«Հեքիաթասաց հայրիկ» նախագիծ

Հեղինակ: 

Հեքիաթներ սիրում, պատմում և լսում են բոլորը: Տարիքային սահմանափակում չկա:
«Հեքիաթ- hեքիաթ տատս է, էշի քուռակ պապս է» (ժողովրդական ):
 Հեքիաթ-հեքիաթ հայրս է, զարմացողն էլ մայրս է…
«Հեքիաթասաց հայրիկ» նախագիծը Քոլեջ-պարտեզի 2-4 տարեկանների խմբում:
Երբ իմ խմբում հեքիաթ եմ պատմում, անպայման այն վերածում եմ խաղ-բեմադրության (ցանկացած դաստիարակ պարտավոր է հեքիաթն իմանալ գրքի բառերով):
«Ծիտը» խաղ-բեմադրություն. երբ պատմում եմ Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը, բոլորս ծիտ ենք դառնում, թռչկոտում ենք, ծլվլում: Դիտարկում ենք ծիտիկներին՝ ճյուղերին նստած կամ թռչելիս, լսում ենք ծլվլոցները. Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի քննարկում:

Այո, նպատակս այն է, որ երեխան մասնակցի, հասկանա և յուրացնի հեքիաթը: Տարատարիք խմբում, եթե շրջանաձև նստենք և հեքիաթ կարդանք, համոզված եմ, որ 2-3 տարեկանները երեք րոպեից ավել չեն նստի. սկսում են խաղալիքով խաղալ կամ ընկերոջ հետ զրուցել (ուշադրության կենտրոնացման հնարավորությունն է ), միայն 4 տարեկանները կարող են մոտ 10-15 րոպե նստել: Գուցե շատերն ասեն, որ դաստիարակը հեքիաթը հետաքրքիր չի պատմում, բայց իմ փորձից կարող եմ վստահ ասել, եթե անգամ ասեք, որ 2-3 տարեկաններն երկար ժամանակ լսում են հեքիաթ, կավելացնեմ, որ միայն դաստիարակի նկատողությունից հետո, այն էլ պարզ չէ, թե որքանով են լսել և հասկացել այն: Երեխան կարող է խաղալ և միևնույն ժամանակ հեքիաթը յուրացնել: Զարգանում ենք խաղալով: Իսկ այն խելոք նստած փոքրիկը, որ հեքիաթը ուշադիր լսել է, երբեմն չի էլ պատմում:

Եթե մեկը խոսում է, բոլորս պետք է լռենք, լսենք, չխանգարենք: Պարտեզում բոլոր երեխաները մեկը մյուսին հերթ չտալով` բլբլում են: Իհարկե, ուզում ես բոլորին լսել, զրուցել, բայց, չգիտես ինչու, բոլորի մեջ այդ Ես-ն է, ուզում են առաջինը խոսել, կապ չունի, թե թեմայից դուրս է: Բայց հաճախ լինում են ամաչկոտ երեխաներ, որ լուռ են, չեն արտահայտվում կամ ինձ հետ են միայն խոսում:

Վերապատրաստվող դաստիարակների հետ զրուցելուց հետո հասկացա, որ երեխային դիտողություն անելը սովորական երևույթ է: Ինձ համար անհասկանալի է… ինչու՞ այդ ամենը չանել աննկատ, խաղի, հեքիաթի միջոցով: Հիմա կասեք՝ ինչպե՞ս: Իմ խմբի Լիլիան հաց ուտելու ժամանակ առանձնանում, չի մոտենում սեղանին: Մոտենում եմ Լիլիային և ասում.
-Լիլ ջան, արի «Կցեմ, կցմցեմ» խաղը խաղա՞նք:
Հասկացա՞ք չէ, որ խաղը «Պոչատ աղվեսը» հեքիաթից ենք առանձնացրել: Մի քիչ հեռու կանգնում եմ և ասում.
-Կցեմ, կցմցեմ, գնամ Լիլիային հասնեմ:
Վազում եմ Լիլիայի ձեռքը բռնում եմ, և միասին վազում ենք:
-Լիլիա, ու՞մ մոտ գնանք:
-Գրիգի,- ասում է Լիլիան:
-Կցենք, կցմցենք, գնանք Գրիգին հասնենք:
Հետո Լիլիան գնաց, նստեց Գրիգի կողքը:

Իմ խմբի Նանեն և Սառան շատ են սիրում սեղանի տակ մտնել, թաքնվել: Սեղանին կամաց թակում եմ և ասում.
-Տուկ-տուկ…
Տեսնեք` ինչպե՜ս են ուրախանում, հրճվում:
-Սևո′ւկ ուլիկներ, սիրո′ւն բալիկներ,-շարունակում եմ ես,- ման եմ եկել սարեսար կաթ եմ բերել ձեզ համար, դռնակը բացեք ներս գամ ես, անուշ-անուշ կաթ տամ ձեզ:
-Վա՜յ, ընկեր Աննան մեզ ուլիկ ասաց, փախչենք, թե չէ գայլը կգա, դուռը կծեծի,-ասաց Սառան, և երկուսով սեղանի տակից արագ դուրս եկան:
Չմտածեք, որ սեղանի տակ մտնելն ինձ համար հետաքրքիր չէ, պարզապես երեխաների անվտանգության ապահովումն ամենակարևոր պայմանն է, քանի որ հաճախ գլուխները տալիս են սեղանին:

Մի անգամ բակում երեխաները դես ու դեն էին վազում` մի քանիսը վազում էին այգում, մյուսները բարձրացել էին ավազով լի սարի վրա և այլն: Ինչպե՞ս հավաքեմ, որ ինձնից հեռու չգնան:
-Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ, վա՜խ ,վա՜խ ոտքս փուշ է մտել, ո՞վ կհանի,- բարձրաձայն կանչեցի:
Բոլորը հավաքվեցին շուրջս, սկսվեց.
-Ե′ս, ե′ս, ե′ս…

Առողջ սնունդ…Նախաճաշ, ճաշ, հետճաշիկ: Օրը երեք անգամ սեղան դնել, հավաքել այնքան էլ հետաքրքիր չէ, եթե այն ուրախ գործունեության չվերածես: Հիշում ենք « Ով աշխատի, նա կուտի » հեքիաթը: Լինում է, չի լինում մի խումբ: Այս խմբում ապրում են Գրիգը, Արսենը, Մհերը, Լիկան, Գայանեն (բոլոր երեխաների անուններն ասում եմ): Երեխաների աչքերը փայլում են, ժպտում են: Ես շարունակում եմ.
-Մի անգամ քուջուջ անելիս Միքայելը շերեփ է գտնում:
-Ո՞վ ճաշը կխառնի, ո՞վ հացը կտանի, ո՞վ ափսեները կդասավորի:

Արդյունքում սեղանը պատրաստ է. բարի ախորժակ: Իսկ Գայանեն և Գրիգն ամբողջ գործունեության ժամանակ ասում էին.
-Ես`չէ ,ես էլ` չէ:

Հեքիաթների (Հ. Թումանյան, Ղ. Աղայան…) շնորհիվ եմ դաստիարակչական աշխատանքներ կատարում: Ամեն օր խաղում ենք, շփվում, ծանոթանում, ու ժամանակն է, որ երեխաների մեջ ձևավորվի լսելու կարողությունը, որ ամաչկոտ երեխան սկսի բացվել: Երբ Նարեկի հայրիկը եկավ հեքիաթ պատմելու, Նարեկն այնպես էր ոգևորվել, միայն աչքերի փայլը տեսնեիք.
-Իմ հայրիկն է հեքիաթ պատմելու, բա՜:

Դեկտեմբեր ամիսը սկսեցինք «Հեքիաթասաց հայրիկ» նախագծով. Ձմեռ պապն սկսել էր իր ամանորյա նվերները բաժանել: Մեր նվերը հեքիաթ լսելն է: Առաջարկս եղավ Մհերի հայրիկին.
-Մեզ համար հեքիաթ կկարդա՞ք:
-Սիրով, երբ ուզեք:

Օր և ժամ պայմանավորվեցինք: Դեկտեմբերի երեքին մեկնարկեց «Հեքիաթասաց հայրիկ» նախագիծը:Մեզ համար հեքիաթ էր պատմում Մհեր Զախարյանի հայրիկը: Արթուր Զախարյանը կարդաց Ղ.Աղայանի «Մուկն ու լուն» հեքիաթը: Հաջորդ օրն առավոտյան Գրիգն իր հայրիկին պարտադրում է.
-Պապա, դե կգաս ու հեքիաթ կպատմես:
Հետո ներս մտավ Սառայի մայրիկը.
-Կլինի՞ մեր պապան էլ գա, հեքիաթ պատմի: Երեկ Սառան համոզել է հայրիկին:
Հետո լսվեց հեռախոսազանգ՝ Լիկայի մայրիկն է…Լիկան որոշել է՝ իր հայրիկն էլ է հեքիաթ պատմելու: Իսկապես լուրջ նախագիծ ենք սկսել: Պետք է հստակ ցուցակ կազմել, հայրիկներին հերթագրել, օր և ժամ նշանակել…
 «Հեքիաթասաց հայրիկ » նախագիծը վերածվեց ծեսի: Բոլոր հայրիկները մեզ համար կոնֆետներ, քաղցրավենիք էին բերում: Բազմիցս լսում եմ ծնողների արձագանքը.
-Շատ լավ նախագիծ է:
Ուզում եմ անդրադառնալ Նարեկի մայրիկի՝ Լիզա Մանթաշյանի ֆեյսբուքյան մեկնաբանությանը.
-Մենք ենք շնորհակալ, ընկեր Աննա ջան, առողջ մտածելակերպով սերունդ մեծացնելու, ոչ միայն բալիկներին, այլ նաև ծնողներին բարդույթներից ձերբազատվելուն օգնելու համար: Սպասում ենք նոր հետաքրքիր նախագծերի:

Այնքան սպասված նախագիծ, անընդհատ ընթացքի մեջ…
«Հեքիաթասաց հայրիկ» նախագիծը փոխվեց «Հեքաթասաց հայրիկ և մայրիկ» նախագծի: Գրիգի ծննդյան օրը նրա ծնողները հեքիաթ պատմեցին: Գրիգն ուրախացած ասաց.
-Ես հինգ տարեկան եմ, իմ ամենալավ նվերը՝ իմ մաման և պապան իմ ընկերների համար հեքիաթ պատմեցին:
Որոշվեց, այսուհետև ծննդյան օրերին «Հեքաթասաց հայրիկ ու մայրիկ» նախագիծն ենք իրականացնելու՝ ծննդյան լավագույն նվերը երեխաներին:

Հեքիաթասաց հայրիկ 1

Ինչպես նշեցի՝ դեկտեմբերի երեքին  մեկնարկեց «Հեքիաթասաց հայրիկ» նախագիծը: Մեզ համար հեքիաթ էր պատմում Մհեր Զախարյանի հայրիկը: Արթուր Զախարյանը կարդաց Ղ.Աղայանի «Մուկն ու լուն» հեքիաթը:
-Շատ լավ լսող լսարան ունեք,-ասաց Մհերի հայրիկը:
Իրականում ես երեխաներին հեքիաթը պատմում եմ անգիր`գրքի բառերով, և ցանկացած հեքիաթ խաղի, թատրոնի ենք վերածում: Եթե ես գիրքս վերցնեի և կարդայի, մի քանի երեխա չէր լսելու, բայց նախագծի շնորհիվ բոլորն էին լսում:
Ամենակարևորը`երեխաներն իրենց լսածը հետո կարողացան պատմել:

Հեքիաթասաց հայրիկ 2 

Քոլեջի նախակրթարանում  շարունակվում է «Հեքիաթասաց հայրիկ» նախագիծը: Հակոբյան Լիկայի հայրիկը մեզ համար կարդաց Հ. Թումանյանի «Ճամփորդները» և «Կացին ախպերը» հեքիաթները, իսկ Լիկայի մայրիկը մեզ համար քաղցրավենիք էր բերել: Հյուրասիրվեցինք և շնորհակալություն հայտնեցինք: Հեքիաթները ուշադիր լսեցինք, հետո բեմադրեցինք «Ճամփորդները»:
Վերջում Լիկայի հայրիկն ասաց.
-Շատ լավ բալիկներ եք, մենք էլ ենք ուզում պարտեզ գալ, բայց շտապում ենք… աշխատանքից ուշանում ենք:

Հեքիաթասաց հայրիկ 3

Սառայի հայրիկը (երեք հրաշք սեբաստացիների հայր)  2-5 տարեկանների համար  կարդաց երեք հեքիաթ՝ Հ. Թումանյանի «Պոչատ աղվեսը», Աթ. Խնկոյանի  «Ճպուռն ու մրջյունը » և Դ. Դեմիրճյանի «Պույ-պույ մկնիկը»: Ներկա էին նաև վերապատրաստվող դաստիարակները: Տիկին Ամալյան և տիկին Սոնան զարմացել էին.
-Դրախտ ենք ընկել, այսպիսի նախագիծ, ապշելու է:
Տիկին Ամալյան էլ չդիմացավ.  ինքն էլ « Պոչատ աղվեսը» հեքիաթը շարունակեց:  Սառայի հայրիկը մեզ համար կոնֆետներ էր բերել: « Կոնֆետի անձրև» խաղը խաղացինք և լավ հյուրասիրվեցինք: Շնորհակալություն Սառայի հայրիկին:

Հեքիաթասաց հայրիկ 4

Ձմեռ պապի նվերը՝  «Հեքիաթասաց հայրիկ» նախագիծը,  սկսվեց դեկտեմբերին. մեզ համար արդեն հեքիաթ էին կարդացել Մհերի, Լիկայի, Սառայի հայրիկները, իսկ այսօր  Նարեկի հայրիկը կարդաց Հովհ. Թումանյանի «Անհաղթ աքլորը»: Ինչպես միշտ՝ 2-5  տարեկանները հեքիաթասեր են: Շնորհակալություն հեքիաթասաց հայրիկներին:

Հեքիաթասաց հայրիկ ու մայրիկ

Մտածում էի, որ «Հեքիաթասաց հայրիկ» նախագիծը պետք է շարունակվի ձմեռային ուսումնական արձակուրդից հետո, բայց այս անգամ հայրիկները պետք է դերերով կարդային հեքիաթները: Հունվարի 15-ին Գրիգի մայրիկը զանգահարեց և ասաց.

-Ընկեր Աննա, վաղը Գրիգիս ծննդյան օրն է: Գրիգը հայրիկին համոզել է և հրաժարվել է բոլոր նվերներից, խաղալիքներից, հագուստներից, ուզում է, որ իր ծննդյան նվերը իր ընկերների համար ծնողների հեքիաթ պատմելը լինի:
Ա՜յ քեզ, նոր նախագիծ: Ուրախությունից մարմնովս դող անցավ: Ի՜նչ լավ է,որ 5 տարեկան Գրիգս այդպես է մտածում, և խմբում ծնվեց նոր նախագիծ ՝ Ծննդյան շնորհավորանք՝ 
« Հեքիաթասաց հայրիկն ու մայրիկը»:
Գրիգն ուրախ է.
-Ես հինգ տարեկան եմ, իմ ամենալավ նվերը՝ իմ մաման և պապան իմ ընկերների համար հեքիաթ պատմեցին:

 

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский