Նորից նույն թեմայով

Գնահատման խնդիրների մասին խոսքը շարունակելու նոր առիթը ԳԹԿ փոխտնօրենի՝ 9-րդ դասարանի կենտրոնացված քննության մասին հայտարարությունն է։ Եվ ինչո՞ւ են այսպես կենտրոնացել սովորողին հատկապես հայոց լեզվից ստուգելու վրա։

Ե՞րբ, ինչպե՞ս են սովորում երեխաները մայրենին։ Կամ ինչպե՞ս են մարդիկ օտար լեզու սովորում, երբ անպատրաստ հայտնվում են այլ երկրներում։ Մի կողմից՝ խոսքային միջավայրում մարդը յուրացնում է լեզուն, հաղորդակցական հմտություններ առանց ուսուցչի, իր տեմպով, իր չափով, իր ձևով սկսում է խոսել։ Մյուս կողմից՝ իհարկե, չեմ կարող պնդել, որ ընտանիքը երեխային մայրենի լեզու սովորեցնելու գործում դեր չունի. խոսքային հմտությունների յուրացման առաջին փուլը ընտանեկանն է, ընտանիքում է իրականացվում երեխայի զարգացման (ինքնակրթության) առաջին ծրագիրը։ Մայրիկ-հայրիկ-տատիկ-պապիկ-ավագ քույր-եղբայրների դերը խոսքային միջավայր ստեղծելն է, կարդալ-պատմելը երեխայի համար, նրան խոսեցնելը։ Հայտնի բան է՝ որտեղ երեխայի  թոթովանքն ընդօրինակում են, երեխայի հետ «իր լեզվով» խոսում, այնտեղ երեխան ուշ է ուղղում իր խոսքը՝ բառի ձևի, քերականան ձևի սխալները, որտեղ թոթով լեզվի «նորաբանությունները» սիրով լսում-ուրախանում են, բայց չեն կրկնում, երեխան արագ գլխի է ընկնում՝ ինչ ուղղի։ Բայց առողջական խնդիր չունեցող բոլոր երեխաները խոսում են՝ ցանկություն, կարծիք-վերաբերմունք ձևակերպում, լսում-պատասխանում, խոսքի մեջ ընկնում, պաշտպանվում ու պաշտպանում խոսքով։ Եվ երեխայի-ծնողի այս աշխատանքի համար ոչ մեկը գնահատանիշ չի նշանակում երեխային, ոչ մեկը պատասխանատվության չի կանչում ծնողին «անբավարար» արդյունքի համար։

Դպրոցում մայրենիի ուսուցումը պատվավոր տեղ ունի. պետական չափորոշչով «Հայոց լեզու, գրականություն» բնագավառին հատկացված է առաջին հորիզոնականը, ծրագրի նորմատիվ ծավալում՝ առավելագույն ժամաքանակը։ 9 տարի շարունակ հիմնական կրթության ծրագրով սովորեցնում են մայրենի լեզու, որպեսզի, ըստ հիմնական կրթության շրջանավարտին ներկայացվող ընդհանրական պահանջների՝  շրջանավարտը «լիարժեք հաղորդակցվի հայերենով՝ ա. կառուցի գրագետ և գեղեցիկ գրավոր և բանավոր խոսք, բ. ըստ էության ընկալի ուրիշների խոսքը, կարողանա հակիրճ և պարզ արտահայտել սեփական մտքերն ու տեսակետները, գ. սահուն ու արտահայտիչ կարդա և պատմի, դ. հասկանա տարբեր բարդության, համեմատաբար ծավալուն գրավոր տեքստեր, ե. գրավոր շարադրի սեփական մտքերն ու կարդացած անծանոթ տեքստերը, զ. գրի կարճ ռեֆերատներ, է. կատարի հանձնարարված գրականության վերլուծություններ, ը. զանազանի գեղարվեստական արժեք ներկայացնող գրականությունը ցածրորակ գործերից»։ Հետո տարբեր արտաքին ստուգումների և քննությունների ժամանակ պարզվում է, որ գնահատականները համարժեք չեն երեխայի գիտելիքներին, սովորողների 30 տոկոսը կամ ավելին անբավարար է ստանում։ Դեռ մի կողմ, որ «գեղեցիկ» խոսքը դժվար կլինի միարժեք գնահատելը, եթե «ճաշակին ընկեր չկա», կամ որ «հաևանի հարսն է սիրուն»։ Ինչքան են հակիրճ ու պարզ արտահայտվում, ըստ էության արձագանքում քննություններից «լավ» ու «գերազանց» գնահատականներ ստացած շրջանավարտները, կվկայեն ավագ դպրոցների, քոլեջների ուսուցիչները...

Մայրենիի նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է կրթական ծրագրից դուրս։ Ի՞նչ խոսքային միջավայր է ստեղծված զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցում, այդ թվում՝ այս օրերին հնչող քաղաքական հռետորաբանությամբ։ Եվ խոսողները՝ հաստատ քննություններով անցած մարդիկ, մեծ մասը՝ սովորողների նկատմամբ խիստ և պահանջկոտ լինելու ջատագովներ, մայրենիի ուսուցման, դրա արդյունքների քննադատներ... Ոչի՞նչ, որ մասնագիտական կրթությամբ մարդիկ, այդ թվում՝ լրագրող, պատգամավորի նոր թեկնածու, տարիներով հայտնի գործիչ, հակիրճ ու պարզ չեն արտահայտվում, հակասություններով, խոսքից խոսք թռչելով են խոսում, խոսքը կիսատ են թողնում, բառօգտագործման, քերականական, շարահյուսական սխալներ են անում. նրանք մեծ են, նրանց կարելի է, հա՞։ Եղա՞վ։ Օրինակների հետևից հեռու չգնալու համար լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի ՖԲ էջի հղումը տամ...  

Ակնհայտ է, որ ինչ-որ բան այն չէ... 

Արտաքին ստուգում-քննությունների մասին։ Հանրակրթության մասին ՀՀ օրենքով (հոդված 18. սովորողների գնահատումը և ատեստավորումը)՝
1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

«Ատեստավորում» նշանակում է՝ 1. Բնութագրել, պաշտոնական կարծիք տալ: 2. Պաշտոնին՝ կոչմանը համապատասխանելը որոշել: 3. Կոչում տալ մեկին (աղբյուրը՝
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան)
: Ատեստավորելու համար ինչո՞ւ է պետք անպայման քննություն անցկացնել։ Եվ դեռ քիչ է, որ հանրապետությունով մեկ իններորդ դասարանցիները փոխադրում են նույն գրական տեքստը (առանց ընտրության իրավունքի), լրացնում են նույն թեստը, «մնաց սարի սմբո՞ւլը»՝ կենտրոնացված քննությո՞ւն։ Ինչո՞ւ։ Ո՞րն է սրա հիմնավորումը։ Ի՞նչ պիտի անեն ԳԹԿ-ն և ԿԳՆ-ն այդ քննությունների արդյունքները։ Եթե խնդիրը մայրենիի ուսուցիչների մասնագիտական որակը գնահատելը լինի, փակուղի կմտնենք. մայրենիի ուսուցիչները բարձրագույն կրթությամբ բանասերներ են, խնդրի լուծումը հանրակրթությունից դուրս կհայտնվի։ Հաստատ ԿԳ նախարարությունում, կրթության տեսչական մարմնում, ԳԹԿ-ում չեն մտածում, որ հանրապետությունով մեկ պիտի ուսուցիչները փոխվեն, կամ որ այդպիսի փոփոխությունը «կրթության որակի» բարձրացման երաշխիք է։ Եթե խոսքը հանրակրթական հաստատության «ատեստավորման» մասին է, դա արվում էր ամենամյա հաշվետվությունների, դպրոցների վարկանիշավորման միջոցով. արժե՞ այդ նպատակով այդքան մարդու՝ 31300-ից ավելի աշակերտի, «տեղահան անել», «սրի քաշել», մասնագետների մի խմբի, թող որշատ գիտակ և հարգելի մարդկանց, քննության, մանկավարժության, լեզվաբանական գիտելիքների ստուգման մասին պատկերացումների գերին դարձնել։ Ի դեպ, նույն ԳԹԿ-ն 2018-ի ապրիլին ավելի առաջադեմ էր նույնիսկ միջնակարգ կրթության շրջանավարտների և բուհ-երի ընդունելության հարցում... Ուժի ցուցադրությո՞ւն է. քանի որ «ներքևից» չեն խոսում ԳԹԿ կազմած թեստերով ավարտական, պետական ավարտական քննությունների և հայոց լեզվի, գրականության ուսուցման ծրագրի, այդ երկուսի և հանրկրթության պետական չափորոշչով շրջանավարտին ներկայացվող ընդհանրական պահանջների համապատասխանության մասին, «վերևից» ինչ կուզեն՝ կանե՞ն։

Իսկ հարցերի հարցն այն չէ՞, թե որտեղ և ինչից է ընդհատվում մարդու ինքնակրթության՝ սկզբում անընդհատ թվացող աշխատանքը... Ինչո՞ւ բոլոր առաջին դասարանցիները նույն շրջանում-ժամկետներում պիտի նույն տառերը սովորեն, կարո՞ղ են մի տարիքային խմբի բոլոր սովորողները միաժամանակ տրամադրվել քերականական կոնկրետ գիտելիքը յուրացնելուն, գրական նույն նյութը կարդալուն-անգիր անելուն... և այսպես, մինչև միաժամանակ կենտրոնացված քննության մասնակցելը... Իրականում սովորողը կրթական ծրագրի համար պատասխանատու չէ. ո՛չ ինքն է կազմել, ո՛չ իր ընտրությունն է՝ քիչ է, հետն էլ՝ մշտական հսկողությունն ու ճնշումը դպրոցում, տանը, սեփական ժամանակը, ուժերը տնօրինելու ազատության սահմանափակումը... Համարյա նույնը կարելի է ասել նաև ուսուցչի մասին։ Ուսուցման գերխնդիրը դառնում է քննություններին պատրաստելը, և ոչ միայն ուսումնական պարապմունքների միջոցով, և ոչ միայն դպրոցում։ Այստեղից էլ՝ նախորդին մեղադրելու ուսուցչական «հիվանդությունը», ինչ-որ ձևով (ամեն կերպ) արդարանալու, լավագույն արդյունք ներկայացնելու ջանքերը։

ՀՀ ԿԳՆ պատվերով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող, կազմակերպվող, տարածվող, ՀՀ օրենքով սահմանված հեղինակային (պետական այլընտրանքային) հանրակրթական ծրագիրն այս ուղղությամբ ունի տարածելի ձեռքբերումներ՝ կրթական ծրագրի անհատականացումը սովորողի՝ առաջին դասարանից սկսած, ընտրության հնարավորությունների, անհատական ուսումնական պլանի, ուսումնական նախագծերի, ստեղծագործական ակումբների միջոցով։ Սովորողներն ուսումնական հայրենագիտական, բնապահպանական, ռազմամարզական, ընթերցողական, այլ ճամբարների, ստեղծագործական հավաքների, միջազգային նախագծերի մասնակցությամբ սեփական փորձ ստանալու հնարավորություն ունեն՝ ապրելով կյանքի ամենատարբեր իրավիճակներում, ձեռք բերելով նոր ծանոթներ ու ընկերներ, ծանոթանալով հանրապետության մարզերում տարբեր խնդրներին, քննարկելով դրանք, շփվելով տարբեր ոլորտների մասնագետների, տարբեր երկրների հասակակիցների և ուսուցիչների հետ։ Ուսումնական գործունեությունն արացոլվում է սովորողների (սկսած 3-րդ դասարանից), դասավանդողների, նախագծերի ուսումնական բլոգներում, դպրոցների կայքերում, mskh.am-ում։

Սակայն որպես հիմնական կամ միջնակարգ կրթության շրջնավարտ՝ մեր սովորողները պետական ավարտական, միասնական քննությունների մասնակցում են նույն ձևով, ինչպես հանրապետության մյուս շրջնավարտները (անգամ նրանք, որոնք արդեն միջազգային բուհի, քոլեջի, դպրոցի ուսանող են դառնում մինչև ավարտական քննությունները)։ Դա հեղինակային կրթական ծրագրի սովորողի ի՞նչ ատեստավորում է։

Առաջարկում եմ շեղել հայացքը քննությունից, հեղինակային կրթական ծրագրի սովորողի ատեստավորման կազմակերպման այլ նախագիծ քննարկել։

Ատեստավորումն իրականացվում է հեղինակային կրթական ծրագրի օրացույցով, ուսումնական պլանով որոշված հունիսյան ուսումնական ճամբարում՝ որպես ինքնաստուգման-հրապարակային հաշվետվության օրեր։ Ինչպես ատեստավորման կազմակերպման բովանդակությունը և աշխատակարգը, այնպես էլ բովանդակությամբ որոշված նախագծերը հաստատվում-հրապարակվում են ապրիլ-մայիսին՝ հնարավորություն տալով շրջանավարտներին պատրաստվելու։

  1. Կրթահամալիրի հիմնական կրթության շրջանավարտը ներկայացնում էր իր ուսումնական  անհատական բլոգը՝
  • դասընթացների ծրագրերով որոշված աշխատանքներ, նախագծային գործունեության արդյունքներ,
  • ուսումնական ճամփորդություններ,
  • ուսումնական ճամբարներ,
  • միջազգային նախագծեր,
  • համերգ-ներկայացման, ստեղծագործական հավաքի մասնակցություն,
  • կրթահամալիրի կամ այլ ավագ դպրոցում, քոլեջում կրթությունը շարունակելու իր տեսլականը՝ անհատական ուսումնական պլանի առաջարկությամբ, իր կյանքի հաջորդ երեք տարիների այլ ծրագիր,
  • հեղինակային կրթական ծրագրով-ուսումնական օրացույցով որոշված հանրակրթական ստուգատեսների* մասնակցության հայտերը-նյութերը,
  • անհատական ձեռքբերումների մասին հաշվետվություն,
  • հիմնական կրթության ծրագրում իր գործունեության արդյունքների գնահատումը։

Շրջանավարտի այս ներկայացումը նույնպես սահմանված կարգով հրապարակվում է, դրան կարող են արձագանքել ծնողները, դասավանդողներ, ընկերներ, դպրոցի ղեկավարը, այլք։

  1. Կազմակերպվում են ճամբարային բաց կլոր սեղան-քննարկումներ՝ կրթության կազմակերպման և այլ խնդիրների իրենց ուսումնասիրությունների արդյունքներով։
  2. Միասին իրականացնում են շրջակա միաջավայրի բարեկարգման նախագիծ։
  3. Ներկայանում են համերգ-ներկայացում-ցուցադրություններով՝ անհատական, խմբով։
  4. «Սովորող-սովորեցնող» նախագծով կրտսեր ընկերներին փոխանցում են իրենց ուսումնական ձեռքբերումները։
  5. Մասնակցում են Ավագ դպրոցի, քոլեջի սովորողների ճամբարային նախագծերի։
  6. Մասնակցում են ռազմամարզական 3-օրյա ճամբարի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի «Ժայռում»։

Կարող են լինել սովորողներ, որ ինչ-ինչ նպատակներով ընտրեն քննությունները։

Լուսանկարը՝ Սոնա Փափազյանի


* Կրթահամալիրում կազմակերպում են ամենամյա հանրակրթական ստուգատեսներ՝ «Դիջիթեք»՝ թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ, բնագիտական-տեխնիկական ստեղծագործության, ընթերցողական, լեզվաբանական, թարգմանական նախագծերի, հասարակագիտական նախագծերի, «Ձոն»՝ տեխնոլոգիական, միջավայրի ձևավորման նախագծերի, բնապահպանական նախագծերի, մարզական-ռազմամարզական խաղերի, կինո-ֆոտո նախագծերի, երաժշտական նախագծերի, այլ։ 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский