Վ.Սարոյանի «Գնացքները» մեզ հասցրին Հացավան

Դպրոցը փոքր էր, միհարկանի: Կանաչազուրկ տարածության մեջ կծկված գորշ շինություն էր՝ ձուլված խանձված խոտին:

Սովորողների թիվը 37 էր, ուսուցիչներինը՝ 13: Տնօրինուհին՝ Սուսան Սահակյանը, առույգ, կենսախինդ, շեն բառուբանով կին էր, ում 1992թ-ին հանգամանքները մայրաքաղաքից Հացավան էին բերել: Եկել էր որպես տնօրեն, բնավորվել որպես բնակիչ: Եկել էր ու մնացել: Եվ հիմա արդեն մեծացած աղջիկը մեղադրում է մորը. արդար չի համարում, որ մայրն իր երիտասարդությունը քաղաքի աղմուկում է անցկացրել, իսկ իրեն բերել է այդ աշխարհից քշված, մեռելային լռության մեջ թաղված գյուղը: Բերել է, որ ինքն էս անկյունում ի՞նչ անի:

Տիկին Սուսանի զրույցի թեման դպրոցն էր՝ իր հոգսերով, գյուղը, որ ջրի խնդիր ունի, դրա համար էլ կանաչ չունի, դեղին-խանձագույն է: Հետո այլ աղբյուրներից իմացա, որ Իշխան Զաքարյանն է հեքիաթի վիշապի նման նստել ջրի ակին, գյուղի հասանելիք ջրով ողողում է իր հեկտարները՝ գյուղին թողնելով դատարկ խողովակները՝ լցված բերվելիք ջրի դատարկ, օր օրի մեռնող հույսով: Խոսքը գյուղական դպրոցի ծրագրերի առանձնահատկությանը չհասավ: Տնօրինուհին անհանգստացած էր միասնական քննություններով. ի՞նչ են անելու: Ախր, սովորողներ ունեն, որ ինչ ուզում ես արա, սովորողը չեն: Մի՞թե դրանով պետք է չափեն իր, իր ուսուցչի աշխատանքը: Նորից մտածեցի այդ միասնական քննությունների բերած ոչ առողջ մթնոլորտի մասին: Մարդիկ հիմա էլ, մանկավարժությունը, գյուղի ու գյուղական դպրոցի խնդիրները թողած, մտածելու են՝ ինչ անեն, որ պատվով դուրս գան այդ քննություններից: Անհատականացված ուսուցում՝ միասնական քննությունների ելքով: Ա՛յ, էսպիսի պարադոքսալ համադրություն:  

Ընդունելությունը ջերմ էր. բացսիրտ էին մարդիկ՝ առանց արհեստական ծեքծեքուն ձևականությունների: Անմիջական զրույց ստացվեց՝ մանկավարժությունից, գրական ակումբի հեռավար-առցանց քննարկումներից, ամենամսյա առցանց ֆլեշմոբներից, հեղինակային կրթական ծրագրից, «Բլեյան» կրթական ցանցից

Ո՜նց եմ սիրում, երբ մանկավարժները սկսում են սովորողների հետ կապված հումորային պատումներ անել: Սրտանց ծիծաղի, ընդհանուր հետաքրքրությունների, սովորողների հետ կապված զավեշտի մեջ միանգամից հալչում են բոլոր սառույցները, յուրային են դառնում մարդիկ:

Գրական քննարկման նյութը Վիլյամ Սարոյանի «Գնացքներն» էր: Դպրոցն իր փակ տարածքով տրամադրող չէր, այգի էլ չուներ: Գյուղապետը գյուղից դուրս ինչ-որ այգի էր առաջարկել: Դե, սա իհարկե, անեկդոտի ժանրից է: Գաս, մտնես գյուղ ու կանաչ տարածք գտնելու համար դուրս գաս գյուղից: Ա՛յ, էսպես է լինում, երբ գյուղն անտեր է լինում: Գյուղամիջում դեպի կանաչ օազիս տանող ճանապարհն էինք հարցնում, երբ գյուղացիներից մեկը վստահորեն մոտեցավ և առաջարկեց իրենց բակ մտնել: Պարզվեց, որ մենք հենց իրենց այգու մոտ ենք կանգ առել հարցուփորձի:
Գիտե՞ք, սարոյանական կերպարները հորինվածք չեն, մտացածին, երազ-ցանկություն չեն: Այս գյուղացի մարդը մեզ այնպես սիրով տեղավորեց իր այգում, այնպես աննկատ փայտյա սեղանը լցրեց խնձորով, նուշով, բաժակները՝ մրգահյութով, ծածկոց բերեց, որ մեզ հետ եկած կրտսեր սեբաստացիները հարմար տեղավորվեն, և էս ամենից հետո էնպես աննկատ հեռացավ, որ վերջում մի կերպ գտանք նրան, որ  մեր շնորհակալությունը հայտնենք: Ոչինչ չկարողացանք իմանալ էս մարդու մասին: Տեղացիներն էլ կցկտուր մի քանի բան ասացին: Իմացանք, որ մենակ ապրող մարդ է, ում երբեմն-երբեմն կին է այցելում: Ուրիշ բան չկարողացան ասել: Ա՛յ, էսպիսի խորհրդավոր կյանքով ապրող լուսավոր մարդ: Անունդ նույնիսկ չիմացանք, Մարդ, շնորհակալ ենք... 

Մայրենիի ուսուցիչ Սեդայի, դասվար Վանուհու, տնօրեն տիկին Սուսանի հետ համագործակցելու պայմանավորվածություններ ձեռք բերեցինք: Որպես սկիզբ՝ Հացավանի սովորողները կմասնակցեն կրթահամալիրյան ֆլեշմոբներին, դասավանդողները առցանց կմասնակցեն մանկավարժական ակումբի աշխատանքներին: Փոքր քայլերի արվեստ ասվածը հանճարեղ է: Շարժվենք փոքր, բայց անընդհատ առաջ գնացող քայլերով:
Դե, իսկ մնացածը՝ արդեն տեսանյութում:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский