Կրթության բարեփոխում

Հեղինակ: 

Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

11-րդ գլուխ

Սկիզբը
Նախորդ հատվածը

Ասիայում, Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, թե Մերձավոր Արևելքում շատ պետությունների կրթական համակարգերն այսօր բարեփոխումների գործընթացում են: Հիմնական պատճառները երկուսն են: Առաջինը տնտեսականն է: Յուրաքանչյուր տարածաշրջանում նմանատիպ տնտեսական մարտահրավերներ են՝ ինչպես մարդկանց այնպիսի կրթություն տալ, որ նրանք կարողանան աշխատանք գտնել և գումար վաստակել աշխարհում, որտեղ ամեն ինչ փոխվում է ավելի արագ, քան երբևէ: Երկրորդ պատճառը մշակութային է: Աշխարհի հասարակությունները ձգտում են օգտվել գլոբալիզացիայից, բայց չեն ցանկանում այդ գործընթացում կորցնել իրենց անհատականությունը: Ֆրանսիան, օրինակ, ուզում է մնալ ֆրանսիական, Ճապոնիան՝ ճապոնական: Մշակութային արժեքները միշտ էլ էվոլյուցիայի գործընթացում են, բայց կրթությունն այն միջոցներից է, որի օգնությամբ հասարակությունները փորձում են վերահսկել նման փոփոխությունների ծավալը: Ահա թե ինչու են կրթական ծրագրերի բովանդակության շուրջ դեբատները միշտ շատ բուռն լինում:

Սխալը, որ թույլ են տալիս նման ծրագրերի հեղինակները, այն վստահությունն է, որ կրթության ոլորտն ապագային նախապատրաստվելու առավել արդյունավետ միջոցը բարեփոխումն է այն ամենի, ինչն արվել է անցյալում: 

Կրթական համակարգի հիմքը երեք սյուներն են՝ նյութը (մատերիալը), մանկավարժությունը և գնահատումը: Նյութը այն կրթական ծրագիրն է, որը պետք է ուսումնասիրեն սովորողները, ինչպես ակնկալում է դպրոցական համակարգը, մանկավարժությունն այն գործընթացն է, որի միջոցով համակարգը օգնում է սովորողներին  դա իրականացնելու, և գնահատումն այն դատողությունն է, թե որքանով են լավ ձեռք բերված արդյունքները: Շատ բարեփոխումների ուշադրության կենտրոնում ուսումնական ծրագրերն ու արդյունքների գնահատումն են:

Որպես կանոն՝ կրթության բնագավառում քաղաքականություն մշակող-ստեղծողները փորձում են վերահսկել ուսումնական ծրագրերի բովանդակությունը և հստակ կարգավորել, թե ինչ պետք է սովորեն: Այս ձևով նրանք ջանում են կայունացնել առարկաների առկա հիերարխիան՝ նախապատվություն տալով այն առարկաներին, որոնք այդ հիերարխիայի գագաթին են: Գործնականում դա նշանակում է, որ մի կողմ են դնում այլ առարկաներ, միաժամանակ նաև այն սովորողներին, որ նշանակալի ընդունակություն ունեն այդ առարկաների հանդեպ, հրում են դեպի ավելի հեռու՝ կրթության եզր: Այդպես, օրինակ, ԱՄՆ-ում «Ոչ մի հետ մնացող երեխա» ծրագրի շրջանակում դպրոցական օղակների՝ արվեստի ուսումնական գործընթացի դասընթացների ավելի քան յոթանասուն տոկոսը կրճատվեց կամ հեռացվեց:

Բացի դրանից, կրթության ոլորտը մեծ նշանակություն է տալիս գիտելիքի պաշտոնական գնահատմանը: Այնպես չէ, որ դա ինքնին սխալ է: Խնդիրն ավելի շուտ կիրառվող մեթոդն է: Որպես կանոն՝ բարեփոխումներն ավելի շատ ապավինում են ստանդարտացված թեստերի աճող քանակին: Այս մոտեցման հիմնական հետևանքներից մեկը կրթության մեջ նորարարությունների և ստեղծականության սահմանափակումն է, այսինքն՝ հենց այն ցուցանիշները, որոնք նպաստում են դպրոցների, ուսանողների և նրանց ուսուցիչների որակական զարգացմանը: Որոշ ուսումնասիրություններ դառնում են ահազանգող նշումներ, որոնք ընդգծում են բազմաթիվ ստանդարտացված թեստերի բացասական ազդեցությունը ուսուցիչների և սովորողների բարոյական վիճակի վրա: Գործնականում այս տենդեցի բազում վկայություններ կան:

Վերջերս ընկերս պատմում էր, թե ինչպես  իր ութ տարեկան դուստրը հոկտեմբերին հայտարարել է, որ ուսուցչուհին «իրենց ոչինչ չի սովորեցրել» ուսումնական տարվա սկզբից: Եվ դա բացատրել էր այսպես. դպրոցը պնդել էր, որ ուսուցչուհին կենտրոնանա սովորողներին առաջիկա պետական ստանդարտացված թեստերին նախապատրաստելու վրա: Ընկերոջս դուստրը ձանձրալի էր համարում թեստերին նախապատրաստվելու այդ անվերջ կրկնությունը և նախընտրում էր, որ ուսուցչուհին երեխաներին բան սովորեցնի այդ առօրեական վարժությունների փոխարեն: Հետաքրքիր է, բայց երբ ընկերս կնոջ հետ գնացել էր ծնողական ժողովի, ուսուցչուհին դժգոհել էր, որ ինքը ստիպված է եղել զգալիորեն կրճատել ընթերցանության համար նախատեսված ժամանակը: Նա շատ է սիրում իր դասընթացը, բայց դպրոցի ղեկավարությունն ստիպում է երեխաներին նախապատրաստել պարբերաբար անցկացվող թեստերին: Լավ ուսուցիչները տեսնում են, որ իրենց սեփական ստեղծականությունը սահմանափակվում է:

Բացի դրանից, կրթական քաղաքականություն մշակողները պատժում են «հետ մնացող» դպրոցներին: «Ոչ մի հետ մնացող երեխա» ծրագրի շրջանակում այն դպրոցներում, որոնց չի հաջողվում կատարել այդ նախագծով որոշված  նորմերը, հեռացնում են ուսուցիչներին և ղեկավարությանը, իսկ դպրոցները փակում և հանձնում են մասնավոր կազմակերպությունների կամ պետությանը: Նման որոշումները կայացնում են անկախ սոցիալ-տնտեսական և այլ հանգամանքներից: Այդ պատճառով էլ դպրոցները ցանկացած միջոցով ձգտում են համապատասխանել հիերարխիային և ստանդարտացման մշակույթին՝ վախից խուսափելով գրեթե ցանկացած միջոցառումից, որը կապված է ստեղծականության կամ աշակերտների անհատական կարիքների և տաղանդի հետ:

Թույլ տվեք հստակեցնել իմ տեսակետը: Ես սկզբունքորեն դեմ չեմ ստանդարտացված թեստերին: Գնալով բժշկական զննման՝ ես, իհարկե, ուզում եմ ստանդարտացված թեստեր անցնել: Ես ուզում եմ իմանալ իմ արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակը՝ այլ մարդկանց տվյալ ցուցանիշների հետ համեմատած: Ես ուզում եմ, որ իմ բժիշկն օգտագործի ստանդարտ թեստն ու սանդղակը, ու ոչ թե այն, ինչ մտածել է մեքենայի մեջ աշխատանքի գնալու ճանապարհին: Սակայն այս թեստերն ինքնին միայն ախտորոշման գործընթացի օգտակար մասն են: Բժիշկը պետք է իմանա՝ ինչ անի իմ դեպքում թեստի արդյունքներով, և պարտավոր է բացատրել, թե ես ինչպես պետք է բժշկվեմ՝ հաշվի առնելով իմ օրգանիզմի ցուցիչները:

Նույնն է կրթության դեպքում: Ստանդարտացված թեստերի ճիշտ օգտագործումը կարող է ուսուցիչներին կարևոր տեղեկություններ տալ կրթական գործընթացին աջակցելու և բարելավելու համար: Խնդիրը ծագում է, երբ այդ թեստերը կրթության գործիքից վերածվում են ավելի մեծ բանի և դառնում նրա գլխավոր նպատակը:

Ինչպիսին էլ լինի նրանց դերը կրթության մեջ, ստանդարտացված թեստերն այսօր վերածվել  են խոշոր բիզնեսի: Այս թեստերի աճող ազդեցությունը մեծապես պայմանավորված է շահույթի նկատառումներով: Համաձայն Միացյալ Նահանգների գլխավոր բյուջեի և վերահսկման վարչության (GAO)՝ 2002 թ-ից մինչև 2008 թ. ընկած ժամանակահատվածում ամերիկյան յուրաքանչյուր նահանգի ծախսերը՝ ուղղված «Չկա ոչ մի հետ մնացող երեխա» ծրագրի շրջանակում օգտագործվող թեստերի բարելավմանը, կազմում են 1,9-ից մինչև 5,3 մլրդ դոլար: Եվ այդ թիվը ներառում է միայն ուղղակի ծախսերը: Անուղղակի ծախսերը բարձրացնում են այս ցուցանիշը տասն անգամ: Հատկացված միջոցների մեծ մասը փոխանցվում են մասնավոր ընկերություններին, որոնք կազմում են, անվերջորեն փոփոխում են այդ թեստերը և զարգացնում են դրանց գնահատման համակարգերը: Ստանդարտացված թեստերը դարձել են բուռն զարգացող ինդուստրիա: GAO-ի կանխատեսումների համաձայն՝ այդ ընկերությունները կարող են յոթ տարվա ընթացքում աշխատել ավելի քան 100 մլրդ դոլար:

Հավանաբար նկատել եք, որ ես դեռ չեմ խոսել ուսուցման մասին՝ կրթության գործընթացի երրորդ բաղադրիչի: Փաստն այն է, որ կրթական քաղաքականություն մշակողները, ըստ երևույթին, չեն գիտակցում մանկավարժների կարևոր դերը կրթության չափանիշների բարձրացման գործում: Անձամբ ես, հիմնվելով այս ոլորտում տասնամյակների աշխատանքի վրա, հաստատապես համոզված եմ, որ կրթության որակի բարելավման լավագույն միջոցն այն է, որ պետք չէ կենտրոնանալ ուսումնական ծրագրի կամ գնահատման համակարգի վրա`անկախ նրանից, թե որքան կարևոր են: Կրթության որակի բարելավման ամենաարդյունավետ մեթոդը առավել արդյունավետ ուսուցման մեթոդների և լավ ուսուցիչների կարգավիճակը բարելավելու ուղղությամբ ներդրումներ կատարելն է: Գերազանց դպրոցներ չեն լինում առանց գերազանց ուսուցիչների: Սակայն կան բազում վատ դպրոցներ, որտեղ պահարաններն ու դարակները «ջարդվում են»  ուսումնական ծրագրերի կույտից ու ստանդարտացված թեստերի կապոցից:

Հաշվի առնելով ժամանակի պահանջները՝ կրթությանն անհրաժեշտ են ոչ թե բարեփոխումներ, այլ փոխակերպում: Նրա հիմնական սկզբունքը պետք է լինի ոչ թե կրթության ստանդարտացումը, այլև նրա անհատականացումը՝ հիմնված յուրաքանչյուր երեխայի անհատական տաղանդների և ձեռքբերումների վրա: Անհրաժեշտ է սովորողների համար ստեղծել այնպիսի միջավայր, որը կխթանի նրանց սովորելու ցանկությունը, և որտեղ նրանք կարող են բնականորեն բացահայտել իրենց կարողություններն ու ճշմարիտ նախասիրությունները: Նորացված կրթական համակարգի հիմնական գաղափարը պետք է դառնա կոչման հայեցակարգի հիմնական սկզբունքների ընդունումը: Ամբողջ աշխարհում կրթության ոլորտի առավել տպավորիչ ու հաջող  որոշ նորարարություններ հաստատում են նման մոտեցման բարձր արդյունավետությունը:

Նոր հայացք կրթությանը

Իմ կարիերայի սկզբում աշխատել եմ թատերական կրթության ոլորտում, որովհետև  խորապես տպավորված էի երեխաների երևակայության վրա դրամայի զարմանալի ազդեցությամբ: Այն երեխաների մեջ արթնացնում է հզոր զգացմունքներ՝ համագործակցելու ցանկություն, ինքնավստահություն, խմբում լիարժեք անդամ լինելու զգացում: Վաղուց նկատվել է, որ երեխաները գերազանց արդյունքներ են ցուցաբերում, երբ սովորում են միմյանցից, կամ երբ ուսուցիչները սովորում են իրենց հետ: Ավելի վաղ գրել էի, որ իմ կին և գործընկեր Թերին մեր ծանոթության սկզբում դրամա (թատրոն) էր դասավանդում Լիվերպուլի աղքատ ու անբարեհույս շրջանի՝ Նոուսլիի տարրական դպրոցում: Չնայած դրան՝ դպրոցը գերազանց արդյունքներ էր ցուցաբերում: Նման ֆենոմենի պատճառներն իրականում պարզ են: Նախ՝ դպրոցը ղեկավարում էր խանդավառ տնօրեն, որ գիտեր, թե դպրոցից դուրս իր սովորողներն ինչ կյանքով են ապրում: Նաև գիտեր, թե ինչպես նրանցում իրական հետաքրքրություն արթնացներ կրթության հանդեպ: Երկրորդ՝ նա աշխատանքի էր ընդունում այնպիսի մարդկանց, ինչպես Թերին էր, որոնք կրքոտ սիրում էին իրենց առարկան և գիտեին՝ ինչպես ընդհանուր լեզու գտնեն երեխաների հետ:
Ահա թե ինչպես է Թերին խոսում դպրոցում կիրառվող մեթոդաբանության մասին.

Ես ջերմորեն հավատում եմ, որ ուսումնական ծրագրում ընդգրկված դրամա (թատրոն) առարկան կարող է արմատապես փոխել դպրոցի մշակույթը: Ես դրանում համոզվեցի սեփական փորձից՝ լինելով ուսուցիչ Լիվերպուլի ամենաաղքատ շրջաններից մեկում: Մենք դպրոցում նույնիսկ մաքուր հագուստ էինք պահում որոշ երեխաների համար: Գալով դպրոց՝ նրանք հագնում էին այդ հագուստը, իսկ տուն գնալիս՝ հանում: Մենք արդեն փորձից գիտեինք, որ եթե այդ երեխաներին պարզապես հագուստներ տաս, ապա մեկ շաբաթից վիճակը անդառնալիորեն ողորմելի կլինի կամ ընդհանրապես կվերանա խորհրդավոր կերպով:
Որոշ երեխաների տունը սարսափելի վիճակում էր: Հիշում եմ, թե ինչպես դասերից մեկի ժամանակ երեխաները շարադրություն էին գրել,  և աղջիկներից մեկը իր աշխատանքում պատմել էր մեռած նորածիններից: Մենք ցնցված էինք այս պատմության ճշմարտացիությունից, և դպրոցը կապվեց  սոցիալական ծառայությունների հետ՝ ստուգելու, թե ինչ է կատարվում նրանց տանը: Տեսուչները պարզել էին, որ նրա քրոջ մարմինը, որ ծնվել էր վաղաժամ, աղջկա մահճակալի տակ էր:
Մեր դասարանները գերծանրաբեռնված էին, իսկ աշակերտների ընտանիքները դարձել էին բոլոր սոցիալական խնդիրների իսկական ձեռնարկ, ինչը միայն կարող ես պատկերացնել:
Սակայն դպրոցն ուներ իրական գանձ. մենք ունեինք իսկապես համաշխարհային մակարդակի իրենց գործին նվիրված ուսուցիչներ և իմաստուն տնօրեն: Նա հավատում էր, որ մենք կարող ենք օգտագործել մեր բոլոր ուժեղ կողմերը, և երեխաները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում: Նա հավաքում էր աշխատակիցներին՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք փոխել դպրոցական առօրյան, և մեզանից յուրաքանչյուրին խնդրում պատմել իր առարկայից և այն մասին, թե ինչ ենք շատ սիրում սովորեցնել: Այդ ժամանակ սովորական էր, որ երեխաներն ամբողջ օրն անցկացնեն իրենց դասղեկի հետ: Հաշվի առնելով դա՝ մի քանի ամիսների քննարկումներից հետո մենք մշակեցինք մի ծրագիր: Առավոտյան մենք երեխաներին սովորեցնում էինք կարդալ, գրել և մաթեմատիկա, իսկ օրվա ընթացքում մեզանից յուրաքանչյուրը նրանց ուսուցանում էր իր սիրելի առարկան: Սա նշանակում էր, որ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ուսուցիչ դասավանդում էր բոլոր դասարաններում: 
Քանի որ ես դասավանդում էի դրամատիկական արվեստ, իմ խնդիրն էր իմանալ, թե ինչ է անցել ամեն դասարան ամեն առարկայից, իսկ հետո այդ ամենը կյանքի կոչել մեծ սրահում: Երկրորդ ուսուցիչը երեխաների հետ զբաղվում էր արվեստի պատմությամբ, մյուսը՝ աշխարհագրությամբ, մեկն էլ պատմությամբ և այդպես շարունակ… Հետո մենք ընտրում էինք թեմաներ ամեն դասարանի համար: Երբ տասը տարեկան սովորողները կարդում էին ֆրանսիական հեղափոխության պատմությունը, նրանք բնական գիտությունների ուսուցչի հետ կառուցում էին գիլյոտին, հետո մենք բեմադրում էինք դատավարությունը, իրականացնում «մահապատիժը» և  նույնիսկ մի փոքր խոսում ֆրանսերեն: Այդպես «գլխատում էինք» նույնիսկ ուսուցիչներից որևէ մեկին:
Երբ մեր պարապմունքի թեման հնագիտությունն էր՝ Հին Հռոմի ժամանակների ուսումնասիրությամբ, մենք բեմադրեցինք «Հուլիոս Կեսար» ողբերգության հարմարեցված տարբերակը: Երեխաները սովորում էին այս գործընթացին և իրենց լավ էին զգում: Այդ պատճառով էլ, երբ եկավ դպրոցական ներկայացումներ բեմադրելու ժամանակը, նրանք վստահ էին իրենց ուժերի վրա և ձգտում էին մասնակցել ցանկացած ձևով՝ ելույթ ունենալ բեմի վրա, կոստյումներ կարել, դեկորացիաներ մտածել, տեքստեր գրել, երգել կամ պարել: Նրանք անհամբեր սպասում էին այդ դասերին: Շատ ուրախ էր անցնում, և հետևելով, թե ինչպես են երեխաների մոտ ձևավորվում սոցիալական հմտություններն ու միջանձնային հմտությունները, մեծ գոհունակություն էինք զգում: 
Նրանք սովորեցին օգտագործել իրենց երևակայությունը և հասնել զարմանալի բարձունքների: Երեխաները, որոնք երբեք ոչ մի հարցում չէին փայլում, հանկարծ հասկացան, որ կարող են մեծ հաջողությունների հասնել: Նրանք սովորական երեխաներ էին, որոնք երկար ժամանակ չեն կարող նստել մի տեղում: Եվ դա պետք էլ չէր անել: Շատերը գիտակցեցին, որ իրենք կարող են խաղալ բեմում, զվարճացնել շրջապատին, գրել, քննարկել և վստահորեն խոսել ամբողջ դասարանի առջև: Նրանց մակարդակը բոլոր առարկաներից զգալիորեն ու անշեղորեն աճեց: Մեզ շատ էին աջակցում ծնողները, իսկ իշխանություններն օրինակ էին բերում մեր դպրոցը: Եվ այս ամենը՝ մի հիանալի մարդու շնորհիվ`մեր դպրոցի տնօրեն Ալբերտ Հանթի:

Պոլ Մաքարտնին, ի տարբերություն երաժշտական դասերի, շատ սիրում էր անգլերենի դասերը: Դա տեղի ունեցավ շնորհիվ այն բանի, որ ուսուցիչը մի անգամ Պոլին ծանոթացրեց Չոսերի արվեստին այնպիսի մեթոդով, որն ամենաարդյունավետն էր դեռահաս-պատանու ընկալման համար:

Իմ լավագույն ուսուցիչը անգլերենի ուսուցիչ Ալան Դուրբանդն էր: Նա հոյակապ մարդ էր: Ես նրա մոտ լավ էի սովորում, քանի որ նա հասկանում էր տասնհինգ-տասնվեց տարեկան տղաների մտածելակերպը: Ես նրա հետ առաջին մակարդակի անգլերեն էի սովորում: Մենք Չոսեր յուրացրինք. նրա հին անգլերենը հասկանալն անհնար էր: Շեքսպիրը բավականին բարդ է, բայց Չոսերն՝ առավել: Նրա ստեղծագործությունները թվում էին օտար լեզվով գրված: Բայց պարոն Դուրբանդը մեզ տալիս էր անգլերեն ժամանակակից թարգմանությունը, որը կատարել էր Նևիլ Կոգխիլը, որի մի էջին Չոսերի բնօրինակն էր, իսկ հակառակ էջին՝ ժամանակակից անգլերեն տարբերակը, այնպես որ հնարավոր էր լինում հասկանալ ստեղծագործության իմաստը:
Ալան Դուրբանդը մեզ պատմել է, որ իր ժամանակին Չոսերն իսկապես հանրահայտ գրող էր, և նրա ստեղծագործությունները համարում էին բավականին անպարկեշտ: Նա գիտեր, որ դա մեզ կհետաքրքրի, այդպես էլ եղավ: Նա մեզ խնդրեց կարդալ  «Ջրաղացպանի պատմությունը»՝ շատ անպարկեշտ մի պատմություն: Այն իսկապես ինձ մոտեցրեց գրականությանը: Նա հասկացել էր, որ լավագույն խայծը մեզ համար սեքսն էր: Այդպես էլ եղավ, երբ նա մեզ առաջարկեց այդ խայծը, ես կուլ տվեցի խայծը:

Ամբողջ աշխարհում մշակվում են աներևակայելի հետաքրքիր և հեռանկարային կրթական համակարգեր: 1960-ականների սկզբին Իտալիայի հյուսիսում գտնվող Ռեջիո Էմիլիա քաղաքում նախադպրոցական կրթության հեղափոխական մեթոդ ստեղծվեց: Այս ծրագրով, որն այսօր աշխարհին հայտնի է որպես Ռեջիոյի մոտեցում1, երեխաները, ըստ էության, համարվում են ինտելեկտուալ, հետաքրքրասեր, ստեղծական և մեծ ներուժով: Դասընթացի ուշադրության կենտրոնում է երեխան է. ուսուցիչները դասեր են վարում սովորողների շահերից ելնելով: Դպրոցական կահավորումը շատ կարևոր է և  համարվում է կարևոր ուսումնական գործիք: Ուսուցիչները պարապմունքի սենյակներում առանձնացնում են խաղային վառ տարածքներ, աշխատասեղաններ և տարբեր առարկաներ, որոնց միջոցով երեխաները կարող են շփվել միմյանց հետ, լուծել իրենց առջև դրված խնդիրները և արդյունավետ հաղորդակցվել:

Այն դպրոցներում, որտեղ օգտագործում են Ռեջիոյի մոտեցումը, զգալի ժամանակ է տրվում արվեստին: Սա համահունչ է այն համոզմունքին, որ նկարչության, երաժշտության, տիկնիկային ներկայացումների, դրամայի և արվեստի այլ ձևերի միջոցով երեխաները սովորում են բազմաթիվ «խորհրդանշական լեզուներ», որպեսզի բացահայտեն իրենց տաղանդը առկա բոլոր մեթոդներով: Այս հայեցակարգի իլյուստրացիան է ծրագրի հեղինակ Լորիս Մալագուցիի ստեղծագործությունը՝

Երեխան ունի
Հարյուր լեզու,
Հարյուր ձեռք,
Հարյուր միտք,
Հարյուր եղանակ՝ մտածելու
Խաղալու և խոսելու:

Հարյուր եղանակ լսելու,
Հիանալու,
Սիրելու:

Հարյուր ուրախ զգացմունք,
Որ երգի և հասկանա Հարյուր աշխարհներ,
Որ իրականացնի բացահայտումներ:

Երեխան ունի
Հարյուր լեզու,
Բայց նրանից խլում են
Իննսունինը:

Դպրոցն ու մշակույթը
Բաժանում են գլուխը մարմնից:

Նրանք սովորեցնում են՝
Մտածել առանց ձեռքերի,
Գործել առանց գլխի,
Լսել լռելյայն,
Հասկանալ առանց ուրախության,
Իսկ սիրել և հիանալ
Միայն Զատիկին և Սուրբ Ծննդյանը:

Նրանք սովորեցնում են
Բացահայտել արդեն եղած աշխարհը,
Իսկ հարյուր աշխարհներից իննսունինը գողանում են:

Նրանք սովորեցնում են
Խաղ և աշխատանք,
Գիտելիք և երևակայություն,
Երկինք և երկիր,
Գիտակցություն և երազանք,
Իրեր, որ անհամատեղելի են:

Մի խոսքով՝ սովորեցնում են,
Որ չկա ոչ մի հարյուր:
Երեխան ասում է՝ Հարյուր կա:2

Ռեջիո մեթոդին հետևող ուսուցիչները կառուցում են դպրոցական տարվա ծրագիրը՝ օգտագործելով կարճաժամկետ շաբաթական նախագծային մեթոդը, որի ընթացքում սովորողները բացահայտումներ են անում՝ տարբեր տեսանկյուններից նայելով իրերին, սովորելով  հիփոթեզներ կառուցել և համագործակցելով միմյանց հետ: Եվ այս ամենը տեղի է ունենում ուսումնական ծրագրի շրջանակում, որը մեծապես ընկալվում է որպես խաղ: Ուսուցիչներն իրենց համարում են հետազոտողներ, որ գործում են երեխաների շահերից ելնելով, օգնում են ավելի լավ ուսումնասիրել այնպիսի բաներ, որոնք հետաքրքրում են նրանց, և շարունակում են իրենք էլ սովորել իրենց աշակերտների հետ:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ռեջիո դպրոցները լայն ճանաչում են ստացել, նրանց շնորհվել են մրցանակներ՝ LEGO-ի, Հանս Քրիստիան Անդերսենի և Դոլորես Քոլի կրթական հիմնադրամի: Ներկայումս Ռեջիո մոտեցումը կիրառող դպրոցներ գոյություն ունեն ամբողջ աշխարհում (այդ թվում`երեսուն ամերիկյան նահանգներում):

Գրեյնջթոն քաղաքը խիստ տարբերվում է Ռեջիո Էմիլիա քաղաքից: Իրականում, ֆորմալ տեսանկյունից, դա նույնիսկ քաղաք չէ: Իրականում այն համայնք է, որը ղեկավարվում է Կենտրոնական Անգլիայի Նոթինգեմփշիր կոմսության Լոնգ Իթոն քաղաքի Գրեյջ տարրական դպրոցի սովորողների կողմից: Քաղաքն ունի քաղաքապետ և քաղաքային խորհուրդ, իր սեփական թերթը և հեռուստատեսային ստուդիան, սննդամթերքի շուկան և թանգարանը, և այս ամենը կառավարվում է երեխաների կողմից: Դպրոցի տնօրեն Ռիչարդ Ջերվերը կարծում է, որ «ուսումը պետք է ինչ-որ բան նշանակի երիտասարդների համար»: Դրա համար էլ, երբ դպրոցական խորհուրդը վարձեց նրան, որպեսզի առաջ տանի հետ մնացող դպրոցը, նա արտառոց մոտեցում ցուցաբերեց և ստեղծեց Գրեյնջթոնը: Նոր տնօրենի միակ նպատակն էր`երեխաներին շահագրգռել սովորելու՝ դասերն իրենց արժեքով կապելով իրական կյանքին: «Իմ բանալի բառերն են փորձն ու համատեքստը»,- ասում էր ինձ Ջերվերը:

Նա արմատապես փոխեց ուսումնական ծրագիրը, և դա արվել է հրահանգների, ընդունված ազգային թեստավորման համակարգի շրջանակում: Գրեյնջթոնի աշակերտները ինտենսիվորեն զբաղվում են դասարանական աշխատանքով, բայց դա տեղի է ունենում այնպիսի ձևով, որը թույլ է տալիս հասկանալ ուսումնասիրվող առարկաների գործնական նշանակությունը: Մաթեմատիկան դառնում է ավելի կարևոր, երբ ուսումնասիրվում է դրամարկղի կառավարման և շահույթի գնահատման համատեքստում: Գրագիտությունը և գրավոր հմտությունները ձեռք են բերում լրացուցիչ իմաստ, երբ օգտագործվում են իրական ֆիլմի սցենար կազմելիս: Բնական գիտությունը կենսունակ է դառնում, երբ սովորողները կիրառում են որոշակի տեխնոլոգիաներ հեռուստահաղորդումների ստեղծման համար: Երաժշտության արժեքը մեծանում է, երբ երեխաները պետք է կազմեն ազդագիր ռադիոյի համար: Քաղաքացիական իրավունքների ուսումնասիրությունները պարզ  են դառնում, երբ քաղաքապետարանները ստիպված են լինում որոշումներ կայացնել: Ջերվերը պարբերաբար դպրոց է հրավիրում մասնագետների՝ օգնելու սովորողներին  հասկանալու տեխնիկական հարցեր: ВВС–ն3 ակտիվորեն ներգրավված է ծրագրում:

Մեծ երեխաներն ավելի մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց պարտականություններին (և նրանց ուսումնական ծրագիրը հիմնականում կենտրոնացած է Գրեյնջթոն մոդելի վրա): Սակայն, փոքրերն էլ սկսում են ակտիվորեն մասնակցել այս գործունեությանը, հենց դպրոց են գալիս: «Դասընթացի ոչ մի փուլում մենք չենք փորձում համոզել նրանց, իբր բոլոր ջանքերը մեր կողմից արվում են, որպեսզի նրանք հանձնեն քննությունները,- նշում է Ջերվերը:- Նրանք սովորում են, որովհետև տեսնում են, թե ինչ ազդեցություն ունի այն իրենց Գրեյնջթոն համայնքի առաջընթացի համար, իսկ քննությունները միայն այդ գործընթացի հաջողության մակարդակը գնահատելու միջոց են: Սա թույլ է տալիս երեխաներին ընդհանրապես այլ  տեսանկյունից նայելու այն պատճառին, որի համար  դպրոցում են»:

Գրեյնջ դպրոց հաճախելու մակարդակը երկրում միջինից բարձր է: Միևնույն ժամանակ, սովորողներն օրինակելի կերպով լրացնում են ազգային թեստերը: 2004 թվին սովորողների 91 տոկոսը անգլերենի տիրապետման պրոֆեսիոնալ մակարդակ ուներ (2002 թվի համեմատ 30 միավորով աճ), 87 տոկոսը մաթեմատիկայից է ցույց տվել բարձր աստիճան (աճը՝ 14 միավորով) և 100 տոկոսը զարմացրել է քննիչներին բնական գիտությունների ոլորտում ունեցած գիտելիքներով (աճը՝ 20 միավորով):

Այս նախագիծը հրաշալի ազդել է սովորողների ընդունակությունների վրա,-ասում է Ջերվերը:- Երեխաները, որ առաջ անհավես էին և ցույց էին տալիս միջակ առաջադիմություն, հիմա խանդավառությամբ և եռանդով սովորում են, հատկապես տղաները և հավակնոտ երեխաները: Ստեղծական ոգի է դասարանում, ուսուցիչները բարելավում են իրենց դասավանդման ոճը, որ պարապեն ավելի մեծ փորձառությամբ և համատեքստով: Երեխաներին վստահություն են ներշնչում և անկախություն: Գրեյնջում ուսումը երեխաների հայացքով իսկական իմաստ է ստացել, և նրանք իրենց զգում են մասնիկն այդ ամենի: Այս էֆեկտը տարածվել է դպրոցական անձնակազմի և սովորողների  ծնողների վրա, որոնք նույնպես սկսել են կարևոր ներդրում ունենալ ծրագրի հետագա զարգացման գործում:

Բրիտանական  գործակալության կրթական ոլորտի Կառավարման ստանդարտների գրասենյակի վերջին զեկույցում Գրեյնջի մասին նշվում է հետևյալ կերպ. «Սովորողներին դուր է գալիս այս դպրոց գալը, նրանք ոգևորությամբ են խոսում այնտեղ անցկացվող միջոցառումներից, որոնց հաճույքով մասնակցում են, ուրախանալով և աճող ինքնավստահություն զգալով»:

Օկլահոմա նահանգում գործում է «A+դպրոցներ» նորարարական ծրագիրը, որը հենվում է չափազանց հաջող մի նախագծի վրա, որը մշակվել է Հյուսիսային Կարոլինայում: Այդ ծրագրի շրջանակում, որն այսօր գործածվում է Օկլահամայի նահանգի ավելի քան քառասուն դպրոցներում, շեշտը դրվում է արվեստի կարևորության վրա՝ որպես ուսումնական ծրագրի տարբեր առարկաների դասավանդման մեթոդ:

Սովորողներն, օրինակ, կարող են ռեփ ոճի երգեր գրել, որպեսզի լիովին զգան գրական ստեղծագործությունների կարևոր թեմաները: Ուսուցիչները խրախուսում են տարբեր չափերի կոլաժներ ստեղծելը`ավելի լավ հասկանալու մաթեմատիկայի գործնական օգուտները: Սովորողների կողմից ներկայացված վառ պրեզենտացիաներն օգնում են ներկայացնել պատմության առանցքային պահերը, իսկ պարային շարժումները ավելի մատչելի են դարձնում բնական գիտությանը վերաբերող շատ հարցեր: Որոշ դպրոցներում ամսական անցկացվում են «տեղեկատվական ներկայացումներ», որոնցում կենդանի ներկայացումները խոհեմորեն համակցվում են ակադեմիական տեղեկատվության հետ:

«A+դպրոցները» խրախուսում են դեռահասներին օգտագործելու այնպիսի ուսումնական գործիքներ, ինչպես քարտեզագրությունը, «թեմատիկ ցանցեր» ստեղծելը (տարբեր առարկաների միջև կապեր հաստատել), կարևոր հարցեր ձևակերպելը, միջառարկայական թեմատիկ խմբեր ստեղծելը և ուսումնական ծրագրերի տարբեր առարկաներն ինտեգրելը: Ուսումնական ծրագիրը կառուցվում է ուսուցման սկզբունքի շուրջ փորձի հիման վրա: Նման դպրոցներն օգտագործում են գնահատման առաջադեմ մեթոդներ`օգնելով սովորողներին մշտապես հետևել իրենց արդյունքներին: Այս դպրոցներում խրախուսվում են տարբեր առարկաների ուսուցիչների համագործակցությունը իրար հետ, դպրոցների համագործակցությունը՝ տեղական համայնքի հետ: Միասնական ջանքերով նրանք ստեղծում են ծրագրին աջակցող ենթակառուցվածք, և  պետական ուսումնական ծրագրի հետ անմիջականորեն համագործակցելու անսովոր ձև: Եվ նրանք ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ սովորողներն ու ուսուցիչները խանդավառված են իրենց աշխատանքով:

Այս ծրագրի մասնակից դպրոցները ստեղծվում են տարբեր ժողովրդագրական խմբերի համար: Այս դպրոցները կարող են լինել քաղաքային և գյուղական, մեծ և փոքր: Նրանք կարող են տեղաբաշխվել ինչպես հարուստ, այնպես էլ տնտեսապես անբարենպաստ տարածքներում: Այնուամենայնիվ, անփոփոխ է մնում, որ «А+դպրոցների» աշակերտները ցույց են տալիս, որ ստանդարտացված թեստերի արդյունքների զգալիորեն բարելավում են, և հաճախ նրանց թեստավորման արդյունքներն ավելի բարձր են, քան հանրային այլ դպրոցներինը, որոնք չեն օգտագործում ծրագիրը: Այս ծրագրի մասնակիցներից մեկը՝ Օկլահոմա-Սիթիի Լինվուդ տարրական դպրոցը, երկու անգամ արժանացել է Օկլահոմայի առաջին մրցանակի`ակադեմիական ձեռքբերումների համար: 2006 թ.-ին դպրոցը դարձավ երկրի հինգ ուսումնական հաստատություններից մեկը, որն արժանացել է Excellence in Education մրցանակի Ազգային կրթության կենտրոնի կողմից:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը 
Լուսանկարը՝ Մարիետ Սիմոնյանի


Պաշտոնական անվանումը՝ «Մանկության դպրոցներ»։
Մանկավարժական հռչակագիրը և Լ. Մալագուցիի մշակած մեթոդաբանության անկյունաքարը։
Նկատի ունի Բրիտանական հեռարձակման կորպորացիան:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский