Սոցիալական ցանցեր․ մարդը՝ ափի մեջ

Սոցիալական ցանցերի, դրանց օգտակարության, վնասների մասին շատ է գրվում, խոսվում։ Միանշանակ ոչինչ ասել չի կարելի․ ամեն մարդ ինքն է որոշում սոցիալական ցանցում իր լինել-չլինելու հարցը, ինքն է որոշում՝ որքան ժամանակ անցկացնի սոցիալական ցանցերում, ում հետ շփվի և ինչ ընթերցի։ Ծավալուն թեմա է, որի մասին անընդհատ կարելի է գրել։

Սակայն կա մի «բայց»․․․Աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքը, հասարակական դիրքը չեն կարող որոշակի նորմեր, ինչ-որ սահմանափակում, ինչ-որ ընկերություն չպարտադրել։ Սա չգրված օրենք է՝ մերօրյա մեդիայի օրենքը, որին հետևել պարտավոր ենք։ Մեդիայի այս օրենքին հետևում են բոլոր հանրային մարդիկ՝ սոցցանցային մեդիայի հնարավորությունները ծառայեցնելով իրենց շահերին, նպատակներին։

Սոցիալական ցանցի մեր էջը պատմում է մեր մասին։ Կուզեինք որ պատմեր այնքան, որքան մենք ենք ուզում ներկայացնել, և այնպես, ինչպես մենք ենք ուզում ներկայացնել, բայց երբեմն մեզ հետևողը ավելին է տեսնում։ Հաճախ կուզեինք նաև ավելին ասել, բայց տարբեր հանգամանքներ ստիպում են ավելի զուսպ լինել։ 

Խոսենք ուսուցչի մասին։ Սոցցանցում պե՞տք է նշել աշխատավայրը, մասնագիտությունը։ Կարծում եմ, այո. սա ապահովում է մարդու դիրքը, մարդը դառնում է վստահելի, կոնկրետ։ Նաև դրական է, որ ուսուցիչներն ակտիվ են սոցիալական ցանցերում, վստահ և ինքնուրույն, ակտիվ՝ քաղաքական, հասարակական քննարկումներում։ Սակայն այստեղ էլ կա մի «բայց»․․․

Կան նորմեր, որոնք, իմ կարծիքով, պետք չէ խախտել։ Ի՞նչ ասել է՝ պետք չէ, կարող եք հարցնել, վրդովվել, չէ՞ որ անհատական մեդիա տարածք է, մարդու գործողությունների ազատությունը սոցցանցն է միայն որոշում, նաև՝ սոցցանցը պաշտոնական կայք չէ, մարդն այլ հարաբերություններ ունի սոցցանցի համայքի անդամների հետ, և այլն։ Իհարկե, ազատ է, բայց՝ սահմանափակ ազատ, ինչպես ամենուր, որտեղ իրենից բացի մեկն էլ կարող է լինել։

Ուսուցիչը ներկայացնում է այն հաստատությունը, որտեղ աշխատում է, սոցցանցում ընկերներ ունի ծնողական համայնքից, սովորողներից։ Ուսուցիչը հանրային անձ է, սա փաստ է, ում հետևում են, նմանվում, ցիտում, քննադատում։ Ու անվիճելի փաստ է, որ սոցիալական ցանցում մարդն ափի մեջ է՝ պաշտպանված-անպաշտպան միաժամանակ։

Փորձել եմ մի քանի կետով առանձնացնել սոցիալական ցանցերում հանրային անձ-ուսուցչի կարելի-չիկարելիների մի շարք։ Շարքը կարելի է շարունակել, համաձայնել-չհամաձայնել, բայց հետևել արժե․ այսպես գործիչն առավել պաշտպանված ու հարգված կլինի սոցիալական մեդիայում, կկարողանա ներկայանալ ու նշել այն հաստատությունը, որտեղ աշխատում է, հանդես գալ իր դեմքով։

  • Չի կարելի լատինատառ գրել․ չի կարող մարդն աշխատել կրթական հաստատությունում ու լատինատառ գրառումներ անել։ 
  • Չի կարելի անգրագետ գրել․ պետք է հետևել սեփական խոսքին,  գրին։ 
  • Չի կարելի գռեհիկ, անվայելուչ վարք, խոսք բովանդակող հրապարակում անել մեր էջում, տարածել (ցանցի հայերեն՝ կիսվում) այդպիսի նյութեր․ պետք է հիշել, որ դրանք դիտում են մեր սովորողները։ 
  • Համաձայնեք, որ չի կարելի դպրոցում հայտարարել սկզբունքներ, խոսել մի կենսակերպի, կենցաղավարության, մշակույթի մասին և սոցցանց բերել հակասող անձնական օրինակներ, դրսևորել դպրոցից տարբերվող վարք։  

Անձնական լուսանկարներ, տեսանյութեր հրապարակելիս լավ կլինի խուսափել ընդգծված լանջաբաց, մերկիրան, խիստ ինտիմ, խիստ անձնական տեսանյութերից․ մեզ հետևում են... ուսուցիչը ճաշակ և ոճ թելադրող է ոչ միայն դպրոցում․ ուսուցիչը ուսուցիչ է նաև կյանքում։

Ամեն մարդ ինքն է որոշում՝ իր աշխատանքին առնչվող նյութեր հրապարակե՞լ, թե՞ ոչ։ Սոցիալական ցանցը անձնական տարածք է, որտեղ մարդը կարող է նաև ակտիվ չլինել, կամ ուղղակի իր  աշխատանքին վերաբերող հրապարակումներ չանել։ Բայց ուսուցչի դեպքում՝ այսպես է հանրային դառնում իր աշխատանքի արդյունքը, գնահատվում, նաև՝ այդ հրապարակումների ու սոցցանցի միջոցով մշտական կապ է հաստատվում սովորողների, ծնողների հետ։ Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ ուսուցչի դեպքում՝ այդպես տարածվում են իր հեղինակած ծրագիրը, իր ու իր գործընկերների, իր ու իր սովորողների ստեղծական աշխատանքի արդյունքները։ 

Այն օգտատերը, որը որոշել է աշխատանքային հրապարակում անել, ցանցի իր ընկերների կամ բոլոր շահառուների ուշադրությանն արժանացնել որևէ նյութ (կիսվել նյութով), արդեն պարտավորվում է ուշադիր լինել իր հրապարակումների նկատմամբ, ընտրել, նաև մեկնաբանել, մի խոսքով, տեքստով, մեջբերումով դիտողին ընկալելի դարձնել իր «կիսումը»։ Կրթահամալիրի բլոգավար ուսուցչի դեպքում լավ կլինի հրապարակել ոչ թե «յութուբի» հղում, այլ՝ կայքի, ենթակայքի, իր կամ սովորողի բլոգի. և՛ լուրջ կդիտվի, և՛ ցանկացողին ավելի շատ տեսնելու հնարավորություն կտա։ 

Ուսուցիչ օգտատերը սոցիալական ցանցում կարող է օգտվել բոլոր այն իրավունքներից, որ ունեն մյուսները՝ վիճել, չհամաձայնել, հեռացնել, կարծիք արտահայտել, լռել․․․ Բայց պիտի իմանա, որ իր խոսքն էլ, լռությունն էլ գնահատվում են իր՝ ցանցի օգտատեր սովորողների, ծնողների կողմից։ 

Ուսուցիչը զուսպ ու ճաշակով մասնագիտություն է․ հրաշալի է, որ այդպես է։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский