«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծը կրտսեր դպրոցում
Primary tabs
«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծը կրթահամալիրի կրտսեր դպրոցում բավականին հետաքրքիր, միևնույն ժամանակ կարևոր նախագիծ է․ չէ՞ որ ուսումնական գործընթացում սովորողները ձեռք են բերում նոր հմտություններ, կարողություններ՝ անընդհատ փոփոխման մեջ գտնվող, շարունակ յուրացվող ու զարգացող։ Հմտությունները տարբեր են՝ սկսած ամենատարրականից մինչև ամենաբարդը՝ ընդգրկելով տարբեր բնագավառներ։
Կրթահամալիրը, սահմանելով ուսուցման որակը շարունակ բարձրացնելու, բազում հմտություններ ու կարողություններ զարգացնելու բարձր նշաձող, հնարավորություն է տալիս սովորողին ընդլայնել ընդունակությունները ամենատարբեր ոլորտներում։ Տարատեսակ ու բազմաթիվ հմտություններ ձեռք բերելու համար կարևոր է մի հանգամանք՝ անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Լիարժեք և բազմաբովանդակ կրթություն ապահովելու համար սովորողին հարկավոր է ոչ թե փակ, անշունչ, քարե դասարան, այլ ընդհակառակը՝ լուսավոր, շնչող, պայծառ ու ստեղծական միջավայր՝ իր բաց, անպատնեշ տարածքով, բակ-պարտեզով, որտեղ սովորողն իրեն կզգա՝ ինչպես ձուկը ջրում՝ չկաղապարվելով ոչնչով, չմտնելով որևէ կապանքի մեջ։ Հենց այդպիսի պայմաններ է ապահովում կրթահամալիրը․ յուրաքանչյուր դասասենյակում առկա են բոլոր նպաստավոր պայմանները՝ սովորողի ստեղծագործական երևակայությունն ու մտքի թռիչքը բացահայտելու, վեր հանելու և զարգացնելու համար։ Դասասենյակը սովորողի համար աշխատանքային մեծ «սեղան» է, ինչպես համակարգչի desktop-ը, որն ունի շատ լայն հնարավորություններ։ Այն դասասենյակ է, սակայն ցանկացած պահի դառնում է խաղահրապարակ, ջերմոց-լաբորատորիա, բնագիտական լաբորատորիա, մեդիատիրույթ, մարզասրահ, պարերգերի սրահ, թատերաբեմ, արվեստանոց, արհեստանոց և այլն։
Ահա այս պայմաններում սովորողին հնարավորություն է տրված ինքնակրթվել՝ օգտվելով աշխատանքային «սեղանի» բոլոր գործիքներից՝ համակարգիչ և էլեկտրոնային գրատախտակ՝ իր մեդիագործիքներով, բույսերի խնամք՝ աշխատանքային գործիքներով, տեխնոլոգիական զանազան գործիքներ, մարզական իրեր և այլն։ Չմոռանանք նաև նախագծի՝ ճանաչողական- տարածող գործառույթի մասին անթիվ-անհամար ուսումնական ճամփորդությունների տեսքով, երբ սովորողը դառնում է իր կարողությունների ու հմտությունների անմիջական կրողը և տարածողը ուսումնական հաստատությունից, ընտանիքից դուրս արդեն ավելի նեղ բնույթի նախագծերով (հիշենք, որ այլընտրանքային կրթական ծրագրի համահեղինակը նաև հենց ստեղծագործող սովորողն է՝ իր ողջ էությամբ)։
Ժամանակակից կրթությունն անհնար է պատկերացնել առանց մեդիահմտությունների իմացության։ Կրտսեր դպրոցում դրանց տիրապետելու համար անհրաժեշտ գործիքներն են անհատական նեթբուք-նոթբուքը, պլանշետը, ձայնագրիչը, տեսախցիկը, համակարգչային ծրագրերը (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, Word, Power Point, Movie Maker…) և այլն: Այս գործիքներով է սովորողը ամրագրում իր գիտելիքները, փաստում ձեռք բերած հմտություններն ու կարողությունները բոլոր բնագավառներից, ցույց տալիս, տարածում իր մեդիատարածքում՝ բլոգում՝ հանրայնացնելով այն։
Նախագիծն առաջադրում է խնդիրներ, ըստ որոնց սովորողը նախ՝ պիտի կարողանա նոր միջավայրին հարմարվել և փոխհարաբերություններ ստեղծել ուսուցչի, այլ սովորողների հետ, ինչի արդյունքում էլ կզարգացնի իր հմտությունները։ Նա պիտի աստիճանաբար տիրապետի ինքնասպասարկման հմտություններին, դրսևորի ինքնուրույնություն։
«Ես կարողանում եմ» նախագծով սովորողը ցուցադրում-ներկայացնում է իր՝
- հաղորդակցական հմտությունները,
- տրամաբանական միտքը,
- մաթեմատիկական կարողությունները,
- երաժշտական ունակությունները,
- տեխնոլոգիական հմտությունները,
- ստեղծագործական երևակայությունը,
- մարզական կարողությունները,
- միասին ճամփորդելու հմտությունները,
- շրջակա միջավայրը խնամելու ունակությունները և այլն։
Այս ամենը մեզ տեսանելի է դառնում ամենաարդիական՝ համակարգչային հմտությունների միջոցով՝ համապատասխան մեդիագործիքներով։ Ուսումնական շրջանի ավարտին ակնկալվում է, որ սովորողը կկարողանա՝
- աշխատել Paint ծրագրով, աշխատանքին անուն դնել, պահպանել և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել,
- աշխատել Word ծրագրով, մուտքագրել տեքստը, անուն դնել, պահպանել, էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել,
- աշխատել է Power point ծրագրով, մուտքագրել, լուսանկար տեղադրել,
- նկարահանել տեսանյութ ծնողի օգնությամբ հեռախոսով, պլանշետով,
- ներկայացնել աուդիոպատում ձայնագրիչով։
«Ես կարողանում եմ» նախագիծը նախ՝ հիանալի հնարավորություն է ընձեռում սովորողին՝ ցույց տալու ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ինչը նա անում է շնորհիվ իր մեդիահմտությունների։ Եվ ապա՝ հնարավորություն է տալիս ծնողին ներառվելով ուսումնական գործընթացին՝ անմիջական մասնակիցը դառնալ այդ ծրագրի, ինչպես նաև հետևել սովորողի առաջընթացին տանը և դպրոցում բոլոր ուղղություններով։
- Բացվել է 1168 անգամ