Ճանապարհորդական տպավորություններ. Շրի Լանկա
Primary tabs
Աշխարհագրագետ ուսուցչի հաշվետվություն
Ժամանակը մեզ միշտ զարմացնում է. արձակուրդն ավարտվում է՝ դեռ չսկսված: Բավական է վերադառնալ, ու արդեն այդ օրերը դառնում են հիշողություն: Քանի դեռ ամեն ինչ թարմ է, ուզում եմ պատմել իմ արկածային ճամփորդության մասին:
Այս անգամ երկրագնդի պտույտն ինձ տարավ դեպի հարավ՝ Հնդկաստանից հարավ-արևելք գտնվող մի կղզի, որը շատերին հայտնի է Ցեյլոն անունով՝ Շրի Լանկա, որ նշանակում է «Օրհնված երկիր»: Շրի Լանկան Հնդկական օվկիանոսի կղզիներից է:
Ամեն ինչ սկսվեց այսպես: Հայաստանից դեպի Շարժա (Միացյալ Էմիրություններ), ապա Կոլոմբո. շուրջ ութժամյա թռիչք ու կեսգիշերային վայրէջք մայրաքաղաք Կոլոմբոյում: Օդանավակայանից դուրս եկանք, ու շնչառությունս կարծես կանգ առավ. օդը լցված էր ծաղիկների, համեմունքների անկրկնելի բույրով, դրանց լրացնում էին օվկիանոսից եկող խոնավությունն ու քամին: Այդ զգացողությունն արագ անցավ, երբ մի սև, կիսամերկ տղամարդ մեր ճամպրուկները մեքենայում տեղավորելուց հետո ձեռքիցս բռնել և ասում էր՝ money: Դե, բնականաբար, լուրջ չվերեբերվեցինք, արագ նստեցինք մեքնան և ուղևորվեցինք Պանադուրա, որտեղ անցնելու էր մեր հանգիստը: «Money» արտահայտությանը կանդրադառնամ մի քիչ ուշ:
Պանադուրան Կալատուրայի շրջանի ամենամեծ քաղաքն է (գտնվում է հարավային նահանգում): Այն համարվում է բուդդիզմի վերածննդի քաղաքը: Պանադուրայի դիրքը շատ հարմար է. գրեթե կենտրոնով անցնում է երկաթգիծը, որը բնակիչներին հնարավորություն է տալիս արագ և մատչելի տեղափոխվելու քաղաքից քաղաք:
Շրի Լանկան մի երկիր է, որը կարող ես տեսնել այնպես, ինչպես որ ուզես.
- Ծայրահեղ աղքատություն, կիսաքանդ տներ, ետնախորշեր, կեղտոտ ու բոբիկ քայլող մարդիկ
- Կրոնապաշտություն
- Չնաշխարհիկ բնություն, էկզոտիկա, երկրային դրախտ…
Շրի Լանկայում ես ապրում էի, զգում էի, որսում եմ այդ հրաշքի ամեն մի պահը: Ինձ համար այդ տարանջատումը չկար, ես տեսնում էի մեկը մյուսին լրացնող կյանքը այդ փոքրկ կղզում:
Շրի Լանկան խիստ կրոնապաշտ երկրներից է. փոքրից մեծ պաշտում են իրենց Աստծուն: Հիմնական կրոնը բուդդայականությունն է: Ամենուր կտեսնեք Բուդդայի արձաններ և տաճարներ, որտեղ հավատացյալ ժողովուրդը աղոթում է՝ ձեռքներին Բուդդային նվիրաբերության սինիներ, որոնց մեջ քաղցրավենիք է, ջուր և լոտուս սուրբ ծաղիկը: Տաճար մտնել կանանց կարելի է ծնկից ներքև և ուսերը փակ հագուստով ու ոտաբոբիկ: Եթե արձանը բարձր է կանգնած, մեջքով կարող եք կանգնել, իսկ եթե ցածր է, Բուդդային մեջքով կանգնել չի կարելի. դրա համար կարող ես դատապարտվել:
Մեր Ճամփորդության ընթացքում չէինք կարող չայցելել երկիրը խորհրդանշող տաճարներից մի քանիսը: Մի քանի բառով պատմեմ մեր այցելած տաճարների մասին:
Կանդի Վիխարա տաճար. գտնվում է Բենտոտա քաղաքում։ Թարգմանաբար նշանակում է «բարձունքին կանգնած»: Տաճարի առանձնահատկությունն այն է, որ այստեղ է գտնվում նստած Բուդդայի՝ աշխարհում ամենամեծ արձանը: Ողջ աշխարհից բուդդայական ուխտավորները հենց այս տաճար են գալիս: Խնկի բույրը, այրվող լամպերը, միախառնվելով լոտուսի բույրի հետ, խորհրդավոր մթնոլորտ են ստեղծում՝ այցելուներին մի պահ կտրելով իրականությունից:
Գանեշան տաճար Կոլոմբոյում. Շրի Լանկայում կգտնեք ոչ միայն բուդդայական տաճարներ։ Քանի որ երկիրը եղել է Անգլիական, Պորտուգալական և Հոլանդական գաղութ, այստեղ այդ երկրների մշակույթի հետքերը նույնպես դեռ պահպանված են: Եթե չեք կիսում հնդուական արժեքները, ապա ավելի լավ է՝ հիանաք տաճարի պայծառ աշտարակներով դրսից: Գանեշան տաճարը համարվում է աշխարհում հինդուական հզոր տաճարներից:
Կալուտարա Բոդխիա. գտնվում է Կալուտարա քաղաքում: Տեղացիներն ասում են, որ այս տաճարը կառուցաված է այն 32 վայրերից մեկում, ուր այցելել է արքայազն Սիդխարտան (Բուդդա Շակյամունին), հոգևոր պայծառացումից հետո: Դրա ապացույցը տաճարի կողքին գտնվող Բո սուրբ ծառն է, որը տնկել է հենց Բուդդան:
Մեր ճամփորդության կրոնական այս ուղղությունները աշխարհից կտրելու յուրահատկություն ունեին: Մոռանում ես ամեն բան, ուշադիր հետևում արարողությանը:
Մեզ համար այս երկրի սովորույթները, ապրելակերպը, կենցաղը շատ խորթ են: Հաճախ թվում էր, թե քաղաքակրթության ձևավորումն այստեղ դեռ վաղ շրջանում է (ասածս չի վերաբերում հյուրանոցին): Պահեր էին լինում, որ ինձ զգում էի նախնադարի մասին ֆիլմերում: Պատմեմ մի այդպիսի դեպք:
Երկիրը ավելի լավ ճանաչելու համար պետք է օգտվես հասարակական տրանսպորտից, քայլես ոչ դասական-տուրիստական վայրերով, շփվես բնակչության հետ: Մեր հյուրանոցում 15 հայ կար, մնացած հանգստացողները կա՛մ չինացիներ էին, կա՛մ Հնդկաստանից, կա՛մ տեղացիներ: Մի օր հայերի մեր մեծ խումբը որոշեց գնացքով ուղևորվել մոտակա քաղաքներից մեկը՝ Կալուտարա: Մենք արդեն հասցրել էինք մի անգամ տարածքն ուսումնասիրելու նպատակով ճանաչողական զբոսանք կազմակերպել դեպի կայարան: Հյուրանոցից մինչև գնացքի կայարան ոտքով քայլել էինք: Ճանապարհին քաղաքի հետնախորշերն էին՝ փայտից ու ծղոտից կառուցված տներ, տան բակում նստած կիսամերկ տղամարդիկ, վազվզող երեխաներ, կրիկետ խաղացող տղաներ: Մինչև կայարան մեզ ուղեկցեցին մապեդներով կամ տուկ-տուկներով (տրանսպորտի այս միջոցին դեռ կանդրադառնամ) սևամորթ լանկացիները՝ տարբեր բացականչություններով ու հարցերով՝ «Where are you from?», «Madam selfy?», «Taxi?» և այլն: Մի կերպ հասանք կայարան: Այստեղ նախնադար էր: Տոմսարկղի փոշին կարծես տարիներով չէին մաքրել: Իսկ մեզ տաօրինակ նայող հայացքներն այստեղ ավելի շատ էին: Դե, ինչպես ընդունված է, գնացքի տոմսն ուզում էին կրկնակի թանկ վաճառել մեզ, ինչպես բոլոր տուրիստներին, բայց մենք դա հասկացանք ու դիմեցինք տեղացիների օգնությանը, ովքեր տոմսի ճիշտ գինն ասացին: Եվ այսպես, հայերի մեր մեծ խմբով այդ ճանապարհը նորից անցանք, գնեցինք ճեպընթաց գնացքի երկրորդ կարգի տոմս՝ հուսալով, որ նստելու տեղ կլինի: Առաջին կարգի տոմսն արժե 15 ռուփի (157 ռուփին մեկ դոլար է), այն միշտ լիքն է լինում: Մենք շատ վստահ տոմսերը բաժանեցինք՝ ամեն մեկս մեր տեղի համարը հիշելով: Գնացքը եկավ, ու էքստրիմն սկսվեց: Մի կերպ խցկվեցինք. նստելու մասին խոսք անգամ լինել չէր կարող, դռնից դուրս կախված ճամփա ընկանք: Գնացքն էլ իր հետաքրքրությունն ուներ. հին ֆիլմերի գնացք էր հիշեցնում՝ փոշոտ, դռներն ու պատուհանները բաց, մարդիկ դուրս կախված, և բարձր ձայն:
Երկիրը ծայրահեղությունների մի մեծ համադրություն է: Այստեղ հիասքանչ բնության, հարուստ տեսարժան վայրերին զուգահեռ տիրում է ծայրահեղ աղքատություն: Լանկացիները ամեն բանի համար փող են ակնկալում զբոսաշրջիներից: Թեյ հավաքող կանայք իրենց նկարելու համար փող են ուզում, ճանապարհը ցույց տվող մարդիկ վերջում ասում են «Money», օդանավակայանում թուղթը լրացնելու համար օգնություն ցույց տվող աշխատակիցը նույնպես գումար էր ակնկալում, երեխաները գալիս են լողափ, առաջարկում են նկարել ու դրա համար նույնպես գումար են ուզում կամ պարզապես նայում են դեմքիդ ու ձեռքը մեկնում գումար ստանալու ակնկալիքով: Այդ ամենը մեզ համար շատ անսովոր էր:
Հանգիստը Շրի Լանկայում կարելի է կարճ բնութագրել այսպես. հեռու աղմուկից ու անցուդարձից և մոտ ծովին ու բնությանը: Այստեղ տեսարժան վայրերն էլ բնական են, էկզոտիկ: Այս երկիրը նրանց համար է, ովքեր ուզում են ձուլվել բնությանը, դրա հետ մեկտեղ համաշխարհային մշակույթն ուսումնասիրելու մեծ ցանկություն ունեն: Չէ՞ որ Շրի Լանկայի հնագույն պատմությունը շատ հարուստ է:
Այստեղ ոչ ոք չի շտապում, բոլորը հանգիստ են, խաղաղ: Երկրին յուրահատուկ գույն են հաղորդում ազգային հագուստով (սարի) կանայք: Այդ տեսարանը միայն հնդկական ֆիլմերում ենք տեսել. թմբլիկ կանայք, որոնց սարիի բաց մասից երևում է մարմինը՝ զարդարված ոսկյա ամենատարբեր զարդերով, ականջներին՝ Գանեշա աստծո պատկերով օղեր, գիրկները՝ երեխա, հետևից էլ՝ մյուս երեխաները: Մի անգամ տեսա մոտոցիկլի վրա նստած ընտանեկան մի զույգի. Ամուսինը՝ առջևում, կինը՝ ետևում, գրկին էլ նորածին երեխան, որին կրծքով կերակրում էր:
Շրի Լանկայում երթևեկությունը աջակողմյան է, փողոցներում վեր ու վար են անում արագընթաց ռիկշաները, որոնց այստեղ տաքսի տուկ-տուկ են անվնում: Դրանք երկրի կոլորիտն են՝ կարմիր, կապույտ ու կանաչ գույներով: Մեջը նստած՝ քեզ կառքում ես զգում, պարզապես այդ կառքն այնքան արագ է սլանում, մեկ էլ կտեսնես մայթերին բարձրացավ, մեկ էլ՝ ինչ-որ փողոց մտավ: Ռիքշայի վարորդներն էլ յուրահատուկ բիզնեսմեններ են: Քաղաքի բոլոր տեսարժան վայրերի տեղերը գիտեն, ու որ հարցնում ես՝ ինչպես գնալ, այնպես են բացատրում, որ ստիպված ասես՝ դուք տարեք: Այդպիսի մի տուկ-տուկով գնացինք մայրաքաղաք Կոլոմբո:
Կոլոմբոն տիպիկ ասիական մայրաքաղաք է. միաժամանակ և՛ ժամանակակից մեգապոլիս է, և՛ մշակութային գանձարան: Փողոցների աղմուկը, ծովափերի խաղաղությունը, գաղութային շրջանի շինությունների էլեգանտությունն ու ժամանակակից երկնաքերների զսպվածությունը խառնվել են մի ամբողջության մեջ, որը կոչվում է Կոլոմբո:
Մայրաքաղաքից հետո հաջորդը, որ ուզում էինք տեսնել, Գալեն էր, որը քաղաք-նավահանգիստ է Շրի Լանկայի հարավ-արևմուտքում: Նախկինում եղել է խոշոր առևտրային, իսկ հիմա տուրիստական քաղաք է: Չնայած որ քաղաքը ծովափին է, այն լողափնյա հանգստավայր չէ: Գալեի ճարտարապետությունը շատ է տարբերվում երկրի մյուս քաղաքներից: Քաղաքը 16-րդ դարում հիմնվել է պորտուգալացիների կողմից: Գալեում իրար են խառնվել արևմուտքի ու հարավ-արևելքի ավանդույթները՝ ստեղծելով ոճերի յուրօրինակ խառնուրդ: Արդեն 17-րդ դարում Գալեն դարձել է հոլանդական գաղութ, անունն էլ մնացել է նրանցից:
Ճիշտ է, քաղաքներն իրենց հետաքրությունն ու գրավչությունն ունեն, բայց Շրի Լանկա գնալ ու լեռնային շրջանները չտեսնելն անարդար կլիներ: Բայց ո՞ւր գնալ: Հայերի մեր արկածասեր խումբն արդեն մի քանի օր քննարկում էր, թե ուր կարելի է գնալ: Ուզում էինք շատ բան տեսնել, գումար քիչ ծախսել: Քննարկումները սկսվում էին առավոտյան նախաճաշին, շարունակվում լողափին, ավատվում երեկոյան նախասրահում: Ախր Կանդին սուրբ քաղաքն է, ո՞նց չգնանք, չէ՞ որ այդտեղի տաճարում է Բուդդայի ատամը, բայց ես փիղ եմ ուզում նստել, գանք հասնենք այս երկիր ու փիղ չնստե՞նք. այսպես երկար-բարակ ամեն մեկս մեր ցանկությունն ու նախասիրություններն էր ասում: Մեզ միանում էր Լալիֆը՝ վարորդ-գիդը, ու սկսում էինք միասին հաշվել ծախսը: Վերջապես եռօրյա քննարկումներն ու սակարկումներն ավարտվեցին։ Որոշել ենք. գնում ենք փղերի ապաստարան, թեյի պլանտացիա ու Ռամբոդա ջրվեժը տեսնելու:
Լուսաբացին՝ ժամը 5-ին, ճամփա ընկանք: Առաջին կանգառը փղերի ապաստարանն էր: Մի բան է երևանյան կենդանաբանական այգում փիղ տեսնել, այլ բան՝ կենդանուն տեսնելն իր միջավայրում: Էլ ավելի զվարճալի է, երբ փորձում ես մագլցել փղի վրա, ու նրա ամեն ոտքի քայլի հետ տագնապել, թե շուռ ես գալու, ընկնես այդ բարձրությունից: Փղով պտույտն անցավ բարեհաջող, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը:
Դեպի լեռնային շրջաններ ողջ ճանապարհն անցնում էր բնական ջունգլիներով՝ շոկոլադի ծառ, հացի ծառ, ծառից ծառ թռչկոտող կապիկներ: Թվում է, թե թույլ զարգացած և հետամնաց երկիր է և ճանապարհները լինելու են սարսափելի: Հավատացեք, այստեղ ընտություններն իրենց գործն արել էին նույնիսկ լեռնային շրջաններում. հարթ ու արագասլաց ճանապարհներ, որ հարյուրավոր կիլոմետրեր անցնում ես, չես էլ զգում: Բնական ջունգլիները փոխարինվեցին Նուվարա Էլիա տարածաշրջանի թեյի պլանտացիաներով: Դա աննկարագրելի տեսարան է՝ հավասարաչափ, իրարից բաժանված տունկեր, որոնք գրավում են ամբողջ բարձունքը: Իսկ թեյ հավաքող կանայք ուղղակի հրաշք են: Նրանց վզից կախված է մի մեծ պարկ, թեյը քաղում են ու գցում մեջը:
Ամեն անգամ այս ճամփորդությունը համեմատում եմ ֆիլմի հետ: Այն, ինչ այստեղ սովորական է, մարդկանց ապրելակերպն է, մեզ համար խորհրդավոր է, անբացատրելի է, ինչը տեսել ենք միայն ֆիլմերում: Լեռնային ճանապարհը տարավ դեպի բնության մեկ այլ հրաշքի հետ հանդիպման: Շրի Լանկայում հարյուրից ավելի ջրվեժներ կան, իսկ Նուվարա Էլիա տարածաշրջը ռեկորդակիր է: Հասանք Ռամբոդա ջրվեժին: Ջրի խշշոցը խլացնում է ու աշխարհից վերացնում: Հետադարձի ճանապարհին կանգ առանք Կոտմայե Օյա գետի մոտ: Ճոճվող կամուրջը կապում էր գետի երկու ափերը: Մենք մեծ զգուշությամբ էինք առաջ գնում, իսկ տեղացիները դմփդմփոցով ու արագությամբ, կամուրջը ճոճելով անցնում էին մեր կողքով: Գետի վրա կառուցված էր մի փոքրիկ սրճարան, որտեղ համտեսեցինք տեղական ուտեստներից՝ բրնձի ալյուրից պատրաստված նրբաբլիթ, հետն էլ չիլի պղպեղով պատրստված կծու պաստա: Օրը շատ հագեցած էր, շուրջ 700 կիլոմետր ճանապարհ և 1900 մետր բարձրություն:
Վերջ, ժամանակն է վայելելու օվկիանոսը, հերիք է, ինչքան ման եկանք: Շրի Լանկայում օգոստոսը ձմռան ամիսներից է, ամպամածությունը մեծ է, բայց օդի ջերմաստիճանը միշտ բարձր է 30-ից, բարձր է նաև օվկիանոսի ալիքը: Բարձր ալիքի ժամանակ չի թույլատրվում ջուրը մտնել: Ափին երկու կարմիր դրոշակ կա, որոնք, եթե տեսնում եք, ուրեմն չի կարելի լողալ: Դե մեր՝ հայերիս համար այդ դրոշակներն ուղղակի ողջույնի նշան էին ու մենք՝ ցամաքի բնակիչներս, եկել ենք հասել օվկիանոսի ափ, որ ջուրը չմտնե՞նք…
Հյուրանոցի հազարավոր հանգստացողները միայն նկարվում էին ափին, իսկ հայերի մեր 15 հոգանոց խումբը ջրի միջից դուրս չէր գալիս: Օվկիանոսի ալիքը շատ ծանր է ու հզոր, այն մեծ բարձրությամբ առաջ է գալիս ու քաշում իր հետ տանում է, ուստի պետք է շատ զգույշ լինել:
Շրի Լանկայում տուրիզմը զարգացած չէ: Այստեղ չեք տեսնի հուշանվերների խանութներ, ծովափնյա սրճարաններ: Բայց դա չի խանգարում վայելելու կուսական բնության հրաշքը: Այսպիսի երկրում պետք է մի անգամ լինել:
Ճամփորդությունից հետո մնում են տպավորությունները, լուսանկարներն ու լավ ընկերները:
- Բացվել է 1495 անգամ