Գիր մանիֆեստի

Հեղինակ: 

Իսկ առիթը հանրակրթության մանիֆեստի Չարենցի ծննդյան օրն է. Երևա՛ն, դու Չարենցի քաղաքն ես, եղի՛ր ու մնա՛, հայոց մայրաքաղաքը՝ քո դիրքով-հանճարով… որպես առաջամարտիկ…

Մենք պիտի ապրենք այնպես, որ մեր գործերով իրավիճակի փոփոխությունը շարունակական, անդառնալի լինի: Ասված է արդեն՝ «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի»...

Ավագի իրավունքով (այո՛, Աստղիկ Բլեյանը չորս ամիս է բոլորում մեզ Չարենց պարգևած մարտին, բայց ես համառորեն մոտենում եմ իմ վաթսունհինգին...) ասում եմ՝ մենք կարո՛ղ ենք հանրակրթության շահառուներով համաձայնության գալ, որ փոփոխությունները հասունացած չհետաձգենք որևէ պատճառաբանությամբ, որ ֆինանսական հավելյալ միջոցներ չպահանջող արգելքները՝ սովորողի, ուսուցչի, դպրոցի, հանրակրթության կազմակերպման այսօր, հիմա, մինչև նոր ուսումնական տարի հանվեն, որով մեծանան մեր ինքնավարությունը, ինքնուրույնությունը, մեր կյանքի որպիսության պատասխանատուի կարողությունները, բազմապատկվի ինքնավստահությունը, հաստատուն դառնա գործընկերությունը…

Մենք կարող ենք որպես համաձայնություն այս փուլում արձանագրել, որ խնայում ենք սովորողի, ընտանիքի, ուսուցչի ժամանակը, ջանքերը՝ առավելագույնս ազատելով նրանց կեղծիքից, արհեստականությունից, ձևականությունից, իբր հոգատարության վատնող անհասցեականությունից, միջոցների մսխումից։

- Ազատվենք պարտադիր 12-ամյայից, հիմնական համընդհանուր կրթությունից հետո պարտադիր-առաջնային համարել նախնական (արհեստագործական)-միջին մասնագիտական ուսուցումը՝ առաջարկելով 9-րդ դասարանի շրջանավարտների ազատ ընտրությամբ բազմաձև, տարաժամկետ, սկսած երեք ամսից, մասնագիտական ուսուցում անվճար՝ քոլեջում, թե վճարովի կամ անվճար ուսումնական կենտրոնում, մի այլ տեղում... Այնպես, որ պատանին Հայաստանում օր առաջ ինքնուրույն մասնակցի տնտեսական-արտադրական կյանքին, դրա աշխուժացմանը… Այսպիսով հանրակրթությունը կմասնակցի կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխությանը։

- Հիմնական կրթության՝ ինչպես տարեկան, այնպես և ավարտական գնահատումը՝ բաց-թափանցիկ, թողնենք ուսուցչին. իսկ հունիս ամսին հասարակության ակտիվ խմբերով, բոլոր կարգի իշխանություններով կենտրոնանանք շրջանավարտի մասնագիտական կողմնորոշման ու աշխատանքային ամառային գործունեության կազմակերպման վրա՝ աշխատանքային ջոկատներ, երկրագործական, համայնքային նախաձեռնություններ…

- Յուրաքանչյուր դպրոցի համար ապահովենք գործող հանրակրթական չափորոշչով հենքային ուսումնական պլանի գործադրումը… Ուսուցչին վերապահենք հանրակրթական (ընդհանուր, պարտադիր ու սովորողի ընտրությամբ) դասընթացի ծրագրի ազատ մշակումը-ընտրությունը-կազմակերպումը և կենտրոնանանք այսպիսի ինքնավարության սպասարկման, աջակցության վրա…

- Օրենսդրորեն ու այլ գործողություններով հանենք արգելքները նաև ոչ մանկավարժական կրթությամբ մասնագետի առաջ, որը ուզում է ու կարող է աշխատել դպրոցում՝ ղեկավարի, պարտադիր ու ընտրությամբ դասընթացի, ուսումնական նախագծի-նախաձեռնության կազմակերպչի կարգավիճակով… Այսպիսով էլի հանրակրթությունը կնպաստի տնտեսության աշխուժացմանը, գործազրկության կրճատմանը...

- Ուսումնական դարձնենք ամառը՝ ամառային դպրոցներով, ճամբարներով, նախագծերով, հայրենագիտական ճամփորդության գրավիչ առաջարկներով՝ ուսուցչին, սովորողին մատչելի…

- Ուսուցչի համար իրական դարձնենք անընդհատ ուսուցումը՝ ձևի ազատ ընտրությամբ, մանկավարժական ձեռքբերումների, նոր հմտությունների ու կարողությունների փոխանցումը…
Մենք սրա համար անվճար տրամադրում ենք մեր երևանյան կացարաններն ու Արատեսի դպրական կենտրոնը, «Դպիր» էլեկտրոնային ամսագիրը… մեր բոլոր ուսումնական տարածքներն ու գույքը…

- Հակահեղափոխական, մեզ բաժանող - հատվածական դարձող, հականերառական կրթության քննական հունիսը փոխարինենք հանրակրթական հեղափոխական հունիսով՝ որպես Հայաստանով մեկ ուսուցման- դպրոցների առաջին ստուգատես… Հրավիրեք մեզ հունիսին, համեցեք մեր կրթահամալիր...

- Օգնենք դպրոցին հիմա, որ որպես սեփական գործողությունների ուղեցույց ունենալով ՀՀ կառավարության ծրագիրը՝ ձևակերպի զարգացման բաց կենտրոն դառնալու՝ 2019-ի գործունեությունը, զարգացման ծրագիրը, հրապարակի դրանք:

Ավելացրե՛ք ձեր քայլը, լրացրե՛ք ձեր առաջարկով։ Իսկ կառավարության վերջնական ձևավորված կառուցվածքում ոլորտի նախարարությունը, նախարարը թող դառնան այս փոփոխությունների երաշխավորը, մեր համաձայնության, մեր գործողությունների համակարգողը։ Եթե այո, ինչո՞ւ ձեր հաստատումով իրական չդարձնենք սա՝ որպես գործող պայմանավորվածություն մեր ու մեր միջև…

Մենք օրինակ, 2019-ի մարտի 25-30-ին մանկավարժական ճամբարում ավարտում ենք կրթահամալիրում 2019թ., 2020-2022թթ ստեղծվող-կառուցվող-զարգացվող հրաշալիների՝ հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի ամբողջական ձևակերպումը։ Արդյունքները կներկայացնենք ապրիլի 26-27-ին ԿԳ նախարարության առաջարկով կազմակերպվող  հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիայում։

Այո, մենք պիտի ապրենք այսպես, պիտի գործենք այսպես. միություն կարևոր հարցերում, ազատություն ընտրելիս և սեր ամեն ինչում...

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский