով աշխատանք . 2-5 տարատարիք խմբում աշխատում է երկու դաստիարակ՝ որպես մի ամբողջական ուսումնական լաբորատորիա, չկա` ես դաստիարակ եմ, դու`օգնական: Այս խմբասենյակ-լաբորատորիայում գործում ու կազմակերպում են միասին: Զույգով աշխատանքի այս միջավայրը ևս անուղղակի ազդում է սաների վրա. չկա կարևորված, ոչ կարևորված դաստիարակ՝ սիրելի ու միասին են աշխատում խմբասենյակ-լաբորատորիայում… Մարդկանց տարատարիք մի խումբ, որն ապրում ու աշխատում է միասին՝ ինքնակազմակերպումով ու ինքնուրույնության, ինքնաարտահայտման առողջ միջավայրում…
Տեսանյութերը՝ 2-5 տարեկանների ուսումնական բլոգից
- Բացվել է 1432 անգամ