Կամավորական գործունեությունը` «Սովորող-սովորեցնող» նախագծի զարգացում
Primary tabs
Ուզում եմ շարունակել նախորդ՝ «Ավագ դպրոց. մարտահրավերներ և զարգացում» հոդվածը: Որպես հիշեցում՝ ասեմ, որ դա Ավագ դպրոցում առկա խնդիրների մասին էր, իսկ որպես Ավագ դպրոցի զարգացման ճանապարհ՝ մատնանշված էր սովորողների իրականացրած հասարակական-կամավորական նախագծերը, որոնք դարձան հունվարյան ճամբարի բաղկացուցիչ: Նման աշխատանք կազմակերպելու համար կարիք զգացվեց ուսումնասիրելու աշխարհում և Հայաստանում առկա փորձը՝ ոչ այնքան «կամավորական աշխատանք» ասվածը հասկանալու, այլև դրա զարգացումներն ավելի լավ պատկերացնելու համար:
Կամավորականությունը, որպես կամընտրական՝ ոչ պարտադիր գործունեության ձև, լայն տարածում ունի աշխարհում: Կամավորական գործունեությունը հստակ կարգավորված է մի շարք երկրներում՝ Խորվաթիա, Լեհաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Իսպանիա, Գերմանիա և այլն: Կամավորական գործունեությունը կարգավորվում է կա՛մ առանձին իրավական ակտով, կա՛մ հասարակական կազմակերպությունների, կա՛մ էլ հիմնադրամների մասին օրենքներով: Առավել մեծ խանդավառությամբ կամավորական գործունեության մեջ ներգրավված են ամերիկացի պատանիները. նրանց շուրջ 59%-ը ներգրավված է հասարակական-բարեգործական որևէ կազմակերպության գործունեության մեջ:
Հայաստանում կամավորական գործունեությունը հեռու է բավարար լինելուց: Ըստ ուսումնասիրությունների՝ մեր երկրում կամավորական աշխատանքով զբաղվում է երիտասարդության ընդամենը 5 տոկոսը: Նմանօրինակ տխուր փաստը մասնագետները բացատրում են «Կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում չկարգավորված, հստակեցման և խմբագրման կարիք ունեցող դրույթների առկայությամբ: Սակայն, երևույթը, կարծում եմ, շատ ավելի խորքային է: Մեր հասարակությունը, ցավոք, լրջագույն խնդիրներ ունի՝ կյանքի որակի բարձրացման, երկրում աղքատության նվազեցման, տնտեսության կայուն զարգացման, առողջապահության, միջին խավի ձևավորման, կրթական, հոգեբանական և այլն: Քանի դեռ լուծված չեն այդ խնդիրները, հազիվ թե կարելի կլինի երկրում կամավորականության հետ կապված արդյունավետ լուծումներ առաջարկել:
Այժմ փորձեմ ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի հունվարյան նախագծային ճամբարի մի խումբ 12-րդ դասարանցիների՝ Արևելյան, Միջին և Ավագ դպրոցներում իրականացրած կամավորական գործունեությունը:
Ճամբարի առաջին օրը 12-րդ դասարանցիներին ներկայացվեցին կամավորական աշխատանքի սկզբունքները, ուղղություններ։ Այնուհետև, ըստ սովորողների նախասիրությունների և հետաքրքությունների՝ գրանցվեցին նախագծային բոլոր այն ուղղությունները, որոնք առաջարկեցին իրենք սովորողները: Հաջորդ օրը նախաձեռնությունը նախագծի վերածեցինք, ասել է թե՝ նշեցինք տևողությունը, նպատակը, ակնկալվող արդյունքը, մասնակիցներին և այլն:
Տեղում՝ Արևելյան դպրոցում, փոքրիկ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտություն զգացվեց՝ նախ ծանոթանալու, ապա նաև հասկանալու համար թիրախային խմբում ընդգրկված սովորողների հետաքրքությունները:
Արևելյան դպրոցի սովորողների հետ ծանոթանալուց և համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո՝ նախագծերը լրացուցիչ մշակելու կարիք զգացվեց. ճշտվեց, թե որ սովորողին որ մի խմբում կարելի է ընդգրկել, որ խմբում ավելի արդյունավետ կաշխատի, որքան ժամանակից հետո են երեխաները հոգնության նշաններ ցույց տալիս: Ճշտումներ անելուց հետո միայն 12-րդ դասարանցիների խումբն անցավ աշխատանքի:
Օրվա ավարտից հետո կամ մյուս օրը՝ պարապմունքից առաջ, սովորաբար, 12-րդ դասարանցիների խումբը հավաքվում էր, ամփոփում օրը, հաջորդ օրվա անելիքները ճշտում-հստակեցնում:
Արևելյան դպրոցում իրականացվել են հետևյալ նախագծերը՝
- «Տրամաբանում ենք միասին» (նախագիծը՝ Արմինե Գևորգյանի և ընկերների)
- «Լապտերիկ» (նախագիծը՝ Աստղ Կիրակոսյանի և ընկերների)
- Թարգմանական հմտություններ (նախագիծը՝ Շուշան Եփրկյանի և ընկերների)։
Միջին դպրոցում՝ «Լուսանկարչական հմտություններ» (նախագիծը՝ Մելինե Մարտիրոսյանի և ընկերների), Ավագ դպրոցում՝ «Իմ երազանքի մասնագիտությունը» նախագիծ (Լուսինե Ավետիսյանի, Հովսեփ Զուրաբյանի, Նինա Կարապետյանի)։
Առակա մտահոգությունները, անհանգստությունները և ձախողումները հասկանալու համար, կարծում եմ, կարևոր էր 12-րդ դասարանցիների և Արևելյան դպրոցի սովորողների՝ երկշաբթյա ճամբարային գործունեությունն ամփոփող ներկայացում-քննարկումը:
12-րդ դասարանցիների կատարած կամավորական գործունեությունը, բնականաբար, ուներ թերություններ՝ աշխատանքներում ընդգրկված էր սովորողների փոքր խումբ, նախագծերը մշակման կարիք ունեին, փորձի և ինքնավստահության պակաս կար, բայց և այնպես, համբերատար աշխատելու դեպքում, կարծում եմ՝ 12-րդ դասարանցիների համար կամավորական գործունեությունը կարող է դառնալ ոչ միայն հունվարյան ճամբարի, այլև ուսումնական երրորդ շրջանի բաղկացուցիչ՝ Ավագի դպրոցի կազմակերպման համար ապահովելով հետաքրքիր զարգացում: Կարծում եմ՝ դրա համար նախ և առաջ հարկավոր է հետևյալը՝
- կրտսեր և միջին դպրոցներում խրախուսել «Սովորող-սովորեցնող» նախագծերը՝ փորձելով հնարավորինս երկարաձգել նախագծերի տևողությունը և պարբերականությունը՝ դնելով հեռահար նպատակներ և խնդիրներ.
- փորձի փոխանցման համար կարևոր պայման դիտարկել հայաստանյան աշխատաշուկայում հաջողություններ գրանցած ձեռներեցների՝ դեռահասների հետ շարունակական հանդիպումները.
- ավագ դպրոցի ուսումնական պլանում, 12-րդ դասարանցիների համար կոնկրետացնել կամավորական աշխատանք իրականացնելու անհրաժեշտությունը՝ այն համարելով որպես ուսումնական փորձառություն.
- կամավորական գործունեությունը դիտարկել որպես ավագ դպրոցի երկարաժամկետ նախագծերը կրտսեր դպրոցականներին փոխանցելու հնարավորություն.
- ավագ դպրոցում կամավորական գործունեություն իրականացնող սովորողներին ուսումնական տարվա ավարտին տալ վկայագրեր՝ ի հավաստումն նրանց իրականացրած գործունեության: Պարզվում է՝ դա մեր սովորողին օգնում է միջազգային ուսումնական հաստատություններ ընդունվելու և հայաստանյան շուկայում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու համար:
Տարիներ շարունակ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Սովորող-սովորեցնող» նախագծերին շարունակականություն տալու դեպքում Ավագ դպրոցում կարող ենք ունենալ կամավորական ամենատարբեր գործունեությամբ զբաղվող սեբաստացիական խմբեր, որոնք առավել հետաքրքիր, առավել կենդանի, առավել արդյունավետ կդարձնեն մեր շրջանավարտների ուսումնական գործընթացը:
Տեսանյութերը և լուսանկարը՝ Աստղ Կիրակոսյանի, 12-րդ դասարան
- Բացվել է 1739 անգամ