Դասվարը՝ ընտրությամբ գործունեության կազմակերպիչ
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցման կազմակերպման բաղկացուցիչ է սովորողի ընտրությամբ գործունեությունը: Ըստ ուսումնական պլանի՝ սովորողն իր ընտրությամբ շաբաթական երկու ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին (ուսումնական պլան, կետ 29): Գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով: 1-3-րդ դասարանում դասավանդող դասվարը ուսումնական տարվա ընթացքում մասնակցում է սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացներից մեկին` որպես երկրորդ ուսուցիչ: Դա նրա համար դիտվում է որպես մասնագիտական զարգացում գործունեության միջոցով, մասնագետի անմիջական ղեկավարությամբ (1-9-րդ դասարանում ընտրությամբ գործունեության կազմակերպման կարգ): 2015-2016 ուստարվանից դասվարը «Մաթեմատիկա բանավոր» դասընթացի կազմակերպիչ-վարողն է: Ստորև կներկայացնեմ «Մաթեմատիկա բանավոր» դասընթացի կազմակերպման առանձնահատկությունները, դասընթացի բովանդակությունը, իմ դիտարկումները:
Քանի որ ընտրությամբ գործունեության խմբերը ձևավորվում են տարբեր դասարանների նույնատարիք սովորողներից, որոշեցինք խմբերում աշխատել շաբաթական հերթափոխով՝ շարունակելով մեկս մյուսին: 2017-2018 ուստարում Տաթև Թամազյանի հետ որոշեցինք ամսական հերթափոխով աշխատել: Ամեն ամիս հրապարակում էինք իրականացվելիք դասընթացի փաթեթը: Դասընթացի փաթեթը կազմելիս խորհրդակցում ենք նաև մաթեմատիկայի ուսուցիչների հետ, օգտվում նրանց բլոգներից:
Դասը սկսում ենք բանավոր խաղ-համրանքով. լուծում ենք թվային շղթաներ տարբեր եղանակներով, գտնում ենք տրված թվային կառույցների օրինաչափությունները՝ շարունակելով դրանք, սովորողների առաջարկով նոր թվային շղթաներ ու կառույցներ ենք կազմում, դրանք ևս լուծում:
Ուսումնական պարապմունքի հաջորդ հատվածում քննարկում ու լուծում ենք տարբեր խնդիրներ: Ընտրվում են տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, լուցկիներով խնդիրներ, շաշկու խաղաքարերով խնդիրներ, լաբիրինթոսներ, նաև՝ մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները: Սովորողները գիտեն, թե բլոգի որ բաժնում են տեղադրվում օրվա խնդիրները: Սովորողը բացում է բլոգի համապատասխան բաժինը, գտնում օրվա խնդիրը, անհատապես կամ խմբերով կարդում են խնդիրը, քննարկում, լուծման ճանապարհները գտնում, երբեմն խմբի անդամները տարբեր լուծումներ են առաջարկում, բանավիճում են, իրար համոզում, ապացուցում: Խնդիրները լուծելիս իրենց ընկերներին խնդրի այլ պահանջներ են առաջարկում և լուծում: Բացի ուսուցչի առաջարկած խնդիրներից սովորողների առաջարկած խնդիրները (որոնք ծնվում են խնդիրը լուծելիս) ևս լուծում ենք: Ուսումնական պարապմունքներն ամփոփվում են հետևյալ հարցերի միջոցով. ինչո՞վ էին օրվա խնդիրը կամ խնդիրները հետաքրքիր, ի՞նչ նոր բան սովորեցին, իմացան: Ժամանակ ունենալու դեպքում անդրադառնում ենք առցանց խաղերին՝ օտվելով հետևյալ ուսումնական կայքերից՝ www.mathplayground.com, www.maths-and-games.com, www.mathgames4children.com:
Գործունեությունը կազմակերպում ենք ոչ միայն դասարանում,առցանց հարթակում, այլև բակ-պարտեզում:
Բակ-պարտեզում նպատակահարմար է կազմակերպել գործնական պարապմունքներ, որի ընթացքում սովորողները կառուցում են լաբիրինթոսներ՝ օգտագործելով միջավայրն իր ողջ բազմազանությամբ (խճաքարեր, տերևներ):
Ընտրությամբ գործունեության խմբերում աշխատանքը սովորողների մոտ լուծում է մի շարք կարևոր խնդիրներ: Դրանք են՝ խմբային աշխատանքների միջոցով ակտիվանում է սովորողների համագործակցությունը, սովորողները փոխօգնության միջոցով սովորում են հաղթահարել դժվարությունները, զարգանում են կռահողականությունը (գլխի ընկնելը), ստեղծականությունը, ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու կարողությունը:
Բլոգում ունեմ բաժին, որտեղ հրապարակում եմ բանավոր մաթեմատիկայի մասին պատմող նյութեր: Այդ նյութերը քիչ են, քանի որ բանավոր քննարկումների ժամանակ ակտիվ մասնակցության պատճառով միշտ չէ, որ հասցնում ես տեսագրել, ձայնագրել ընթացքը:
Վերջում ուզում եմ փաստել, որ դասվարը, աշխատելով բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ խմբի սովորողների հետ, մասնագիտական աճի հնարավորություն է ունենում:
- Բացվել է 1051 անգամ