Երկու պատմություն և մեկ սահման

 

 Զայրույթի կաթիլները

«Երկնքից գլխիդ ինչ էլ որ թափվի, երբեք չպետք է հայհոյես: Անձրևը ներառյալ: Վերևից գլխիդ ինչ էլ ընկնի, պետք է ընդունես: Անձրևն ինչքան էլ ուժեղ լինի, փոթորիկն ինչքան էլ սառը լինի, չպետք է հայհոյես այն, ինչ ամպերը ճիշտ են գտել մեզ՝ ներքևում գտնվողներիս համար: Աշխարհի կարգն է այդպիսին: Դա բոլորը գիտեն»:

Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»  վեպից այս հատվածը միանգամայն նկարագրում է ստամբուլյան ճամփորդության առաջին երկու օրերը: Ամառային ամիսներին, երբ գիշերն արթնանում էի անձրևի կաթիլների ձայնից, ուրախանում էի, թե ինչ լավ է՝ անձրևն եկավ, ճիմերն ու ծառերը ջրվեցին, չեն խանձվի, չեն չորանա: Ստամբուլում այդպես չէր: Ստամբուլի մի թաղամասից մյուսը գնալու համար մի քանի տրանսպորտ էինք փոխում՝ մետրո, տրամվայ, ֆունիկլյոր, ավտոբուս, փողոցից փողոց էինք անցնում, բակից բակ, իսկ անձրևը դույլերով թափվում էր վերևից, ասես աշխարհի վերջն է։ Ախր, չէ՞ որ այդ քաղաքը ես շատ եմ սիրում. ծովը, նեղուցը, նավերը, խանութների բազմազանությունն ու ցուցափեղկերի առատությունը, ճարտարապետությունը: Չի՛ կարող անձրևը փչացնել իմ տրամադրությունն ու շղարշ գցել այդ սիրո վրա: Իհարկե չի կարող. երրորդ օրն արդեն անձրևն ի չիք եղավ, արևը դուրս եկավ, ու երկնքի կապույտն արտացոլվեց Բոսֆորի ջրերում, և ես կրկին սիրահարվեցի այդ քաղաքին: Ինչ-որ նախապաշարմունք ունեմ, որ ծովափնյա երկրներում ապրող մարդիկ ավելի երջանիկ են, գեղեցիկ, ուրախ…

Բոսֆորի երկրորդ կամուրջը 
Ստամբուլ մտանք Բոսֆորի երկրորդ կամրջով: Երկրորդ կամուրջն էր նաև մեր կրթական փոխանակման ծրագրի։ Կամրջի վրայով օրական անցնում է մոտ 200000 տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխում են մոտ 600000 ուղևոր:  6 ամսվա ընթացքում Երևան-Ստամբուլ նախագծի մասնակիցների թիվը վեցապատկվեց, ուստի համոզված եմ՝ շուտով այս կրթական կամուրջն էլ է հասնելու Բոսֆորի բանուկությանը:
Կրթական փոխանակման նախագծով այս անգամ  կրթահամալիրի Ավագ դպրոցն իր կամուրջը գցեց  դեպի Կեդրոնական վարժարան: Վարժարանը հիմնվել է 1886 թվականին, Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում: Ստամբուլում գործող հայկական առաջնակարգ կրթական հաստատությունն է համարվում և շարունակում է նախնիների ավանդույթները: Տարեցտարի Ստամբուլում կրճատվում են հայկական դպրոցները: Ազգային Կեդրոնական վարժարանն իր վաղեմի և այժմյան համբավով մնում է դեռևս կայուն և նախընտրելի:
Վարժարանի տնօրինուհի տիկին Սիլվայի ջանքերով կրթահամալիրի սովորողները մեկշաբաթյա ուսումնական ծրագիր ունեցան Ստամբուլում, որի ընթացքում հնարավորություն ունեցան շփվելու Պոլսի լավագույն վարժարանի իրենց հասակակից սովորողների հետ: Մասնակցեցին վարժարանի ուսումնական պարապմունքներին, ծանոթացան կրթական ծրագրերին, ուսումնական գործընթացին: Բացի վարժարանում ունեցած գործունեությունից՝ տիկին Սիլվան կարևորել էր այցելություններն ինչպես հայկական, այնպես էլ թուրքական վարժարաններ, թուրքական համալսարան: Պետք է հայաստանցիները տեսնեն՝ ինչ միջավայրում են ապրում ու մեծանում Պոլսում ապրող իրենց տարեկիցները: Կրթական այս կամուրջն ավելի բանուկ է դառնում հենց այսպիսի կապերի ու այցելությունների շնորհիվ:

Թուրք աղջիկը

«Թուրք աղջիկը – «․․․ մեր անելիքը ապագային նայելն է, այն այլ կերպ կառուցելը․․․»: «Ես չեմ ժխտում անցյալը։ Ընդունում եմ ձեր կորուստն ու վիշտը։ … Ասենք՝ հորս Մեծ պապը հանցագործություն է կատարել, ես պատասխանատո՞ւ եմ դրա համար»։Հայ մտածողը – «Ահա մեր տարբերությունն էլ այստեղ է երևում։ Դու հեշտությամբ կարողանում ես ասել՝ «Եկեք նորից սկսենք»։ Մենք չենք կարողանում։  «Մեղավոր ես ոչ թե հորդ Մեծ պապի հանցագործության, այլ այն ժխտելու և անտեսելու համար»:

Ստամբուլի Շիշլի Թերաքիա համալսարանում հայ ու թուրք պատանիների հանդիպման ժամանակ հիշեցի  «Ստամբուլի բիճը»  վեպից այդ հատվածն ու ներքուստ ուրախություն զգացի, որ այս նախագծի շնորհիվ մեր պատանիների մեջ չկա անցյալից եկող այդ ճնշվածությունը. կա նոր ծանոթությունների, շփումների պատրաստակամություն: Իսկ հանդիպումից հետո հիշողություններումս դաջվել է թուրք աղջկա անկեղծ ժպիտը…

Միասնաբար պատկեր քաշենք

«Մարդն  ազատ է ծնվում, բայց ամենուր շղթայվում է»:

Ծնվելու առաջին օրից սկսած հայ երեխաների մեջ սերմանում են ատելություն թուրքի ու այդ երկրի նկատմամբ ու շղթայում ազատ մտածելու ու կշռադատելու կարողությունը: Կա երկու պատմություն և կա մեկ սահման, որը ջնջվում է, ու երկուստեք շղթաներից ազատվում են, երբ հատում են այդ սահմանը: Հանդիպում են պոլսահայ ու հայաստանցի երեխաները. անծանոթներն իրար դիմավորում են գրկախառնումով, ներքին վախերը հաղթահարելով՝  ինձ ցտեսություն են ասում ու նոր ընտանիքների հետ գնում տարբեր ուղղություններով՝ Բաքրքյու, Շիշլի, Ղալաթիո, Տաքսիմ,Ս ուլթանահմեդ, Կարաքոյ, Ակսարայ, Կաբատաս, Թոփհանե… Երեկոյան ջերմ զրույցներ, ծանոթություններ, միասնաբար պատկերներ, ու արդեն վախերը մոռացվել են, շղթաներից ազատվել են: Քույր ու եղբայր են իրար համարում, ծնողներին մայրիկ ու հայրիկ են ասում, ճանապահելուց էլ Գագիկի մայրիկը լաց էր լինում՝ ասելով. «Մանչս է, իմ մանչը»:
Սիլվան, Լիզեթը, Արևը, Ժպիդը, Հերոսը, Դերեվը,Արենը, Լեթիսիան, Ակսելը, Քլոդիան, Յերազը, Լորին,Լարիսան, Լարան,Սարինը Ստամբուլը պատկերող վառ երանգներն են լինելու, մեր միասնաբար պատկերների ամենսիրելի ու հիշվող մարդիկ: Հոգատար ու մինչև վերջ սիրալիր ուղեկցում էին  վիթխարի քաղաքի մի թաղամասից մյուսը, պատմում ու պատմում: Մեկ էլ մի սիրուն վայրի մոտ հավաքվում էինք ու ասում. «Դե, եկեք միասնաբար պատկեր քաշենք (նկարվենք)»: Այդպես անմահացնում էինք ստամբուլյան ակնթարթները, որտեղ գերիշխողը ժպիտն էր ու միասնությունը:

Կաղանդը

«Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ,
եթե գիտնամ, թե վերջընթեր Կաղանդին պիտի նվերս ընդունիս
ժպիտներուն ամենեն կույս ամենեն լույս եւ ամենեն երջանիկովն աղվորցած»։
Զահրատ. «Կաղանդչեք» 

Ըստ Զահրատի՝ անիմաստ են բոլոր նվերները, եթե Կաղանդի գիշերը, իբրև  ամենամեծ պարգև, մարդիկ միմյանց սեր չընծայեն և խաղաղության շունչը չթևածի այդ գիշեր։ Պոլսում ապրած երեք նախակաղանդի ընթրիքների ժամանակ սեր ու խաղաղություն էր թևածում օդում: Հնարավոր չէր զատել կրթահամալիրի և Պոլսի սովորողներին միմյանցից: Այնքան ներդաշնակ էին միմյանց հետ, այնքան սեր կար, ջերմություն ու հուզմունք: Կաղանդի երեկոն մեկ հարկի տակ էր միավորել նույն կամուրջի երկու տարբեր կողմերը:

Հայկական աչքը. Ստամբուլն` առանց  սուլթանական շքեղության
Այցելեցինք հայկական երեք հրատարակչություններից մեկը՝ «Արաս» հրատարակչություն: Այն հիմնադրվել է 1993 թվականին: Հրատարակում է հայերեն և թուրքերեն գրքեր: Հրատարակչությունը գրականության միջոցով իրար է ծանոթացնում տարբեր մշակույթների տեր հասարակությունների և թուրքիայում ապրող հայերին հնարավորություն է տալիս իրենց մշակույթը պահպանելու ու սերունդներին փոխանցելու:
Եղանք Արա Գյուլերի թանգարանում, որը բացվել էր նրա մահվանից եկու ամիս առաջ Ստամբուլի Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում: Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած 90-ամյա Արա Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», «ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան»: Նա իր լուսանկարներում պատկերել է հին ու նոր Ստամբուլը, Արևմտյան Հայաստանի քաղաքներն ու հուշարձանները:

«Գիտելիքով է մարդ ձեռք բերում գիտակցություն, լայնախոհություն և խիղճ։ Գիտությունը հնազանդվում է գիտելիքին»:
Էլիֆ Շաֆաք. «Ստամբուլի բիճը»

Ամեն  ճամփորդությունից հետո նոր գիտելիքներով ես զինվում, ամեն անգամ ինքդ քեզ համար նոր բացահայտումներ անում, նոր ծանոթություններ հաստատում ու գիտակցում, որ իզուր չէր այդքան ճամփա կտրելը, որ իզուր չէին  լարումն ու չարչարանքը, նույնիսկ անձրևի զայրույթաբեր կաթիլները. դրանք բոլորը դառնում են վառ հիշողություն և պահպանվում լուսանկարների տեսքով:

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել.

  • Ավագ դպրոցի 20 սովորողի ծնողներին, որ վստահեցին ու իրենց երեխաներին հնարավորություն տվեցին անցնել պատմության սահմանի մյուս կողմը:
  • Նելի Փիլոյանին, ով այդքան էլ անլուրջ չէ ու ճամփի լավ ընկեր է, գիտակից, հասնող, ով իր Ֆոլկ բենդով նոր մշակույթ ու ճաշակ ցույց տվեց Պոլսում:
  • Բարի ու համբերատար Լիզեթին ու մյուս օրիորդներին, ովքեր առավոտից մինչ ուշ երեկո մեր խմբի հետ էին ու ամեն բան անում էին, որ հանկարծ մեզ վատ չզգայինք:
  • Տիկին Սիլվային, այդ մեղմ ժպիտով, անուշ լեզվով տիկնոջը, ով սովորեցրեց երազել ու դարձավ այդքան պատանիների երազանքի կատարողը:
  • Տիար Բլեյանին՝ Կաղանդ բաբային, ում աջակցության շնորհիվ կրթական փոխանակման այս նախագիծն արդեն իրականություն է:
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский