Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան

Ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաների ուսուցման մասին անգլերեն տեղեկատվությունը բավականին մեծ է: Կան բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ, դասավանդողների և ծնողների դիտարկումներ: Տեղեկատվության հոսքում ինձ առանձնապես հետաքրքրում էին այն հոդվածներն ու ուսումնասիրությունները, որոնք պարունակում էին իրական կյանքում, իրական դպրոցում և դասարանում փորձարկված ու հաջողություն ունեցած մանկավարժական մոտեցումները: Այս նշանաբանով համացանցային իմ որոնումներն տարան ինձ դասավանդողների մասնագիտական TeacherVision կայքը, որից օգտվում է ամերիկյան ուսուցիչների 1/3 մասը:

Ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաները միմյանցից տարբերվում են, և հետևաբար, տարբեր են նաև նրանց հատուկ կարիքները: Այնուամենայնիվ, նրանք ունեն որոշակի ընդհանրություններ, և դասավանդողների, հոգեբանների, լոգոպեդների ու հատուկ մանկավարժների առաջնային կարևորություն ունեցող աշխատանքը այդ տարբերություններն ու ընդհանրությունները նկատելն է: Կայքում նշված են մշտադիտարկումների արդյունքում ուրվագծված այն ընդհանրությունները, որ այս կամ այն չափով բնորոշ են հատուկ կարիքով սովորողների համար:

Ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընդհանրությունները.

  • նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն.
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ.
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն.
  • դյուրագրգիռ են.
  • նրանց համար դժվար, հաճախ նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա.
  • անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը.
  • հեշտությամբ են շփոթվում.
  • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում.
  • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ.
  • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումները, որոնք տևական ժամանակ առաջ են ասվել.
  • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայի) խնդիրներ ունեն.
  • ձեռագիրը վատն է.
  • ժամանակի զգացողությունը թույլ է...

Հաշվի առնելով ուսումնական հատուկ կարիքով երեխաների նշված ընդհանուր դժվարությունները՝ առաջարկվում է ուսուցանելու հետևյալ ռազմավարությունը։

  • Ընթերցելով հասկանալու դժվարություններ ունեցող երեխաներին պետք է ուսուցանել բանավոր բարձրաձայն ընթերցանությամբ: Թեստերը և ընթերցանության նյութերը տալ նյութի ձայնագրություններով:
  • Հաճախակի ստուգեք հնարավոր առաջընթացը: Նրանք պետք է իմանան, թե որքան են առաջադիմել իրենց անհատական ծրագրում:
  • Անմիջապես անդրադարձ կատարեք հատուկ կարիքով սովորողների կատարած աշխատանքին: Նրանք պետք է իմանան, թե ինչ են սովորել:
  • Նրանց գործունեությանը վերաբերող առաջադրանքները պետք է հնարավորինս կարճ լինեն: Երկար նախագծերը հուսահատեցնում են նրանց:
  • Սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է՝ առարկայական դարձրեք այն, ինչ նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնք կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:
  • Սովորելու դժվարություններ ունեցող սովորողները կարիք ունեն և պետք է ստանան արված աշխատանքին կոնկրետ գովասանքներ: «Լավ ես արել» կամ «Ինձ դուր է գալիս քո աշխատանքը» ասելու փոխարեն պետք է մեկնաբանությունը կապել արված աշխատանքի հետ՝ նշելով մանրամասներ:
  • Եթե անհրաժեշտ է, կրկնեք առաջադրանք կատարելու ձեր ցուցումները գրավոր և բանավոր կերպով: Նման երեխաների համար նյութն ընկալելի է լինում, երբ որքան հնարավոր է շատ զգայարաններ են մասնակցում այդ գործում:
  • Խրախուսեք համագործակցությամբ սովորելը, երբ դա հնարավոր է:        

Ուսումնական հատուկ կարիքով երեխաներ ունեցող ներառական դասարանների համար մի քանի ռազմավարական գործունեություն է առաջարկում Ջիմ Մաք Քլաֆերտին «Աուտիզմի ռեսուրսները և համայնքը»1 անունով մասնագիտական բլոգում:

  • Աուտիզմով երեխաների ուշադրությունը գրավելու համար ուսուցումն իրականացրեք համակարգչային ծրագրերով

Միացյալ Նահանգներում լայնորեն կիրառվում է «Ուղեղի շքերթ. տես, շոշափիր, սովորիր»2 համակարգչային ծրագիրը, որը անվճար և հասանելի գործիք է աուտիկ երեխաների հետ աշխատելու համար: Ծրագիրն ունի հավաստագրված վարքային վերլուծաբանների ստեղծած 4400 պատկեր և 2200 վարժություն: Մանկավարժները կարող են ստեղծել նաև իրենց պատկերները, որոնք կարող են հատուկ կարիքով սովորողների համար գրված դասի անձնավորված պլաններ լինել: Մեկ միօրինականացված թեմատիկ պատկերներով դասը կարող է մի քանի այլ արդյունավետ դասերի պլաններ հուշել: «Տես, շոշափիր, սովորիր» ծրագիրը հետազոտվել և ներդրվել է աշխարհի տարբեր երկրների դպրոցներում: Այն ապացուցել է, որ արդյունավետ գործիք է աուտիզմով երեխաների հետ աշխատելու համար:

  • Եթե հնարավոր է, դասասենյակում նստարանները պետք է շարքով դնել, այլ ոչ թե շրջանաձև:

Աուտիզմով սովորողները իրենց անձնական տարածքի կարիքն ունեն: Այդպես նրանց համար կենտրոնանալը   ավելի  հեշտ  կլինի:  Ուշադրության պակասով  և գերակտիվ սովորողները շատ շուտ են շեղվում  իրենց  առաջադրանքից: Այդ պատճառով էլ նրանց պետք է նստեցնել ուսուցչի դիմաց:

  • Բանավոր հաճախակի հուշեք, թե ինչ պետք է անել: Համոզված եղեք, որ ձեր ցուցումները հասկանալի են: Կրկնեք ձեր ցուցումները, եթե սովորողը թվում է, որ չի հասկանում, թե ինչ եք ասում:
  • Օգտագործեք դիդակտիկ նյութեր, ինչպիսիք են՝ աղյուսակները, գրաֆիկները, նկարները: «Տես, շոշափիր, սովորիր» համակարգչային ծրագիրը բաղկացած է գունավոր, վառ նկարներից, որոնք պետք է, որ  գոհացնեն  նրանց:  Աուտիզմով երեխաները լավ են արձագանքում նոր տեխնոլոգիաներին: «Տես, շոշափիր, սովորիր» ծրագիրը թույլ է տալիս նրանց ինտերակտիվ  լինել դասի  ընթացքում:
  • Որոշ դասարանական գործունեություններ, նախագծեր իրականացնելիս աուտիզմով երեխային կարելի է կցել մի համատեղելի հասակակցի, որ միայն դրականորեն կարող է ազդել:
  • Հատուկ կարիքով սովորողները պետք է ունենան օրվա կանխատեսելի ծրագիր: Նախօրոք նրանց տեղեկացրեք, եթե փոփոխություն է լինելու: Ասեք նրանց նախատեսվող ճամփորդության մասին, սպասվող հատուկ հյուրի կամ էլ՝ փոխարինող ուսուցչի մասին:
  • Սովորեցրեք նրանց սոցիալական հմտություններ, ինչպիսիք են ձեռք բարձրացնելը, հերթով մի բան անելը, ունեցածը ընկերոջ հետ կիսելը:

Այս ամենը պետք է ընդգրկվի նրանց ուսումնական ծրագրում: Բոլոր մնացած սովորողների համար էլ նման հիշեցումները դրականորեն են ազդում: Աուտիզմով երեխաները հաճախ են ունենում ինքնախթանման վարքային դրսևորումներ՝ անտեղի ծափ տալ, տեղում ճոճվել կամ նույնիսկ ինքն իրեն ապտակել: Դասարանի մյուս սովորողներին պետք է հասկացնել, որպեսզի նրանք ըմբռնումով մոտենան այդ վարքային դրսևորումներին:

  • Տվեք նրանց կարճատև ընդմիջման հնարավորություն:

Երբեմն տեղից վեր կենալը և դասասենյակում քայլելը կարող է բարերար հանգստություն տալ աուտիզմով երեխաներին: Կարող եք այդ պահին կարճ խաղ խաղալ: Ուսուցիչը պետք է զգա, թե երբ է հատուկ կարիքով երեխան կարճատև հանգստի կարիք ունենում:

  • Ուշադրություն դարձրեք հատուկ կարիքով սովորողի ուժեղ կողմերի վրա:

Եթե երեխան մի որևէ բան լավ է անում, նա կարիք ունի, որ ցուցադրի դրանք դասարանում: «Տես, շոշափիր, սովորիր» ծրագիրը մեծապես օգնում է այս գործում, եթե ուսումնական ծրագիրը կազմված է սովորողի անհատական հետաքրքրությունների հիման վրա:

Նկատելի ձեռքբերումների հասած փորձառու ծնողի դիտարկումներ     

Աուտիկ, զարգացման խանգարումով 11-ամյա միչիգանցի Լուիի մայրն է Կարեն Վանգը: Լուին արդեն կարողանում է մասնակցել համայնքային միջոցառումներին, որոշ չափով լավացել է նրա՝ մարդկանց հետ շփվելու, հաղորդակցվելու ունակությունները: Կարեն Վանգին հաճախ են հարցնում, թե ինչպես է նա կարողացել հասնել այդ հաջողություններին: Նա մասնակցում է ծնողական կլոր-սեղան քննարկումներին և պատրաստակամությամբ է փոխանցում իր փորձը երիտասարդ ծնողներին: Ահա Կարեն Վանգի և իր որդի Լուիի հաջողությանը նպաստած մի քանի մանկավարժական մոտեցում, որ Կարեն Վանգը ներկայացրել է խորհուրդների ձևով՝ «Ութ կարևոր խորհուրդ, թե ինչպես պետք է աշխատել հատուկ կարիքով երեխայի հետ»3. Այդ ութ խորհուրդներից ընտրեցի միայն երեքը:

  • Ձգտեք փոխազդեցության (ինտերակտիվ) կապ ստեղծել։

Մեծահասակների ամենամեծ սխալն այն է, որ չեն կարողանում փոխազդեցության կապ ստեղծել հատուկ կարիքով երեխաների հետ: Սովորաբար նրանք փորձում են հարցեր տալ նման երեխաներին. մի բան, որն ատում են աուտիզմից տառապող երեխաները: Մեծահասակի և երեխայի միջև քաղաքավարի խոսակցություն սկսելու ու վարելու կանոնները վերաբերում են նաև հատուկ կարիքով երեխաներին: Եթե ուզում եք, որ երեխան ասի իր անունը, նախ պետք է ինքներդ ներկայանաք: Եթե առաջին ծանոթությունն է, մոտեցեք երեխային, սիրալիր բռնեք նրա ձեռքը, կամ էլ ձեր ձեռքը դրեք նրա ուսին, ասեք ձեր անունը, բացատրեք այն գործունեությունը, որով նա պետք է զբաղվի, և հետո միայն, երբ մի փոքր արդեն փոխազդեցության մեջ եք նրա հետ, կարող եք հարցնել նրա անունը: Երբ բացատրում եք կատարելիք գործունեության քայլերը, աշխատեք որքան հնարավոր է շատ նայել նրա աչքերին: Ձեր միջև դրական փոխազդեցություն կհաստատվի, եթե նա նույնպես նայի ձեր աչքերին:

  • Դիտարկումներ արեք։

Հատուկ կարիքով երեխաները հաճախ չեն կարողանում խոսքերով ասել, թե ինչ են իրենք ուզում: Հիշեք, որ նրանց վարքը շատ հաճախ պատմում է նրանց՝ այդ պահի հույզերի մասին: Նրանք իրենց վարքով էլ են հաղորդակցվում: Եթե չեք հասկանում վարքի որոշ դրսևորումներ, հարցրեք նրանց ծնողներին:

  • Որքան հնարավոր է շատ դիդակտիկ նյութեր օգտագործեք։

Ուսումնական հատուկ կարիքով երեխաներ են համարվում նաև առանձնահատուկ օժտվածություն ունեցողները:

TeacherVision կայքը անդրադարձել է օժտվածերեխաների հետ աշխատանքին:

Օժտված երեխաների բնորոշ գծերը

  • Օժտված երեխաները հետաքրքրության բարձր մակարդակ և լավ զարգացած երևակայություն ունեն:
  • Հաճախ ոչ սովորական պատասխաններ են տալիս սովորական հարցերին:
  • Կարող են հիշել և վերարտադրել մեծ քանակի տեղեկատվություն:
  • Կարող են ոչ միայն ինքնատիպ լուծումներ տալ խնդիրներին, այլ նաև առաջարկել ինքնատիպ խնդիրներ:
  • Երկար ժամանակ կարող են մի որևէ խնդրի վրա կենտրոնացած մնալ:
  • Հաճախ նրանք անկախ սովորողներ են:

Օժտված երեխաների ուսուցումը

Օժտված երեխաների ամենաընդհանուր և անփոփոխ հատկանիշը նրանց հարցեր տալն է, և մանկավարժներից պահանջվում է դրսևորել ստեղծական ու նորարարական ունակությունների սահմանային հնարավորությունները:

  • Թույլ տվեք օժտված երեխաներին իրականացնել իրենց նախաձեռնած նախագծերը: Թույլ տվեք, որ իրենք ընտրեն այն հարցերը, որոնց պատասխանները հետաքրքրում են իրենց:
  • Տվեք օժտված երեխաներին անավարտ խնդիրներով զբաղվելու հնարավորություն. այնպիսի խնդիրներ, որոնք չունեն ո՛չ ճիշտ և ո՛չ էլ սխալ պատասխաններ, կամ էլ որևէ այլ կանխակալ պատկերացումներ:
  • Շեշտը դրեք տարաբնույթ մտածողության վրա՝ օգնելով նրանց կենտրոնանալ հնարավոր այլ ուղղությունների փնտրտուքների վրա, այլ ոչ թե գտնելու հարցերի կանխորոշված պատասխանները:
  • Այնպիսի խնդիրներ պետք է տաք օժտված երեխաներին, որ իրենք իրենց եզրակացությամբ հանգեն դրանց լուծմանը, այլ ոչ թե ձեր մշակած լուծման ձևերով:
  • Խրախուսեք ու ոգևորեք օժտված երեխաներին,որպեսզի նրանք դասարանում առաջնորդությունն իրենց ձեռքը վերցնեն: Պետք է միշտ նկատի ունենաք, որ օժտված սովորողները սոցիալապես ուշ են հասունանում:  

Ամփոփում

Ամփոփելով այլոց փորձի այս ուսումնասիրությունը, պետք է ասեմ, որ բոլոր հոդվածներում նշվում են միայն մանկավարժահոգեբանական վերաբերմունքի տարբեր ձևեր, որոնք չեն ենթադրում ուսումնական անհատական պլանի փոփոխություն, ինչպես նաև ուսումնական հարմարեցված միջավայրի ստեղծում: Դրա գլխավոր պատճառն այն է, որ առաջարկություններն ուղղված են բոլոր հանրակրթական դպրոցներին, որոնք, միգուցե, չունեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հնարավորությունները, որոնց մասին վերջերս գրել են Քնարիկ Ներսիսյանը և Աննա Գանջալյանը: Վստահ եմ, որ ճիշտ օգտագործելով մեր կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային մանկավարժության ընձեռած հնարավորությունները և ստեղծված ուսումնական միջավայրը, ուսումնական հատուկ կարիքով տասնյակ երեխաներ կբարելավեն իրենց ուսումնական և սոցիալական կյանքը:

Աղբյուրներ


1Autism Resources and Community
2Brain Parade See.Touch.Learn
38 Important Tips for Working with a Special Needs Child

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский