Չոգևորող գործով դժվար է զբաղվել, էլ չեմ ասում՝ արդյունավետ էլ չէ
Primary tabs
Ես մայրենիի ուսուցիչ եմ: Թատերական-դերասանական ոչ մի հակում չունեմ, չնայած՝ լավ թատրոնի և լավ դերասանի երկրպագու եմ: Սակայն որպես մայրենի խոսքի մշակույթի մասնագետ՝ կրթական գործում կարևորում եմ թատրոնն ու նրա դերը գրականության ուսուցման, նաև բանավոր խոսքի մշակման գործում, ընդ որում՝ կրթական բոլոր մակարդակներում՝ նախակրթարանից սկսած, Ավագ դպրոցով վերջացրած: Սա՝ որպես սկիզբ:
Գրական թատրոնի գաղափարը անցած տարի դեռ 10-րդ դասարանում սովորող Ադամյան Շուշանինն էր: «Էնպես կուզեի Միջին դպրոցի սովորողների հետ աշխատել, գրական թատրոն կամ էդպիսի մի բան ստեղծել»: Առաջարկը ինձ էլ ոգևորեց: Ո՞վ գիտի, գուցե ապագայի ուսուցչի հետ գործ ունեմ: Շուշանի ցանկությունը նաև սիրելի էր և հոգեհարազատ. գրական թատրոնը նաև իմ մանկավարժական հետաքրքրությունների շրջանակում է: Այդ տարի դասավանդում էի և՛ Միջին, և՛ Ավագ դպրոցում, այնպես որ կազմակերպչական առումով էլ դժվար չէր լինի: Շուշանի ցանկությունը փոխանցեցի 6-րդ դասարանցիներին:
Մեր առաջին ներկայացումը՝ Սեբաստացի փոքրիկ իշխանը
Իսկույն ոգևորված արձագանք ստացա: Ես երբեք բազմազբաղ չեմ լինում, էլ չասեմ՝ ի՛նչ ավելի կարևոր գործ կա, քան ավագ ու կրտսեր տարիքի սովորողների համագործակցությունը կազմակերպելն է: Տեղը որոշվեց՝ Մայր դպրոցի հայրենագիտական ակումբը, օրը՝ չորեքշաբթին, դասերից հետո: Սկսվեցին կանոնավոր պարապմունքները: Շուշանին միացավ 10-րդ դասարանի Նարեն: Կարճ ժամանակում սովորողները որոշեցին շաբաթական երկու օր հավաքվել: Չորեքշաբթիին ավելացավ ուրբաթը: Չեմ ասի, որ աշխատանքը հեշտ էր: Հավաքվել էր լիդեր-սովորողների 12-15 հոգիանոց մի խումբ: Քննարկումները բուռն էին, անզիջում՝ սկսած թեմայի ընտրությունից, դերաբաշխումից, վերջացրած սցենարի մշակումից էպիզոդիկ տեսարաններից, երաժշտությունից, բեմի ձևավորումից… Ոչ մի բան հեշտ չէր որոշվում, վերջնական համաձայնության բավականին դժվար էինք գալիս:
Թումանյանական աղցան. «Կարմիր գլխարկի բորշը»
Բայց դա գրական թատրոնի բնական ընթացքն էր: Առանց քննարկումների, անհամաձայնությունների ու փոխզիջումների, իրար լսելու, հետաքրքիր մտքերը արժևորելու ի՞նչ արդյունավետ-ստեղծական աշխատանք:
Մանկավարժական բանականին լուրջ խնդիր առաջացավ, մի բան, որ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամանակ այդքան չէր հանդիպում: Ոգևորված, իրենց արժանիքները բարձր գնահատող լիդեր-սովորողների խումբ… Ինչպե՞ս անես, որ բոլորն իրենց կարևորված զգան, որ չստացվի, որ մեկի միտքը, խաղը, գերադասում ես մյուսից: Ինչպե՞ս բազմաթիվ գաղափարների միջից բռնես այն ստեղծագործ կայծը, որը հնչեց, բայց չլսվեց-չընկալվեց ընդհանուր աղմուկ-խոսքի մեջ: Ո՞նց դարձնես այս գործունեությունը ստեղծական, հետաքրքիր, շարժուն, ռիթմիկ: Ի վերջո, եթե սովորողներն իրենց ինքնարտահայտման պահանջը չբավարարեն, ի՞նչը պիտի բերի նրանց ակումբ. ինչպե՞ս պահես ինքնարտահայտվելու ցանկությունը:
Պատրաստվում եմ ներկայացնելու Դանիիլ Խարմս:
Սրանք խնդիրներ են, որոնց լուծումը նաև մանկավարժորեն հետաքրիր է:
Կա նաև «Սովորող-սովորեցնողի» նախագծի կայացման խնդիր: Մի կողմից՝ Շուշանը փորձում է կազմակերպել սովորողների ստեղծական աշխատանքը, պետք է օգնել Շուշանին զգուշորեն, որքան հնարավոր է աննկատ և այդ աշխատանքի ընթացքում փորձել նաև նրան փոխանցել մանկավարժական հմտություններ: Մյուս կողմից՝ այս ստեղծական աշխատանքի արդյունավետության միակ երաշխիքը ընդհանուր, միասնական գործունեությունն է: Միայն ստեղծական, ոգևորված աշխատանքով է հնարավոր գտնել ցանկացած ստեղծական-մանկավարժական խնդրի լուծում: Եվ այդ գործունեությունը ինքնին հետաքրիր է, սիրելի, ոգևորող, այդտեղ ինքնարտահայտում են գտնում և՛ ավագ դպրոցի, և՛ միջին դպրոցի սովորողները, և՛ իհարկե նաև ես: Չոգևորող գործով դժվար է զբաղվել, էլ չեմ ասում էդպիսի գործը արդյունավետ էլ լինել չի կարող:
Մեր գրական թատրոնին հետևեք այս բլոգ-էջում:
Իսկ ընդհանրապես, լավ կլինի, որ մասնակցեք մեր ներկայացումներին: Թե ինչպես կգնահատեք դրանք որպես հանդիսատես, դուք գիտեք, բայց իմացեք, որ յուրաքանչյուր ներկայացման ետևում գրական-ստեղծական-ոգեղեն գործունեություն է՝ մանկավարժական լուծումներով:
- Բացվել է 1401 անգամ