Ուսումնական օրացույցը «Բլեյան» ցանցի նախագծային կազմակերպիչ

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում Ուսումնական օրացույցը կայացած իրողություն է, աշխատանքային գործիք բոլոր մանկավարժական աշխատողների ու սովորողների համար։ Օրացույցի մասին կարդացեք «Դպիր» ամսագրում։ Ձևավորվող հեղինակային կրթական ծրագրի «Բլեյան» ցանցի համար նույնպես այն կարևոր գործառույթներ ունի։ 

Ուսումնական օրացույցը կրթական գործընթացը՝ կյանքը, կազմակերպված է դարձնում ու ստեղծական։ Սա հնարավորություն է նախապես իմանալ-ծրագրելու ուսումնական գործունեությունը, ստեղծական լինելու, նաև անհատականացնելու՝ ստեղծելով սեփական ուսումնական օրացույցը՝ կոնկրետ անհատի, խմբի-դասարանի՝ ուսումնական տարվա համար կայուն լինի խումբը, թե ժամանակավոր, մի ուսումնական նախագծով միավորված։

Ուսումնական օրացույցն երկուստեք ազատում է նաև՝ ղեկավարին վարչարարությունից, աշատողին-սովորողին՝ անընդհատ վարչարարության ենթարկվելուց։ Ամեն ինչ բաց է, նախօրոք հրապարակված, դասավանդողը գիտի իր անելիքն ու արդեն տեղայնացնում-իրենն է դարձնում՝ համապատասխան նախագծային մշակմամբ։

Կարևոր հարցադրում է, թե ով է ստեղծում ուսումնական օրացույցը։ Օրացույցը չի ստեղծվում ինչ-որ անձանց կողմից․ բաց է ու քննարկելի։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում քննարկվում է ուսումնական օրացույցի բովանդակությունը․ նախագիծը բաց է առաջարկների համար։ Օրացույցում ընդգրկված են արդեն ավանդական ու մեր կրթական ծրագրի անփոխարինելի բաղադրիչ-նախագծեր, ինչպես ամենամյա ստեղծագործական հավաքները, ստուգատեսներն ու տոներն են, և նոր նախագծեր, որ նախագծերի զարգացման, նոր պայմանավորվածությունների-գործընկերության արդյունք են, ինչպես, օրինակ, «Երևան-Ստամբուլ» ճամբարները, ազգագրական փառատոները։ Տարեկան օրացույցից բացի՝ դասավանդողի, սովորողի աշխատանքը դյուրացնելու, տեսանելի դարձնելու համար կազմվում են նաև ամսական օրացույցներ, որտեղ շեշտադրվում են հենց տվյալ ամսվա նախագծերն ու անելիքները։

Կրթահամալիրի կայքում գործում է նաև օրական օրացույցը, որը ստեղծվել է օրվա աշխատանքը կանոնակարգել-հստակեցնելու համար․ դժվար է մեծ կրթահամալիրում հետևել տեղեկատվության հոսքին և իմանալ, թե որ դպրոցում, որ ծեսը-հավաքը-հանդիպումը որ ժամին է, ինչ հյուրեր կան․ օրական օրացույցը համակարգում է կրթական միջավայրում գործող մարդու գործունեությունը։

Ցանցը այս քննարկումներն ավելի լայնամաշտաբ դարձնելու հնարավորություն է․ ցանցում ընդգրկված բոլոր կառույցներն ու անհատները կարող են մասնակցել օրացույցի ստեղծմանը։ Օրացույցը կդառնա ցանցային մեր մանկավարժության նախագծային կազմակերպիչը։

Ի՞նչ կտա ուսումնական օրացույցը կրթական ցանցում միավորված մանկապարտեզներին, դպրոցներին, դասավանդողներին։ Այն կարևոր ուղենշային աշխատանքային համակարգ կլինի, կօգնի դառնալ արդեն ձևավորված մեծ համայնքի մի մաս. դպրոցը, մանկապարտեզը, մանկավարժական աշխատողը կստանան անհրաժեշտ կոնկրետ մեթոդական աջակցություն, հնարավորություն՝ 

  • մասնակցելու կրթահամալիրում կազմակերպվող վերապատրաստումներին, սեմինարներին.
  • առցանց ռեժիմում աշխատելու կրթահամալիրի մասնագետների հետ.
  • նաև որպես համահեղինակ մասնակցելու օրացուցային ստուգատեսներին, ճամբարներին.
  • ըստ անհրաժեշտության (տեղի, ժամանակի) օգտագործելու կրթահամալիրի առցանց ռեսուրսը՝ գրադարանային նյութեր, նախագծեր, ուսումնական փաթեթներ, բլոգներ.
  • իրականացնելու համատեղ մշակումներ.
  • իրականացնելու միասնական մշակութային, բնապահպանական, այլ ակցիաներ, ֆլեշմոբներ, մարզատոներ, հեծանվաերթեր....

Ցանցային նախագծային գործունեությունը գործընկերային լավ հարթակ է, որտեղ շահեկան վիճակում են հայտնվում և՛ մանկավարժական աշխատողը, և՛ սովորողը։ Հաղթահարվում է կղզիացումը․ մարդիկ ճանաչվել-ճանաչելու, ճամփորդելու, հայտնի դառնալու հնարավորություն են ստանում։ Ջնջվում են դպրոցների սահմանները, հետին պլան մղվում վարչարարությունը, կենտրոնում ուսուցիչն ու սովորողն են՝ նոր ու թարմ մտքերով, աշխարհին ներկայանալի նախագծերով։ Ցանցում միավորված դպրոցների, մանկապարտեզների, անհատների համար սա նաև ուժի ցուցադրման լավագույն հնարավորություն է։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский