Յոթ հրաշալիք՝ միավորող աշխատանք, որ դպրոցը համայնք ստեղծող բաց կենտրոն կդարձնեն…
Primary tabs
Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արեք նրանց…
Մի՛ վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես չեք ուզենա, որ մարդիկ վարվեն ձեզ հետ…
Մի՛ թողեք՝ մարդկանց հետ վարվեն այնպես, ինչպես մարդիկ վարվել են ձեզ հետ…
Սրանցից մեկը Նոր Կտակարանից՝ Ուսուցիչ Հիսուսն է ասել, մյուսը՝ 20-րդ հայտնի մաթեմատիկա-մեթոդիստ, ամենաշատ կարդացվող գրքերի հեղինակ Ջեյմս Փոյան, մյուսը, կներեք, ես…
Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ… (ՀՀ կառավարության ծրագրից)։
Ծրագիրը՝ առանց «ինչպես»-ի, առանց կազմակերպման, չի դառնում ուղեցույց՝ համայնքի, ուսուցչի, սովորողի համար, շրջանցում է մարդուն։ Յոթ հրաշալիք՝ միավորող աշխատանք, որ դպրոցը համայնք ստեղծող բաց կենտրոն կդարձնեն. սրանով՝ իմ առաջարկած այս կազմակերպմամբ, փորձեմ մասնակցել կառավարության ծրագրի ուղեցույցի ստեղծմանը կամ վերաձևակերպմանը։
Գյուղական (միջգյուղական. խոշորացված համայնքների դեպքում՝ համայնքային) հանրակրթական ծրագրի յոթ կետերից մեկը մաքուր գետն է՝ ակունքից-առաջացումից մինչև ջրաթափ-գետաբերան, ողջ ընթացքում մաքուր հոսելը՝ հանրակրթությամբ ապահովվող-ձեռք բերվող շարունակական արդյունք։ Թումանյան ջան, քո «Գետակ»-ի ու «Մանուկն ու ջուրը»-ի համար ուշքս գնում է… ու չեմ հանդիպում, թեև Հայաստանը ոտի տակ եմ տալիս սեբաստացիների հետ՝ սովորող, թե ուսուցիչ… Գետը՝ գյուղի-համայնքի յոթ հրաշալիքներից մեկը։ Գետից սկսենք հանրակրթության մեր փոփոխությունները, նրա ավազանի-հունի մաքրությունից։ Ամբերդը շուրջ տարի աղբանոց պահող բոլոր գյուղերի ուսուցիչներն ու դպրոցականները մի շղթայով միավորվեն այսպիսի աշխարհացունց-հեղափոխական հռչակագրի շուրջ, ասենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով, եթե իմը քիչ է…
Մյուսը՝ երկրորդ հրաշալիքը, ժողովրդական տունն է՝ իր մառանով՝ չորանոցով, չրանոցով, հնձանով, հացատնով… գոմով… փայտանոցով, խորդանոցով… հյուրասենյակով, մատչելի սանհանգույցով… Հա՛, ժողովրդական տների ամբողջական նախագծերի պատկերումը, առանձնացումը, գյուղի, դպրոցի ցուցասրահում գծագիր-լուսանկարներով ցուցադրելը, ուսումնասիրելը, սիրել-գուրգուրելը, խնամել-մշակելը-ամբողջացնելը, վերականգնման-տեխնոլոգիայի արհեստանոցը… պակասող դետալների պատրաստումը-լրացումը գյուղի վարպետների ջանքերով…
Մտնես գյուղ, ապրելդ, գիշերելդ, հյուրասիրվելդ գա. այդպիսի հրաշալիք գյուղի՝ գյուղի պանդոկ՝ որպես ժողովրդական-ազգագրական տուն…
Հաջորդը, իհարկե, գյուղական դպրոցը՝ իր բակով, հողամասով, շրջակա միջավայրի նկատմամբ խնամքով-գուրգուրանքով-ճաշակով, տնկարանով, ծաղկանոցով, այգիներով պտղատու, մարզահրապարակով, լուսավոր… գեղջկական-պարզ… որպես երրորդ հրաշալիք…
Հետո՝ ծիսական կենտրոնը՝ եկեղեցին, մատուռը, սուրբը… գերեզմանոցը… Ծեսի երաժշտությունը՝ իր գյուղական երգչախմբով, ծիսական պարերգով, խոսքը, խոհանոցը, սովորությունները…
Հինգերորդ հրաշալիքը՝ բնությունը, բնության հուշարձանը. Ոսկեհատում, ասենք՝ քարափը, գյուղի եզրով ձգվող, զարմանալի տարողունակ։
Մարդու ստեղծած զարդ՝ ձգող, բաց մարզադաշտը շուրջտարյա պարապմունքների համար, կարող է լինել վեցերորդ հրաշալիքը Ոսկեհատ գյուղի…
Յոթերորդը, իհարկե, էս վեցը իրար կապող մաքուր-չոր կածանը, ցանկապատներից-պատնեշներից, աղճատող-այլանդակող բոլոր տեսակի պարիսպներից ազատված գյուղի բնությունը… Գյուղի մաքրությունը։
Յոթ հրաշալիք՝ գյուղական հանրաքվեով քննարկված, ընդունված, մարդու գիտակցության ու առաջնահերթությունների մեջ նստած, ու որպես առաջնային՝ հանրային շահով պաշտպանված, համայնքային միավորող աշխատանքի ուղեցույց՝ զարգացման ծրագիր…
Ահա. կառավարությունը կընդունի, թե չէ, ես իմ խոստումը Ոսկեհատի ուսուցիչներին կատարեցի. դուք կարող եք օգտվել ազատ իմ այս բաց նախագծից։ Յուրաքանչյուր հրաշալիքի նախագծման-ստեղծման փուլում ունեք մեր աջակցությունը։ Դա էլ կառավարության ծրագրով կարևորվող շնորհք է՝ գործի համար գտնել բիզնես-ընկերներ՝ գյուղից դուրս եկածների, գյուղ եկողների, այդ հրաշալիքներ այցելողների մեջ։