Հաջողության ձգտել

Հեղինակ: 

Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

11-րդ գլուխ

Սկիզբը
Նախորդ հատվածը

Այս գրքում ներկայացվող մարդկանցից շատերն այնքան էլ լավ չեն սովորել դպրոցում, իսկ ոմանք ուղղակի չէին սիրում նույնիսկ դպրոց հաճախել: Անշուշտ, կան շատ մարդիկ, ովքեր լավ են սովորում, քանի որ նրանց դուր է գալիս այն, ինչ առաջարկում է դպրոցը: Սակայն քիչ չեն այն մարդիկ, որ ավարտում կամ նույնիսկ ժամանակից շուտ են թողնում դպրոցը՝  չկարողանալով բացահայտել իրենց իրական տաղանդը և չհասկանալով՝ ինչ ուղղությամբ շարժվեն առաջ: Շատերը կարծում են, որ իրենք ոչ մի ընդունակություն չունեն:

Երբեմն դպրոցը թողնելը լավագույնն է, որ կարող է անել հանճարեղ մարդը: Ռիչարդ Բրենսոնը ծնվել է 1950 թվականին Անգլիայում: Նա սովորել է Սթոուի դպրոցում և ժողովրդականություն էր վայելում՝ հեշտությամբ ձեռք բերելով ընկերներ և մեծ հաջողությունների հասնելով սպորտում: Նա իսկապես հիանալի մարզիկ էր և արժանի կերպով դարձավ ֆուտբոլային ու կրիկետային թիմերի կապիտան: Բացի դրանից՝  վաղ տարիքից արդեն երիտասարդի մոտ երևան եկավ գործարարի տաղանդը: Տասնհինգ տարեկան հասակում նա արդեն ակտիվ աշխատում էր իր առաջին երկու նախագծերի վրա՝ ամանորյա տոնածառերի և ոչ մեծ ավստրալիական ալիքավոր թութակների վաճառքով: Այդ նախաձեռնություններից և ոչ մեկը առանձնապես հաջող չստացվեց, բայց ակնհայտորեն ընդգծվեց Ռիչարդի հակումը նմանատիպ գործունեության վերաբերյալ:

Միայն դպրոցում ուսման հանդեպ նա ոչ մի ընդունակություն չցուցաբերեց: Նա ստանում էր ցածր գնահատականներ և տանել չէր կարողանում պարապմունքները: Նա ջանում էր ուղղել ինչ-որ բան, բայց ապարդյուն. դա բոլորովին իրենը չէր: Տասնվեց տարեկանում Ռիչարդը որոշեց, որ բավական է, և թողեց դպրոցը՝ այլևս այնտեղ չվերադառնալու մտադրությամբ:

Ռիչարդի առաջադիմությունը դպրոցում ուսուցիչներին կանգնեցրել էր փակուղու առաջ: Նա ակնհայտորեն տրամաբանող և ջանասեր տղա էր, ուներ թեթև բնավորություն և կարող էր խելքն օգտագործել լավ նպատակների համար, բայց և պարզ էր, որ կտրականապես չէր ուզում հարմարվել դպրոցական ստանդարտներին: Ռիչարդի՝ դպրոցը թողնելու որոշումը մեկնաբանելով՝ դպրոցի տնօրենն ասել էր. «21 տարեկանում Ռիչարդը կա՛մ բանտում կլինի, կա՛մ միլիոնատեր կդառնա, և ես պատկերացնում եմ, թե այդ երկու տարբերակներից որն է նրան սպասում»:

Հայտնվելով մեծերի աշխարհում՝ պատանին պետք է որոշեր, թե ինչով զբաղվեր հետագայում: Սպորտը հնարավոր տարբերակ չէր դիտարկվում. Ռիչարդի հմտությունները բավարար չէին պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու համար: Սակայն Ռիչարդն ուներ ևս մեկ, ոչ պակաս սիրելի հոբբի, նա համոզված էր, որ կարող է և ուզում է գործարար դառնալ:

Շուտով Ռիչարդ Բրենսոնը ստեղծեց իր առաջին իսկական բիզնեսը՝ «Student» ամսագիրը: 1970 թվին նա բացեց ընկերություն, որը զբաղվում էր երաժշտական ձայնագրությունների փոստային վաճառքով: Այս բիզնեսը շուտով վերածվեց ձայնագրությունների խանութի ցանցի. դուք հավանաբար գիտեք այդ խանութները, որոնք կոչվում են Virgin Megastores: Սա իր առաջին առևտրային նախագծերն էին Virgin ապրանքանիշով: Սակայն ոչ վերջինը: Շուտով, խանութների ցանցի ստեղծումից հետո, նա հիմնեց Virgin Records ձայնագրությունների ընկերությունը: Հետո 1980-ական թվականներին Ռիչարդը տվեց բոլորովին նոր նախագծի մեկնարկը՝ նվազագույն դրամական միջոցներով և միակ վարձակալած «Boeing 747»-ով ստեղծելով Virgin Atlantic Airways  ավիաընկերությունը: Այսօր Ռիչարդ Բրենսոնի բիզնես-կայսրության մեջ մտնում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Virgin Cola, Virgin Trains, Virgin Fuel և առավել ամբիցիոզ նախագծերից մեկը՝ Virgin Galactic-ը, առևտրային առաջին ձեռնարկությունը, որ զբաղվում է տիեզերական զբոսաշրջությամբ: Դպրոցից դուրս գալու և գործարար դառնալու նրա որոշումը, պարզվեց, միակ ճշմարիտ որոշումն էր: Իսկ տնօրենի մարգարեությունը կատարվեց. Ռիչարդն իսկապես միլիոնատեր դարձավ քսանմեկ տարեկան հասակում:

Ժամանակի ընթացքում Բրենսոնը հասկացավ, որ դպրոցում իր վատ առաջընթացի պատճառներից մեկը դիսլեքսիան էր: Այն լուրջ դժվարությունների պատճառ էր դարձել մաթեմատիկա սովորելիս: Եվ մինչ հիմա, չնայած իր բազմամիլիարդ կարողությանը՝ Ռիչարդը չի կարողանում հասկանալ իր եկամուտների և վնասի մասին հաշվետվությունները: Երկար ժամանակ նա անգամ չէր կարողանում հասկանալ համախառն ու մաքուր եկամտի տարբերությունը: Մի անգամ՝ լարված մի պահի, Virgin-ի ֆինանսների տնօրենը նրան տարավ մի կողմ և ասաց. «Ռիչա՛րդ, այս ամենին նայիր հետևյալ տեսանկյունից. եթե դու գնաս ձկնորսության և ցանցը նետես ծովը, ապա այն, ինչ դուրս կբերես, կարող ես վերցնել քեզ: Դա քո մաքուր1 եկամուտն է: Մնացածը համախառն եկամուտն է»: «Վերջապես, ես հասկացա տարբերությունը»,- ասել է Ռիչարդը:

1999 թվին շնորհիվ իր վառ գործարարական ոճի և գործունեության տարբեր ոլորտներում փայլուն հաջողությունների Ռիչարդ Բրենսոնը ստացավ ասպետի կոչում: Մանուկ ժամանակ, երբ դպրոցում դժվարությամբ էր բավարար գնահատականներ ստանում, ոչ մի բան, անգամ հեռավոր, չէր հուշում գործողությունների նման ընթացք, չնայած հնարավոր է՝ դա կարելի էր կանխատեսել:

 «Իրականում,- պնդում էր Ռիչարդը մեր զրույցի ժամանակ,- իմ սերնդի բոլոր մեծ ձեռներեցները դպրոցում դժվարությամբ են սովորել և չէին կարող սպասել դպրոցն ավարտելուն, որ կյանքում հասնեն ինչ-որ հաջողության»:

Ի տարբերություն Ռիչարդ Բրենսոնի՝ Փոլ Մակարտնիի համար դպրոցը նման հակակրանք  չէր առաջացնում, անգամ փոքր-ինչ: Ավելին, նա երբեմն նույնիսկ մտածում էր, որ ուսուցիչ դառնա, մինչ այն պահը, երբ հայտնվեց Beatles-ում: Մի առարկա կար միայն, որի հանդեպ նա մշտապես անտարբեր էր: Եվ այդ առարկան երաժշտությունն էր:

«Դպրոցում երաժշտություն չէի սիրում, որովհետև մեզ իսկապես չէին սովորեցնում: Մեր դասարանում լիվերպուլցի 30 սովորական դեռահասներ էին: Երաժշտության ուսուցիչը գալիս էր դասի և դնում դասական երաժշտության ինչ-որ հին ձայնասկավառակ, հետո դուրս գալիս դասարանից: Դասի մնացած ժամանակը նա անցկացնում էր ուսուցչանոցում ծխելով: Այդ պատճառով նրա դուրս գալուց հետո մենք անջատում էինք երաժշտությունը, իսկ երեխաներից մեկը հսկում էր դռան մոտ: Ապա հանում էինք խաղաթղթերը և ամբողջ դասի ընթացքում զվարճանում: Հրաշալի էր: Երաժշտությունը մեզ համար ասոցացվում էր այն դասերի հետ, որի ժամանակ խաղում էինք: Երբ ուսուցիչը պետք է վերադառնար, ձայնասկավառակը նորից միացնում էինք և դնում վերջին մոտ: Նա հարցնում էր, թե արդյոք մեզ դուր եկավ, մենք էլ խմբով պատասխանում էինք՝ հրաշալի էր: Ես իսկապես չեմ կարող դպրոցական կյանքից հիշել ավելին, որ կապված լինի երաժշտության հետ: Ազնիվ խոսք: Սա էր ամենը, ինչով զբաղվել ենք:

Դպրոցական տարիներին երաժշտության ուսուցիչը մեզ ոչ մի բան չի սովորեցրել երաժշտության հետ կապված: Սակայն  ուշադրություն դարձրեք, նրա սովորողներն են եղել Ջորջ Հարիսոնը և Փոլ Մակարտին, բայց նա չի կարողացել հետաքրքրության նշույլ արթնացնել երաժշտության հանդեպ: Մենք Ջորջի հետ դպրոցն ավարտեցինք և անգամ կասկած չունեինք, որ երաժշտական տաղանդ ունենք: Միակ միջոցը, որ օգնեց դա բացահայտել, ոչ մեծ երաժշտական խմբին մասնակցելը դարձավ: Ի դեպ, Ջոն էլ, դպրոցական ժամանակ, նման մի խմբի է մասնակցել: Երբեմն, իհարկե, դպրոցն ավարտելուց հետո մարդիկ մի կողմ են դրել կիթառները, որ զբաղվեն «լուրջ» գործերով: Եվ հավատացեք, մեզ ոչ ոք երաժշտության հետ կապված ոչինչ չի սովորեցրել»:

Կոչումը գտնելը շատ կարևոր է մարդու համար՝ որպես անհատի, և ողջ հասարակության առողջության համար ընդհանրապես: Կրթությունը պետք է լինի տարերքը գտնելու գլխավոր գործընթացներից մեկը: Սակայն շատ հաճախ այն կյանքում հակառակ դեր է խաղում, ինչը դարձել է լրջագույն խնդիր բոլորիս համար: Եվ այսօր շատ կրթական համակարգերում այդ խնդիրը միայն խորանում է:

Ի՞նչ ենք անում այդ խնդիրը լուծելու համար:

Հայացք վերևից

Ես շատ էլեկտրոնային նամակներ եմ ստանում ամբողջ աշխարհում սովորող ուսանողներից: Ներքևում մեջբերված է դրանցից մեկը: Նյու Ջերսիից տասնյոթ տարեկան մի աղջիկ է այն գրել, ով տեսել է իմ ներկայացումը 2006 թվին TED2 –ի կոնֆերանսում:

 «Ես նստած եմ իմ սենյակում և չեմ կարողանում քնել: Առավոտյան ժամը վեցն է, և հիմա իմ կյանքում մի փուլ է սկսվում, որ պետք է ընդմիշտ փոխի ինձ: Մի քանի շաբաթից ես ավարտական դասարանի աշակերտուհի կլինեմ: Քոլեջներն արդեն դարձել են գլխավոր թեմա, որի շուրջը պտտվում է իմ կյանքը… և ես ատում եմ այդ ամենը: Ոչ թե չեմ ցանկանում քոլեջ ընդունվել, այլ ուղղակի կցանկանայի զբաղվել այլ բաներով, որոնք չճնշեին իմ գաղափարները:

Ես հարյուր տոկոսով վստահ եմ, թե ինչով կցանկանայի զբաղվել և ինչին նվիրել կյանքս: Բայց շուրջբոլորը գտնում են, որ կրթական աստիճան ստանալը կամ ձանձրալի աշխատանքը առանցքայն պայմաններ են, որոնք պետք են ինձ կյանքում հաջողության հասնելու: Ինձ թվում է, որ վատ միտք է ձանձրալի և անիմաստ զբաղմունքի վրա ժամանակ ծախսելը: Գրողը տանի, ես մի կյանք ունեմ: Ատում եմ, երբ ծնողներս կամ ընկերներիս ծնողները ծաղրանքով են նայում ինձ, երբ ասում եմ, որ ուզում եմ զբաղվել այնպիսի բանով, որը կապված չէ այնպիսի մասնագիտությունների հետ, ինչպիսիք են բժշկությունը կամ բիզնեսը:

Մի անգամ պատահաբար ես մի տեսանյութ տեսա, որտեղ ինչ-որ մարդ խոսում էր գաղափարներից, որոնք պտտվում էին իմ ուղեղում. և դա իսկական երանություն էր ինձ համար: Եթե բոլորը ցանկանան դեղագործ դառնալ, ապա ապագայում բժշկական մասնագիտությունը այլևս այնպես հեղինակավոր  չի լինի: Ինձ գումար պետք չէ, պետք չէ ոչ մի թանկարժեք մեքենա: Ես ուզում եմ կյանքում ինչ-որ արժեքավոր բան անել, բայց հազվադեպ եմ աջակցություն ստանում: Ուղղակի ուզում եմ ասել, որ Դուք ինձ օգնեցիք նորից վստահել, և հիմա ես կարող եմ գնալ իմ երազանքի հետևից: Որպես նկարիչ, կոմպոզիտոր, քանդակագործ կամ գրող: Սրտանց շնորհակալ եմ, որ ինձ հույս տվեցիք:

Մեր նկարչության ուսուցիչը միշտ սևեռուն ինձ է նայում, երբ ես անսովոր բան եմ անում: Մի անգամ վրձնի ջուրը ես լցրի նկարի վրա և ուսուցչին ասացի, որ աշխատանքն ավարտված է, և կարող է գնահատել: Աստված իմ, պետք էր տեսնել նրա դեմքի արտահայտությունը: Դպրոցում այնպիսի հստակ սահմաններ են, իսկ ես ուզում եմ դուրս գալ դրանցից և իրացնել իմ գաղափարները, որոնք ծագում են իմ գլխում գիշերվա ժամը երեքին: Ատում եմ հին կոշիկներ կամ ծառեր նկարելը, և չեմ ուզում, որ իմ նկարածներին գնահատական դնեն: Երբվանի՞ց են արվեստի համար գնահատական դնում: Պատրաստ եմ վիճել, որ եթե Պաբլո Պիկասոն իր նկարներից մեկը տար նկարչության իմ ծեր ուսուցչին՝ գնահատելու, ապա հաստատ կնայեր ու երկուս կնշանակեր: Մի անգամ միտք հղացա համատեղելու կտավն ու քանդակը, միահյուսելու և քանդակի օգնությամբ պատրանք ստեղծելու՝  իբր իմ նկարը կենդանանում է և շարժվում դիտողին ընդառաջ… Ուսուցիչը պատասխանեց, որ դա չի թույլատրվում: Գեղարվեստական դպրոցն ավարտելուն ինձ մնացել էր մեկ տարի, իսկ ես լսում եմ, որ չի կարելի զբաղվել եռաչափ արվեստով: Աննորմալ երևույթ է, և պետք է այնպիսի մարդիկ, ինչպիսին Դուք եք, գաք Նյու Ջերսի և մի քանի դասախոսություն կարդաք հասկացության վերաբերյալ, որը կոչվում է ստեղծականություն, որին շատերը նայում են վերևից:

Բավական է, որ ասեմ՝ ցանկանում եմ նկարիչ դառնալ, և իմ շրջապատի մարդիկ սկսում են ծիծաղել կամ խոժոռել: Ցավալի է տեսնելը: Ինչո՞ւ մարդիկ չեն կարող զբաղվել նրանով, ինչը սիրում են: Արդյոք երջանկությունն այն է, որ մեծ տուն ունենաս կամ մեծ հեռուստացույց, կամ վախից սարսափած նայես թվերի սանդղակին, երբ S&P3 ինդեքսը մի աստիճան իջնում է: Այս աշխարհը վերածվել է վախով և մրցակցությամբ գերծանրաբեռնված վայրի: Շնորհակալություն այս 12 րոպե 9 վայրկյանանոց ճշմարտության համար: Ցտեսություն»:

Այս դպրոցականն ընդվզում է երկու բանի դեմ, որոնք շատ մարդիկ ի վերջո գտնում են իրենց կրթության մեջ: Առաջինը դպրոցական առարկաների հիերարխիան է, ինչին անդրադարձել ենք գրքի սկզբում: Երկրորդը, որ կոնֆորմիզմը գնահատվում է ավելի, քան նման չլինելը:

Հարմարվողականություն, թե ստեղծականություն

Հանրակրթությունը զգալի ճնշում է գործադրում սովորողների վրա՝ դարձնելով կոնֆորմիստներ: Հանրակրթական դպրոցները ստեղծվել են ոչ միայն ինդուստրացման շահերից ելնելով, դրանք ստեղծվել են ինդուստրիալիզացիայի նմուշով: Շատ առումներով դրանք արտահայտում են գործարանային մշակույթը, որին աջակցելու համար էլ նախատեսված են եղել:

Սա հատկապես ճշգրիտ է ավագ դպրոցի համար, որտեղ դպրոցական համակարգը կրթություն է՝ հիմնված կոնվեյերային հոսքագծի և աշխատանքի արդյունավետ բաժանման վրա: Դասացուցակը բաժանված է պրոֆիլային բաժինների՝ որոշ ուսուցիչներ սովորողների գլուխները մաթեմատիկա են լցնում, մյուսները՝ պատմություն: Օրը կիսվում է ժամանակային ստանդարտ հատվածների՝ պայմանավորված դպրոցական զանգով, ինչը հիշեցնում է ֆաբրիկաների աշխատանքը՝ օրվա սկիզբը կամ ընդմիջման ավարտը ազդարարող զանգով: Ուսուցումը խմբերով է, որոնք կազմվում են ըստ տարիքի, կարծես թե ամենակարևորը, որ միավորում է սովորողներին, նրանց ծննդյան ամսաթիվն է: Նրանց տալիս են ստանդարտ թեստեր՝ նախապես որոշված ժամկետներով, և համեմատում են իրար հետ, մինչ շուկա թողնելը: Ես հասկանում եմ, որ սա լրիվ ճշգրիտ նմանությունը չէ, և հաշվի չի առնվում համակարգի որոշ նրբություններ: Բայց այս պատկերը բավականին մոտ է իրականությանը:

Անշուշտ, այս համակարգն ունի շատ առավելություններ ու ձեռքբերումներ: Այն շատ է օգնել բազմաթիվ մարդկանց, որոնց ընդունակություններն ընկած են ակադեմիական գործունեության ոլորտում, նաև շատերին, ովքեր հանրակրթության տասներեք տարուց հետո որոշ չափով գրագետ են դառնում և կարող են քսան դոլարի մանրը հաշվել: Սակայն աշակերտների թիվը, ովքեր ժամանակից շուտ և իրենց կամքով թողել են դպրոցը, հատկապես ԱՄՆ-ում, չափազանց մեծ է, իսկ ուսուցիչների, ուսանողների և նրանց ծնողների դժգոհության աստիճանը՝ ավելի բարձր: Արդյունաբերական կրթության կառուցվածքը և բնույթն ավելի ու ավելի քիչ են համապատասխանում XXI դարի պահանջներին: Այս խնդրի կարևոր սիմպտոմը բարձրագույն կրթության կարևորության նվազումն է:

Դպրոցում ինձ և իմ հասակակիցներին միշտ ասում էին, որ եթե ջանասիրաբար աշխատենք, ունենանք լավ գնահատականներ, ընդունվենք քոլեջ և ստանանք բարձրագույն կրթություն, ապա կայուն աշխատանքն ամբողջ կյանքի ընթացքում միանշանակ երաշխավորված է: Այդ ժամանակ միտքն այն մասին, որ մարդը բարձրագույն կրթությամբ կմնա առանց աշխատանքի, աբսուրդ էր թվում: Միակ պատճառը, որ մարդը չի կարող աշխատանք ունենալ, կարող էր լինել նրա աշխատել չցանկանալը:

Օրինակ՝ ես քոլեջն ավարտել եմ 1972 թվին և իսկապես չէի ցանկանում աշխատել: Ես սովորել եմ հինգ տարեկանից և երազում էի դադար տալ: Ձգտում էի ինձ գտնել, հետո  որոշեցի Հնդկաստան գնալ, որտեղ դա իրականանալի էր թվում: Այնպես ստացվեց, որ ես Հնդկաստան չգնացի: Հասա ընդամենը Լոնդոն, որտեղ հնդկական շատ ռեստորաններ կային: Բայց ես երբեք չէի կասկածում, որ առանց որևէ  խնդրի, աներկբա կարող եմ գործ գտնել, հենց որ նման որոշում կայացնեմ:

Հիմա ամեն ինչ այդպես չէ: Շրջանավարտների աշխատանքն այլևս երաշխավորված չէ այն ոլորտում, որտեղ որակավորում են ստացել: Առաջատար բուհերի շատ շրջանավարտներ հաճախ ստիպված են լինում կատարել ոչ այն գործը, որի որակավորումն ունեն, կամ նստել տանը՝ մտածելով հետագա քայլերի մասին: Իրականում 2004 թվի հունվարին ամերիկյան շրջանավարտների գործազուրկների թիվը գերազանցել է այն գործազուրկների թիվը, որ դպրոցը չեն ավարտել: Դժվար է հավատալ, բայց փաստ է:

Ամբողջ աշխարհի շրջանավարտները մշտապես բախվում են խնդիրների: Շրջանավարտներին տեղավորման Բրիտանական ասոցիացիայի մասնագետների զեկույցում* նշվում է, որ 2003 թվին քոլեջի շրջանավարտներին առաջարկվել է 3,4 տոկոսով ավելի քիչ թափուր աշխատատեղեր, քան նախորդ տարի: Յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար միջին հաշվով առաջադրվել է մոտ քառասուներկու մարդ (նախորդ տարի՝ 37 մարդ): Դա նշանակում է, որ լավ աշխատանքի համար պայքարը դառնում է ավելի ուժգին՝ անգամ լավ կրթություն ունենալով հանդերձ: Չինաստանում, որ հպարտանում է աշխարհում ամենաարագ աճող տնտեսությամբ, քոլեջի շրջանավարտների գործազրկության ցուցանիշն շատ բարձր է (ըստ որոշ գնահատականների՝ այդ թիվը հավասար է աշխարհի շրջանավարտների տարեկան թվի 30 տոկոսին): Ի՞նչ կլինի, եթե երկրի տնտեսական աճը դանդաղի:

Իրոք, դեռ ճիշտ է, որ աշխատաշուկա մտնող մարդը ավելի մեծ հնարավորություն ունի, եթե ունի բարձրագույն կրթություն: Ամերիկյան մարդահամարի բյուրոյի վերջերս արված հաշվետվությունը ցույց է տալիս, որ քոլեջների շրջանավարտները կարող են ապավինել տարեկան մեկ միլիոն դոլար ավելի եկամուտ ունենալուն, քան միջնակարգ կրթությամբ մարդիկ: Գիտական աստիճան ունեցող մարդիկ հնարավորություն ունեն վաստակելու երեք միլիոն ավելի միջնակարգ կրթություն ունեցողներից:

Սակայն պարզ ճշմարտություն է, որ բարձրագույն կրթությունն այսօր ավելի քիչ է գնահատվում, քան առաջ: Մի ժամանակ բուհի դիպլոմը լավ աշխատանքի գրավական էր: Այսօր բարձրագույն կրթությունը լավագույն դեպքում լավ աշխատանք ստանալու հնարավորություն է: Այն պայմանական հնարավորություն է տալիս աշխատանքի շուկայում: Իհարկե, դա այն պատճառով չէ, որ այսօր իջել են բարձրագույն կրթության չափանիշները: Դժվար է դատելը, բայց ենթադրում եմ, որ դա նախ և առաջ տեղի է ունեցել, որովհետև այսօր դիպլոմ ունեցող չափազանց շատ մարդ կա: Արդյունաբերության ժամանակաշրջանում մարդկանց մեծամասնությունը զբաղված էր ձեռքի աշխատանքով, և այդ պատճառով շատ քչերն են քոլեջ ընդունվել: Նրանք, ովքեր դա արեցին, զարմանքով բացահայտեցին, որ իրենց դիպլոմները նման են Վիլի Վոնկայի5 ոսկե տոմսին: Բայց այսօր բակալավրների հսկայական բանակի դիպլոմները ավելի ու ավելի են հիշեցնում փայլուն թղթեր, որոնցում շոկոլադե սալիկներ են փաթաթում:

Ինչու է քոլեջի շրջանավարտների թիվն այսօր այսպես աճել։ Առաջին պատճառը, որ 21-րդ դարում, համենայն դեպս, զարգացած երկրներում, տնտեսական առաջընթացում առաջնային դերը պատկանում է թվային տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի ոլորտում նորարարություններին: Նրանք ավելի քիչ են կախված ձեռքի աշխատանքից և ավելի շատ նրանից, ինչը իմ քեռին սովորաբար անվանում էր «աշխատանք գլխով»: Այդ պատճառով կտրուկ աճում է այն մարդկանց թիվը, ում համար շատ կարևոր է բարձրագույն կրթություն ունենալը:

Երկրորդ պատճառը, որ այսօր աշխարհում ավելի շատ մարդ է ապրում, քան երբևէ: Մոլորակի բնակչությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում կրկնապատկվել է՝ երեքից դարձել վեց միլիարդ մարդ, իսկ դարի կեսին այն կարող է հասնել ինը միլիարդի: Հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ ըստ որոշ գնահատականների, առաջիկա երեսուն տարվա ընթացքում բարձրագույն կրթություն կստանա ավելի շատ մարդ, քան ամբողջ պատմության սկզբից:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ОЭСР) տվյալներով՝ 1995-ից  մինչև 2005 թվականը, տասը տարիների ընթացքում,  առավել զարգացած տնտեսությամբ երկրների համալսարանների շրջանավարտների թիվն ավելացել է 12 տոկոսով: Ներկա պահին երիտասարդ նորվեգացիների և ավստրալիացիների ավելի քան 80 տոկոսը քոլեջի շրջանավարտներ են: Ամերիկացի սովորողների ավելի քան 60 տոկոսն է ստանում բարձրագույն կրթություն: Չինաստանում քոլեջի տարիքի երիտասարդների ավելի քան 17 տոկոսը գնում է քոլեջներ, և այդ ցուցանիշը արագորեն աճում է: Ոչ վաղ անցյալում այն ընդամենը 4 տոկոս էր:

Բարձրագույն կրթության տարածվածության նման անհավատալի աճի հետևանքներից մեկը լինում է այն, որ շատ բուհերի ընդունելության մրցակցությունը, անգամ ոչ այդքան հեղինակավոր, ավելի ու ավելի մեծանում է: Այս մրցակցությունը նպաստում է վճարովի կրկնուսույցների նոր մասնագիտությունների ծաղկմանը և բուհերի ընդունելության նախապատրաստական ծրագրերի ակտիվացմանը: Այս միտումը հատկապես բնորոշ է Ճապոնիային, որտեղ «նախապատրաստական դպրոցներ» գոյություն ունեն ամբողջ երկրում: Նմանատիպ դպրոցների նույնիսկ ցանցեր կան: Նրանք նախապատրաստում են նախադպրոցական տարիքի երեխաներին, երբեմն մեկ տարեկանից, հեղինակավոր տարրական դպրոցներում ընդունելության քննությունների համար (ճապոնական առաջատար համալսարաններից որևէ մեկին ընդգրկվելու համար անհրաժեշտ առաջին քայլը):

Նման դպրոցներում երեխաները զբաղվում են գրականությամբ, քերականությամբ, մաթեմատիկայով և այլ առարկաներով `« մրցակցային առավելություն » ձեռք բերելու համար: Հաճախ դա տեղի է ունենում արձակուրդների, արվեստի պարապմունքների կամ որևէ արհեստ սովորելու հաշվին: Լայնորեն տարածված է այն համոզմունքը, որ ճապոնական պոտենցիալ առաջնորդի ապագան հիմնականում պայմանավորված է այն տարիքով, երբ նա գնում է առաջին դասարան:

Նույն իրավիճակը նկատվում է նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում: Շատ քաղաքներում, օրինակ՝ Լոս Անջելեսում կամ Նյու Յորքում, որոշակի մանկապարտեզներում տեղերի համար կատաղի մրցակցություն կա: Երեք տարեկան երեխաների հետ հարցազրույց են անցկացնում որոշելու, թե արդյոք հարմար են կոնկրետ մանկապարտեզի համար: Ես նկատի ունեմ, որ ստեղծվում է լուրջ ընտրության հանձնաժողով, որը ուշադիր ուսումնասիրում է այդ երեխաների բնութագրերը և գնահատում նրանց ձեռքբերումները:«Ուզում ես ասել, որ սա՞ է ամենը: Դու աշխարհում ապրում ես համարյա երեսունվեց ամիս, և սա է ամենը, որ դու արե՞լ ես: Ըստ երևույթին, դու առաջին վեց ամիսն անցկացրել ես՝ ոչինչ չանելով, պարզապես մահճակալի վրա պառկել ես և գղգղացել»:

Ամբողջ աշխարհում կան նախապատրաստական դպրոցներ: Անգլիայում նման դպրոցների հիմնական խնդիրն այն է, որ երեխաները նախապատրաստական ընդունելության քննություններ հանձնեն քոլեջներում, ԱՄՆ-ում SAT դասընթացները նույնն են անում: Հնդկաստանում այս տեսակի դասընթացները կոչվում են «խորհրդատվություն» և օգնում են ուսանողներին անցնել համեմատական թեստեր: В Թուրքիայում գոյություն ունի «дершан»համակարգ, որի շրջանակներում մանկավարժների բոլոր ջանքերն ուղղված են սովորողների առաջադիմության բարձրացմանը հագեցված ծրագրերի օգնությամբ՝ հանգստյան օրերին և աշխատանքային օրերին՝ դպրոցից հետո:

Դժվար է հավատալ, որ երեխայի վրա ճնշում գործադրող կրթական համակարգը կարող է օգուտ բերել որևէ մեկին `երեխաներին կամ հասարակությանը, որտեղ նրանք ապրում են:

Շատ երկրներ քայլեր են ձեռնարկում կրթության բարեփոխման ուղղությամբ: Բայց իմ տեսանկյունից նրանք այդ ամենին ամբողջովին սխալ են մոտենում:

Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը 
Լուսանկարը՝ Ջուլի Սիմոնյանի


Բառերի խաղ. անգլերեն «net» բառը ռուսերեն թարգմանվում է գոյական «сеть» և ածական «чистый», net income – «чистый доход» բառակապակցությամբ, հայերեն՝ մաքուր եկամուտ:
Technology, Entertainment and Design, այսինք «Технология, Развлечения, Дизайн», այսինքն՝ Տեխնոլոգիա, ժամանց, դիզայն:
3 Ավելի ստույգ՝ S&P 500՝ ԱՄՆ-ի 500 ընտրված բաժնետիրական ընկերությունների ցանկը, որ ունեն ամենամեծ կապիտալիզացիան: Ցանկը կազմված է Standard & Poor s-ի կողմից և պատկանում է նույն ընկերությանը:
4 Նկատի ունի AGR - շրջանավարտներին  վարձակալելու մասնագետների ասոցիացիա:
Վիլի Վոնկա, Ռ. Դալի «Չարլին և շոկոլադե գործարանը» վիպակի հերոս, հրուշակագործ, որ ընդունակ է իրականացնելու ցանկացած երեխայի երազանքը: Որպես առևտրական հնարք՝ նա թաքցնում է հինգ ոսկե տոմսեր շոկոլադե սալիկներում: Ոսկե տոմսերը այս դեպքում անսպասելի երջանկության և անհավատալի հաջողության խորհրդանիշն են:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский