Թվացյալ սահմանները
Primary tabs
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության ծրագրում կարևոր բաղադրիչ են կրթական փոխանակումների նախագծերը: Այդ նախագծերով կրթահամալիրի սովորողների ու դասավանդողների տարբեր խմբեր գործընկերային կապեր են հաստատում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ու Վրաստանի դպրոցների, կրթական կազմակերպությունների հետ: Գործընկերությունը հնարավորություն է հեղինակային կրթական ծրագրի տարածման, այլոց փորձի ուսուսումնասիրման, համատեղ երկարաժամկետ նախագծերի մշակման ու իրականացման: Այն, որ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագիծն արդեն ունի տասնամյա պատմություն, կրթական փոխանակումների կայունության, գործընկերային մթնոլորտի, համատեղ բազմաբնույթ նախագծերի իրականացման արդյունք է: Կրթահամալիրի կրթական կամուրջները կապում են նաև Թուրքիայի հետ: Ութ տարի շարունակ դասավանդողների և սովորողների տարբեր խմբեր մասնակցում են Իզմիր քաղաքում գտնվող ՆԱԱՍԱ-ի միջազգային տիեզերագիտական ճամբարին: «Հրանտ Դինք» հիմնադրամն առիթ դարձավ կրթական փոխանակումների ծրագրերը տարածելու նաև Ստամբուլում: Հայաստան-Թուրքիա դրամաշնորհային ծրագրով 2017 թվականին կրթահամալիրի դասավանդողների 10 հոգիանոց խումբը եղավ Ստամբուլում՝ Պեզչյան հայկական վարժարանում, «Հրանտ Դինք» հիմնադրամում, որն էլ սկիզբ դրեց հետագա համագործակցությունների:
Ստամբուլի Տատյան վարժարանը կրթահամալիրի սովորողների և դասավանդողների խմբին հրավիրեց Ստամբուլ` համագործակցելու, կրթական ու մշակութային կամուրջներ ստեղծելու:
Այսպիսով, կազմվեց նախագիծը, սովորողները սկսեցին մաս-մաս աշխատել ու ճանաչել Թուրքիան,Պոլիսը: Ընտրված է փոխադրամիջոցը, կազմված է խումբը, գիտենք երթուղին և, որ ամենակարևորն է, մեզ սպասում են պոլսահայ ընտանիքներն ու Տատյան վարժարանի ուսուցիչները:
Հաշվետվությունս կբաժանեմ մի քանի մասի:
Տատյան վարժարանի հետ կրթական փոխանակման նախագիծը
Տատյան երկսեռ վարժարանը հիմնվել է 1892-ին, Կ. Պոլսում՝ Տատյան գերդաստանի բարերարությամբ։ Ներկայումս (2003թ.-ից) ունի մանկապարտեզ, նախակրթարան, միջնակարգ բաժիններ, որոնցում սովորում է 426 աշակերտ: Այստեղ սովորում են պոլսահայ ընտանիքների երեխաները: Հայկական վարժարանի նպատակն է պահպանել ու տարածել հայերենը, հայկական ավանդույթները, ծեսերը, մշակույթը: Հայաստանի հետ կրթական կապեր հաստատելու նպատակներից մեկն էլ հենց այն է, որ պոլսահայ երեխաները շփվեն հայաստանցիների հետ, լինեն հայկական միջավայրում, տեսնեն հայերեն տառեր: Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ համատեղ ծրագրի միջոցով հայաստանցի սովորողները հյուրընկալվեցին պոլսահայ ընտանիքներում: Սա նախագծի թերևս կարևորագույն բաղադրիչն էր: Դպրոցը կազմակերպել էր սովորողների մշակութային, կրթական ծրագիրը: Համատեղ ներկայացում ունեցանք, Միլենա Թևատրոսյանը ներկայացրեց «Համբույրի մը մեջ» մոնոներկայացումը, իրենք էլ Ռոպեր ՀատԷճեանի ասույթների հիման վրա բեմադրված ներկայացումը: Աննա Երիցյանը կազմակերպեց ազգային պարի, պարերգի ուսուցում:
Կրթահամալիրի սովորողները մասնակցում էին ուսումնական պարապմունքներին. նրանց հետաքրքրում էր՝ ինչպես են անցնում դասերը արևմտահայերեն, դասի կառուցվածքը և իհարկե, ինչպես են դասին մասնակցում իրենց ընկերները: Ուսումնական կարևոր պտույտ ունեցանք Բոսֆորի ափին գտնվող հայկական եկեղեցիներով, եղանք Կեդրոնական վարժարանում: Վարժարանի դասախոս տեր Հուսիկ քահանան մեզ ներկայացրեց եկեղեցիների ճարտարապետությունը, պատմությունը, հովվապետերին: Կրթական ծրագրերով էապես տարբերվում են հայաստանյան դպրոցներից: Այստեղ ծնողների կամ այլ պոլսահայերի անուններ կտեսնեք դպրոցի տարբեր հարկերի պատին գրված. նրանք դպրոցի բարերարներն են, որ ներդրումներ են կատարում ծրագրերի համար. երևույթը Ստամբուլում շատ տարածված է: Դպրոցի տնօրեն տիկին Ալիսը ամեն բան այնպես էր կազմակերպել, որ մեր սովորողները մի վայրկյան անգամ իենց օտար չզգան. համատեղ նախաճաշեր, միասնական ճամփորդություններ, երեկոյան ներկայացում, մշտապես ուղեկցող դասավանդողներ: Բոլոր սահմանները ջնջված են, ինչը այս նախագծի հաջողության կարևորագույն գրավականն է: Հաջողություն եմ համարում նաև այն, որ թուրքական մեջլիսի՝ կրթության մասի ներկայացուցիչները տեղյակ են Հայաստանի հետ այս ծրագրից ու նաև պատրաստակամ են վարժարանի խմբի հետ սեպտեմբերին գալու Հայաստան:
«Ակոսում»
Զարմանք ու հիացմունք է առաջացնում այն փաստը, որ Հայաստանից Թուրքիա են եկել մի խումբ սովորողներ, որ նպատակ ունեն հարևան երկիրը տեսնելու, ճանաչելու, շփվելու: Այստեղ նույնպես շատ ջերմ ընդունելության արժանացանք: Զրույցներ, հարց ու պատասխան ու մեծ ոգևորություն: «Ակոս» թերթի խմբագրակազմը իր օրվա գործը թողել, միացել էր մեր խմբին. նրանց ամեն բան հետաքրքիր էր՝ իչպե՞ս ենք եկել, ի՞նչ նախագծով, ի՞նչ գիտեն սովորողները Թուրքիայի, Ստամբուլի, Դինքի մասին: Նրանց զարմացրել էր կրթահամալիրի սովորողների պատրաստվածությունը, տեղեկացվածությունը: Մեր սովորողներն անկաշկանդ հարցեր էին ուղղում, իրնց կարծիքն էին արտահայտնում: Հասկացանք, որ այստեղ էլ ենք սպասված հյուր:
Ստամբուլը
Թուրքիայի տասից ավելի քաղաքներում եմ եղել՝ Վալեից մինչև Իզմիր, Սարպիից Ստամբուլ: Ստամբուլի էներգետիկան ուրիշ է: Քաղաքը ազգային, աշխարհագրական, կրոնական և մշակութային ցնցող միաձուլում է: Եթե նայեք աշխարհի քարտեզի վրա, ապա անմիջապես կնկատեք քաղաքի բաժանումը երկու մասի: Բաժանումը զուտ աշխարհագրական է. քաղաքը ձգվում է Բոսֆորի նեղուցի երկու կողմերում, Սև և Միջերկրական ծովերի միջև հիմնական և միակ նավարկելի ուղին է: Ստամբուլը հակադրությունների քաղաք է, մշակութային ու առևտրային կենտրոն:
Անկախ օրվա ժամից ու եղանակից Ստաբուլի փողոցները միշտ մարդաշատ են: Այստեղ կարելի է հանդիպել տարբեր ազգերի, կրոնի մարդկանց: Ստամբուլի ազգային խայտաբղետությանը յուրահատուկ երանգ էին հաղորդում սեբաստացիները, ովքեր մեծ վստահությամբ քայլում էին փողոցներում, ուզում էին ամեն ինչ տեսնել, համտեսել ու գնել: Սեբաստացիների համար ոչ մի դժվարություն չկա: Խանութից խանութ էին վազում, նվերներ գնում, գին գցում: Դա տեսնելու բան է. էս խանութպանները, ոչ կարգին անգլերեն գիտեն, ոչ էլ ռուսերեն: Մեր միջից էլ թուրքերեն մի քանի բառ իմացողը Լևոնն էր: Դե պատկերացրեք մեր բազմալեզու խոսելը խանութում, մետրոյում և այլուր: Իսկ ես, ընդհանրապես միայն հայերեն էի խոսում. լավ էլ հասկանում էին :)))) Մենք անցնում էինք քաղաքի նեղլիկ փողոցներով, մզկիթներում ու եկեղեցիներում զմայլվում խճճված ու բազմագույն նախշերով, հիանում միջնադարյան ամրոցներով ու հուշարձաններով: Մեզ համար գրավիչ էր տրանսպորտից օգտվելը: Ավտոբուսի երկու տեսակ կա՝ սովորական քաղաքային և արագընթաց՝ մետրոբուս, որոնք ունեն իրենց մայրուղու գոտին, որն ընդգրկում է քաղաքի կենտրոնը և կապում է Բոսֆորի կամրջի երկայնքով եվրոպական և ասիական հարավային հատվածները: Սեբաստացիներն ավտոբուսում մի աննկարագրելի արկած են: Մեզ թվում է, թե ոչ ոք չի հասկանում մեզ ու խոսում ենք բարձր, ծիծաղում, մեկ էլ մի ձայն. «Հայաստանի՞ց եք»: Ուրախությունը կրկնապատկվում է, ու սկսում ենք մեր անծանոթ բարեկամի հետ զրուցել: Ստամբուլում լայն տարածում ունի նաև մետրոն՝ 62 կայարան, որոնք բոլորը գտնվում են քաղաքի եվրոպական հատվածում:
Շարունակ տեղացող մանրամաղ անձրևը քաղաքի գույները կորցրել էր մշուշի մեջ: Նախորդ տարվանից հիշողությանս մեջ մնացել էր Բոսֆորի զմրուխտե երանգը, որը նույնպես ձուլվել էր մշուշին: Բոսֆորով պտույտի ողջ ընթացքում հորդ անձրև էր տեղում, որքան առաջանում էինք դեպի նեղուցի խորքը, այնքան անձրևն ավելի էր ուժգնանում: Մեր սովորողներին նույնիսկ անձրևը չէր խանգարում. նավի խցից շարունակ ներս ու դուրս էին անում, անձրևի տակ խաղում, նկարվում էին, վայելում ամեն մի պահը (Ստամբուլը՝ Բոսֆորի նեղուցի ու Մարմարա ծովի ջրերից):
Բացահայտումները
Ինձ համար բացահայտում էր Թևատրոսյան Վալերան՝ Միլենայի եղբայն ու նրա հակապատկերը: Այս տղայի մեջ կյանքը եռում էր, նա իր դրական էներգետիկան սփռում էր ամենուր, իր ընտանիքին այնքան սեր էր տալիս, էլ չեմ ասում, թե ինչպես էր խելքահան արել պոլսահայ աղջիկներին (Ստամբուլում):
Անի Սարգսյանի հետ ճամփորդելն ամեն անգամ բացահայտում է: Անիին բոլորը գիտեն որպես միշտ դժգոհող: Բայց նրա հետ ճամփա գնացեք, և նա ձեր ճամփորդական օրերը կկենդանացնի իր ֆոտոխցիկից, որտեղ արտացոլվում է ողջ տրամադրությունը:
Ճանապարհի բացահայտում է Ստամբուլից Երևան ապրանք ներկրողների հետ ավտոբուսում գտնվելը: Ինչպիսի մանր խարդավանքների են տիրապետում նրանք, դա էլ յուրատիպ ուսուցում էր: Դրա հետ մեկտեղ մեր սովորողներն էլ նրանց համար էին բացահայտում: Հատկապես Լևոնն ամենապահանջվածն էր:
Սեբաստացիներն իրենց անկաշկանդությամբ, ջերմությամբ, ընկերասիրությամբ Ստամբուլը փոխեցին:
Այս ճամփորդությունը շատ էի կարևորում մի քանի պատճառով.
- Պատանիները չպետք է իրենց մեջ կրեն անցյալի գենետիկ հիշողությունը, պետք է իրենց հարևան երկիրը ճանաչեն ու տեսնեն որպես մշակութային, պատմական արժեք:
- Երևանի և Ստամբուլի դպրոցականների, ուսուցիչների կապի ու ընկերության հաստատումը:
- Հայրենագիտական շուրջ 4000 կիլոմետր ձգվող երթուղի, որի ընթացքում շարունակ սովորում ես։
Ճամփորդության հաջողության գրավականն են նաև ճամփի ընկերները: Նախագծային խումբը մեկը մյուսին լրացնող, իրար օգնող ուրախացնող մարդիկ էին:
Նախագիծը համարում եմ ստացված: Շնորհակալ եմ Տատյան վարժարանի տնօրեն տիկին Ալիսին ու բնական գիտություններ դասավանդող Սիբելին Ստամբուլյան օրերը կազմակերպելու, ջերմացնելու համար: Շնորհակալ եմ մասնակից սովորողների ծնողներին, որ վստահեցին, ու իրենց երեխաները դարձան իրական ճամփորդությամբ ուսուցման մասնակից:
Նախապատրաստական աշխատանքների փաթեթ
- Թվացյալ սահմաններ #1 փաթեթ
- Հարսանիքի ավանդույթները ու նշանադրությունը Թուրքիայում. Լևոն Սահակյան
- Հին Պոլիսից մինչև մերօրյա Ստամբուլ. Միքայել Կամենդատյան
- Հայերը Ստամբուլում. Ֆելիքս Եղիազարյան
- Մնացին հաշված օրեր. Միլենա Թևատրոսյան
Ճամփորդական պատում, ֆոտոշար
- «Պետք է հայ մնալ». Հրակ
- Թուրքիա-Ստամբուլ-ծով-ընկերներ…
- Մի յուրահատուկ ճամփորդության մասին
- Կոչին հետևողների հաղթանակը
- Մեր սրտերը նույն ձև են բաբախում
- Թվացյալ սահմանները
- Բարևներ Ստամբուլից
- 2000 կիլոմետր և 36 ժամ
- Թվացյալ սահմաններ նախագծային խումբը ճանապարհին է
- Պոլիսից մինչև մերօրյա Ստամբուլ
- «Հայաստան՝ յաղթանակէ զատ ելք չունի»
- Հայը Ստամբուլում
- «Մենք բոլորս մեկ ենք». Արամ Կոստանյան
- Ստամբուլյան ֆոտոքրոնիկոն #1. քաղաքային տեսարաններ
- Ստամբուլյան ֆոտոքրոնիկոն #2. շրջայց Տատյան վարժարանում
- Ստամբուլյան ֆոտոքրոնիկոն #3. այցելություն Փոլոնեզգյուղ
- Ստամբուլյան ֆոտոքրոնիկոն #4. Այցելություն հայկական եկեղեցիներ
- Ստամբուլյան ֆոտոքրոնիկոն #5. Դոլմաբահչե պալատ
- Ստամբուլյան ֆոտոքրոնիկոն #6. «Ակոս» թերթի խմբագրատանը
- Ստամբուլյան ֆոտոքրոնիկոն #7. քաղաքային թափառումներ
- Ստամբուլյան ֆոտոքրոնիկոն #8. նավարկություն Բոսֆորի նեղուցով
- Ստամբուլյան ֆոտոքրոնիկոն #9. թատերական երեկո Տատյան վարժարանում
- Ստամբուլյան ֆոտոքրոնիկոն #10. սև-սպիտակ