Մանկական երգչախումբը՝ ունակությունների զարգացման միջավայր
Primary tabs
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբն ստեղծվել է 1996 թվականին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության կենտրոնում՝ որպես լրացուցիչ կրթություն (ստեղծման պահից խմբավարը ես եմ): Երգչախմբի գործունեության ընթացքում բազմաթիվ սովորողներ են անցել գրագետ, ինտոնացիոն մաքուր, բազմաձայն երգեցողության հմտություն ստանալու ճանապարհը, ձեռք են բերել երաժշտախմբում երգելու վարպետություն՝ լուծելով այն խնդիրները, որոնք դրված են եղել նրանց առջև:
Խմբերգերը լինում են միաձայն և բազմաձայն: Ունիսոն (միաձայն) երգեցողությունը կարող է թվալ ավելի հեշտ կատարվող, սակայն ունի կատարման իր բարդությունը, այն ցուցանիշ է երգչախմբի ինչպես վոկալ, այնպես էլ տեխնիկապես (խոսքը երաժշտականի մասին է, այսպես արտահայտվում են երաժշտական աշխարհում) գրագետ պատրաստվածության: Երգչախումբը պետք է հնչի՝ որպես մեկ հավաք երաժշտական կառույց, ոչ մի ձայն չի կարող առանձնանալ: Բազմաձայն երգեցողության մեջ կարող են որոշ աննկատ թերություններ չերևալ, բայց, միաձայն երգեցողությունը նման է սպիտակ թղթի, որի վրա ամենաաննշան բիծն անգամ երևում է:
Երգչախմբում նոր քայլեր կատարող փոքրիկ երգիչը հիմնականում լսում է, որ կարողանա մտապահել իր ձայնամասի մեղեդին, ապա փորձում կատարել մյուսների հետ: Հիմնականում հենվում են կողքի արդեն փորձառու երգչի երգեցողության վրա, վերջինս կատարում է առաջ տանող «շոգեքարշի» դեր: Ժամանակի ընթացքում, անընդհատ լսելով ու կատարելով, փոքրիկ նորեկը կարողանում է իր ձայնամասը կատարել: Իհարկե, չի կարելի վստահ ասել, որ բազմաձայնության մեջ կկարողանա ինքնուրույն երգել, չշեղվել դեպի այլ ձայնամաս: Դա տարիների հետևողական և բարեխիղճ աշխատանք է պահանջում: Կարևոր է նաև բնությունից արդեն ստացած երաժշտական ունակությունը: Այն, ինչ մեկին տրվում է տարիների քրտնաջան աշխատանքի, մյուսին կարող է տրվել մեկ, երկու ամսվա կատարած աշխատանքի շնորհիվ:
Երգչախմբի փորձառու և անփորձ երգիչների փոխօգնության մթնոլորտում յուրաքանչյուրի մեջ ձևավորվում է բարոյական հատկությունների կարևոր փունջ, որն էլ նպաստում է առողջ, որակյալ երգեցիկ խմբի ձևավորմանը: Անհնար է խմբի գոյությունն առանց սիրո, վստահության, փոխզիջման, միմյանց լսելու, օգնելու, հասկանալու ունակության:
Երգչախումբն այն հարթակն է, որտեղ, ձեռք բերելով բազմաձայն երգելու կարողություն, սիրելով երաժշտական երգչական այդ տիպի «գործիքը», կարողանում են ներառվել կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս գործող այլ երաժշտախմբերի մեջ:
Երգչախմբում ձևավորվում է սովորողի երաժշտական ճաշակը, ստեղծագործության կատարման, մատուցման կուլտուրան: Իմ երգիչները չեն լարվում, բայց գիտեն՝ բեմն իրենն է պահանջում՝ ազատ, անմնացորդ նվիրումով կատարում:
Իմ խմբերգային գործունեության ընթացքում տարբեր տարիքի, բնավորության, նախասիրության տեր երգիչներ են եղել: Ես հանգիստ եմ վերաբերվել նրանց, որ ծանոթանալով, ուսումնասիրելով խմբերգային կատարումը ներսից, որոշ ժամանակ անց որոշել են թողնել և գնալ այլ ուղղությամբ: Այդ աշխատանքը նրանցը չէ, բայց, միևնույնն է, այն, ինչ վերցնում-ստանում են, ժամանակի ընթացքում ինչ-որ խմբի, երգչախմբի մեջ փորձում են կիրառել, վերականգնել ունեցած, բայց մոռացած կարողությունը:
Մանկական երգչախմբում բազմաձայն երգեցողության հմտություններ ձեռք բերած շատ սովորողներ երգում են միջին, ավագ դպրոցների երգչախմբերի կազմում: Եվ նրանց թվում քիչ չեն այն նվիրյալները, որոնք շարունակում են իրենց գործունեությունը նաև մանկական երգչախմբում՝ սիրով օգնելով նորեկներին: Նրանք դառնում են իմ գործընկերները, հարազատ մարդիկ, առանց որոնց շունչս է կտրվում, և երբեմն ինձ զգում եմ առանց ձեռքերի:
Կրթահամալիրում մանկական երգչախումբը ամբողջապես ներառված է երաժշտական հանրակրթական համակարգում, օրացուցային-նախագծային ուսուցման կազմակերպման մեջ։ «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը իրականացրել և իրականացնում է տարբեր նախագծեր, այդ թվում՝ նաև հանրակրթական ծրագրային երգերի կատարում, ձայնագրում, մասնակցում կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ծեսերին, տոներին, նախագծերին:
Նախագծի իրականացման արդյունքում ձայնագրվել է 18 երգ.
Ծրագրային երգեր 1
Ծրագրային երգեր 2
Թողարկվել է ձայնասկավառակ, որի մեջ տեղ են գտել Սուրբ Պատարագից հատվածներ, ինչպես նաև այլ ստեղծագործություններ:
Անցած տարվանից երգչախումբն անցել է միայն նախագծային ուսուցման:
Այս տարի երգչախումբն անցնում է այլընտրանքային համագործակցային կազմակերպման (նախագծային) հետևյալ երաժշտախմբերի և մասնագետների հետ.
- «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթ
- «Սեբաստացիներ» վոկալ համույթ
- «Ֆոլկ-ռոք» բենդ
- կիթառահարների դասարան
- Աշտարակի Հայորդյաց տան մանկական երգչախումբ
- կրթահամալիրի ուսումնական երգչախմբեր
- Քնարիկ Ներսիսյան՝ երաժշտաթատերական ներկայացման խորհրդատու մասնագետ
- Մարիաննա Տիգրանյան՝ երաժշտագետ, ֆոլկլորիստ
Համագործակցության արդյունքում ստացվում է՝
- հետաքրքրություն երաժշտական գործիքների նկատմամբ,
- երգչական ձայնի և նվագարանի հարաբերակցություն,
- թատերական արվեստի և երգարվեստի հարմոնիկ հարաբերակցություն,
- ձեռք բերած մասնագիտական կարողությունների, հմտությունների իրացում համագործակցող երաժշտախմբերի հետ,
- թատրոնի մշակույթի ձևավորում, հանդիսատեսի դաստիարակում,
- բարդույթներից ազատագրում,
- գեղեցիկ, անսխալ, խմբային խոսքի մշակում,
- գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
- մթնոլորտ, խաղ,
- մթնոլորտը կապող միջոց դերասանի և հանդիսականի համար,
- որոշակի երանգավորումով երաժշտական, ռիթմիկ գործողություններ,
- իմպրովիզացիան որպես փորձեր վարելու եղանակ։
Արդեն երկու տարի է՝ կրթահամալիրում ստեղծվել են դասարանական երգչախմբեր, որոնք մեծ հաջողությամբ շարունակում են իրենց գործունեությունը, որոնց հիման վրա ստեղծվում են դպրոցական երգչախմբեր:
Այդ երգչախմբերի ստեղծման, կայացման գործում սիրով օգնում է դպրոցի երաժիշտը, որն իր մասնագիտական կարողություններն ու փորձը փոխանցում է դասվարին, կարևոր աջակցություն է դառնում նաև «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի անդամի ներկայությունը:
«Սեբաստացիներ» մանկական երգչախմբից Արեն Պողոսյանը Հարավային դպրոցում ստեղծեց տղաների երգչախումբ, որի անդրանիկ ելույթը բոլորիս հաճելիորեն զարմացրեց:
Ամեն պարապմունք-հանդիպում մի առանձնահատուկ ներկայացում է, որի ընթացքում փորձության են ենթարկվում նորեկները, արդեն փորձառուները, խմբավարը, նվագակցողը: Ուրախության, հայտնագործության, փոխըմբռնման, համախմբվածության, միասնականության գունեղ ներկապնակ-երգչախումբը դանդաղ, բայց հաստատ գնում է իր երաժշտական երգաշարք-արահետով, ուր վստահ է, որ չի մոլորվի, կգտնի այն, ինչի համար եկել է, գտել իր տեղը, հաստատվել, չի հիասթափվել ու չի հիասթափեցրել:
Իմ ամենասիրելիներ՝ փոքր ու մեծ երգիչներ, բարձր մասնագիտական պատրաստվածությամբ նվագակցողներ, ինձ հետ այդ դժվար, բայց լուսավոր ճանապարհն անցած հարազատներ, շնորհակա՜լ եմ:
- Բացվել է 2072 անգամ